Tag Archives: անցյալ

Անցյալ և արխիվ

29 Նյմ

ՍՏԱՆԻՍԼԱՎ ԼԵՄ

24 Նյմ

Մարդն, ի հեճյուկս առերևույթի, իր առջև նպատակներ չի դնում: Դրանք նրան պարտադրում է ժամանակը, որում ծնվել է: Մարդը կարող է ծառայել կամ ըմբոստանալ դրանց դեմ, սակայն ծառայումի կամ ընդվզումի առարկան տրված է դրսից: Որպեսզի նա ձեռք բերի նպատակի որոնման լիակատար ազատություն, պիտի մնա միայնակ, բայց դա հնարավոր չէ, քանի որ մարդը, ով չի դաստիարակվել մադկանց միջավայրում, չի կարող մարդ դառնալ:

Ես կարծում եմ, որ եթե կյանքում ինչ-որ բան է կատարվել, ապա հարկ չկա դրան վերադառնալ: Հարկ չկա, եթե նույնիսկ մեծ է ցանկությունը, քանի որ նման վերադարձը հանդիսանում է նահանջ, հանդիսանում է անվստահություն աշխարհին, ըստ էության` փախուստ իրականությունից, որովհետև իրականության մեջ վերադարձ դեպի անցյալ միշտ էլ անկարելի է:116_100132173

ԻՎԼԻՆ ՎՈ

15 Հկտ

Մարդիկ կյանքի զանազան ծրագրեր են կազմում և մտածում են, որ պարտավոր են ներգրավվել այդ խաղի մեջ, եթե նույնիսկ դա իրենց սրտով չէ: Մինչդեռ խաղը ոչ բոլորի համար է նախատեսված… Մարդիկ չեն տեսնում, որ «կյանք» բառի ներքո երկու տարբեր բաներ են ենթադրվում: Նախ և առաջ, դա պարզապես կեցություն է` իր բոլոր կարգի ֆիզիոլոգիական հետևանքներով, աճով ու օրգանական փոփոխություններով: Դրանից ոչ մի տեղ չես փախչի, նույնիսկ անհայտություն: Բայց այն պատճառով, որ կեցությունն անխուսափելի է, մարդիկ հավատում են, որ անխուսափելի են նաև մնացածը` մագլցումը, վազվզուքը, կործանումը, կենտրոնին հասնելու ձգտումը: Իսկ երբ ընկնում ենք այնտեղ` պարզվում է, որ մենք չենք էլ բարձրացել այդ անիվի վրա:
Ոչինչ, ըստ էության, մեզ չի պատկանում, բացի անցյալից:037

ՅՈՒՋԻՆ ՋԵՆԴԼԻՆ

20 Սպտ

Յուրաքանչյուր ապրում և իրադարձություն գաղտնորեն իր ներսում պարունակում է հետագա զարգացումների հնարավորությունը: Սակայն որպեսզի բացահայտվեն դրանք, անհրաժեշտ է զգալ տվյալ հնարավորության աղոտ գոյությունը, ապրումների անորոշ սահմանները:

Անցյալը չի հանդիսանում ձևավորված և արձանագրված իրադարձությունների սովորական միագումարը: Այն ամենը, ինչ կատարվում է ներկայում, պետք է ներառի իր մեջ անցյալի փորձը, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի ներկան համարել անցյալ կենսափորձի վերակազմավորումը: Ներկան` դա միանգամայն նոր իրադարձություն է, որն անցյալին հաղորդում է նոր գործառնական ուղղություն և նոր դեր: Իր նոր դերում անցյալը նաև կառուցվածքորեն կլինի բացարձակորեն նորովի: Ավելին, այն ոչ միայն կմեկնաբանվի նորովի, այլև միանգամայն նոր կերպով կգործարկվի ներկայի նոր իրադարձություններում` նույնիսկ եթե անհատականությունը չգիտակցի բոլոր այդ փոփոխությունները: Պատկերավոր ասած` այսօր կատարվող ապրումները փոխում են անցյալը: Իսկ դա անցյալի ու ներկայի փոխհարաբերության նոր միջոց է ստեղծում:1317624615_12193100-1024x640

ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

10 Հլս

Դուրս եմ գալիս փողոց: Ինչու՞: Դե որովհետև նույնքան անիմաստ է տանը մնալը: Նույնիսկ եթե ես մնամ, նույնիսկ եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի: Ես գոյություն կունենամ այդ անկյունում, իմ ծանրությամբ կճնշեմ հատակը: Ես կամ:

Իսկ որտե՞ղ պիտի թաքցնեմ իմ անցյալը: Անցյալդ գրպան չես դնի, պետք է տուն ունենալ, որտեղ նրան կտեղավորես: Իսկ ես միայն իմ մարմինն ունեմ: Միայնակ մարդն իր միայնակ մարմնում չի կարող ներփակել հիշողությունները, դրանք դուրս կհոսեն իր միջից: Իսկ ես իրավունք չունեմ դժգոհել: Ես մի բան էի ուզում` լինել ազատ…

 

topics_sartre_395

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

9 Մրտ

Մարդկային սիրո պատմությունը պարտության պարտություն է: Ինձ թվում է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հուսահատությունը, մի ստվեր, որ հետապնդում է մեր ինքնավստահությանը, մեր խաղաղ ներկային: Իսկական ազատությունը սկիզբ է առնում հուսահատությունից այն կողմ: Ես ինքս եմ իմ ազատությունը: Ես ինքս եմ իմ անցյալը, և եթե ես չկամ, իմ անցյալը չի կարող գոյատևել ինձնից կամ ինչ-որ բանից առավել: Այն այլևս կապ չի ունենա ներկայի հետ: Դա որոշակիորեն չի նշանակում, թե այն գոյություն չի ունենա, այլ միայն այն, որ նրա լինելությունը փակ կլինի: Ես միակն եմ, ում մեջ իմ անցյալը առկա է այս աշխարհում:
Մենք արժեքներ ենք հորինում, քանի որ ապրիորի կյանքն անիմաստ է: Այդ մենք ենք, որ նրան իմաստ ենք հաղորդում:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿԵԴՐՈՎ

22 Դկտ

ԹԻԹԵՌԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

«Բերկրիր, սանդուղք երկրից դեպ երկինք»,- ասվում է Աստվածամոր օրհներգության մեջ: Դուռն ու սանդուղքը, այդպիսի հասարակ առտնին առարկաներ, օրեցօր շոշափելի, իրենց մեջ թաքցնում են Հիսուսի և Մարիամ Աստվածածնի պատկերները: Ծառը ժամանակի մեջ` ողջ անտառն է: Ողջ անտառը ժամանակի մեջ` ողջ մարդկությունն է: Ողջ մարդկությունը հավերժության մեջ` Հիսուս է, իսկ Հիսուս` դուռն առ անմահություն: Ուշադրություն դարձրեք, ինչպես ծավալվելով առ անվերջություն, մարդը դարձյալ վերադառնում է ելման կետին, ինքն իրեն, դռանը: Դրանում գեղարվեստական պատկերի էությունն է: Այն անտեսանելին տեսանելի է դարձնում և անվերջությունը վերադարձնում է երկիր, ձգելով այն դեպի մարդը: Այդպես Հերմես Եռամեծարը, ձգտելով անմահության միստիկական գաղտնիքի բացահայտմանը` դիմում է թիթեռի կերպարին: Մարդկային մարմինը` բոժոժ է, որում հասունանում է թիթեռ-հոգին: Բայց ինչպե՞ս ենք մենք պատկերացնում այդ թիթեռը: Ինչպիսի՞ն են այդ թիթեռի չափերը: Ինչպիսի՞ տեսք ունեն նրա թևերը: Շատ թիթեռներ ապրում են մեկ օր: Իսկ հին հնդիկներն ասում են, որ Բրահմայի օրը ձգվում է հազարավոր տարիներ:
Այժմ պատկերացնենք, թե ինչ է տեղի ունենում բոժոժի ներսում: Բոժոժը սև խոռոչ է, իսկ բոժոժը ժամանակի մեջ` մի ողջ խառնակույտ սև խոռոչների, որոնցից էլ բաղկացած էր մեր տիեզերքը մինչ ի հայտ գալը: Նորագույն տվյալների համաձայն՝ այդ բոժոժ-սև խոռոչների ներսում կա ինչ-որ կարծեցյալ տարածություն-ժամանակ, քանզի բանաձևումների համաձայն՝ այնտեղ ժամանակը տարածականայնանում է, իսկ տարածությունը ժամանակայնանում: Դա դժվար է երևակայել և առավել դժվար է պատկերացնել: Սուրբ Հովհան Աստվածաբանը տվել է այդ երկնային քաղաքի իր նկարագրությունը: Այնտեղ հոսում են կենդանի ջրի գետերը: Ով խմում է դրանցից, նա հավետ ծարավ չի ճանաչում: Այնտեղ աճում է կենաց ծառը, և նա, ով ճաշակել է նրա պտուղներից, քաղց չի ճանաչում: Գետն ու ծառը, որոնց մասին խոսում է Հովհան Աստվածաբանը, Քրիստոսի սիրելի աշակերտը` հավերժական տարածություն-ժամանակ պատկերներն են: Բայց մեզ հետաքրքիր է ոչ թե տարածություն-ժամանակը, որ մեր տիեզերքի նկատմամբ նշագրված է որպես կարծեցյալ մեծություն, այլ մեր մտքերն ու զգացմունքները հավերժության մեջ: Այժմ հասկանալի է դառնում, որ հավերժությունը կարծեցյալ տարածություն-ժամանակ է, որը սովորական մարդկային գիտակցության մակարդակով ընկալվում է որպես մահ: Մահը ընդհատում է երկրային տարածության և ժամանակի սահմանը, բայց մեր տեսողությունը, մեր միտքն ու լսողությունը չեն կարող հաղթահարել զրոյական անջրպետը, որպեսզի սուզվեն հավերժական կարծեցյալության մեջ: Սակայն կան գաղտնատեսներ, գաղտնահանդիսատեսներ և բանաստեղծներ, որոնք տեսել են հավերժությունը: Հավերժությունը` թիթեռ չէ, թրթուր չէ և բոժոժ չէ, որի փոխակերպվում է թիթեռը՝ մահանալիս, և որից նա դուրս է թռչում՝ կրկին հարություն առնելիս: Հավերժությունը` եռամեկ է, եռամարմին, սակայն միեղեն էություն: Թիթեռ-բոժոժ-թրթուր: Ժամանակի առումով դուք կարող եք այդ երրորդություններից ցանկացածը կոչել ինչպես ձեզ հարմար է: Ասենք, թիթեռը` ներկան է, բոժոժը` անցյալը, թրթուրը` ապագան: Կամ թիթեռը` ապագան, թրթուրը` ներկան, բոժոժը` անցյալը: Բայց մարդու համար այս կյանքում ավելի բնական է բոժոժը տեսնել՝ որպես ապագա, թիթեռը՝ որպես ներկա, թրթուրը՝ որպես անցյալ: Քանի որ կարծեցյալ տարածականայնացված ժամանակի մեջ կարելի է փոխադրվել, ինչպես տարածության մեջ, դուք կարող եք միասնական հայացքով աչք ածել անցյալապագաներկան: Թիթեռթրթուրբոժոժը: Եվ այդժամ ձեր առջև հառնում է ամենակատարյալ մարդու` Ադամ-Կադմոնի կերպարը, ինչպիսին որ նա դրախտում էր` մինչ արտաքսվելը: Ադամ-Կադմոնը Եվայի համեմատ բոժոժ էր, ով հենց հանց թիթեռ ելել է նրա կողից: Հնարավոր է, որ օձը` Ադամի և Եվայի երկրային, սողացող էությունն է, այսինքն՝ թրթուրը:
Ռուբլյովի «Երրորդությունն» ասես պարփակված է ինչ-որ թափանցիկ, բյուրեղապակյա գնդաձև բոժոժի մեջ: Այստեղ հրեշտակներից յուրաքանչյուրը` Հայր-Որդի-Սուրբ Հոգին է, բայց նաև ժամանակն է` անցյալապագաներկան: Եռաստիճան հավերժություն: Բայց և ինքը՝ թիթեռը` երեք սկիզբների սիմվոլն է մի էակի մեջ: Երկու թևերը` անցյալն ու ապագան, եւ մեջտեղի մարմինը` ներկան: Երբ թիթեռը թռչում է, նա կազմում է հավերժությունը, սակայն, ըստ երկրային ժամանակի, երբեմն մեկ օր է ապրում: Աստծո համար մեկ օրը, ասես հազար տարի, և հազար տարին, ասես մեկ օր:

Թարգմ. Վ. ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

%d bloggers like this: