Tag Archives: Անուշ

ԱԽՄԱՏՈՎԱՆ ԵՎ ԱՆՈՒՇԸ

19 Հնս

1956 թ հունիսի 24-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամի կինը` Նադեժդան Աննա Ախմատովային մի նամակ է գրում, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Համբուրում եմ, Անուշ, կարոտում եմ, Անուշ, ախ, Անուշ, Անուշ»: Այս նույն անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև նրանց այլ նամակներում: Բայց ինչու՞ ռուս նշանավոր բանաստեղծուհին պիտի Անուշ կոչվեր, եթե ոչ հայկական արմատներ ուներ, ոչ էլ երբևէ եղել էր Հայաստանում:
Այս գաղտնիքը մասամբ բացահայտում է նույն նամակագիրը` Նադեժդա Մանդելշտամը: Ինչպես հայտնի է, 1930 թվականին Մանդելշտամ ամուսինները մի քանի ամիս հյուրընկալվել են մեր երկրում: Իսկ շատ տարիներ անց Նադեժդան իր հուշերում պիտի գրեր. «Մենք վերադարձանք Հայաստանից և առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Բոլոր նախկին անունները մեզ թվացին անհետաքրքիր` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեևնա: Նոր անունը սերտաճեց նրա հետ, մինչև վերջին օրերը ես նրան կոչում էի այն նոր անունով, որով նա ստորագրում էր իր նամակները` Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը»:

Հովիկ Չարխչյան

pizap.com14976680471071

Advertisements

«ԱՆՈՒՇԸ» ՉԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆԸ

19 Փտր

Հայկական առաջին գեղարվեստական կինոնկարը «Նամուսն» է՝ նկարահանված 1924 թվականին: Սակայն պարզվում է, որ առաջինը կարող էր դառնալ «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: Եվ այդ նախաձեռնության հեղինակը եղել է ոչ այլ ոք, քան Վահրամ Փափազյանը: 1922 թվականի վերջին նա իր շուրջն է համախմբում կինոգործին հմուտ եզակի մասնագետների ու դերասանների և այդ փոքր խմբով կարողանում է հիմքեր ստեղծել այն օրերի Հայաստանի պայմաններում աննախադեպ և համարձակ մտահղացման համար: Իսկ 1923 թվականի հունվարին մամուլն արդեն տեղեկացնում էր. «Կենտրոնական բանվորական ակումբի վարչությունը ձեռնարկել է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմայի նկարմանը կինոյի ժապավենի վրա: Նախնական աշխատանքները սկսված են դերասան Վահրամ Փափազյանի ղեկավարությամբ:
Ժապավենը նկարվելու է Լոռիում փետրվարին՝ ձմռան եղանակները, իսկ գարնանը՝ Վարդավառի և մնացյալ մասերը: Միջոցներ են ձեռք առնվում գործը բարձր գեղարվեստական դարձնելու»:
Ցավոք, այդ ծրագրին վիճակված չէր իրականություն դառնալ: Իսկ «Անուշ» խաղարկային ֆիլմն առաջին անգամ էկրան բարձրացավ 1930 թվականին, բայց այս անգամ արդեն բոլորովին այլ արվեստագետների ջանքերով:

©Հովիկ Չարխչյանpizap.com14558438141371

%d bloggers like this: