Tag Archives: անգլիացի

ԹՈՄԱՍ ՖՈՒԼԵՐ

21 Ապր

Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը` օրենքներին: Նա, ով մեղրը լիզում է եղինջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում: Նիհար ազատությունը լավ է ճարպոտ սրկությունից: Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա: Սոխակը վանդակում չի կարող երգել:
Ուզու՞մ ես երջանիկ լինել ամբողջ կյանքում` ազնիվ մարդ եղիր: Բարի համբավը լավ է գեղեցիկ դեմքից: Առաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Սակայն առաքինությունը նախանձից չի ապահովագրում: Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար: Նա, ով ձեր ներկայությամբ ձեզնից վախենում է, ձեր ետևից ձեզ կատի: Ով զգուշանում է եղինջից, նրան եղինջն ավելի հաճախ կխայթի: Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել, խավար գիշերում լավ նավաստին ևս կարող է սխալվել, և ոչ ամեն եղեգնից կարելի է շվի պատրաստել: Լիքը գավաթը հարկավոր է զգույշ տանել:
Գործողությունը գիտելիքների արդյունքն է: Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին փորձն է: Փորձը լավ բան է, եթե նրա համար թանկ չի վճարված: Նա, ով ամեն ինչ թողնում է պատահմունքի քմահաճույքին, նա իր կյանքը դարձնում է վիճակախաղ: Բայց հիմար խաղում ոչ ոք չի շահում: Ով կարող է նվագել, թող նա էլ վերցնի վինը: Ով ոչնչի մասին չի հարցնոմ, նա ոչինչ չի սովորի: Միշտ չէ, որ շքեղ գլխարկը ծածկում է հարգանքի արժանի գլուխը: Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկության մեջ է:

ՖԻԼԻՊ ՉԵՍՏԵՐՖԻԼԴ

18 Ապր

Երիտասարդ մարդը պետք է խելամիտ լինի` չձգտելով այդպիսին երևալ: Ալևոր մարդը պետք է խելամիտ թվա, թեկուզ և չի եղել այդպիսին: Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչ մի բան չի անում հապշտապ: Իր արժանապատվության գիտակցումը խելացի մարդուն դարձնում է առավել համեստ, բայց դրա հետ մեկտեղ նաև առավել անսասան: Եթե քեզ գովում են` լավ մտածիր, թե արդյո՞ք դու արժանի ես գովասանքի: Եթե արժանի չես, նշանակում է քեզ ծաղրում են: Ով ինքն է խոսում իր արժանիքների մասին, նա ծիծաղելի է, բայց ով չի գիտակցում դրանք` հիմար է: Ամեն ոք, ով սիրում է չափից ավելի խոսել, ոչ մեկին հաճելի չէ: Նա շարունակ խոսում է իր մասին, ասես թե պատկերում է իր սեփական վեպի հերոսին:
Ապացուցելով քո կարծիքը և հերքելով ուրիշներինը, եթե դրանք սխալ են, զուսպ եղիր ինչպես բառերի, այնպես էլ արտահայտությունների մեջ: Հաճախ ավելի անհրաժեշտ է թաքցնել արհամարհանքը, քան ոխը: Վիրավորանքները դեռևս կարող են մոռացվել, բայց արհամարհանքը երբեք չի ներվում: Սուտն ու խարդավանքը հիմարների և վախկոտների ապաստարանն են:

ՋՈՆ ՌԵՍԿԻՆ

18 Փտր

Մեր կյանքի յուրաքանչյուր պահին մենք պետք է ձգտենք որոնել-գտնել ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է մյուս մարդկանցից, այլ այն, ինչը ընդհանուր է մեր և նրանց միջև: Նայեք յուրաքանչյուր արշալույսին, ինչպես ձեր կյանքի սկզբին, և յուրաքանչյուր վերջալույսին, ինչպես կյանքի ավարտին: Թող այդ կարճատև կյանքերից յուրաքանչյուրը նշվի որևէ բարի արարքով, ձեր որևէ հաղթանակով սեփական անձի նկատմամբ կամ ձեռքբերված գիտելիքով: Ձեր գործին նվիրվեք ամբողջ հոգով ու սրտով, բայց նախապես պարզեք, թե արդյո՞ք դա լավ գործ է: Բարի գործը չի կարող արվել ատելությունից, առավել ևս` շահամոլությունից: Այն արվում է միայն սիրուց: Բարի գործեր անելը ամենայն վեհություն տանող ուղին է. եթե այդպիսիք չեք անում, ապա անխուսափելիորեն կգա այն օրը, երբ դուք ստիպված կլինեք աշխատել ոչ թե բարու, այլ չարի համար: Ձեր գործերի արդյունքները կգնահատեն ուրիշները. ջանացեք միայն այն բանում, որ ձեր սիրտը լինի մաքուր ու արդարացի:

ՍԱՄՈՒԵԼ ՍՄԱՅԼՍ

12 Փտր

Տարիների թիվը դեռևս չի վկայում կյանքի երկարատևության մասին: Մարդու կյանքը չափվում է այն բանով, թե նա կյանքում ինչ է արել ու զգացել: Ուրախ մարդն իր համար ստեղծում է ուրախ աշխարհ, մռայլ մարդն իր համար ստեղծում է մռայլ աշխարհ: Իսկ լավ կամ վատ հոգեվիճակը մեծամասամբ կախված է մարդուց: Ուրախությունը պահպանելու գլխավոր գաղտնիքն այն է, որ մանրուքներին հնարավորություն չտրվի մեզ անհանգստացնել, և դրա հետ միասին գնահատվեն այն մանր ուրախությունները, որոնք բաժին են ընկնում մեզ: Աշխույժ և ուրախ հոգեվիճակը ոչ միայն կենսական հաճույքի հարուստ աղբյուր է, այլև միաժամանակ բնավորության ուժեղ պահապան:
Սակայն պարտքի զգացումով չլուսավորված կյանքը ըստ էության ոչ մի արժեք չէր ունենա: Մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անհատականության գինը. մարդը մեծ կամ փոքր է լինում` նայած սեփական կամքին: Անսկզբունք ու կամազուրկ մարդը նման է այն նավին, որը չունի ղեկ և կողմնացույց, նա իր ուղղությունը փոխում է յուրաքանչյուր փոփոխական քամու հետ: Կամքի տեր մարդը բարեխիղճ է իր ամեն մի խոսքում և ամեն մի արարքում: Պերճությունն արարքներում ավելի լավ է, քան պերճախոսությունը բառերով:

%d bloggers like this: