Tag Archives: անօդաչու

Հարված մեծամտության սրտին

15 Սպտ

Երեկվա առատ լրահոսում կար մի լուր, որը շրջանցելն ուղղակի անհնար էր: Եվ խոսքն այս անգամ ոչ միայն տեղեկատվության հետաքրքիր լինելու մասին էր, այլ հատկապես նրա, որ այդպիսի բան մենք ընթերցում էինք առաջին անգամ: Հաղորդագրության մեջ ասված էր, որ Լեռնային Ղարապաղի Պաշտպանության բանակի ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում խփվել է ադրբեջանական զինուժին պատկանող անօդաչու թռչող սարք:
Հակառակորդի կողմից առաջին արձագանքը եղավ այն, որ նրանք կտրականապես հերքեցին ինքնաթիռի կործանման փաստը: Բայց նույն պահին էլ համացանցը հեղեղվեց խփված սարքի բեկորները պատկերող լուսանկարներով, իսկ այնուհետև հայտնվեց նաև տեսագրությունը: Այժմ արդեն առարկելն անիմաստ էր: Հիմա ադրբեջանցի լրագրողներն էին հայտնվել հիմար կացության մեջ: Նրանք գրում էին, որ փորձում են մեկնաբանություն ստանալ իրենց երկրի պաշտպանության նախարարությունից, սակայն հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում, իսկ պաշտոնական արձագանք չկա ու չկա:
Արձագանքող այդպես էլ չգտնվեց: Եվ իսկապես, ի՞նչ ասել: Տարիներ շարունակ սահմանից այն կողմ իրենց ժողովրդին լիուլի կերակրել են այն միֆով, թե ադրբեջանական բանակը աշխարհում ուժեղագույններից մեկն է, թե իրենց ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հաշված ժամերի ընթացքում լուծել Ղարաբաղի հարցերը, և հանկարծ օրը ցերեկով այդ հեքիաթը անօդաչու ինքնաթիռի պես վայր է ընկնում ու փշուր-փշուր լինում: Եվ դա անում են այն «անջատողական» հայերը, որոնք, ըստ Բաքվի քարոզչության, իբրև թե ապրում են քարե դարում, կռվում են նետ ու աղեղով և անզոր են դիմակայել ադրբեջանական անպարտելի զինուժի հարվածներին: Բայց հիմա արդեն նախկինի պես հեշտ չի լինելու: Ինչպես ասում են, մեկ անգամ տեսածը հազար անգամ լսածից ավելին արժե:
Սակայն երեկվա դեպքը սոսկ մեկանգամյա միջադեպ չէր, այլ վերջին օրերի լարվածության և թշնամու կողմից բազմաթիվ այլ ոտնձգությունների արդյունքն էր: Արդեն հայտնի է դարձել, որ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին զուգահեռ, վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ էր գործել նաև հակառակորդի օդուժը: Նրանք բավականին մեծ հաճախականությամբ իրականացրել էին ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ սահմանային գոտու ողջ երկարությամբ՝ որոշ դեպքերում պարզապես խախտելով Արցախի օդային սահմանները: Այդ չհիմնավորված ինքնավտահությունը, թե յուրաքանչյուր գործողություն արգելքի չի հանդիպի, հակառակորդին դրդել էր նույնիսկ որոշակի խորանալ Ղարաբաղի տարածքում: Մի քանի անգամներ հայկական կողմին հաջողվել էր խափանել նրանց թռիչքները՝ նախազգուշական միջոցների կիրառմամբ հարկադրել, որպեսզի լքեն այդ շրջանները: Բայց, ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմաններն ունի:
Առաջին հայացքից գուցե թե տպավորություն ստեղծվի, որ չափից ավելի մեծ նշանակություն ենք վերագրում անօդաչու սարքի կործանման փաստին: Սակայն խնդիրն այս դեպքում ոչ թե թշնամու կորուստն է, այլ մեր պաշտպանունակության մակարդակը: Հանրությունը կարիք ունի այն բանի ռեալ ապացույցների, որ բանակն ընդունակ է դիմակայել ռազմական ագրեսիային, բավարար կերպով զինված ու մարտունակ է և կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հենց այդ հարցերից մի քանիսի պատասխանն էլ մենք ստացանք երեկ՝ ադրբեջանցիների ձախողված ճախրանքի արդյունքում:
Նախ ասենք, որ իրականում անօդաչու թռչող սարքեր խոցելն այնքան էլ հեշտ գործ չէ: Նույնիսկ դրանք հայտնաբերելն է բավականին բարդ խնդիր, քանի որ ինքնաթիռները պատրաստված են հատուկ կոմպոզիցիոն նյութերից, ինչպես նաև պետք է հաշվի առնել դրանց բավականին փոքր չափերն ու ռադիոլոկացիոն թույլ նկատելիությունը: Բայց հայ զինվորականներին դա հաջողվեց փայլուն կերպով՝ կիրառելով ինչպես հատուկ սարքեր, այնպես էլ պատրաստվածության բարձր մակարդակ: Մյուս կողմից ավելորդ չէ տեղեկացնել, որ խոցված ինքնաթիռը համարվում է Ադրբեջանի օդուժի ամենահզոր անօդաչու թռչող սարքը`առկա երեք տեսակների մեջ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն իսրայելական արտադրության «Օրբիթեր»-ն ու «Աերոսթար»-ը և նոր ձեռք բերած, ավելի հզոր «Հերմես 450»-ը: Հենց վերջինն էլ տապալվեց ղարաբաղյան հողում: Խփված ինքնաթիռի բեկորներն այժմ գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:
Հայկական զինուժի հակաօդային պաշտպանությունը հրամայաբար պարտավոր է լինել գերազանց վիճակում, քանի որ ռազմական օդանավերի քանակով մենք էապես զիջում ենք մեր հակառակորդներին: Հենց այդ բացը կոմպեսացնելու միակ արդյունավետ ճանապարհն այս պահին ցամաքից երկինքը հսկելու ունակությունն է: Իսկ այն, որ մեր մասնագետները դա կարողանում են պատվով կատարել, այս օրերին ունեցավ ևս մի ակնհայտ ապացույց: Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» զորավարժության ժամանակ Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարեց ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլև հակահրթիռային խնդիրներ և խոցեց բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն:
Ադրբեջանական մեծամտության դեմքին երրորդ հարվածը կհասցվի ամենամոտ ժամանակներս: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն ռազմական տեխնիկայի որոշ միավորներ, որոնք չունի հակառակորդը, և այնպիսի ձեռքբերումներ, որոնք շատ հարցերի պատասխաններ կտան: Դրանց շարքում հրապարակով կանցնեն նաև մեր անօդաչու ինքնաթիռները, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի, արտադրվել և ստեղծվել են հենց Հայաստանում, հայ մասնագետների կողմից, այլ ոչ թե գնվել են Իսրայելից կամ մեկ այլ երկրից:
Ի դեպ, արձանագրենք մի կարևոր փաստ ևս: Հիմա արդեն ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը ոչ միայն հասարակ զինատեսակների կամ դիպուկահարներին գործադրմամբ, այլև կիրառում է իր օդուժը: Իսկ սա հրադադարի խախտման որակապես նոր տարբերակ է, ինչը պետք է որ արժանանա միջազգային հանրության ու հատկապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զենք հանուն խաղաղության

20 Հնս

Ընդամենը 5 օրից խաղաղություն հաստատելու հեռանկարով հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստող երկրները դրան նախորդած օրերի ընթացքում ոչ միայն առատ սպառնալիքներ են փոխանակում, այլև մանրամասնորեն պատմում են այն մասին, թե ով ինչպիսի զինատեսակներ ունի և ինչպես է պատրաստվում հարվածներ հասցնել հակառակորդի թիրախներին: Գուցե հենց այսպիսին պիտի լինի դեպի հաշտեցում տանող ճանապարհը, երբ վճռական պահից առաջ յուրաքանչյուրը ցուցադրում է այն ուժը, որ կանգնած է իր խոսքի թիկունքում: Կամ գուցե հաշտության խոստումները սոսկ պատրվակ են ժամանակ շահելու համար, մինչև որ բանակները ելման դիրք կընդունեն և փամփշտակալները կծանրանան վառոդի առատությունից: Այս մասին դեռ ոչ ոք չգիտի: Իսկ մինչ այդ ոչինչ չի խանգարում հեռուներից բռունցք թափահարել կամ ի ցուց դնել այն մահաբեր զենքերը, որոնցով կողմերը պատրաստվում են հաղթանակ կերտել:
Առաջինն, ինչպես միշտ, սկսեցին ադրբեջանցիները: Արդեն մի քանի օր շարունակ Բաքվի երկնքում պտույտներ են գործում տասնյակ կործանիչ օդանավեր և ուղղաթիռներ: Ադրբեջանում ասում են, թե իրենց պատրաստվում են շքերթի, որ պիտի կայանա հունիսի 26-ին (Կազանի հանդիպումից մեկ օր հետո): Շքերթը` շքերթ, միայն թե սա չափազանց հարմար պատրվակ էր թվարկելու այն բոլոր նորամուծությունները, որ ադրբեջանական բանակն իրականացրել էր վերջին տարիներին: Ասվում է, որ այդ շքերթում առաջին անգամ կցուցադրվեն «Paramount Group» ընկերության հետ համատեղ արտադրության «Matador» և «Marauder» տեսակի հակաականային տրանսպորտային միջոցները, իսկ մեքենաների վրա տեղադրված կլինեն իսրայելական անօդաչու ապարատներ: Այնուհետև կլինեն համազարկային կրակի 107- միլիմետրանոց ռեակտիվ համակարգեր, Թուրքիայում գնված «Cobra» տեսակի զրահատեխնիկա և այլն, և այլն:
Ահա այս պոռոտախոսությունն էլ առիթ դարձավ, որպեսզի հայկական կողմը ոչ միայն արձագանքի նրանց, այլև բացահայտի իր գաղտնիքներից մի քանիսը: Նախ հայ ռազմական փորձագետները տեղեկացրեցին, որ Բաքվի ձեռքի տակ չկան մարտավարական լայն հնարավորություններ ունեցող անօդաչու սարքեր, ինչպես ադրբեջանական քարոզչամեքենան համառորեն փորձում է համոզել։ Ադրբեջանում առկա անօդաչու ինքնաթիռները ֆունկցիոնալ առումով հետախուզական, ֆոտո կամ տեսանկարահանող թռչող սարքեր են: Հետո հայ մասնագետներն անմիջապես հավելեցին, որ նմանատիպ այլընտրանք Հայաստանն էլ ունի, սակայն այն հայկական արտադրության է, ինչը տակտիկական առավելություն է արդեն, քանի որ երկրորդ կողմի մասնագետի խնդիր չկա: Ավելի ուշ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ներկա պահին մեր երկիրն ունի նվազագույնը 15 այդպիսի սարքեր և դրանք ընդունակ են գործողություններ իրականացնել թշնամու խորը թիկունքում: Բացի այդ հայտնի դարձավ, որ մենք ունենք հակաօդային պաշտպանության միջոցների բարդ համակարգ, ինչի շնորհիվ տեսանելի է հակառակորդի տարածքը՝ մինչև 150 կմ հեռավորությամբ, իսկ հայկական հակաօդային պաշտպանության համակարգն իր հերթին պատրաստված է մի քանի էշելոններով:
Շատ բնական է, որ հակամարտող կողմերից յուրաքանչուրը ջանում է շեշտել իր առավելությունները և մատնացույց անել մյուսի թերությունները: Ի վերջո, դրանց ճշմարտացիությունը ապացուցելու միայն մի վայր կա` մարտադաշտը: Իսկ ռումբերի որոտի տակ ոչ ոք այլևս չի քննարկի նախկինում ասված բառերի արժեքը: Այնպես որ, եթե այժմ մենք փոքր-ինչ վերապահությամբ վերաբերվենք այս կարծիքներին, ապա դա էլ իր արդարացումն ունի: Իսկ մինչ այդ նկատենք, որ կողմերը շատ լավ գիտակցում են, որ թե Հայաստանում և թե Ադրբեջանում առկա օդուժը նախատեսված չէ իրար դեմ կռվելու համար: Նման քանակությունը լավագույն դեպքում կարող է պատերազմի ժամանակ աջակցել ցամաքային զորքերին` կոնկրետ խնդիրներ լուծելիս: Այլ հարց է, թե եղածը որքանով է համապատասխանում հենց այդ նպատակին: Այս իմաստով հայ մասնագետները կարծում են, որ հակառակորդի ռազմական ավիացիան ավելի շատ PR-ի համար ստեղծված կառույց է, իսկ նրա կարողությունները` խիստ ուռճացված: Գոնե այդ մասին են վկայում նրանց վերլուծությունների արդյունքները: Ու թեև այնքան էլ խելամիտ զբաղմունք չէ օդուժերի համեմատություն անցկացնելը, քանի որ մեծ հաշվով միայն գերտերությունների ռազմական ավիացիաներն են, որ կարող են ռազմական ամբողջական ու առանձին գործողություններ իրականացնել, իսկ այս դեպքում, ինչպես ասացինք, որպես առանձին միավոր նրանց օգտակարությունը չափազանց փոքր, բայց դրանով հանդերձ հայ փորձագետները նաև հետևյալն են պնդում. «Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է գնում, սակայն մասնագետների պատրաստման առումով խիստ կաղում է։ Խնդրի լուծման նրանց քայլերը զարմանք են առաջացնում։ Նրանք փորձեր են կատարում օդաչուներ պատրաստել Թուրքիայում, քանի որ այնտեղ լեռնային պայմաններ են, և Հայաստանի դեմ պատերազմի պատրաստվելու համար հարմար միջավայր կա, սակայն թուրքական բանակը զինված է ՆԱՏՕ-ի զինատեսակներով, և մարտավարական ու ռազմավարական չափանիշները ամբողջությամբ տարբերվում են: Այսինքն՝ Բաքուն գնում է մի տեխնիկա, բայց զինվորին պատրաստում է այլ մեքենայով պատերազմելու համար»:
Ինչևէ, ավելորդ չէ նկատել նաև, որ Ադրբեջանը իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, մինչդեռ Հայաստանը մինչև վերջին ժամանակներս խոսում էր պաշտպանական մարտավարության մասին: Բայց այժմ կարծես թե պատկերը փոփոխություններ կրելու հակումներ է դրսևորում: Հայաստանի օդուժը վստահեցնում է, որ պատրաստ է ոչ միայն կետային հարվածներ հասցնել թշնամու ցանկացած թիրախի, այլև ունակ է գործողություններ իրականացնել հակառակորդի թիկունքում: Այս առթիվ ակնարկվում է, որ «Հայաստան են ներկրվել որոշակի զինատեսակներ` ավիացիոն խոցման միջոցներ` բավականին բարդ և ճշգրիտ»: Եվ ընդամենը այսքանը: Մնացյալը կարելի է միայն կռահել:
Ռազմական մրցավազքը շարունակվում է: Լինի դա օդում, թե ցամաքի վրա, խաղաղության պահպանման գրավականն այս պահին ոչ թե զինաթափումն է, այլ սպառազինվելը: Սա, իհարկե, պարադոքս է, բայց դա է իրականությունը և նրանից ոչ մի տեղ չես փախչի: Ու երբ բոլորովին վերջերս հայկական կողմը ևս մի բացահայտում արեց` տեղեկացնելով, որ իր զինանոցում ունի համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր և «Սկատ» հրթիռներ, որոնք թույլ են տալիս խոցել օբյեկտներ նաև Բաքվում, դա նույնպես արվում էր հանուն փխրուն ու երերուն խաղաղության:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ