Tag Archives: աշխատանք

ՎՈԼՏԵՐ

30 Մրտ

Ապրել` նշանակում է աշխատել: Աշխատանքը մարդու կյանքն է: Մարդը ստեղծված է գործ անելու համար: Գործ չանելը և գոյություն չունենալը մարդու համար միևնույն բաներն են: Աշխատանքը մեզ փրկում է երեք մեծ չարիքից` ձանձրույթից, անբարոյականությունից, կարիքից: Սակայն ոչ թե գործն է ստեղծված մտքի համար, այլ միտքն է ստեղծված գործի համար: Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների: Մեծ գործերի համար անհրաժեշտ է անխոնջ հաստատակամություն: Հաստատակամությունը մտքի արիությունն է: Այն ենթադրում է լուսավորյալ վճռականություն: Կամակորությունն, ընդհակառակը, ենթադրում է կուրացում: Տեսնել և ստեղծել նորը` շատ մեծ բավականություն է:
Ոչ մի բանի պետք չէ նա, ով պետք է միայն ինքն իրեն: Անչափ փոքրիկ մարդիկ անչափ մեծ գոռոզություն ունեն: Ցածրակարգ մարդկանց գոռոզությունը շարունակ իրենք իրենց մասին խոսելու մեջ է, իսկ բարձրակարգ մարդկանցը` իրենց մասին բնավ չխոսելու մեջ: Որքան անհեթեթություններ են ասում մարդիկ միայն որևէ նոր բան ասելու ցանկությունից: Մինչդեռ մշտական վեհակերպությունը սոսկ միջակության դիմակն է: Անձնապաշտությունը օդով լցված գունդ է, որից մրրիկներ են դուրս ժայթքում, երբ այն ծակում են: Դրա համար էլ սուտը այն պատճառով ենք ամենամեծ խայտառակությամբ նշավակում, որովհետև բոլոր վատ արարքներից դա ամենից հեշտ է թաքցնել և ամենից ավելի հեշտ է կատարել: Միայն թույլերն են վատ արաքներ գործում: Ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն: Օգտվեք, բայց մի չարաշահեք` այսպիսին է իմաստության կանոնը: Ոչ ինքնազսպումը, ոչ էլ շռայլանքը երջանկություն չեն բերում:

ՌԱԼՖ ԷՄԵՐՍՈՆ

4 Մրտ

Քաղաքակրթության իսկական ցուցանիշը ոչ թե հարստությունն ու կրթության մակարդակն են, ոչ թե քաղաքների մեծությունը կամ բերքի առատությունը, այլ երկրի կողմից դաստիարակվող մարդու կերպարը: Կամքի տեր մարդիկ այն հասարակության խիղճն են, որին նրանք պատկանում են: Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա նրա մեջ: Ոգու ուրախությունը նրա ուժի նշանն է: Ոչ մի մեծ գործ երբեք ձեռք չի բերվում առանց խանդավառության: Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է սխրանքների այնպիսի մոլեգնություն, ինչին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ: Բարի գործի համար պարգևը հենց այն կատարելու մեջ է: Սակայն մարդիկ երբեմն կարծում են, թե իրենց արատներն ու առաքինությունները դրսևորվում են միայն իրենց արարքներում` չնկատելով, որ թե արատը, թե առաքինությունը ամեն պահ իրենց մասին զգալ են տալիս իրենց շնչով:
Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը իմաստության անդավաճան հատկանիշն է: Ոչ մի բան աչքի չի ընկնում այնպիսի պարզությամբ, ինչպես մեծությունը: Լինել պարզ` հենց նշանակում է լինել մեծ: Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են իր վրա: Նա նրանցից ավելի շահագրգռված է բացահայտելու իր թերությունները: Իսկական իմաստունին միշտ կարող եք ճանաչել այն բանով, որ բոլոր բթամիտները նրա երևալուն պես դավադրություն են սարքում նրա դեմ:

ԹՈՄԱՍ ԿԱՐԼԱՅԼ

28 Հնվ

Ամեն մի աշխատանք ազնիվ է, և ազնիվ է միմիայն աշխատանքը: Մարդը կատարելագործվում է աշխատանքի օգնությամբ: Մարդը դրսևորվում է իր գործողություններում, այլ ոչ թե մտքերում, որքան էլ ազնիվ լինեն այդ մտքերը: Ցանկացած ազնիվ գործ սկզբում թվում է անհնարին: Երանի նրան, ով գտել է իր գործը, թող նա ուրիշ երանություն չորոնի: Նա ունի գործ և կյանքի նպատակ: Այն մարդը, ով ցանկանում է աշխատել և իր համար գործ չի գտնում, ամենատխուր պատկերն է, որ մենք ստանում ենք երկրագնդի վրա երջանկության անհավասար բաշխումից: Մեր գլխավոր խնդիրը ոչ թե այն է, որ մեր հայացքն ու ուշադրությունը սևեռենք այն բանին, ինչը գտնվում է մշուշապատ հեռվում, այլ այն, որ կատարենք այնպիսի գործեր, որոնք գտնվում են անմիջականորեն մոտիկ, մեր առջև: Ամենասարսափելի անհավատությունը ինքդ քեզ չհավատալն է: Ամենատհաճ զգացումը սեփական անզորության զգացումն է: Թող սխալներն ու կեղծ ձևերը քեզ չշփոթեցնեն: Ոչ մի բան այնպես չի սովորեցնում, ինչպես սեփական սխալի գիտակցումը: Դա ինքնադաստիարակության գլխավոր միջոցներից մեկն է:
Ամենաբարեհաճ ճակատագիրն անգամ ծույլ, անշարժ մարդուց հաստոց չունեցող ամենաջանադիր բրուտի նման ոչ մի բան չի ստեղծի, բացի խոտանից: Հենց որ դու բախվես տգիտության, հիմարության և կոպտության հետ, հարձակվիր դրանց վրա անդադար կերպով, առանց հանգստի, քանի դեռ կենդանի ես` հարված հարվածի ետևից հասցրու դրանց: Եթե դու բախվել ես ստի հետ` ոչնչացրու այն: Սուտը հենց միայն նրա համար գոյություն ունի, որպեսզի իրեն ոչնչացնեն:

ԺԱՆ ԱՆՐԻ ՖԱԲՐ

15 Հնվ

Բանականությանը յուրահատուկ է մտորել, գիտակցել, այսինքն` կապակցել պատճառներն ու հետևանքները, պատասխան տալ «ինչու» հարցին, բացահայտել պատահականը, ի հայտ բերել օրինաչափը, որոշել նոր պայմանների հետ նոր հատկությունների համաձայնվածությունը, տեղի ունեցողի շղթայի մեջ գտնել սկիզբն ու ավարտը: Մեր մեջ ապրում են մեզնից առաջ ապրածների աշխատանքը, ուժերը: Թող ապագա սերունդներն էլ իրենց հերթին կարողանան ապրել շնորհիվ մեր աշխատանքի, շնորհիվ մեր ձեռքերի ու մտքի ուժի: Միայն այդ դեպքում մենք արժանի կերպով կկատարենք մեր կոչումը: Հարկավոր է աշխատել, հավաքել ամբողջ կամքը, որպեսզի այն պայթի ռումբի նման` տապալելով խոչընդոտները: Երբեք չի հաջողվի լինել այնպես երջանիկ, ինչպես այն ժամանակ, երբ աշխատանքը ոչ մի ազատ րոպե չի թողնում: Ճիշտ ապրել` նշանակում է աշխատել: Երբ մեքենան անգործության է մատնվում, նրան սկսում է քայքայել ժանգը: Հոգեկան վերքերը սպիանում են միայն ժամանակի ընթացքում ու նաև աշխատանքով: Ուրեմն` դեպի գործ, քանի դեռ ուժ կա: Ավելի լավ սրտի դեղ չկա:

%d bloggers like this: