Tag Archives: ԱՆՐԻ ՄԻՇՈ

ԱՆՐԻ ՄԻՇՈ

7 Հկտ

Ինձ չի հաջողվում հանգստանալ, իմ կյանքը համատարած անքնություն է, ես չեմ աշխատում, չեմ քնում, ես զբաղված եմ միայն անքնությամբ: Կամ հոգիս է թափառում, իսկ մարմինս պառկած է, կամ հոգիս է պառկած, իսկ մարմին թափառում է, սակայն ես քուն չունեմ, իմ ողնաշարի վրա գիշերալամպն է վառվում և անհնար այն հանգցնել: Իսկ գուցե ողջամտությու՞նն է, որ թույլ չի տալիս քուն մտնել, քանի որ ես պիտի որոնեմ, որոնեմ ու որոնեմ, իսկ այն, ինչը փնտրում եմ, ինքս էլ չգիտեմ՝ ինչ է:1323982181_D091D0B5D181D181D0BED0BDD0BDD0B8D186D0B0-D0BCD0BED0B6D0B5D182-D0BFD180D0B8D0B2D0B5D181D182D0B8-D0BA_-D181D0BCD0B5D180D182D0B8

ԱՆՐԻ ՄԻՇՈ

1 Ապր

ECCE HOMO

-Ի՞նչ արեցիր կյանքումդ, արքայի սովաբաժին:
-Տեսա մարդուն:
Չտեսա մարդուն, որ ճայի պես` քամին փորի տակ, սլանար արագ, անսահման ծովի վրայով:
Տեսա մարդուն կռացած, ում ջահը մլմլում էր, ու նա փնտրում էր: Ուներ ցատկի պատրաստվող ոջիլի լրջություն, բայց իր ցատկն հազվադեպ էր ու կանոնակարգված:
Չլսեցի մարդուն` աչքերը սիրուց խոնավ, որ ասեր իրեն մահացու խայթող օձին… այլ լսեցի մարդուն որպես ծանր հրասայլ` իր ընթացքի մեջ ճզմելով մահամերձներին ու մեռածներին, ու ետ չէր շրջվում: Քիթն իր վեր էր տնկած` վիկինգների նավերի պես, բայց նա չէր նայում երկնքին որպես աստվածների կացարանի, նա նայում էր երկնքին կասկածամտորեն, որտեղից ամեն պահ կարող էին դուրս ելնել անողոք մեքենաներ`հզոր ականներ կրող:
Ավելի շատ կապտուկներ ուներ, քան աչքեր, դեմքին` ավելի շատ ցից մազեր, քան թե մաշկ, ավելի շատ ցեխ, քան շինել, բայց մշտապես կարծր էր իր սաղավարտը: Իր պատերազմը մեծ էր, առաջներ ուներ ու հետոներ, դիրքեր ուներ ու թիկունքներ: Արագ անցնում էր մարդը, արագ սուրում էր արկը: Արկն իր անկյունը չունի, և սակայն շտապում է:
Չտեսա մարդուն, որ խաղաղ հոգով, ամեն իրիկվա ոսկե հեքիաթում կարողանար քուն մտնել խոնջանքի մեջ իր բարեկամ: Տեսա նրան իրար խառնված ու հոնքերը կիտած: Մեծ էր ծիծաղների ու նյարդերի իր ճակատամասը, բայց այն ստում էր: Ծուռ ու մուռ էր նրա ուղին: Իր հոգսերը իսկական զավակներն էին իր: Արդեն երկար ժամանակ արևը չէր պտտվում երկրի շուրջը, լրիվ հակառակը :
Հետո նաև նրան պետք էր եղել կապիկից սերել :
Նա շարունակում էր դես ու դեն ընկնել ինչպես հուրն այրող, բայց սառնության իրանը այնտեղ էր, նրա մաշկի տակ:
Չտեսա մարդուն, որ հաշվարկ աներ հանուն մարդու, ես տեսա : Այստեղ ջարդում են նրանց, մեկ այլ տեղ` գլխներին գլխարկ հագցնում, ու մշտապես նա ծառայում է: Որպես ոտքի տակ տրորված ճանապարհ, նա ծառայում է:
Չտեսա մարդուն կենտրոնացած` իր հիասքանչ կեցության վրա խորհելիս: Այլ տեսա նրան կենտրոնացած` կոկորդիլոսի պես, ով իր սառցե աչքերով նայում է որսի մոտենալուն, և իսկապես, նա սպասում էր նրան, մի երկար հրացանի փողով լավ պաշտպանված: Սակայն արկերը, որ ընկնում էին իր շուրջ, էլ ավելի լավ էին պաշտպանված: Ծայրակալ ունեին, որոնց կարծրությունը, անխնա կարծրությունը ստուգվել էր հատուկ:
Չտեսա մարդուն, որ իր շուրջ տարածեր երջանիկ գիտակցումը կյանքի: Այլ տեսա մարդուն որպես մարտական երկշարժիչ ինքնաթիռ, որ սարսափ ու սոսկալի ցավեր էր տարածում իր շուրջ:
Երբ ծանոթացա նրա հետ, կլիներ հարյուր հազար տարեկան, ու երկրի շուրջը հեշտությամբ պտույտ էր կատարում: Դեռ չէր սովորել լինել բարի դրացի: Նրանց միջև հարգի էին տնաբույս ճշմարտություններ, ազգային ճշմարտություններ: Բայց իսկական մարդուն չհանդիպեցի:
Եվ սակայն, գերազանց` իր ռեֆլեքսների մեջ, ու ընդհանուր առմամբ, գրեթե անմեղ. մեկը սիգարետ է վառում, մյուսը` նավթի լցանավ:
Չտեսա մարդուն, որ երթևեկեր իր ներքին կեցության հարթավայրով ու սարահարթերով, այլ տեսա նրան աշխատեցնելիս ատոմներ ու ջրային գոլորշի, ռմբահարելիս ատոմի մասնիկներ, որ գուցե գոյություն չունեին անգամ, դիտակով նայելով իր ստամոքսը, իր միզափամփուշտը, ոսկորներն իր մարմնի, իրեն փնտրելով փոքր կտորների ու շան ռեֆլեքսների մեջ:
Չլսեցի երգը մարդու, երգը` աշխարհներ հայող, երգը գնդաձևության, երգն անսահմանության, երգը հավերժ սպասման:
Այլ, լսեցի նրա երգը որպես ծանակում, որպես ջղակծկում, նման վագրի երգին, որն անձամբ լծվում է իր մատակարարման գործին ու ամբողջովին նվիրվում դրան:
Տեսա դեմքերը մարդկանց: Չտեսա դեմքը մարդու որպես սպիտակ պատ, որն ի վեր բարձրանան ստվերները մտքի, որպես բյուրեղապակյա գունդ, ուր երևում են անցումներն ապագայի, այլ մի պատկեր, որը պատճառում է վախ ու ներշնչում է անվստահություն…

թարգմ. Գ. Մելքոնյան

ԱՆՐԻ ՄԻՇՈ

22 Հկտ

ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հրեշավոր քամի է փչում.
Կրծքիս մեջ ոչ մեծ մի անցք է,
Հրեշավոր քամին փչում է դրա մեջ:
Անցքում այդ ատելություն է, սոսկանք, անզորություն
Ու անզորություն դարձյալ, իսկ քամին ամենազոր է,
Հզոր է պտտահողմերի պես,
Կոտրում է պողպատե ասեղներ,
Ու անընդհատ քամի է միայն,
դատարկություն: Ու երբ դադարում է քամին,
Ես մոլորվում եմ, լի եմ անձկությամբ:
Ո՞նց պիտի հնչեին բառերն Հիսուսի,
թե նա իմ տեղը լիներ:
Դողը հոգուս մեջ իր սառնությունը միշտ պատրաստ է պահում:
Ու խժռում ամեն ինչ, ու ամեն ինչ ժխտում է դատարկությունս,
Ամեն ինչ խուլ է ու համր` նրա մեջ-
Աստղերի լռության պես:
Անցքը խորն է հոգուս մեջ և չունի ձև:

Թարգմ. Գ. Մելքոնյան

ԱՆՐԻ ՄԻՇՈ

22 Նյմ

Բնանկարներ

Բնանկարներ` խաղաղ կամ տրտում;
Կյանքով դեգերելու բնանկարներ և ո՛չ երկրի մակերեսի պատկերներ:
Բնանկարներ Ժամանակի, որն հոսում է ծուլորեն, գրեթե` անշարժ, իսկ երբեմն էլ` կարծես շրջուն:
Բնանկարներ` քրջերի, ձաղկված նյարդերի, գերլարված ուժերի:
Բնանկարներ` ծածկելու համար թափանցանց վերքերը, պողպատը, պոռթկումը, չարիքը, դարաշրջանը, պարանի օղակը վզի, զորահավաքը: Բնանկարներ` բղավոցները խլացնելու համար:
Բնանկարներ` վերմակի նման, որ գլխիդ ես քաշում:

Ծովը

Անսահման ծովը-ահա ինչն է թանկ ինձ համար, ահա թե ինչը գիտեմ ես:
Քսաներկու տարեկանում հեռացա քաղաքից ու նավաստի դարձա:
Տախտակամածի վրա, նավամբարում, ամենուր աշխատանքն էր եռում:
Ես զարմացած էի:
Նախկինում ինձ թվում էր, թե նավի վրա
Միայն նայում էին ծովին: Ամեն ժամանակ նայում էին ծովին:
Սկսվեց գործազրկությունը, ու նավաստիները հեռացան նավից:
Ես էլ հեռացա:
Ոչինչ չասացի. իմ մեջ ծովն էր, ծովն էր իմ շուրջ, հավերժ:
Այո:Բայց ո՞րը:
Դրան պատասխանել կդժվարանայի:

Թարգմ. Գառնիկ Մելքոնյան

%d bloggers like this: