Tag Archives: Անկարա

Մեզ վրա հույս չդնեք

15 Փտր

Այնպես է թվում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի «լուռ դիվանագիտությունը» լիովին սպառել է իրեն և այժմ նա պատրաստվում է սահուն անցում կատարել նոր` «բարձրաձայն դիվանագիտությանը»: Թե ինչպիսի դրսևորումներ կունենա դա` ժամանակը ցույց կտա: Բայց այդ շարքի առաջին քայլի ականատեսը կարող ենք լինել արդեն այս տարվա մարտին: Հենց գարնանամուտի ձնհալի հետ է Գյուլը պատրաստվում հալեցնել նաև հայ-թուրքական հարաբերությունների սառույցը և իբրև դրա վկայություն նախատեսում է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել՝ ԵԱՀԿ-ում թուրք գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Այդ լավության համար Գյուլն, իհարկե, պարտքի տակ չի մնա: Նա այսօր էլ խոստանում է, որ գործարքի հաջողությունը բխում է նաև Հայաստանի շահերից, իսկ թուրքերից ավելի լավ բարեկամներ հայերը մերձակայքում ոչ ունեցել են, ոչ էլ երբևէ կունենան: Եվ ահա դրացի նախագահը վերցրել է թուղթն ու գրիչը ու նամակ է գրել առ Երևան, որում աջակցություն է խնդրում Հայաստանից՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Նախատեսվում է, որ այդ զորավոր գիրը մարտին Հայաստան կբերի հենց ինքը` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավատին: Նա կառույցը ղեկավարում էր 2005 թվականից: ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից 3 տարի ժամկետով, և 2008 թ. Բրիշամբոն վերընտրվեց երկրորդ ժամկետով: Սակայն ըստ կանոնակարգի, նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել այդ պաշտոնը: Ու հիմա վրա է հասել աթոռը զիջելու ժամանակը: Ներկա պահին քարտուղարի պաշտոնի համար, բացի թուրք թեկնածուից, առաջադրվել են ևս 3-ը՝ Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին խորհրդարանական Ժոաո Սուարեշը և իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նրանց նախընտրական արշավը մեկնարկեց երեկ:
Ինչ վերաբերում է Անկարայի պաշտպանությունը վայելող հավակնորդին, ապա Էրսին Էրչինի մասին կարող ենք ասել, որ նա Բրազիլիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանն է, Եվրոպայի անվտանգության հարցերով Գյուլի խորհրդականը: Վերջինս 30 տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է դիվանագիտությամբ՝ Թուրքիան ներկայացնելով ՄԱԿ-ում և ՆԱՏՕ-ում: Որպես թեկնածու նրա անունն առաջին անգամ հիշատակվեց դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, ու հենց այդ պահից էլ Թուրքիան մեկնարկ տվել իր հոգեզավակի գովազդային արշավին` այդ նպատակի համար օգտագործելով նույնիսկ դեկտեմբերին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ամբիոնը: Գյուլն այնտեղ ներկաներին հավաստիացրեց, թե Էրչինը բավականին մեծ աշխատանք է կատարել միջազգային բազմաթիվ գագաթաժողովներում ու համաժողովներում և լիովին պատրաստ է ստանձնելու գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Թուրքիայի նախագահի թիկունքի ետևում դեսպան Էրչինն իրեն լիովին ինքնավստահ ու անկաշկանդ է զգում: Նախապատրաստվելով դեպի Հայաստան առաջիկա լուրջ առաքելությանը, որը նույնն է, թե իր անձը բարեխոսելու անհամեստ քայլ կատարելը, դեռ չկայացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը արդեն իսկ դերի մեջ է մտել ու ժամանակից շուտ շրջահայացության դասեր է տալիս Հայաստանին: Թուրք լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ նա նշել է, թե Գյուլի նամակն ամենալավ ժեստն է՝ հասցեագրված հայերին ու հարկ է, որ նրանք դա գնահատեն հավուր պատշաճի: «Հայաստանի նախագահին ուղղված նամակի մեջ գրված է լինելու, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում լրիվ անկողմնակալ է լինելու, և ոչ մի գլխավոր քարտուղար Թուրքիայի պես անկողմնակալ չի կարող լինել»,-ասել է թուրք դեսպանը՝ հավանաբար անկեղծորեն հավատալով, թե հարևան երկրում կգտնի իր խոսքերին վստահություն ընծայող որևէ մեկին: Դրանից բացի Էրչինը մի դժվարին հոգս էլ է կրելու իր ուսերի վրա: Նա կարծում է, որ իր այցելությունն առիթ կլինի երկու երկրների միջև հոգեբանական կամուրջներ ստեղծելու համար։ Հավանաբար մոռացության տված այն փաստը, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի ուզածը ոչ թե վերացական, հոգեբանական, այլ սովորական, ափից ափ անցնող բաց կամուրջների առկայությունն էր, ինչը մերժվեց թուրքերի կողմից, Գյուլի հատուկ բանագնացը հանգիստ շարունակում է իր քարոզարշավը` հայ ընտրողներին ներկայացնելով ծրագրի հաջորդ դրույթը. «ԵԱՀԿ քարտուղարությունում հայեր չկան։ Ես նրանց ձայները լսող գլխավոր քարտուղար կլինեմ։ Թուրք գլխավոր քարտուղարի առկայությունը կբխի Հայաստանի շահերից։ Եթե ես լինեի հայ կամ հույն, թուրքին այո կասեի»,-ասում է Էրչինը՝ շեշտելով, թե ինքը նույն հարցով մեկնելու է նաև Կիպրոս։
Հայաստանն ու Կիպրոսը Անկարայի ճանապարհին ընկած ծանր քարեր են: Բայց ոչ միայն այս զույգը: Տեղեկություններ կան այն մասին, որ ոչ Ռուսաստան, ոչ էլ ընդհանրապես ԵՄ-ն շահագրգռված չեն այդպիսի ընտրությամբ: Ազդեցիկ ուժերից թերևս միայն ԱՄՆ-ն է, որ թուրք թեկնածուին դրական է վերաբերվում։
Խոսելով պաշտոնական Երևանի հնարավոր պատասխանի մասին, արդեն իսկ կարելի է փաստել, որ, համաձայն դիվանագիտական աղբյուրների, թուրքերը քանիցս դիմել են հայկական կողմին թուրք թեկնածուի աջակցման համար, սակայն նրանց հստակ պատասխանվել է, թե նման տարբերակը բացառվում է: «Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է: Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեկամական չէ»,- վստահեցնում է նույն աղբյուրը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններին, որոնք տեղի կունենան այս տարվա գարնանը, թուրքական Haberturk թերթի տեղեկություններով, կազմակերպությանն անդամակցող 52 երկրներից 25-ը Գյուլին խոստացել են, որ կաջակցեն Էրչինին: Սա այնքան էլ վատ ցուցանիշ չէ սկզբի համար, եթե, իհարկե, պահպանի աճի, այլ ոչ թե նվազման տեմպերը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հրդեհն այդքան հեշտ չի մարվի

14 Դկտ

«Սառույցը հալչում է»,- բացականչեցին շատերը, երբ այս ամսվա սկզբին Իսրայելի Հայֆա քաղաքում բռնկված խոշոր հրդեհների ժամանակ թուրքական երկու ինքնաթիռներ եկան միանալու ծավալված փրկարարական աշխատանքներին: Մայիսի 31-ի դրամատիկ դեպքերից հետո, երբ Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմի» վրա ու սպանեցին 9 թուրքերի, սա ամիսներ տևած լարվածությունից հետո առաջին բարի կամքի դրսևորումն էր: Թել-Ավիվից վարչապետի գրասենյակն անմիջապես գոհունակություն հայտնել Էրդողանի որոշման կապակցությամբ՝ նշելով, որ իրենք գնահատում են Անկարայի այդ ժեստը: Դրանից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել լուրեր այն մասին, թե իբր թուրքական և իսրայելական կողմերը նախապատրաստում են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին պայմանագրի նախագիծ, իսկ Ժնևում ընթացող գաղտնի բանակցությունների արդյունքում Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից ու նավերի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածներին փոխհատուցում տրամադրել։ Դրա դիմաց Թուրքիան իր հերթին համաձայնել է կարգավորել հարաբերությունները և Թել-Ավիվ ուղարկել իր դեսպանին:
Թվում էր` ուր որ է Իսրայել-Թուրքիա ճգնաժամը կմոտենա իր ավարտին՝ տեղը զիջելով այսպես կոչված «հրդեհային դիվանագիտությանը»: Ընդ որում, առաջին հայացքից նման հանգուցալուծումը կարծես թե բխում էր երկուսի շահերից: Թուրքիան հետաքրքրված էր տնտեսական կապերով և այնպիսի տպավորություն էր թողնում, որ ինքը պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ: Հրեաներն էլ իրենց հերթին ընդառաջ քայլեր էին կատարում: Մասնավորապես դրա օգտին էր խոսում այն փաստը, որ դեկտեմբերի 1-ին Թել-Ավիվում մեկնարկեց թուրք-իսրայելական գործարար խորհրդի նիստը:
Սակայն շատ արագ պարզվեց, որ ամեն բան փոքր-ինչ այլ կերպ է, քան ենթադրվում էր: Թուրքիան շարունակում էր քաղաքական ու դիվանագիտական խողովակներով Իսրայելից պահանջել ներողություն խնդրել միջերկրածովյան արյունոտ միջադեպի համար: «Նախ Իսրայելը պետք է պատասխան տա մեր 9 նահատակ եղբայրների համար, ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի: Թող ոչ ոք չակնկալի, որ մենք լռություն կպահպանենք, քանի դեռ չի մաքրվել Միջերկրական ծովում թափված արյան բիծը»,- հայտարարեց վարչապետ Էրդողանը: Նրանից ետ չմնաց նախագահ Գյուլը: Լրագրողներից մեկի այն հարցին, թե Իսրայելը կորցրե°լ է Թուրքիայի բարեկամությունը, Գյուլը պատասխանեց. «Անկասկած: Այսինքն Թուրքիայի, թուրք ժողովրդի բարեկամությունն է կորցրել»:
Այսպիսի խոսքեր լսելուց հետո դժվար չէր կռահել, թե ինչպիսին կլիներ արձագանքը: Իսրայելյան լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից վարչապետ Նեթանյահուին կոչ էին անում տուրք չտալ Անկարայի պահանջին: Հրապարակումներից մեկում, որ կրում էր «Չհամարձակվես ներողություն խնդրել» վերտառությունը, հոդվածագիրը նշվում էր, որ Նեթանյահուն իրավունք չունի հրեաների անունից գլուխ խոնարհել թուրքերի առաջ: Եվ դեռ ավելին` հենց թուրքերը պետք է ամաչեն իրենց սադրիչ գործողությունենրի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներողություն խնդրելու հարկ կա, ապա «այդ դեպքում մենք պետք է ներողություն խնդրենք հայերից մեր անտարբեր լռության և քրդերից` մեր երկերեսանիության համար»,- գրում էր հոդվածի հեղինակը:
Ի վերջո Նեթանյահուին այլ բան չէր մնում, քան հրապարակավ հայտարարել, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է ընդառաջ գնալ Թուրքիային ու փոխհատուցում վճարել, չեն համապատասխանում իրականությանը: Իր հերթին Թել-Ավիվն Անկարայից պահանջում էր իսրայելցի զինվորների գործողությունները ճանաչել ոչ չարամիտ ու դադարեցնել հետաքննչական խմբի աշխատանքը, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում՝ թուրքական կողմի պահանջով: Իսրայելը նաև պնդում էր, որ Թուրքիան հրապարակայնորեն հրաժարվի Երուսաղեմի նկատմամբ բոլոր իրավաբանական պահանջներից:
Այս ամենից հետո պիտի որ շատ արագ մոռացության տրվեին համատեղ ջանքերով մարված հրդեհները, քանի որ մյուս` քաղաքական ու դիվանագիտական կրակների բոցերը շատ ավելի թեժ էին և խոստանում էին էլ առավել բորբոքվել: Սակայն մյուս կողմից ամենքն էլ հասկանում են, որ հակասությունների ձնագունդը անվերջ գլորվել չի կարող և վաղ թե ուշ վրա կհասնի հանգուցալուծումը: Այս իմաստով միանգամայն տրամաբանական պիտի դիտվի այն փաստը, որ իսրայելական կողմն այնուամենայնիվ բանակցում է թուրքական իշխանությունների հետ: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Թուրքիան չեն կարող վերջնականապես անտեսել այն իրողությունը, որ իրենց համար չափազանց կարևոր է հարաբերությունների պահպանումը:
Առայժմ կան կարծիքներ այն մասին, թե թուրքական կառավարությունը, մասնավորապես վարչապետ Էրդողանը, հակաիսրայելական կեցվածք է որդեգրել` առաջիկա ընտրություններում լրացուցիչ քվեներ ապահովելու համար: Գուցե և հիմքեր կան նման տեսակետ պաշտպանելու համար, և գուցե թե այդ խաղն իրեն արդարացնի: Ամեն դեպքում հրեաների համար լուրջ անհանգստության հիմքեր է տալիս այն, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից, փոխում է կողմնորոշման առանցքը` մերձենալով այնպիսի ռադիկալ երկրների հետ, ինչպիսին են Իրանը, Սիրիան: Իսկ այդ պարագայում անվերջ վիճաբանելը կամ ձեռքերը ծալած նստելն անհեռատեսություն կհամարվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: