Tag Archives: աչքեր

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Նյմ

Ժամանակի ընթացքում` հարստանալով համատեղ ապրումների փորձով և գենետիկ փոխակերպման պտուղներով, մենք վերջապես խիղճը տեղադրեցինք արյան բաղադրության մեջ, մեր արտասուքի աղի մեջ, և ավելին, աչքերը վերածեցինք դեպի ներս ուղղված հայելու, ինչի արդյունքում դրանք անամոթաբար հերքում են այն, ինչը ջանում են հաստատել շուրթերը:

Ես կարծում եմ, մենք չենք կուրացել, այլ եղել ու մնում ենք կույր: Կույրեր, որոնք տեսնում են: Կույրեր, ովքեր տեսնելով չեն տեսնում:saramago

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

9 Նյմ

ԱՉՔԵՐԸ
Օպերատորը` դու տեսնում ես: Ես մի պահ քեզ հնարավորություն տվեցի տեսնելու ջրկոտեմի ծաղիկը թիթեռի աչքերով, եւ կենալ թիթեռ: Թույլատրեցի նայել մարգագետնին սալամանդրի աչքերով: Այնուհետեւ քեզ պարգեւեցի տարբեր մարդկանց աչքերը, որպեսզի դու տարբեր կերպ նայես միեւնույն քաղաքին: — Պիտի խոստովանեմ, ես չափազանց ինքնավստահ էի: Այնքան էլ մեծ չէ նմանությունը այն բանի միջեւ, թե ինչ էին այդ քաղաքի փողոցներն ինձ համար, եւ ինչ էին այն մարդկանց համար, ովքեր քայլում էին կողքիս նույն մայթերով: Եվ եթե ես գոնե համոզված լինեի, որ բացի բազում անձնական, միմյանց հետ չկապված տպավորություններից, այլ բան գոյություն չունի: Սակայն ես փնտրում էի ամենքի համար միասնական, բոլորի համար տեսանելի իրերի ճշմարտությունը, եւ այդ պատճառով քո ցույց տվածը ինձ համար դարձավ այդքան ծանր փորձություն եւ գայթակղություն:

ԱՆՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Նրան չէր հաջողվում վերահսկել իր մտքերը: Նրանք հածում էին, որտեղ կամենում էին, եւ հետեւելով դրանց, նա վախ էր ապրում: Այդ մտքերը բարի չէին, եւ դատելով դրանցից, դրանցում դաժանություն էր ապրում: Նա կարծում էր, որ աշխարհը չափազանց անուրախ է, եւ մարդիկ արժանի են սոսկ նրան, որ գա նրանց գոյության վերջը: Միաժամանակ նա կասկածում էր, որ երեւակայության դաժանության եւ ստեղծագործական խթանի միջեւ գոյություն ունի ինչ-որ կապ:

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
Մշտապես մտածում ես, որ պետք է գոյություն ունենա որեւէ տեքստ, որում ինչ-որ կերպ արտացոլվել է այն հրեշայինի էությունը, որը դրսեւորվեց այս դարում: Կարդում ես հուշեր, լրատվություն, վեպեր, բանաստեղծություններ` միշտ հուսով եւ միշտ միեւնույն արդյունքով` այն չէ: Միայն թե վեհերոտ մի միտք է ծագում երկրի երեսին մարդու ճակատագրի մասին` այն չէ, ինչը մեզ ուսուցանել են: Մեզ համար սարսափելի է նույնիսկ փորձելն այդ անվանելը:

ԴԱՏԸ
Մեր արարքների հետեւանքները: Միանգամայն անկանխատեսելի` չէ որ մեր արարքներն ամենատարաբնույթ կերպով կապված են այլ մարդկանց արարքներին եւ իրադրություններին, թեպետ, երեւի թե, որեւէ անբասիր աշխատող համակարգիչ կարող էր այդ հետեւանքներ հաշվարկել: Պարտադիր շտկմամբ առ դիպվածը` քանզի ինչպե՞ս հաշվարկես, թե ինչպես է վերջանալու բիլյարդի գնդակի շարժումը, որը դիպչել է այլ մի գնդակի: Կարելի է, սակայն, պնդել, որ ոչինչ տեղի չի ունենում պատահաբար: Այսպես թե այնպես, հայտնվելով ճշգրիտ հաշվարկած քո կյանքի արդյունքում (Ահեղ Դատաստանը), կա, թե ինչից զարմանք կտրես. ուրեմն, ես պատասխանատու եմ ողջ չարիքի համար, որն իմ կամքի դեմ է գործվել: Ուրեմն, կշեռքի մյուս նժարի վրա բարիքն է, որը ես պատրաստվում էի գործել եւ որի մասին չէի կասկածում:

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՈԹ
Պոեզիան` ամոթ բան է, քանզի նրա սկիզբը շատ նման է այն զբաղմունքներին, որոնք ընդունված է կոչել մտերմիկ: Պոեզիան չի կարելի զատել սեփական մարմնի գիտակցումից: Այն եւ կապված է նրա հետ, եւ անմարմին է, թեւածում է բարձունքում, ձեւացնելով, թե պատկանում է առանձին ոլորտի` ոգուն, եւ հենց դրա համար էլ ամոթ է: Ես ամաչում էի այն բանից, որ բանաստեղծը, կարծես թե, մերկացած, հասարակորեն ցուցադրում էր մարմնական արատը: Նախանձում էի մարդկանց, ովքեր բանաստեղծություն չեն գրում, եւ որոնց այդ պատճառով նորմալ էի համարում, ինչում սակայն սխալվում էի, քանզի այդպիսի բնորոշման արժանի են շատ քչերը:

 

Ա. ՂԱՐԻԲՅԱՆ

31 Հկտ

ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Դու խաղում ես իմ հոգու հետ ամեն օր,
Հույս ես վառում քո հայացքով ամենքին.
Մեկ կանչում ես, մեկ էլ խաբում, մոլորում,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Այս աշխարհում անցողիկ ենք ես ու դու,
Այս աշխարհն էլ անկում մի օր կունենա,
Հեծեծանքս է իմ անարցունք, որ անհուն
Տիեզերքի սահմաններում կմնա:
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

Լալ չգիտեմ. արցունք չունեմ ես բնավ,
Մահն ինձ համար մի հանգիստ է ցանկալի,
Ինձ չհաղթեց այս աշխարհում ոչ մի ցավ,
Վախենում եմ, որ քո սերն ինձ տապալի,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր…

Իմ մորմոքին անպատասխան հայացքով
Սիրտս ես փշրել, ես ի՞նչ անեմ, սգավոր,
Քեզ անիծեմ ինչպե՞ս և ի՞նչ անեծքով…
Ոչ. ներում եմ: Չէ, աչքերդ են մեղավոր,
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր:

%d bloggers like this: