Tag Archives: ԱՆԴՐԵ ԺԻԴ

ԱՆԴՐԵ ԺԻԴ

24 Հնվ

Փնտրիր քոնը: Երբեք մի արա այն, ինչն ուրիշ մեկը կարող է անել նույնքան լավ, որքան դու: Երբեք մի ասա ու մի գրիր այն, ինչն ուրիշ մեկը կարող է ասել կամ գրել նույնքան լավ, որքան դու: Ձեռնարկիր միայն այն, որն, ինչպես դու ես զգում, չի կարող անել ոչ ոք քեզնից բացի, և համբերությամբ կամ անհամբերությամբ քեզ դարձրու բոլոր արարածներից ամենաանկրկնելին:Gide

ԱՆԴՐԵ ԺԻԴ

30 Օգս

Ես քեզ կպատմեմ սպասումի մասին: Ես տեսել եմ հարթավայրն ամռանը: Նա սպասում էր: Սպասում էր գոնե մի կաթիլ անձրևի: Ճամփաների փոշին չափից ավելի թեթև էր դարձել և վեր էր բարձրանում աննշան սյուքից: Դա նման չէր ծարավի: Դա վախն էր: Հողը ճաքճքում էր տապից, կարծես նրա համար, որ ավելի շատ խոնավություն ներծծի: Դաշտային ծաղիկների բույրը դարձել էր համարյա անտանելի: Ամեն բան ուժասպառվել էր արևի տակ: Ամեն օր կեսօրից հետո մենք գնում էինք հանգստանալու տաղավարում, որն այնքան էլ չէր պատսպարում անսովոր վառ լույսից: Դա այն ժամանակն էր, երբ չափից ավելի երկարած մատներով ծառերը թեթև ցնցում էին ճյուղերը, որպեսզի հեռու ցրեին իրենց սերմերը: Երկինքը ծանր էր, ամպրոպային, և ողջ բնությունը սպասում էր: Դա հանդիսավոր ակնթարթ էր, չափազանց տխուր, քանի որ բոլոր թռչունները զոհվել էին: Հողի հևքն այնպես էր այրում, որ ուշաթափվել կարելի էր: Փշատերև ծառերի մատները թափվում էին ոստերից, ինչպես ոսկե ծուխ: Իսկ հետո անձրևը եկավ…

«Երկրային կերակուրներ» գրքից140526051116

ԱՆԴՐԵ ԺԻԴ

21 Հկտ

Ճշմարիտն ասած, «թախիծ» բառը չափազանց թույլ է, որպեսզի արտահայտի այն անամոք հուսահատությունը, որով ես համակված էի: Այն պարփակում է ձեզ հանկարծահաս, նա անկանխատեսելի է: Դեռ մեկ րոպե առաջ բոլորը ժպտում էին ձեզ, և դուք էիք ժպտում բոլորին, ու հանկարծ հոգու խորքից դուրս է հորդում մռայլ ծուխը` տարանջատելով ցանկությունն ու կյանքը, վերածվելով մեռյալ-գունատ քողի, որ բաժանում է ձեզ մնացյալ աշխարհից, որի ջերմությունը, սերը, գույները, ներդաշնակությունը այժմ ձեզ են հասնում բեկբեկված, վերափոխված աբստրակտային վիճակի: Դուք ընդունակ եք նկատել դրանք, սակայն չեք հուզմունք չեք ապրում: Զուր ջանքերը, որոնք ուղղված են հաղթահարելու հոգին մեկուսացնող այդ քողը, կարող են ձեզ մղել ցանկացած հանցագործության, սպանության կամ ինքնասպանության, հասցնել խելագարության…

«Իզաբել» գրքիցAndre-Gide

ԱՆԴՐԵ ԺԻԴ

17 Հկտ

… Այն չեզոք տարածքը, դեպի ուր կտրուկ շրջադարձ անելով միշտ պիտի դառնանք նորից ու նորից, շատ լավ գիտեք, պարոնայք, պարզապես Բնությունն է: Ուրեմն ես նույնպես խոսելու եմ դեպի բնությունը հանրահայտ այդ վերադարձի մասին, որը ոմանց կարծիքով թվում է ամեն արվեստի միակ գաղտնիքը, և սրանով արդեն համարվում է ամեն ինչ ասված…
Վերադարձ դեպի բնություն… Սակայն դա ի՞նչ է նշանակում: Դեպի էլ ու՞ր կարելի է դառնալ: Ինքդ քեզնից դուրս ի՞նչ կարող ես գտնել, եթե ոչ շարունակական և համատարած բնություն: Բայց և ուրիշ ի՞նչ կգտնես քո մեջ, եթե ոչ դարձյալ բնություն:
Դեպի բնություն իսկական վերադարձը վերջնական վերադարձ է դեպի տարրը, դեպի մահ: Սակայն քանի դեռ մարդուն մնում է դույզն ձգտումը առ կյանքը, ինքնադրսևորման աննշան պահանջը, մի՞թե դրա դեմ պայքարելու, արվեստագետի պարագայում` բնությանը հակադրվելու և ինքնահաստատվելու համար չէ դա:
Ինչպե՞ս, ինչու՞ չըմռնել, որ այս երկու արտաքինը և ներքինը հակադրվում են իրար, և ըստ այդ մեկի ձևավորվում և իրազեկվում է մյուսը: Այս բնական ներքինը արդյոք պակա՞ս արժեքավոր է, քան մյուսը, և մի՞թե նրան մերժվելու է այդ իրավունքը կամ ժխտվելու է այն ուժը, առանց որի այլևս չի լինում արվեստի գործ, թե՞ կարծում են, որ ամեն արվեստ լինելու է սոսկ ռեալիզմ:
Չափից դուրս ծայրահեղորեն ձևակերպված այս կարծիքը, հույս ունեմ, ոչ ոք չի պաշտպանի: Բայց չէ՞ որ այս տեսակետից են ելնում, երբ ասում են, թե արվեստագետը պիտի բացակա լինի իր գործի մեջ, թե առարկայացումը արվեստի նախապայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնելու այս առաջարկված նպատակակետին` տրված երկից բացառելով ամեն անհատականություն, մի ստեղծագործությունը կտարբերվեր մյուսից լոկ ներկայացրած սյուժեով, և արվեստագետը վերջապես կգոհանար` անմահություն ապահովելով դատարկ ու անկարևոր դեպքերին, միայն թե ընտրություն կատարեր, որքան էլ անցանկալի լիներ պատահական բաներ հավերժացնելը: Սակայն ընտրության ո՞ր իրավունքով դա պիտի աներ: Եվ արդյո՞ք չի կոչվում նաև հետագայում արված առավել նուրբ, առավել մանրակրկիտ ընտրությունը, որը ընտրության նման գալիս է մատնանշելու եթե ոչ իմ կամքը, ապա գոնե իմ նախընտանքը…
Չե՞ք ենթադրում արդյոք, թե հարկ է ընդունել, որ հենց այս ընտրությունը, սկզբում բնազդական, իսկ հետո նաև կամային այս նախապատվությունը արվեստի իսկ հաստատումն է, այն արվեստի, որ ամենևին բնության մեջ չէ, բնական չէ, արվեստ, որ լոկ արվեստագետն է պարտադրում բնությանը և պարտադրում է տքնանքով ու տառապանքով…

Թարգմ. Արուս Բոյաջյան

%d bloggers like this: