Tag Archives: Աննա Բաբաջանյան

Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, արժանի է հեղափոխություն կոչվելու․Հովիկ Չարխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Մյս

«Նիկոլ Փաշինյանը շատ հիմար վիճակում դրեց բոլոր այն քաղաքական վերլուծաբաններին, քաղտեխնոլոգներին, որոնք հաշված օրեր առաջ ասում էին, թե Հայաստանում դեռևս չկա կրիտիկական զանգված, և առաջիկա մեկ-երկու տարում փոփոխություն իրականացնել գրեթե անհնար է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։ Նա միևնույն ժամանակ շեշտում է, որ մենք հիմա թևակոխում ենք վտանգավոր մի փուլ, երբ անցած կլինի էյֆորիան և կգա սառը դատողությունների, հաշվարկների ժամանակը․ «Այն, ինչ կոչում ենք հակահեղափոխություն, անպայման գլուխ է բարձրացնելու, քանի որ այն ուժերը, որոնք մեկ տասնյակից ավել տարի իշխանության գլուխ էին կանգնած, մեկ անձի փոփոխությամբ չեն պայմանավորելու իրենց հեռացումը քաղաքական դաշտից և ոչ միայն»։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները ներկա պահին հնչեցնում են հեղափոխական լոզունգներ՝ ընդհանուր դրույթներով, բայց որևէ առարկայական խոսակցություն չի եղել, թե ինչ է կատարվելու համակարգի հետ․ «Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, ընդ որում՝ իրագործեց ժողովրդի աջակցությամբ, արժանի է հեղափոխություն կոչվելու։ Մենք հաղթել ենք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ առջևում է»։ Նա հավելում է, որ եթե Ն․Փաշինյանը կարողանում է երկրից մաքրել աղբը, նա կկարողանա երկիրն ազատել նաև գարշահոտությունից։

Աննա Բաբաջանյան

ԱԺ նիստը ինքնախարազանման, ինչնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր. Հովիկ Չարխչյան

4 Մյս

Նախօրեին իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 56 դեմ քվեարկությամբ: Դեմ քվեարկեց մասնավորապես ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:
-Պարո՛ն Չարխչյան, Ազգային ժողովը, մասնավորապես ՀՀԿ-ն` մեկ բացառությամբ, դեմ քվեարկեց վարչապետի թեկնածությանը: Ի՞նչ տպավորություն ունեք այս պրոցեսից:
-ՀՀԿ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր: ՀՀԿ-ն քվեարկեց ժողովրդի կամքի դեմ` ապացուցելով, որ ինքը հակաժողովրդական երեւույթ է: Երկիրը վարչապետը չէ, երկիրը ժողովուրդն է: Մերժել նրա ցանկությունները, նշանակում է ոտքի տակ տրորել ազգային ու պետական շահերը: Աթոռներից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը կուրացրեց առողջ բանականությունը եւ խլացրեց իրավիճակը սթափ գնահատելու ինքնապաշտպանական բնազդը: Հիմա ՀՀԿ-ին այլեւս գերեզմանափոր պետք չէ: Այդ վայրկյանից ի վեր նրանք սկսել են փորել սեփական գերեզմանները: Բայց արդեն ոչ ոք հանգուցյալի համար արցունք թափելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ պատճառ:
-Ի՞նչ կասեք նախօրեին Ազգային ժողովում հատուկ նիստի ժամանակ հնչած ելույթների առնչությամբ:
-Ազգային ժողովի նիստը` թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթով, թե՛ հարցուպատասխաններով, թե՛ առանձին պատգամավորների տեսակետների շարադրմամբ, անչափ կարեւոր էր: Կարեւոր էր առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր փողոց են դուրս եկել: Այդ հազարավոր մարդիկ մեկ անգամ եւս համոզվեցին, թե 10 տարի շարունակ այս երկիրն ինչ կեղտի մեջ է թաթախված եղել, եւ ովքեր են եղել այդ աղտեղության արտադրողները: Սրանից էլ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ ախոռները մաքրել է պետք եւ անհապաղ: Ընդ որում, պետք է մաքրել մաքրություն իրականացնելու բոլոր հնարավոր ձեւերով ու եղանակներով: Խորհրդարանը նաեւ ցուցադրեց, թե ում տնօրինությանն ենք հանձնել մեր երկրի ճակատագիրը, եւ դա ինչպիսի մեծ ողբերգություն է ցանկացած ժողովրդի համար: Ավելի մեծ, ծանր ու կործանիչ հարված իշխանական թեւը հազիվ թե կարողանար ստանալ մեկ ուրիշից, որ նա ստացավ ինքն իր ձեռքից: Սա ԱԺ հատուկ նիստ չէր միայն: Սա ինքնախարազանման, ինքնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր: Այս պահից ի վեր մենք կարող ենք խոսել ոչ միայն համաժողովրդական շարժման կարեւորության, այլեւ այն մասին, թե անձնապես յուրաքանչյուրիս համար որքան մեծ կարեւորություն ունի այդ շարժման հաղթանակը, քանի որ դա բերելու է ոչ միայն նոր իշխանություն, այլեւ երկրի օդափոխություն: Ինչ-որ մեկը կարող է չսիրել Նիկոլին, բայց այդ մեկը չի կարող հրաժարվել իր թոքերն ու շնչառական համակարգը ախտահանելու հնարավորությունից:
-Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած փաստարկների կապակցությամբ, դրանք, ըստ Ձեզ, համոզի՞չ էին:
-Որտե՞ղ պիտի Նիկոլ Փաշինյանը համոզեր` խորհրդարանու՞մ, թե՞ հրապարակներում: Երբ շարժումը սկսեց, այն օրերին եւս համոզում էր: Ո՞վ լսեց, ո՞վ համոզվեց: Շատ քչերը: Բայց նա եկավ ու համոզիչ դարձավ հազարավորների համար: Հիմա նույն պատկերը կրկնվում է Ազգային ժողովում: Ու՞մ պիտի համոզեր Նիկոլն այստեղ. ՀՀԿ-ականների՞ն, որոնք առանց Փաշինյանի խոսքը լսելու արդեն նիստի էին ներկայացել պատրաստի գրավոր ելույթներով եւ այնտեղ արդեն գրել էին, որ Նիկոլի խոսքն իրենց համար համոզիչ չէր: Երեկ գրել էին, որ այսօր չի համոզել: Եվ այս ամենով հանդերձ այլեւս էական չէ` Նիկոլը համոզի՞չ էր, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու խնդիր ի սկզբանե դրված չէ:
-Հիմա ո՞րը պետք է լինի ժողովրդի անելիքը:
-Ժողովուրդը պիտի անի այն, ինչ արդեն անում է: Ամեն օր, ամեն ժամ պայքարել սեփական իրավունքների, երկրի բարեկեցության ու անվտանգության համար: Դա մի պայքար է, որը երբեք ավարտ չի ունենում:

Աննա Բաբաջանյան31711038_1734287209985671_5151390178618638336_n

Որտե՞ղ են թաղված Սարդարապատի հերոսները

28 Մյս

Հայաստանի անկախացումից հետո ամեն տարի` մայիսի 28-ին, նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ հատկապես Սարդարապատում 1918-ին հայերը հաղթանակ չտանեին, ապա թուրքական զորքերն անարգել կմտնեին Էջմիածին եւ Երեւան: Այսօր մենք այցելում ենք Սարդարապատի հուշահամալիր, գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը իրենց արյան գնով պաշտպանած նահատակների հիշատակի առաջ: Սակայն մեզնից քչերն են տեղյակ, թե այդ հայորդիները որտեղ են թաղված. նրանց հուղարկավորման վայրերի մասին մեր պատկերացումները շատ աղոտ են: Հայաստանցիներն առ այսօր չգիտեն այն մյուս վայրերը, որտեղ կարող են այցելել, գլուխ խոնարհել հայ մարտիկների հիշատակի առաջ: Մինչդեռ արխիվային վավերագրերը տալիս են դրա պատասխանը: Պատմաբան Հարություն Թուրշյանը ուսումնասիրություն է կատարել եւ հստակեցրել այդ վայրերը: Այդ մասին տպագրվել է «Պատմա-բանասիրական հանդես» ամսագրում (1978թ., 2-րդ համար). «Մեծ էր Սարդարապատի տակ ընկածների թիվը։ Զոհված աշխարհազորայիններից շատերը թաղվեցին իրենց գյուղերում, դրսեցիներից զոհվածներին թաղեցին Գայանեի վանքի բակում (Խենթի գերեզմանի կողքին՝ եղբայրական գերեզմանի մեջ), բնիկ երեւանցիներին բերեցին Երեւան եւ թաղեցին ներկայիս Կոմիտասի անվան այգում»։ Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ»-ին բացառիկ տեղեկություններ է հայտնել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով` գրող Դերենիկ Դեմիրճյանը, ով Թիֆլիսում էր բնակվում, այդ օրերին գործի բերումով եկել էր Երեւան եւ ակամա ականատեսն ու մասնակիցն էր դարձել մեր ժողովրդի հերոսական պայքարի: «Սարդարապատում զոհված հերոսների մի մասի հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսյան մի օր, քաղաքի Մլեր գերեզմանատանը (ներկայիս Կոմիտասի անվան այգու տարածքում): Նրանք թաղվեցին մի վայրում` եղբայրական գերեզմանում, եւ հանգան նույն շիրմաթմբի տակ: Հավաքվել էր մեծ բազմություն: Շատերը հրաժեշտի ու գնահատանքի խոսքեր էին հնչեցնում: Եվ, ահա, հենց այդ պահին թափորի միջից դուրս է գալիս Դեմիրճյանը, մոտենում է թարմ շիրիմներին, գրպանից դուրս է բերում մի թուղթ եւ հուզված ձայնով սկսում է ընթերցել: Դա Սարդարապատի հերոսներին նվիրված առաջին բանաստեղծությունն էր: Հաջորդ օրը նրա չափածո հուզիչ խոսքը «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրատանը վերածում են թռուցիկի եւ փակցնում Երեւանի բոլոր փողոցներում: Ժամանակի ընթացքում այդ թերթիկները պոկվեցին ու անհետացան: Բարեբախտաբար, փրկվել է թռուցիկներից մեկը, որն այսօր էլ պահվում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»,-նշեց գրականագետը: Նա մեզ տրամադրեց նաեւ Դեմիրճյանի` հրաշքով փրկված բանաստեղծությունը (աղբյուրը` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Դ. Դեմիրճյանի լրացուցիչ ֆոնդ, համար 48 ), որը ներկայացնում ենք ստորեւ:

13256363_1062868593794206_4887271793117983089_n

 
Այսօր, այս վեհ ուրախության և խոր սուգի հանդեսին,
Ո՜վ մարմարե նահատակներ, կանգնած ձեզ հետ միասին,
Ո վ խնկելի Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան,
Խոսեցնում եք իմ բերան։

Սակայն ինչպե՞ս խոսեմ ձեզ հետ` ցավի դողը իմ շուրթիս,
Ի՜մ, ապրողիս խղճի խայթով՝ մեռածներիդ հանդիման,
Ինչպե՞ս հնչեմ ձեր անունը՝ ամոթանքը ճակատիս,
Գովեմ ձեր բառն աննման։

Բայց և ինչպե՜ս լռեմ հիմա, ինչպե՜ս լռե իմ բերան՝
Վերհիշելով Սարդարապատ, Ղարաքլիսա, Աբարան.
Դուք գնացիք, սակայն ինչպե՞ս իմ լուռ հոգին այսուհետ
Չխոսի ձեր շուքի հետ:

Ահա տեսնում եմ ձեզ մահատեսիլ, խստադեմ,
Երր որ մահը մեռցնելու դուք գնացիք մահի դեմ,
Եվ դուք գտաք ձեր պտրածը—ձեզ համար՝ մա՛հ չարաթույն,
Հայրենիքին փրկությո՛ւն։

Եվ այլ ինչ բան պիտի սազեր հերոսական ձեր սրտին,
Բուն այդ կատակն օրհասական հանդեպ մահվան գոռ աստին.
Ո՞վ ավելի արհամարհեց, տեսավ մահը չըմեռած,
Եվ մեռնելիս չըդողաց։

Ահա այս վեհ ռազմադաշտում, որտեղ լսվեց մի մեծ օր
Ձեր ռազմական խրոխտ գոչը, վերջին գոչը փրկության՝
Մենք երկու տոն ունենք այսօր—մեկ ձեր տոնը «սգավոր,
Մեկ մեր սուգը խնդության»:

Ահա ուժգին որոտում է ժողովուրդը ամբոխված,
Ձեր խնկելի շուքերի հետ, ռազմադաշտում Հայրենի.
Ահա’ կարմիր դրոշակներ՝ ձեր արյունով կարմրած
Եվ արյունով բյուրերի։

Դուք հաղթեցիք, ով ընկածներ, մահվամբ զմահ կոխեցիք։
Դուք հաղթեցի՜ք, և չըթողիք ոչինչ էլի հաղթելու.
Մկրտվեցիք դուք մահի մեջ, մահվամբ դառաք գեղեցիկ,
Զեզ փա՜ռք հավետ, ալելո՜ւ:

Աննա Բաբաջանյան13323551_1062868380460894_8735069679331297437_o-600x257

Եղիշե Չարենցի երկու նորահայտ վավերագրերը

14 Մրտ

Չարենցագիտության ոլորտում որոնումները եւ նոր բացահայտումները երբեք չեն դադարել, դրանք այսօր էլ շարունակվում են` ի հայտ բերելով նոր շերտեր ինչպես Չարենցի ստեղծագործական հանճարից, այնպես էլ նրա կյանքի եւ գործունեության ոլորտներից: Որպես ասվածի ապացույց` Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակի առթիվ գրող, չարենցագետ Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ»-ին է տրամադրել մեծ բանաստեղծի ձեռքով գրված երկու բացառիկ նորահայտ վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ: Առաջին փաստաթղթում կարդում ենք.

«N 910

18 փետրվար, 1921թ.

Երեւան Ամերիկյան Կոմիտեին Հասկելի նախկին բնակարանի ներքեւի հարկում, ուր հիմա տեղավորված է Ամերիկյան Միսիան, Լուս. Ժող.Կոմիսարիատից տարված են մի շարք նկարներ, այն է`

1.Երկանյանի «Հայ բանաստեղծ»

2…..«Աշխատանք եւ հսկում»

3.Ռուբեն «Փարիզի փողոց»

4.Շարբաբչյանի «Բրիտանացի երեխա»

5…..«Սուրամի բերդը»

6.Թադեւոսյանի «Հովերգական»

Քանի որ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հիմնում է ժողովրդական պատկերասրահ, որի համար միանգամայն անհրաժեշտ են հիշյալ նկարները, ուստի խնդրում եմ հայտնեք մեզ, թե երբ եւ որտեղ կարող եք հանձնել հիշյալ նկարները մեր ներկայացուցիչ ընկ. Բաշինջաղյանին` տեղափոխելու համար Լուսավորության ժողովրդական կոմիսարիատ: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց,

Քարտուղար»:

Հովիկ Չարխչյանը, անդրադառնալով այս վավերագրին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այն արժեքավոր է ոչ միայն այն պատճառով, որ գրված է Չարենցի կողմից, այլեւ ապացույցն է այն բանի, որ գրողն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին: Նա ընթերցողին առաջարկեց ուշադրությունը բեւեռել նաեւ այն փաստի վրա, որ այս գրությունը կազմվել է 1921 թվականի փետրվարի 18-ին` ճիշտ այն օրը, երբ Հայաստանում բռնկվեց Փետրվարյան խռովությունը: Փաստաթուղթը ներկայացնելուն զուգահեռ ծանոթագրության կարգով հավելենք, որ նամակում հիշատակված Ուիլյամ Հասկելն ամերիկացի ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ, Հայաստանում դաշնակից պետությունների գերագույն կոմիսարն է եղել: Ինչ վերաբերում է այն արվեստագետներին, որոնց կտավները պահանջում է Չարենցը, ապա տեղեկացնենք, որ Սարգիս Երկանյանը գեղանկարիչ էր, ով 1920-ին բնակության մեկնեց Միացյալ Նահանգներ: Ցանկում հիշատակված նրա կտավներն այժմ գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Իսկ բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը 1921թ. Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն էր: 1926-ին հենց Շարբաբչյանը պետք է ձեւավորեր Չարենցի «Կապկազ-թամաշան»:

Գրականագետի ներկայացրած երկրորդ բացառիկ փաստաթուղթը Չարենցի պաշտոնական նամակն է զինվորական ժողովրդական կոմիսարին: Ընդ որում, այն նմանատիպ բովանդակությամբ առաջին նամակը չէ` գրված Չարենցի կողմից: Հովիկ Չարխչյանը նշեց, որ արվեստի կոմիսար աշխատած տարիներին Չարենցը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ երիտասարդ արվեստագետների եւ մշակութային գործիչների: Նրանցից շատերն իրենց հետագա հաջողությունների համար մեծապես պարտական են Չարենցի ուշադրությանն ու մարդկային վերաբերմունքին: Փաստաթղթում կարդում ենք.

«Զինվորական ժողովրդական կոմիսարին.

Նո. 694 ամսիս 26-ի գրությամբ խնդրել ենք ուղարկել Լուսժողկոմիսարիատի Արվեստի բաժնի տրամադրության տակ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանին, որը երաժիշտ է Երեւանի Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբում, որպես մասնագետ թառանվագ միանգամայն անփոխարինելի է Պետական երաժշտախմբի համար, բայց չնայած դրան՝ սվոդնի զինվորական հիվանդանոցի վարչությունը, որի տրամադրության ներքո գտնվում է այժմ կարմիրբանակային Սեդրակ Թարիվերդյանը, պատասխանել է մեզ մերժումով` առարկելով, որ հիշյալ Թարիվերդյանը հարկավոր է հիշյալ հիվանդանոցի համար: Խնդրում եմ կարգադրել` ուղարկել բաժնիս տրամադրությանը հիշյալ Թարիվերդյանին, որի փոխարեն բաժինս կարող է ուղարկել հիվանդանոցային ուրիշ թառանվագներ կամ իրեն` Թարիվերդյանին, եթե հիվանդանոցում լինեն համերգներ: Զրկել Պետական երաժշտական խմբին միակ մասնագետ երաժշտից, նշանակում է անգործության ենթարկել մյուս երաժիշտներին եւ այսպիսով կասեցնել այն փոքրիկ գեղարվեստական գործը, որ կատարվում է խորհրդային Մայրաքաղաքի բանվորական թատրոնում: Արվեստի բաժնի վարիչ` Չարենց N802 2./.6. 1921»:

Մարտի 13-ը մեծ գրողի ծննդյան օրն է, եւ սա նրան նորովի բացահայտելու, Չարենց մարդուն, գործչին ճանաչելու եւս մեկ առիթ է:

Աննա Բաբաջանյան charents-600x454

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔԾՆՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑՐԻՆ ՎԱԶԳԵՆԻՆ

31 Հկտ

Արդեն 15 տարի է՝ Վազգեն Սարգսյանի մասին գովասանքի խոսքեր ասողներին, նրան մեծարելու փորձեր անողներին սաստող չկա, քանի որ չկա ինքը՝ բարձրագոչ գովեստներից խուսափողը, իրեն ազգի ծառա համարող հայը: Բայց այս հանգամանքն ավելի է սրում նրան ճանաչողների շրջանում Վազգեն մարդու մասին պատմելու ցանկությունը: Ու թեեւ տարիներ շարունակ նա մեզ հետ չէ, փոխարենը մեզ ուղեկից են պետական, ռազմական գործչի, նախարարի, վարչապետի, արձակագրի, սիրելի ընկերոջ մասին հուշերը, նրա կյանքի ամենատարբեր պատմությունները: 1998-99-ին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր Հովիկ Չարխչյանը այն մարդկանցից է, ով մոտիկից է շփվել Վազգենի հետ եւ տեղյակ է նրա կյանքի մի շարք բացառիկ դրվագներից: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Սպարապետի կյանքից քչերին հայտնի մի միջադեպ, որը լավագույնս բնութագրում է Վազգենի տեսակը: Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար եղած տարիներին, աշխատասենյակում փակցրած ուներ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի կրկնօրինակը: Վազգենը ցանկանում էր, որ այդ նկարի շատ ավելի մեծ տարբերակը զարդարեր նախարարության շենքի դիմացի հատվածը: Նա նկարիչներին պատվիրել էր մեծացնել կտավը եւ որոշակի ժամկետ նշանակել՝ աշխատանքներն ավարտելու համար: Երբ Սպարապետն իմացել է, որ այն արդեն պատրաստ է, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ գնացել է կտավը տեսնելու: Նկարի տեսքն իսկապես շքեղ էր, եւ երբ մարդիկ հիացական հայացքներով դիտել են այն, հանկարծ նկատել են, որ Վազգենի՝ առաջին վայրկյանին պայծառացած դեմքը միանգամից սառել է. նա հաշված վայրկյանների ընթացքում սարսափելի զայրացել է, եւ, ինչպես սովորաբար նման պահերին բնորոշ էր նրան, հայհոյանքներ է հնչեցրել աշխատանքները նախաձեռնողների հասցեին: Պարզվել է՝ այդ մարդիկ որոշել են դուր գալ Վազգենին առավել, քան դրա անհրաժեշտությունը կար, եւ Խանջյանի կտավի վրա ավելացրել են նաեւ Վազգեն Սարգսյանի գլուխը՝ դասելով նրան նկարում պատկերված նշանավորների շարքը: Նախարարի հրամանով՝ նկարն անմիջապես իջեցրել են: Նա պահանջել է ընդամենը մեկ օրվա ընթացքում շտկել միջամտությունը: Հաջորդ օրն արդեն նկարը կախված էր իր տեղում այնպիսին, ինչպիսին այն ստեղծել էր Խանջյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթ, հոկտեմբերի 28, 2014 թ.v

Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը»

5 Մրտ

Այսօր` սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ, Life.panorama.am-ը կներկայացնի նրա կյանքից մի բացառիկ դրվագ, որը մինչև  այժմ հայտնի է շատ քչերին: Մենք զրուցել ենք 1996-98-ին  ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալի, սպարապետի վաղեմի ընկերոջ` Հովիկ Չարխչյանի հետ, ով ներկայացրել է մեզ մի փոքրիկ, բայց ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի կյանքից:

Նրա խոսքով, Վազգենը շատ էր սիրում կինոարվեստը, երազում էր որևէ մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլիներ կինոյի հետ: Հայտնի է, որ նա նույնիսկ նկարահանվել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում, որտեղ խաղացել է զինվորի էպիզոդիկ դեր, ինչպես նաև մի քանի ֆիլմերում եղել է ռեժիսորի ասիստենտ:

1986-87 թվականներին, վերջնականապես որոշելով իրեն նվիրել այս բնագավառին, Վազգենը մի օր նստեց ինքնաթիռ ու մեկնեց Մոսկվա`ընդունվելու Մ.Գորկու անվան ինստիտուտի սցենարային բաժին:

«Բոլորս ուրախ ճանապարհ դրեցինք նրան Մոսկվա, սակայն, չէր անցել ընդամենը մի քանի օր, Վազգենը նորից հայտնվեց Արարատում, գնացինք իմանալու, թե ինչ է պատահել»,-հիշեց Հովիկ Չարխչյանը:

Երբ Վազգենին հարցնում են` ինչո՞ւ է նա վերադարձել, վերջինս պատասխանում է. «Առաջին քննության ժամանակ հանձնարարեցին 4 ժամում գրել որևէ պատմվածք: Եթե ես 4 ժամում կարողանայի պատմվածք կամ սցենար գրել, այն էլ` օտար լեզվով, էլ իմ ինչի՞ն էր պետք ինստիտուտ ընդունվելը»:

Հենց  այս փորձն էլ Վազգենի վերջին և անպատասխան սիրո խոստովանությունն էր կինոյին:

Հեղինակ Աննա Բաբաջանյան3

ՄԱՄՈՒԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁ

21 Փտր

ԳՐՔԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՈՒՄ ԵՆ ԳԻՐՔ և ՈՉ ՄԻԱՅՆ…

Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրվա ընտրությունը պայմանավորված է հայ մեծանուն պոետ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ` տոնը վերականգնվել է դեռևս 2008-ից: Այս տարի Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք:
Տոնի առթիվ զրուցել ենք ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ: Նրանք, իհարկե, մասնակցելով տոնին հնարավորություն չունեն անձամբ գիրք նվիրել ընթերցողին, այնուամենայնիվ, տարբեր սերունդների,մասնագիտության և խառնվածքի տեր անձինք կմասնակցեն տոնին` ընթերցողին պատմելով իրենց սիրելի գրքի մասին, որն անուղղակիորեն կնվիրեն հենց նրան:

Հովհաննես Չարխչյան-գրող, գրականագետ — «Հաղթական կամար», Էրիխ Մարիա Ռեմարկ
Գիրքը, սիրած ստեղծագործությունը նման է աղմկոտ խնջույքի. քեզ թվում է` ապրում ես ուրիշի կյանքով, հանկարծ բացահայտում ես, որ դա հենց քո կյանքն է:
Առաջին տպավորությունը գրքից ինտուիտիվ է, նրանից որոշակի տեսարաններ են տպավորվում, սակայն բացատրություն չի գտնում` ինչու այն սիրվեց: Որոշ ժամանակ է անցնում, իրադարձությունները հաջորդում են իրար, և դուք նորից վերադառնում եք գրքին` պատահական կամ` անհրաժեշտաբար:
Երեխա ժամանակ, ինչպես շատերը, հրապուրված էի պատմավեպերով, արկածային և դետեկտիվ գրականությամբ, արդեն պատանի հասակում կարդում էի գրքեր, որոնց մեծ մասի իմաստը չէի ըմբռնում, պարզապես չէի կարդում այն, ինչ իմ հասակակիցներն էին կարդում.կարծես ինքս ինձ ինչ-որ բան էի ուզում ապացուցել…
Որպեսզի ամեն կարդացած արդյունք տա, մի գիրքը պետք է մյուսի հաջորդականությունը դառնա, լրացնի մյուսին: Արդյունքում համապատասխան գույնը կտեղադրվի ներկապնակի ճիշտ տեղում:
Արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ կարդացել ինձ վրա ամենաշատը տպավորություն գործած Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը»: Գրողի վարպետությունն ապշեցրել է ինձ. կորստի ցավը ներկայացված է այնքա˜ն իրական, իսկ իրադրությունները` տրամաբանական լուծումներով:
Ստեղծագործության հերոսը կորցրել է ամեն ինչ` ընտանիք, հարազատներ, հայրենիք, ապագա չունեցողը գիտակցում է, որ չպիտի կորցնի ամենակարևորը` վաղվա օրը: Եվ, երբ թվում է` ելք չկա, հայտնվում է Ժուանը` կին, որը մարդկային իր տեսակն է`կնոջ կերպարանքով: Նրանք արդեն երկուսով են, ունեն փոքրիկ աշխարհ, որտեղ կարող են կառուցել վաղվա օրը, բայց պատրանքն անցնում է. աշխարհը մնում է անապագա: Եվ հենց այստեղ է, որ ընդգծվում է Ռեմարկի խորությունը. թվում է` գրողը պիտի ջանք չխնայեր` սիրո կորստի էքսցենտրիկ տեսարանները ներկայացնելու հարցում, այնինչ էջերն ընթերցվում են սպասվածից սառը. հերոսը պատրաստ էր ամենաթանկը կորցնելուն, ու դու հասկանում ես, որ դա է միակ տրամաբանական լուծումը:

Աննա Բաբաջանյան

%d bloggers like this: