Tag Archives: անիվ

ՎԻՆԴԱ ԿԱՐԱՆԴԻԿԱՐ

15 Հկտ

ԱՆԻՎԸ

Մեկն ուր որ է պիտի գա, բայց չկա դեռ: Ուր որ է պիտի շրջվի աստիճանի վրա, բայց չի շրջվում: Ես կոճկում եմ լվացքատնից բերված շապիկն իմ` փայլուն բծիկներով, ինչպես ճակատագիրը տարօրինակ: Հովահարն սկսում է պտտել օդը ու վերածել կրակի հորձանուտի` բարձրացնելով ավելի մեծ աղմուկ, քան տունը: Մեկն ուր որ է գալիս է ու չի գալիս:
Կարևոր չի:
Հանդարտորեն հենվում եմ պատին, դառնում պատ:
Մի վիրավոր թռչուն խռպոտ ծիծաղում է ուսիս վրա: Ծիծաղում է հենց այն ուսիս վրա, ուր թառել է: Հոգիս միս ու արյան երկար թել է անցնում աչքի մեջ ասելի: Կարկատան եմ կարում որդուս հովանոցի վրա: Քչփորում եմ նրա քիթը ու անուններ դնում` մեկն անվանում եմ «առյուծ», իսկ մյուսը` «փիղ»: Մեկն ուր որ է պիտի գա ու չի գալիս: Ուր որ է պիտի շրջվի հիմա աստիճանի վրա ու չի շրջվում: Ես խուտուտ եմ տալիս երեխեքիս, նրանք էլ ինձ` հետո, ու ես ծիծաղում եմ զուտ կամայաբար, քանզի ես խուտուտ չեմ զգում:
Կարևոր չէ:
Ուշի ուշով զննում եմ նրանց մատիկները նշանների համար:
Ինը խխունջներ են ու մեկ անիվ:

Թարգմ. Սոնա Վան

ԽՓՎՈՒՄ ԵՔ, ՏՂԵՐՔ…

31 Մրտ

Գիշերն է դառնում ջաղացքարի պես,
Աղում քաղաքի տաղտուկն անհոգի,
Խաբեբան ուրախ իր դուռն է կողպել,
Վաշխառուն քնել բարձերին փողի…
Պանդոկներ կան, որ բաց են մինչև լույս
Մեղավոր սիրո ու հացի դեմ զեխ-
Սրանից հեռու, սրանից հեռու
Խփվում եք, տղերք:

Երեկ էլ, ավաղ, մեռնողը մեռնում,
Ապրողն ապրում էր,- օրենք է անարգ,-
Խավարին ընդդեմ միշտ լույսն է ելնում,
Մարդկանց աշխարհում չկա այլ հնարք:
Սակայն երեկ էլ, և վաղն էլ հացը
Հաց է կոչվելու, մղեղը` մղեղ…
Դուք եք լցնում մեր երազի քաղցը
Ու զոհվում, տղերք:

Պտտվում է մեր անիվը համառ`
Արնոտ ճռինչով խավարում կարծր,
Հրվելով հրում դեպի հաջորդ դար
Մեր արմենոիդ վարքը փայփայած:
Դուք եք տանողը: Մնացածներս
Ճառ ենք, տեսիլք ենք, նինջ ենք ու տարերք,
Դուք մեզ էլ հաղթած, մեր թշնամուն էլ`
Խփվում եք, տղերք:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

%d bloggers like this: