Tag Archives: աշուն

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

8 Մրտ

ԱՇՆԱՆ ՕՐ

Տեր, ժամանակն է արդեն: Ամառը շատ երկարեց:
Ստվերներով քո ծածկիր ժամացույցներն արևի
Եվ քամիներ արձակիր դաշտերի մեջ տապահեղձ:
Հրամայիր, որ վեջին պտուղները ուռճանան
Եվ, Տեր, բաշխիր դու նրանց երկու տաք օր հարավի
Եվ, Տեր, քամիր մինչև վերջ թանձրության մեջ տաք գինու
Նրանց հասուն միջուկի հուսկ կաթիլը քաղցրության:

Նա, ով չունի տուն հիմա, էլ ուրիշը չի շինի,
Նա, ով մենակ է հիմա, այդպես մենակ կմնա.
Կզարթնի ու կկարդա և նամակներ կգրի
Եվ ծառուղով անհանգիստ ետ ու առաջ կքայլի,
Երբ տերևները դանդաղ նրա շուրջը մահանան:

Թարգմ. Ս. Հովհաննիսյան

ԹՈՄԱՍ ՀՈՒԴ

13 Դկտ

ԱՇՈՒՆ
Չկա արև ու լուսին,
Չկա ոչ այգ, ոչ կեսօր,
Չկա ոչինչ, որ զատի մութ գիշերը ցերեկից,
Չկա հեռուն լայնարձակ,
Չկա երկինք կապուտակ,
Չկա ճամփա ու փողոց, չես տարբերի տունը կից.
Չկա, չքվել է ասես ճամփիս ծայրը հեռավոր,
Չկան, կորել են ասես նեղ փողոցները մոլոր,
Չկա, մեգը խժռել է զանգակատան ծայրը սուր,
Չկան, մուժում չեմ տեսնում ծանոթ դեմքեր ես իմ շուրջ,
Չկա խինդը ջերմության, նրա հաճույքը խորին,
Չկա զգացումը զվարթ քո մարմնական ուժերի,
Չկա ոչ շաղ, ոչ ստվեր, ոչ մի թռչուն ու զեռուն,
Չկան մրգեր, ծաղիկներ, ոչ էլ սաղարթ հովասուն.
Չկան նոյեմբերին:

Թարգմ. Հ.Գևորգյանի

ԻՆՈԿԵՆՏԻ ԱՆԵՆՍԿԻ

11 Դկտ

Երկնային կանթեղն հանդարտ հուհրում,
Խամրում է ճերմակ և առանց տապի,
Եվ վաղուց ծաղկած ծառուղիներում
Զիգզագն է դողում տերեվաթափի:

Նուրբ տերևներն են պարում այդ հոսքում
Եվ չեն կամենում իջնել խաշամին…
Օ, մի՞թե դու ես, նույն տանջող սոսկում,-
Ծանոթ այցելու աշնան այս ժամին:

Թե՞ խաբկանքների գոյությանն ի տես
Դեռ չի ղողանջել կանքը արարչի,
Եվ առանց սկիզբ և առանց վերջի
Տևելու ես դու, մեր թախծալի ես:

ՍԱԼՎԱՏՈՐԵ ԿՎԱԶԻՄՈԴՈ

7 Նյմ

ԱՇՈՒՆ
Մեղմ, սիրուն աշուն,
Ճանաչում ես ինձ:
Ես կռանում եմ ջրերիդ վրա`
Երկինքն ըմպելու:
Իսկ ծառերն` իրենց մարմինները լքած,
Շարժվում են դեպի անհուն:
Լինելիության պաղ ճշմարտությունը
Հիմա ինձ գտնում է քեզ հետ ձուլված:
Քո մեջ կոտրվում եմ ու ապաքինվում:
Քո մեջ ընկնում եմ ու ելնում:
Ինչպես մոռացված մի իր
Հողն ինձ վերցնում-բարձրացնում է:

%d bloggers like this: