Tag Archives: ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

2 Հնս

ՀԱՎԱՏՆ ՈՒ ԼԵՌՆԵՐԸ

Ի սկզբանե Հավատը շարժում էր լեռները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և շնորհիվ դրա` բնանկարը հազարամյակների ընթացքում անփոփոխ էր մնում:
Սակայն հավատի տարածման հետ մեկտեղ, երբ մարդիկ համի ընկան ու սկսեցին լեռները շարժել, նրանց գտնվելու տեղը սկսեց անդադար փոխվել: Եվ լեռները ամեն անգամ ավելի ու ավելի դժվար էր հայտնաբերել այնտեղ, ուր դուք նրանց թողել էիք նախօրեին: Դա ավելի շուտ բարդություններ էր ստեղծում, քան օգնում էր դրանք հաղթահարել:
Եվ այդժամ բարի մարդիկ գերադասեցին հրաժարվել Հավատից, և այժմ լեռները, որպես կանոն, կենում են իրենց տեղում: Եվ երբ լեռնային ճանապարհին փլուզում է լինում, որը անցորդներին ողջ-ողջ թաղում է, կնշանակի, ինչ-որ տեղ շատ հեռվում կամ շատ մոտիկ որևէ մեկի հոգում թեթևակի արթնացել է Հավատը:

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

16 Նյմ

ՄՆԱՑԱԾ ՎԵՑԸ

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ և այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչև այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

ՍԵՎ ՈՉԽԱՐ

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին: Մեկ դար անց հոտը զղջաց և նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում: Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սև ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

%d bloggers like this: