Tag Archives: անկախություն

ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԱՌԿԱԽ ԳԻՐԸ

21 Հնվ

Եթե մի փոքր խտացնենք գույները, ապա կարելի է առանց ավելորդ խղճի խայթի (բայց ոչ առանց ափսոսանքի) արձանագրել, որ անկախության շրջանի հայ գրականությունը առավելապես ժամանակագրական, քան մշակութաբանական երևույթ է: Եվ դա բնական է, քանի որ անկախ պետականության հաստատումը՝ լինելով քաղաքական իրադարձություն, մշակութային նշանակություն կարող էր ձեռք բերել միայն այն դեպքում, եթե գրականությունը դիտարկեր իբրև իր գաղափարական հենարան: Սակայն, չունենալով հստակ նախանշված գործառույթ, այդ բախտորոշ փուլում գրողական ընտանիքին վիճակված էր ստանձնել սոսկ դիտորդական առաքելություն և իրադարձությունների հետագա զարգացումներում ընդամենը արձանագրել իրենց համար կենսական նշանակության փաստը, այն է՝ բաժանարար գիծ քաշել, համաձայն որի անկախությունը դիտարկում էր իբրև վերացականություն, իսկ ռեալությունը նրանց համար ազատ արտահայտման իրավունքը և բաց սահմաններն էր:
Սահմանների հարցում միտումը քիչ թե շատ հասկանալի է՝ ընդլայնված հորիզոն, նոր առնչություններ և, իհարկե, ազդեցություններ: Իսկ ահա ստեղծագործական ազատության գայթակղությունը մասամբ ստվերում էր թողնում դրա իմաստային հատվածը: Գեղեցիկ է հնչում՝ ազատ գրականություն: Իսկ ի՞նչ ասել է ազատ գրականություն. ահա մի հարց, որ պատասխան չուներ, քանի որ ուներ բազում պատասխաններ: Եվ հենց այս բազմազանությամբ էլ տրվեց անկախացած երկրի նորագույն գրականության մեկնարկը, որտեղ կար ամեն ինչ, բացառությամբ ազատության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ չափի զգացման:
Նոր գրական միջավայրի ձևավորումը սկզբնական շրջանում ուղեկցվում էր գերազանցապես ժխտողականությամբ. «Այն, ինչ հին է, վատն է, այն ինչ նոր է, լավ է»: Բարեբախտաբար, այս հիվանդագին մտայնությունից հաջողվեց արագորեն հրաժարվել, թեև դրա հետևանքները նշմարելի են մինչև օրս: Փոխարենը բավականին ժամանակ և ջղեր վատնվեցին, որ հասարակական ու մշակությային միտքը հանգեր մի պարզագույն ճշմարտության. գրականությունը անկախ լինել չի կարող: Գրականությանը հակացուցված է անկախությունը, ավտոնոմ հակումներն այստեղ միշտ բախվելու են հանրային պատվերի, էսթետիկ պահանջների և զարգացման տրամաբանության անբեկանելի համառությանը: Եվ քանի որ կար այդ ոսկե կանոնը, բայց բացակայում էր դրա լիարժեք գիտակցումը, այդ իսկ պատճառով էլ գրեթե մի ամբողջ տասնամյակ հայ գրողական նոր միջավայրի ձևավորումը, առանձին հոսանքների և ուղղությունների ուրվագծումը, գեղագիտական արժեքների համալրումը առավելապես ինտուիտիվ, քան համակարգված բնույթ կրեց, ինչն իր հետ անխուսափելիորեն պիտի բերեր ադապտացման պրոցեսի դանդաղեցում: Եվ եթե խոսենք գրական արտադրանքի վրա տվյալ ժամանակահատվածի կարևորագույն իրադարձությունների ուղղակի կամ անուղղակի ազդեցության մասին, ապա կարող ենք փաստել, որ դրանք (անկախության հռչակում, պատերազմ, երկրաշարժ, երկրի տնտեսական ֆորմացիայի փոփոխություն և այլն) այս բոլորը քիչ թե շատ իրենց արձանագրումը գտան բազմաթիվ ստեղծագործություններում, բայց դրանք սոսկ իրավիճակային նկարագրություններ էին, այլ կերպ ասած՝ թեմատիկ արձանագրում, բայց ոչ երբեք լեյտմոտիվ յուրահատկություն, որով պիտի անկախության շրջանի գրական հունձքը տարբերվեր պատմական այլ շրջանի գրավոր ժառանգությունից:
Ըստ այդմ մոլորություն չի համարվի, եթե պնդենք, որ արդեն 25 տարի մեր նորագույն գրականությունը ինքնահաստատման դռներն է ծեծում ու ներկայումս հասել է մի եզրագծի, որտեղ իր համար կարգախոս կարող է ունենալ «Ժամանակն է ընտրում գրականությունը, այլ ոչ թե հակառակը» սահմանումը: Սակայն այս սահմանային անցակետում դեռ անհրաժեշտություն կա ստանալու վավերականացման ևս մի կնիք, քանի որ հատկապես այժմ օրակարգում է ավանդների ու ժառանգականության հարցը: Թե ինչպիսի պաշարով մեր գրականությունը կշարունակի իր ուղին, հենց դա էլ կպայմանավորի նրա ճամփորդության երկարատևությունն ու արդյունավետությունը: Ուղեբեռի ծանրությունն է, որ կապահովի անվտանգ հավասարակշռություն, իսկ պարունակությունը գոյության երաշխիքը կլինի:

Հովիկ Չարխչյան

«Գարուն» ամսագիր, 2016 թ. թիվ 1default

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽ

25 Սպտ

Պաթոսը խանգարում է անկախություն երևույթի ճիշտ ընկալմանը: Ճիշտ ընկալմանը խանգարում է նաև այն համոզմունքը, թե անկախ երկիրը միայն լավը պիտի լինի, իսկ եթե այն դեռ անկատար է, ուրեմն անկախությունը նույնպես լիարժեք չէ: Բայց դա հին մոլորություն է:
Անկախությունը հնարավորություն է, այլ ոչ թե երաշխիք:
Անկախությունը հաց չէ, այլ արձակ մի դաշտ, որտեղ կարող ես քո ցորենը ցանել՝ վաղվա հունձի ակնկալիքով: Անկախությունը տուն չէ, այլ քարն է, որով կարող ես տանդ պատերը կանգնեցնել: Անկախությունը մարմին չէ, այլ շնչառություն է, գիրը չէ, այլ թանաք, արյունը չէ, այլ երակ: Եվ ամսաթիվ ու տարեդարձ էլ չէ, այլ էջ է, որի վրա կենսագրություն պիտի շարադրվի: Թե ինչ կգրվի այնտեղ, թուղթը չի կարող իմանալ: Կիմանա գրողը:

* * *
Մեր անկախության նախաբանը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ես մի փոքր այլ կերպ եմ հիշում, որովհետև այդ օրը եղբորս հարսանիքն էր: Գնացել էինք Խոր Վիրապ, իսկ արարողությունից հետո մեքենաների շարասյունը շարժվեց դեպի ընտրական տեղամաս: Նորապսակներին այստեղ դիմավորեցին ծաղիկներով ու ծափերով: Բոլորի պես նրանք էլ բաց քվեարկեցին, քանի որ այդ օրը ոչ ոք ոչ մեկից թաքցնելու ոչինչ չուներ, ու ստացվեց այնպես, որ ինձ համար անկախության առավոտի հիշողությունը նախ դարձավ եղբորս պսակը, իսկ հետո նրա ընտանիքը, որտեղ հիմա երկու զավակներ կան, որտեղ կյանքն ամեն վայրկյան փոփոխվում է՝ մնալով հոգսերի և ուրախությունների, տագնապների ու սպասումների մեջ: Ճիշտ այնպես, ինչպիսին մեր երկրն է: Ճիշտ մեր անկախության պես, որովհետև անկախության հետ ապրողներս վաղ թե ուշ նմանվում ենք նրան: Անկախությունն էլ մեզ է նմանվում: Եվ այդպես լրացնում ենք իրար: Դրա համար էլ մենք արտացոլանքն ենք մեր անկախության, ինչպես որ զավակներն են նման լինում իրենց ծնողներին:

* * *
Ես ինչպե՞ս չափեմ անկախության տարիքը: Հաշվարկը սկսեմ հռչակելու պահի՞ց, թե՞ գնամ-թաղվեմ հեռավոր ժամանակների մեջ, որտեղ ծնվեց, բովանդակվեց ու մարմին առավ նրա սպասումների, ձգտումների, խոկումների ու համբերության արմատը:
Հնդկաստանում չեմ եղել, բայց գիտեմ, որ ավելի քան երկու դար առաջ այնտեղ վախճանված հայրենասեր մի մարդու՝ Շահամիր Շահամիրյանի տապանաքարի վրա գրված են այս խոսքերը. «Ողջույն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող…»:
Վստահ եմ, որ շատ-շատերն արդեն տարել են նրան այդ մեր ավետիսը: Բայց կուզեի ինքս էլ մի օր հայտնվել հեռավոր Մադրասում և նույնը կրկնել նրա համար: Նույնը, բայց իմ ձայնով: Որ մեր անկախությունը շատ ձայների մեջ լինի:

* * *
Վաղուց էր: Օդանավը ուշ գիշերին վայրէջք կատարեց Թբիլիսիում: Երբ իջա, ինձ նման 20-30 հայ երիտասարդներ, որոնք այստեղ էին հասել տարբեր քաղաքներից, խմբվել էին սպասասրահում ու մտածում էին, թե ինչ կարելի է անել: Երևան մեկնող ինքնաթիռը միայն հաջորդ օրը պիտի թռչեր: Բայց ոչ ոք այլև սպասել չէր ուզում: Չափազանց երկար էինք սպասել: Եվ որոշեցինք քաղաքում գտնել մի ավտոբուս ու բոլորս միասին հենց գիշերով ճանապարհ ընկնել տուն:
Խելահեղ որոշում էր, քանի որ Վրաստանի մայրաքաղաքում, այն էլ կեսգիշերից անց, մեզ չէին սպասում անհամար վարորդներ, որ պատրաստ լինեին առաջին իսկ առաջարկի դեպքում ուղղություն վերցնել դեպի Երևան: Մի քանի ժամ քայլեցինք քաղաքի դատարկ ու անծանոթ փողոցներում և պատկերացրեք, որ գտանք մեր որոնած ավտոբուսն իր վարորդով հանդերձ: Վրացին, ինչ խոսք, աստղաբաշխական գումար պահանջեց: Չսակարկեցինք: Դատարկեցինք մեր դրամապանակներն, ու լեփ-լեցուն մեքենան շարժվեց տեղից:
Բոլորս էլ անասելի հոգնած էինք, միանգամից քուն մտանք: Եվ ահա արթնանում ենք մեքենայի ցնցումից: Լույսն արդեն բացվել է: Ավտոբուսը կանգ է առել մի աղբյուրի մոտ, որտեղ մի քանի մրգավաճառներ իրենց արկղերն են շարել և առևտուր են անում: Առաջին պահին գլխի չընկանք, թե որտեղ ենք: Հետո լսում ենք՝ կանայք հայերեն են խոսում: Ուրեմն սահմանն անցե՞լ ենք, ուրեմն արդեն…
Հետո այն, ինչ կատարվեց, մոռանալն անհնար է: 20-30 կիսարթուն երիտասարդներ իրենց դուրս նետեցին դռնից, և սկսվեց խոլական մի իրարանցում: Աղմկում էին, գոռում, գրկախառնվում էին զարմանքից քար կտրած անծանոթ մարդկանց հետ, համբուրում են մրգերը, ծիծաղում ու արտասվում են միայն այն բանի համար, որ դա Հայաստանն էր…
Աղբյուրի ջուրը զուլալ էր ու սառնորակ: Բոլորս հերթով մոտեցանք, խմեցինք ծորակից և ապա անապական այդ ջրով մեր դեմքերից լվացինք անտերության փոշին…

* * *
Անբացատրելի բան է երկրի զգացողությունը: Անհասկանալի բան է: Անտրամաբանական բան է: Վերացարկման մեջ այն քոնն է մինչև վերջին բջիջը, բայց նյութական երկիրը մի՞թե քոնն է: Այն սարը, այն գետը, այս փողոցն ու տունը, այգին ու գործարանը, չէ՞ որ դրանք իմը չեն, բայց իմն է դրանց ամբողջությունը: Իմն են առավել, որքան իմը չեն:
Արարման օրից ի վեր, երբ դեռ անուն չունեիր, մինչև ժամանակներն այն, երբ նորից դառնում էիր սեփական մաշկիդ ներառյալը, հաշվարկված ձայների քանակի մեջ կամ ճանաչման վավերագրերում պիտի չգտնեիր պատճառների պատճառը: Ու պիտի փնտրեիր դրանցից դուրս, լուսանցքներում պիտի փնտրեիր, որովհետև մեծը չի զետեղվում փոքրում, անսահմանի սահմանը չկա, անպայմանը նախապայման չունի: Իսկ նա մշտական է: Անկախ ամեն բանից: Անկախ քո անկախ լինել-չլինելուց:
Որովհետև այն, ինչ կա անկախությունից անկախ, հենց դա էլ անկախության ամենակայուն ու վստահելի հիմքն է: Երկրի սերը: Մեր սերն առ քեզ, Երկիր: Ու այդ սերն էլ, Երկիր, մեզ կթելադրի անել ամեն բան, որ դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախյալը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhovik-charkhchyan

25 ԱՄՅԱ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

22 Սպտ

«ՄԱԳՆԻՍ» հաղորդաշարի այս թողարկման հյուրերն են՝ Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, գրող Հովիկ Չարխչյանը, քաղաքագետ Արա Պապյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը և պատմաբան Գէորգ Եազճեանը:
Հաղորդումը նվիրվում է Հայաստանի անկախության 25 ամյակին:

ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ

19 Սպտ

Մեր մայրաքաղաքում զորահանդեսի նախապատրաստական իրարանցումն ինձ հիշեցրեց մի փոքրիկ դրվագ, որի ականատեսն եմ եղել 20 տարի առաջ՝ 1996 թվականի ճիշտ այս օրերին: Այն ժամանակ էլ Երևանը շքերթի սպասման մեջ էր, ծանր զրահատեխնիկան մտել էր քաղաք ու հանգրվանել էր «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, իսկ զորքերը հրապարակում լծվել էին հանդիսավոր օրվա փորձը ցուցադրելու ծանր գործին: Համաձայն ծրագրի, անկախության 5-րդ տարեդարձի զորհանդեսին պիտի մասնակցեր օդուժը, ինչպես նաև դեսանտայինները: Հենց նրանք էլ պիտի պարաշյուտներով վայրէջք կատարեին Հանրապետության հրապարակում՝ իրենց հետ բերելով եռագույն դրոշը:
Գլխավոր փորձի օրը մենք խմբվել էինք հրապարակում՝ այն հատվածում, որտեղ մի ժամանակ Լենինի արձանն էր, թերթում էինք սցենարը, հստակեցնում յուրաքանչյուր գործողության տևողությունը, իսկ այդ ընթացքում փողային նվագախումբը քայլերգ էր թնդացնում և զինվորները դրա հնչյունների ներքո հավասար շարքերով անցնում էին: Վերջապես հասավ նաև դեսանտայինների ժամը: Հավաքվածները հայացքները վեր ուղղեցին, երկինքը լցվեց հռնդյունով և երևացին առաջին ճերմակ գմբեթները: Պատկերը գեղեցիկ ու տպավորիչ էր: Բայց միայն այդ վայրկյանին: Իսկ հետո…
Քամոտ օր էր, և երբ պարաշյուտները կախվեցին երկնքում, քամին նրանց անմիջապես որսաց ու քշեց բոլորովին այլ ուղղությամբ: Հետո արդեն մեզ պատմեցին, թե իրենց բակերում նստած ու փողոցներում քայլող երևանցիներն ինչպես էին ահաբեկվել, երբ տեսել էին երկնքից իջնող ավտոմատավոր զինվորականներին:
Վազգեն Սարգսյանը շատ դժգոհ էր կատարվածից: Կարգադրեց անմիջապես մեքենաներ ուղարկել՝ պարաշյուտիստներին հավաքելու համար: Իսկ սցենարում հայտնվեց մի մուգ ու երկար գիծ. դեսանտի հատվածը ծրագրից ջնջված էր:

Հովիկ Չարխչյան

hetaxuyz-13-800x533

Մարդուն պահելն է հերոսություն. երկիրն առանց մարդու դատարկ արոտավայր է…

10 Փտր

Արցախյան շարժման 27- ամյակի առիթով  Times.amը կներկայացնի հարցազրույցների շարք՝ «Դեպի միացում»  կամ  «Բաժանում  միացումից հետո» վերտառությամբ: Զրուցակիցները լինելու են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ շարքային քաղաքացի, ով  մասնակից է  եղել  շարժմանը,  «միացման» ցույցերինՇարքի  առաջին հարցազրույցը գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ հետ է, ով 1996-98-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։

-1988 թվականի  փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով:  Իսկ  արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել ՄայրՀայրենիքի` Հայաստանի հետ և տեղի ունեցավ  արցախյան առաջին ցույցը Երևանում: Ավելի ուշ՝ 1989-ի դեկտեմբերի մեկին Երևանում կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Բայց հետո երբեմնի Ազատության հրապարակում հնչող «Միացումից» հեռացանք և ունեցանք Անկախ Արցախ և Անկախ Հայաստանի Հանրապետություն: Այն ժամանակվա իշխանությունների և դրան հաջորդածների ներկայացուցիչները, քաղաքական շրջանակները տվել են  «Միացումից» շեղման քաղաքական,  ռազմական կամ  ռազմաքաղաքական հիմնավորումները: Ըստ Ձեզ՝ կա՞ր սրա նաև հասարա-քաղաքական կողմը, այլ պատճառներ:

Սովորաբար 88-ի շարժման այսպիսի բնորոշումներ կան՝ Անկախության համար պայքար, զարթոնքի ժամանակաշրջան և այլնԲայց մի հանգամանք կա, որն անտեսվել է, այն է՝ ովքե՞ր էին Անկախության համար պայքարողները: Դա մի սերունդ էր, որին ներարկվել էր  խորհրդային գաղափարախոսություն, բայց նրանք ոտքի կանգնեցին և պահանջեցին այն ամենը, ինչն ունեցանք: Սա ապացուցում է, որ քարոզչությունը, գաղափարախոսությունը  և  մնացածը մեծ հաշվով  դատարկ  բաներ  են: Եթե քո արյան մեջ գենետիկան նստած է այն, ինչը ստիպում  է այդպիսին լինելաշխարհում ոչ մի գործոն չի կարող քեզ վրա ազդել  կամ  մեղմել ցանկությունդ: Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինքորովհետև  հոգևոր աշխարհից  անցում կատարեցինք դեպի նյութականը: Ի վերջո, բացի մարդկային հարաբերություններից կան նաև առևտրային, ֆինանսական հարաբերություններ, սեփականության ապահովման խնդիրներ: Եվ այդ ժամանակ հայրենիքը նեղանումնեղանում  և հայտնվում է չորս պատերի սահմաններում, որը քո տունն է, քո մասնավոր տարածքըԱյ այդ սահմանների նեղացումն էլ հենց բերեց սրան՝ մեր մաշկը սկսեց ավելի մոտիկ լինել մեզ:

Սրան հաջորդեցին ցավալի 90-ականները, երբ ընդամենը մի 10.000 տղա երկիր էր պահում, իսկ ի՞նչ էին անում մյուներըԵս շատ լավ հիշում եմ այդ տարիները, երբ Երևանում հազարավոր մարդիկ կային, ովքեր գաղափար չունեին, որ պատերազմ է ընթանում: Նրանք իրենց կենցաղով էին, և իրենց առօրյան բնավ չէր հուշում, որ երկիրը պատերազմի մեջ է: Ես երբեմն բաներ եմ ասում, որոնց համար ինձ մեղադրում են, բայց տեսեք՝ զինվորական օրենքներով  դասալիք է համարվում այն մարդը, ով լքում է դիրքերը, և նրան պատժվում են պատերազմական օրենքներով: Եվ ուրեմն այն մարդկանց նկատմամբ, որոնք պատերազմի օրերին երկիրը լքեցին, պետք է ընդգծված վերաբերմունք ունենալ: Հայրենիքդ վտանգի մեջ է, իսկ դու թողնում ու գնում ես: Ի՞նչ է սա, եթե ոչ` դասալքությունովքե՞ր  են նրանք, եթե ոչ` դասալիքներ: Հետո էլ այդպիսիք հեռուներից սիրում են հայրենիքը, հեռուներից խորհուրդներ են տալիս: Էս երկիրը պետք է ընդգծված վերաբերմունք ունենա դրանց, հատկապես 1990-94-ին գնացածների նկատմամբ: Երկիրդ վտանգի մեջ է, ո՞ւր ես թողնումգնում: Ինչի՞ն ես սպասում. որ մեկ ուրիշը քո փոխարեն պայքարի, շտկի, հետո դու գա՞ս: Ահա այս կարգի կորուստներ ունեցանք 1988-ից հետո, ցավալի կորուստներ: Ու եթե ձեռքբերումների մասին ենք խոսում՝ անկախություն, պատերազմում հաղթանակ, ապա սրանց կողքին  պիտի նշենք նաև կորուստներըորովհետև   իրականությունից ոչ  մի տեղ  չես փախչի:

-Հայաստան-Արցախ վերամիավորման ձախողման համար Արցախում մեղադրում են այդ  ժամանակվա ՀՀ  իշխանություններին: Արդյո՞ք հասարակության մակարդակով սրան պատրաստ ենք կամ գնում ենք սրան:

Անկեղծ ասած՝ պատմության մեջ անձնավորված մեղադրանքները երբեմն պարզապես մերկապարանոց են լինում: Այս իրադարձություններում հանգամանքների հսկայական շղթա, փաթեթ կա, որ բերումհագեցնում են նման իրավիճակի: Պատմությունը տարիներ հետո ամեն ինչ իր տեղն է  դնելու: Ինչ վերաբերում  է հասարակության ընկալմանը, ապա  մարդկանց նախ պիտի հոգեբանորեն, գաղափարապես  պատրաստել: Բայց եթե կա արժեքների խեղաթյուրումնա  չի  ընկալի իրականությունն այնպես, ինչպես  որ է: Այսօր մի իրականության մեջ Ղարաբաղի խնդիրն է, մեկ ուրիշ իրականության մեջ մենք ենք ապրում: Մի  իրականության մեջ մեր հաղթանակներ են , մյուսում՝ մենք ենք` մեր կորուստների ու պարտությունների հետ: Եվ քանի դեռ այդ երկուսի միաձուլումը չի կայացել, այդ խնդիրներն անընդհատ  ունենալու  ենք: Պատմական բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ունեցածը չենք գնահատել ինչպես հարկն է, և արդյունքում այն կորստի ենք մատնել : Ասածիս լավագույն ապացույցը Կարսի անկումն էր:

— Ակտիվորեն Արցախի միջազգային ճանաչման հարց ենք առաջ տանում, միաժամանակ, և  Արցախում,  և  ՀՀ-ում  պաշտոնական մակարդակով  վստահեցնում են,  թե  մի օր  լինելու  է  վերամիավորումը:

Այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներն արմատապես տարբերվում են այն քաղաքական դրսևորումներից, որ կար 50 տարի առաջ: Այսօր ամենուր գործում են երկակի ստանդարտները: Իսկ եթե մի խնդրի վերաբերյալ գոյություն ունի  2 ստանդարտ, դա արդեն ստանդարտ չի: Տեսեք, Արցախը չի գտնում իր լուծումը  միջազգային հարթակում, բայց աշխարհի մեկ այլ անկյունում զարգացումներն այնպիսի անսպասելի հանգուցալուծում կարող են թելադրել, որ միանգամայն անսպասելի էր: Օրինակ՝ Ղրիմի անջատումն Ուկրաինայից և  միացումը ՌԴինկամ Վրաստանի տարածքային կորուստները՝ Աբխազիա, Հարավային Օսիա: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ մի օր  էլ մենք ունենանք  այնինչին 20 տարի է` ձգտում ենք: Բայց  նախ պիտի հստակեցնենք, թե ինչ  ենք ուզում: Ոմանց այսօր թվում է, թե  երկու  հայկական պետություն ունենալը նպաստավոր է, ասում են՝ դե ՄԱԿում 2 ձայն կլինի և այլն Մյուս հատվածը, որ գիտի ինչ  է երկու պետականություն ունենալը (պատմության ընթացքում ունեցել և կորցրել ենք), հակված է պնդելու, որ չկա ավելի լավ տարբերակ, քան միավորումը: 1988-ին սրան էինք գնում, հետո  հեռացանք՝ տարբեր հանգամանքների բերումով, հիմա և  ժողովրդի, և  իշխանության մոտ  մի տեսակ սպասողական  վիճակ է:

-Այսինքն՝ ամեն ինչ  անում ենք դեպի հեռացում և ասում՝ մի օր միավորվելու ենք…

Իհարկե, բայց հեռանկարը հասկանալու և լուծումներ առաջարկելու համար ավելի շատ ինֆորմացիայի կարիք կա, ինչը, ցավոք, մենք չենք  տիրապետում: Ի վերջո, ցանկացած տարակարծություն նաև ինֆորմացիայի պակասից է գալիս: Մենք  չենք տիրապետում   ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ  գործընթացի մանրամասներին, դրանից բխող հնարավոր հետևանքներին, ուստի ամեն ինչ կառուցված է ենթադրությունների վրա: Երբ հարցնես իշխանություններին, կասեն, որ 6 հոգի է  տիրապետում գործընթացին: Եվ մենք ստիպված ենք ապավինել այդ 6 հոգու հեռատեսությանն ու  հնարամտությանը՝ դրանից ելնելով  կանխորոշել  ապագան:

-1988-ի «Միացումից» գանք 2015-ի  բերձորյան «բաժանման»:

Մի օրինակ բերեմ: Պատահում է, չէ՞, որ երկար տարիների ընկերները հանկարծ մի փոքրիկ, աննշան միջադեպի պատճառով  կարող են  իրարից բաժանվելԶարմանալի է, որ աննշան հակասությունը կարող է մոռացության տալ, որ ժամանակին հարազատներ են եղել, և տարիների մտերմությունն  ու հավատարմությունը մի վայրկյանում մղվում է երկրորդ պլան: Հիմա  նույնն այդ դեպքում էր. մի իրավիճակ ունեցանք, երբ մոռացանք, թե ինչն է  կապել մեզ իրար՝ նույն երկիրն ենք, նույն  ժողովուրդը, նույն  հողն  ու ջուրը: Ես թշնամի եմ  համարում նրան, ով Արցախը բաժանում  է ՀՀից  կամ հակառակը: Ուրիշ  բառ  չեմ կարող գտնել, որովհետև ցանկացած քայլ ժողովրդի և պետության դեմ` դա թշնամություն է: Սա աններելի է, միաժամանակ աններելի է այն մարդկանց արարքը, ովքեր այս միջադեպի հեղինակներն են, ովքեր անում են քայլեր՝ լավ իմանալով, թե դա ինչի կհանգեցնի: Այստեղ ժողովրդի վերաբերմունքը պիտի միանշանակ լինի: Երբ ծնողն իր զավակին դաստիարակում է, պատահում է նաև այնպես, որ մի թեթև ապտակ էլ է հասցնում: Բայց դա չի նշանակում, թե երեխան այլևս նրանը չի: Չի նշանակում, որ զավակը պիտի լցվի հիշաչարությամբ ու ատելությամբ: Նա էլ իմ զավակն է, ես իր հայրն եմ, այլապես ինչպես  ձևավորենք ու պահպանենք ընտանիք, երբ ամեն միջադեպից հետոՆերելը լուրջ բան է, թշնամուն պիտի  չներես, բայց քոնին պարտավոր ես: Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի  է   թշնամուն   ներել, միևնույն ժամանակ  չեմ  հասկանում, թե   ինչպես կարելի է հարազատին չներել: Իսկ ՀայաստանԱրցախ տարանջատման մասին շշուկներն անգամ օրորոցում պիտի խեղդել:

-Արցախի ղեկավարությունից  շատ ուղիղ ասացին, որ իրենք չեն խառնվում  ՀՀ-ի ներքին խնդիրներին, ՀՀ-ն  էլ  չպետք է  խառնվի  իրենց  խնդիրներին:

Արդարացում չկա դրան: Ինչքան էլ գիտենք, թե ինչու ենք այսօր առաձին պետություններ, բայց մեզ համար էլ հո առանձին չե՞նք: Չի կարող լինի մեր ու ձերԱյդ բաժանումը ոչ մի լավ բանի չի բերի: Կարող ենք օտարի աչքին թոզ փչել, բայց մեր աչքին  ինչի՞  փչենք:

— Մեր սխալն այն  չէ՞ նաև, որ  ամեն օր հերոսներ և չհերոսներ ենք փնտրում, այն դեպքում, երբ, օրինակ, հերոսը մեր կողքին է, մեզանից հեռու չէ:

Մի քանի օր առաջ երիտասարդների հետ էի խոսում և հարց տվեցի՝ տեսե՞լ եք, որ մի հողագործի մեդալ տան, մրցանակ տան, որովհետև լավ հողագործ է: Իհարկե՝ ոչ: Մեզ համար հերոսը նա է, ով զոհվել է, կենդանի հերոս ունենալ չենք ուզումՄինչդեռ մեր շուրջ կարելի է հարյուրներով գտնել հերոսական մարդկանց, օրինակ՝  նա ով առավոտյան գնում է աշխատանքի և իր գործն անում է բարեխղճորեն: Մենք վաղուց դադարել ենք նաև կենտրոնանալ անհատի վրա, փոխարենը խոսում ենք հասարակությունից, ժողովրդից ամբոխից, սոցիալական խմբերից: Անհատը մեռել է մեզ համար: Բայց երկիրն անհատով է երկիրԻնչ ասել է երկիր առանց մարդու, դա դատարկ արոտավայր է, լեռներ, ձորեր, դաշտավայրեր…  Երբ ասում ես` երկիր ես պահում, ուրեմն՝ դու պահում ես այն մարդուն, ով ապրում է այս երկրում: Մարդուն պահելն է հերոսություն:

Մի վատ երևույթ էլ կա՝ մարդուն վարկաբեկում են անպատժելիության մթնոլորտում: Օրը ցերելով  մարդուն կանպատվեն, կզրպարտեն և  նա  կմնա անպաշտպանչի իմանա`  ինչպես վարվի` արդարանա՞, թե՞Ամեն մեկը պիտի հասկանա, որ դիմացինին վարկաբեկելն անբարոյականություն է, սա էլ հասարակության կրթվածությունից է գալիս: Ազատությունն ընկալվել է սխալ՝ ով ինչ ուզի` ասի ու անի: Իրավունքների մասին բոլորը հիշում են, բայց մոռանում են պարտականությունների մասին: Միտինգ են անում, բողոքում են, խոսում իրավունքներից, բայց հենց հարցնես պարտականություններից, այդտեղ խոսակցությունը կավարտվի: Այսօր մարդիկ կան, որոնք կարծես ծնվել են  ուրիշների արածները գնահատելու համար, իսկ  իրենք ինչ են անում՝ էս պետության համար, երկրի, էս ժողովրդի համար: Ոչինչ… Այսօր մի ամբողջ հասարակություն անպաշտպան է ագրեսիվ փոքրամասնությունիցորը   բզկտում ու տրորում է իր ճանապարհին հայտնված ամեն  ինչ:

-Խոսք գնաց կենդանի հերոսների   մասին,  չվարկաբեկելու,  բայց երիտասարդը, ով ծնվել է պատերազմից հետո, չի ճանաչում  կռվածին և հանկարծ լսում է, որ մեկ ուրիշ պատերազմի մասնակից քաղաքական նախասիրություններից և  հայացքներից ելնելով  ասում է՝ նա չի կռվել, ընդամենը մի փամփուշտ է կրակել և այլն, և այլն: Եվ այդ երիտասարդին այլ բան չի մնում, քան հավատալ: Այսինքն՝ այստեղ ավագ սերունդը գործ ունեն անելու: Իսկ այն, ինչ տեսնում ենք կռվածների շրջանում, վտանգավոր է չափազանց:

Ես միշտ այս դեպքում հարցին հարցով եմ  պատասխանում՝ ո՞վ է հերոսը, խրամատում նստած զինվո՞րը, թե՞ նա, ով հաց էր ուղակում նրան: Իմ կարծիքով՝  երկուսն էլ և հավասարապես: Այսօր, երբ  տարանջատում ենք՝ թե նա, ով առաջին գծում է եղել՝ հերոս է, իսկ ով թիկունքում էր՝ հերոս չէ, կոպիտ սխալ է: Այստեղ կարևորը արարքի արժեքն է: Գրականության մեջ մեկը կարող է ընդամենը  մեկ գիրք գրել և ճանաչված գրող լինել, մյուսը մի սար գիրք կգրի և այդպես էլ ընթերցող չի ունենա: Նույնն է կյանքում է: Չի կարելի ասել՝ ես էսքան փամփուշտ եմ կրակել, ես չորս  շաբաթ քեզանից  ավել եմ մնացել, ուրեմն՝ չորս շաբաթով ավել հերոս եմ: Հերոս է նաև, ով երկրի համար գնացել, կռվել է, բոլոր գնացածներն են հերոսներորովհետև դա կամավորական կռիվ էր, պարտադրաբար չեն տարել: Իսկ ով տարանտաջում է, մատնում է իր հերոս չլինելը: Զինվորականությունը մասնագիտություն է և ոչ թե հերոսություն: Այսինքն՝ պետք է գնահատել արարքը, ոչ թե համազգեստն ու ուսադիրներըՄարդը չի կարող կանգնել մի բարձր տեղ և ասել՝ ես հերոս եմ, ինձ փառաբանեք: Դա պատմությունն է  որոշումՊատմությունը շատ լավ խմբագիր և սրբագրիչ է, իր տեղը կդնի արժանավորին, իսկ ավելորդը շպրտելով  դուրս: Ժամանակին էնքան հերոսների են փնովել, պիտակներ կպցրելբայց դա  եղել  է այնպես, ինչպես  Արարատին նետված քար: Քարը դիպել ու ընկել է, իսկ Արարատը մնացել է կանգուն:

-Եվ այս  իրողությունում  մտավորականների պասիվություն, չեզոք կեցվածք:

Ես կարծում եմ` ոչ միշտ է ճիշտ աղաղկել- պահանջել, թե  ո՞ւր է  մտավորականը: Իսկ որտե՞ղ նա պիտի լինի: Մտավորականի տեղը իր գրասեղանի մոտ է,   իր երաժշտական գործիքի մոտ, իր արվեստանոցում, նկարահանման հրապարակումդասախոսության սրահում: Ինքը քաղաքագետ չի, ռազմագետ չի, կուսակցական գործիչ չի, դու իզուր ես նրանից ավելին ակնկալում, նրան պետք չի կարգել առաջնորդ: Գնա դիտիր նրա ֆիլմերը, ներկայացումները, լսիր  երաժշտությունը, կարդա գրքերը և ըստ դրա դատիր մտավորականիդ: Ասել, թե  ով մասնակցում է միտինգներին ու ակցիաներին, նա է լավ մտավորականը, սխալ մոտեցում է: Այդ դեպքում նա ոչ թե  լավ մտավորական, այլ  լավ ակտիվիստ կլինի: Պահանջները ճիշտ չենք  դնում: Քաղաքական պայքարի մեջ  ասել, թե ուր է մտավորականը, ճիշտ չէՆա պիտի լինի ոչ թե քաղաքական գործիչ, այլ ունենա քաղաքացիական դիրքորոշում, որը կարող է արտահայտել իր գործերի միջոցով, այն դաշտում, որն իրենն է, որտեղ ինքն ուժեղ է:

— Գաղտնիք չէ, որ այսօր  մշակութային ոլորտը սերտաճած է իշխանության հետ: Եվ անգամ իրենց ոլորտին վերաբերող խնդիրներին շատերը վախենում են մոտենալ, քննադատել, կպնել, օրինակ՝ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանած «Սպի» ֆիլմի հետ կապված՝ որպես հայ վիրավորված լինելով:

Միշտ էլ կգտնվեն պնակալեզ, ովքեր փորձում են ներկայանալ ազգի երևելիներ: Իսկական մտավորականները նրանք չեն, և մարդիկ տեսնում ու հասկանում են դա: Իսկական մտավորականը չի փորձի վախվորած, կռանալով  ինչոր բան մուրալ վերևներից, եթե նույնիսկ քաղցած մնա: Կեղծ մտավորականի թևի տակ կարող ենք լիքը պատվոգրեր տեսնել, կրծքին՝ մեդալներ: Բայց դա անարժեք բան է: Պատմությանը նայեք՝ Չարենցը ոչ մրցանակ ուներ, ոչ կոչում, բայց  Չարենցն էր: Վիլյամ Սարոյանին ԱՄՆի բարձրագույն մրցանակ և  խոշոր դրամական պարգև էին շնորհել, բայց  նա հրաժարվեց՝ ասելով, որ կա ավելի վեհ ու թանկ բան` մտավորականի ազատությունըՎերջին 100 տարվա մամուլը թերթեք: Քանի-քանի անունների կհանդիպեք, որոնց մասին գրվել է գրեթե ամեն օր, բայց այսօր դրանց անունները ջնջվել ու մոռացվել են: Ահա սա է լինելու գնահատականը: Ուրեմն թող ամեն ոք իր գործն անի խղճով և ազնվորեն: Այդ դեպքում միայն մնք իրավունք կունենանք հուսալ ու ակնկալել ձեռքբերումներ:

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸՀովիկ Չարխչյան Hovik Charkhchyan

ԱՅՍՊԵՍ ԵԿԱՎ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

27 Մյս

«Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր կացութեան հանդէպ, Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարում է հայկական գաւառների գերագոյն ու միակ իշխանութիւն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց Ազգային Կառավարութիւն, Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարութեան բոլոր ֆունկցիաները հայկական գաւառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար»:

Հայոց Ազգային Խորհուրդ
1918, Մայիս 30

post-31580-1253162534

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

27 Մյս

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

13 Փտր

Ով ջարդված է, բնականաբար, կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է, կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի: Եվ քաշվողներուն տեղը կուգան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելլեն ուրիշները: Եվ եթե այսօր մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուգա նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետև անիկա ալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը: Վերջապես պետք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու և իր տիրապետության հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած և ոչ մեզմով կվերջանա:
Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզե-չուզե, ենթարկվի պիտի իր գոյության օրենքներուն: Եվ այս օրենքներուն ամենեն առաջինը իր լրիվ գոյությունը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններու տերը ըլլալու պահանջն է: Ամեն հիվանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն` վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածությունը, որոնցմե զրկված էր, և այդ պատճառով խանգարված, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:
Իր կամքեն ու պետականութենեն զրկված ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետությունը ձեռք բերելու: Կկարողանա, թե ոչ` ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչա ու ձգտի` ատոր տարակույս չկա:
Հենց որ դադրեցավ այդ պահանջը, հենց որ մեռավ անկախության ձգտումը, կնշանակե սկսված է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մեջ կենսունակություն զգացող ժողովուրդ մը հրաժարել չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումեն:
Հայ ժողովուրդը, որ իր քսանյոթ դարերու գոյության ընթացքին իր կյանքին կեսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, և կռիվ է մղեր աշխարհիս ամենեն հզոր բռնապետություններուն դեմ` հասնելու համար կամ պահելու համար իր անկախությունը…
… Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և կվիրավորվի, և կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամեն արժանիքե զուրկ ու ստորին ազգային գոյություն մը: Արդի ու անցյալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի այս բոլոր լեղին եթե մենք կխմենք, կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովուրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը:
Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ի՞նչ արժեք ունի այլևս այս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատինք:

Համազգային մտատանջություն

10 Դկտ

Երկարատև ու բուռն վեճերից հետո երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը: Կոալիցիոն քաղաքական ուժերը բոյկոտեցին այն, և 13 կողմով քվեարկությունը չկայացավ: «Թե տապալման, թե նաև հետագայում ԼՂՀ չճանաչման հետևանքների պատասխանատվությունը ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա»,- հայտարարեցին վշտացած նախաձեռնողները, իսկ տապալողները շտապեցին արդարանալ, որ երբ հարմար պահը գա, ոչ միայն կոալիցիան, այլ Հանրապետականը միայնակ էլ կարող է ցանկացած դեպքում ստորագրություններ հավաքել, կես ժամվա ընթացքում հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և քննարկել այդ հարցը:
Կեսժամանոց գործերի արդյունավետության հանդեպ լուրջ կասկածներ ունենալով հանդերձ չենք կարող նաև չհարցնել, թե ո՞րն է այդ հարմար ժամը, ինչպե՞ս է դա որոշվելու: Հասկանալի է, որ Հանրապետականի համար այժմ միայն մեկ ժամանակացույց կա և այն մշտապես սահմանվում ու հսկվում է նախագահի կողմից: Իսկ նախագահն, ինչպես արդեն գիտենք, ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Կնշանակի` ըստ ՀՀԿ-ի, հարմար ժամը պատերազմն է, իսկ խաղաղությունը անհարմարն է:
Բնական է, որ ընդիմախոսները կտրականապես համաձայն չեն նման մոտեցման հետ: Եվ ընդհանրապես, նրանք գտնում են, որ ոչ մի առանձին վերցրած իրավիճակային ուղենիշ չի կարող իր ներգործությունն ունենալ հիմնական նպատակի վրա, Ղարաբաղը վաղուց է համապատասխանում ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին, և դա արդեն բավարար պայման է ճանաչման գործընթացը սկսելու համար: Էլ ավելի զայրացածները նույնիսկ պնդում են, թե այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատումից անմիջապես հետո կամ էլ, ծայրահեղ դեպքում, Կոսովոյի անկախության ճանաչմանը և այդ հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը զուգընթաց:
Սակայն անցյալն անցյալ է, իսկ ներկան ևս տեղաշարժեր չի խոստանում: Ի՞նչ է ստացվում: Միգուցե Հայաստանի իշխանություններն ընդհանրապե՞ս դեմ են Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Համենայն դեպս, այսպիսի հարցեր արդեն հնչում են զանազան առիթներով: Կա խնդիր, նույնիսկ կարելի է ասել` համազգային խնդիր, և այն պահանջում է ոչ միայն լուծում, այլև քաղաքական կամք (այս վերջին ձևակերպումը հիմա շատ է մոդայիկ): Միայն թե կամքի փոխարեն իշխանությունը մեզ հրամցնում է բացատրություն այն մասին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան: Երկրի արտաքին գործոց գերատեսչությունն իր հերթին ասում է, որ պաշտոնական Երևանի գերնպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, և բանակցային ողջ գործընթացը տարվում է հենց այդ ուղղությամբ: Իսկ սա չի նշանակում, թե ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու հարցը հանվել է օրակարգից, պարզապես դրա համար պետք է հարմար ժամանակ գա։
Կրկին այդ անիծյալ հարմար ժամանակը: Իսկ մինչ այն կգա, այդ ընթացքում ճանաչման մասին օրինագիծը պետք է գործածվի որպես Ադրբեջանի գլխին կախված մահակ: Այդ մահակն էլ դուրս հանելու անհրաժեշտություն չկա, և թող մշտապես հայկական խորհրդարանի օրակարգում լինի։ Այսպիսին է մեր հեռատես պատասխանատուների տեսակետը, որոնց համոզմամբ քանի դեռ գործում է Մինսկի խումբն ու այդ կառույցի շրջանակներում ընթանում են ԼՂ հարցով բանակցությունները, անկախության ճանաչումը մեծ սխալ է: Սխալ է այն պատճառով, որ երբ մենք միակողմանի ճանաչում ենք ԼՂՀ-ն, դա նշանակում է ավերակի վերածել ողջ բանակցային գործընթացքը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ: Սակայն ի՞նչ քաղաքավարություն ու բարեկրթություն խաղալու ժամանակն է: Մի՞թե ավելի ծանրակշիռ փաստարկ դժվար է գտնել որոշումը հիմնավորելու համար:
Փաստարկներն, իբրև այդպիսիք, ցավոք, դեռ չկան: Բայց կա ուրիշ մի բան` վախը ապագայի հանդեպ, և հենց այդ հեռանկարի վախն է այժմ ներշնչվում յուրաքանչյուր տարակուսողի: Պարզվում է, որ Ղարաբաղի ճանաչումը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, իսկ եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ապա այդ դեպքում կստանանք նույն արդյունքը, ինչը տեղի ունեցավ Կարսի դեպքում:
Պատմության տխուր էջերի հիշատակումը ներգործող տարբերակ է: Իսկ այնուհետև կարելի է նաև հավելել այն միտքը, թե ձախողելով բանակցությունները, մենք Ադրբեջանին կնվիրենք պատերազմ սկսելու առիթ, և միջազգային հանրությանն էլ իր հերթին կտեսնի, որ Բաքուն իրավացի էր, իսկ մենք կառուցողական մոտեցումներից հեռանում ենք: Ահա այսպիսի ապագա գծագրելուց հետո վախը դառնում է միանգամայն շոշափելի ու ազդեցիկ:
Օրինագիծը խորհրդարանում տապալվեց: Բայց կրքերը շուտ հանդարտվելու նախանշաններ ցույց չեն տալիս: Այժմ ինչ մեղադրանքներ ասես, որ չեն հնչում իշխանությունների հասցեին` էլ արտաքին ուժերի շահերի սպասարկու, էլ գավառամիտ, էլ կարճատեսության պատանդ… Սակայն հայհոյանքը ևս վկայում է փաստարկների բացակայության մասին: Եվ ստացվում է, որ երկու կողմերն էլ լիարժեք պատկերացում չունեն, թե ի՞նչ են ուզում, ինչպե՞ս պիտի դա արվի, և ե՞րբ պիտի արվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: