Tag Archives: ամուսնություն

ԱՆԴՐԵ ԼԵԿԼԱՐԿ

21 Սպտ

ՍԻՐՈ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 Առանց սիրո ամուսնությանն արդարացում չկա:

Սիրահարներին չարժե ամուսանանալ, եթե հաճախ սերը վերածվում է խուճապային փախուստի:

Չկա հաճույք այն գուրգուրանքներից, որոնք ձեռք են բերվում առանց համաձայնության:

Ոչ ոք չի խանգարում կնոջը սիրված լինել երկու տղամարդու կողմից, կամ տղամարդուն` սիրվել երկու կնոջից: Սակայն ոչ ոք չի կարող ունենալ երկու կապվածություն միաժամանակ:

Սերն ու ժլատությունը չեն ապրում մի տան մեջ:

Այն թեթևությունը, որով մեզ տրվում են մարմնական հաճույքները, արժեզրկում են դրանք, այն դեպքում, երբ դժվարություններն ու խոչընդոտները բարձրացնում են դրանց գինը:

Ճշմարիտ սիրահարները միշտ ամաչկոտ են:

Ամուսնությունը չի բացառում սերը:17f2c5a9

Օ. ՀԵՆՐԻ

6 Հլս

Կանանց անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխել իրենց տեսակետը: Նրանց ձանձրացնում է միևնույն տեսքը, նույն ճաշի սեղանը, լվացարանն ու կարի մեքենան: Տվեք նրանց գոնե մի ինչ-որ բազմազանություն` մի քիչ ճամփորդություն, մի քիչ հանգիստ, մի քիչ խենթություն` տնային ողբերգության դադարների ժամանակ, մի քիչ քնքշանք` ընտանեկան տեսարաններից հետո, մի քիչ հուզմունք ու հոգս, և, վստահեցնում եմ ձեզ, երկու կողմերն էլ շահած դուրս կգան: Այդպիսին է կանանց սեռի բնույթը` արտասվել վշտից, արտասվել ուրախությունից և արցունք հեղել մեկի ու մյուսի բացակայության համար:

Կյանքում երեք անգամ է կինը սավառնում ամպերի մեջ և ուրախությունից չի զգում հողն իր ոտքերի տակ: Առաջին անգամ, երբ նա ամուսնանում է, երկրորդ անգամ, երբ մուտք է գործում բոհեմի սրբավայրը, և երրորդ անգամը, երբ նա դուրս է գալիս տնամերձ հողամասից` ձեռքին հարևանի սպանված հավը…

Երբ մենք ինքներս ենք սիրում, «սեր» բառը դառնում է ինքնազոհաբերման ու ինքնահրաժարումի հոմանիշը: Երբ սիրում են պատից այն կողմ ապրող հարևանները, այդ բառը նշանակում է հանդգնություն ու մեծամտություն:

OHenry600x620

 

ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

8 Հնս

Տղամարդիկ ամուսանանում են հոգնությունից, կանայք` հետաքրքրասիրությունից: Թե մեկին և թե մյուսին ամուսնությունը բերում է հիասթափություն: Սիրահարվածությունը սկսվում է նրանից, երբ տղամարդը խաբում է ինքն իրեն, և վերջանում է նրանով, որ նա խաբում է մեկ ուրիշին: Այս դեպքում գայթակղությունից խուսափելու միակ ճանապարհը նրան տրվելն է: Ամուսնության գլխավոր վնասն այն է, որ այն դուրս է բերում մարդու միջից եսասիրությունը: Իսկ ոչ եսասեր մարդիկ անգույն են, նրանք կորցնում են իրենց անհատականությունը:

Կյանքում երկու իսկական ողբերգություն կա: Առաջինը` երբ չես ստանում այն, ինչ ուզում ես, երկրորդը` երբ ստանում ես:

600x350.fitandcrop

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

8 Հնս

Մի ամբողջ շաբաթ ես իմ հագից չհանեցի տնային խալաթը, ոչ ցերեկը, ոչ գիշերը, չլվացվեցի, չսափրվեցի, չմաքրեցի ատամներս, քանի որ սերը ինձ շատ ուշ սովորեցրեց, որ մարդն իրեն կարգի է բերում, հանգնվում է և օծվում է օծանելիքով ինչ-որ մեկի համար, իսկ ես ոչ մեկը չունեի: Ու՞մ համար…

Ամուսնությունը որպես այդպիսին չի ունեցել որևէ գիտական հիմնավորում. երկու հոգի, իրար հազիվ ծանոթ, մեկը մյուսին ոչնչով չնմանվող, տարբեր բնավորություններով, մեծացած տարբեր մշակութային միջավայրերում և, ամենագլխավորը, տարբեր սեռերից, պիտի, չգիտես ինչու, ապրեին միասին, քնեին միևնույն անկողնում և կիսեին իրենց ճակատագիրն այն դեպքում, երբ, ամենայն հավանականությամբ, նրանց համար նախատեսված էր եղել միանգամայն այլ ճակատագրեր:

Թույլերը երբեք չեն կարող ոտք դնել սիրո թագավորություն: Այդ թագավորությունում օրենքները խիստ են: Կանայք հանձնում են իրենց միայն համարձակ ու վճռական տղամարդկանց, նրանք հույսով են ներշնչում, իսկ դա այն է, ինչ հարկավոր է կանանց:

Սիրո մի տարատեսակը ոչնչացնում է սիրո մեկ այլ տարատեսակի, քանի որ մարդը հավատարիմ է իր բնույթին. հագեցնելով քաղցը` նա կորցնում է հետաքրքրությունը սննդի նկատմամբ:

images

ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

17 Փտր

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամուսնությունը սիրուց միանգամայն տարբեր բան է: Դա լավ հաստատություն է, սակայն պետք է ավելացնեմ, որ շատ բան կախված է այն անձնավորությունից, ում հետ ամուսնանում եք:
Չկա առհասարակ լավ կին կամ լավ ամուսին. կա միայն լավ կին պարոն Այսինչի կամ լավ ամուսին` տիկին Այնինչի համար: Եթե դյուրահավատ ու դյուրախաբ մի կին ամուսնանա հիվանդագին ստախոսի հետ, նրանք երջանիկ կապրեն մինչև իրենց կյանքի վերջը. մեկը ստեր ասելով, մյուսը հավատալով: Այն տղամարդը, որը չի կարող ապրել առանց իր նկատմամբ մշտական հիացմունքի, պիտի ամուսնանա «Աստված իմ, դու հրաշք ես» տիպի կնոջ հետ: Իսկ այն տղամարդը, որը դժվարանում է որոշումներ կայացնել, ճիշտ կանի, եթե ամուսնանա բռնապետուհու հետ: Ամուսնության մեջ մեկ բռնապետ կարող է բարգավաճել. երկուսը շատ են:
Դեպի ամուսնական երջանկություն տանող ճանապարհը ոչ ոքի առաջ փակ չէ: Ամբողջը ընտրության խնդիր է: Պետք է ոչ թե կատարելություն որոնել, այլ մի խիստ անկատար կեսի պակասող կեսը:
Եթե մեկը սառնարան է գնում, նրա մտքով բնավ չի անցնում, թե դա վատ սառնարան է, որովհետև դրանով ձայնասկավառակ նվագել հնարավոր չէ. ոչ էլ որևէ մեկը կմեղադրի իր գլխարկին` որպես ծաղկաման հարմար չլինելու մեջ: Այնինչ բազմաթիվ տղամարդիկ, ովքեր շատ են սիրում իրենց ստամոքսը, ամուսնանում են իրենց խոհարարի կամ որևէ խոհարարի հետ և հետո նրան մեղադրում Ժորժ Սանդի փայլուն խելքն ու սրամտությունը չունենալու մեջ: Կամ` մի մարդ կարող է մտահոգված լինել իր կնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը ցուցադրելով, ամուսնանալ մանեքենուհու հետ և զարմանալ` վեց ամիս անց պարզելով, որ իր կինը հավասարակշռված հայացքներ չունի միջազգային դրության վերաբերյալ: Մեկ ուրիշն ամուսնանում է մի աղջկա հետ միմիայն ու բացառապես նրա համար, որ նա տասնյոթ տարեկան է, և շատ է զարմանում տասնհինգ տարի անց` հայտնաբերելով, որ նա այլևս տասնյոթ տարեկան չէ: Կամ դարձյալ, եթե դուք ամուսնանում եք գիրք կրծողի հետ, որն ամեն ինչ գիտի ոսկու ստանդարտի, մոլորակային շարժման վերաբերյալ Պրաքսիտելեսի և Կեպլերի օրենքների մասին, չպետք է նրան մեղադրել փոքր-ինչ պակաս գեղեցիկ լինելու և պակաս կրակոտ խառնվածք ունենալու մեջ, քան Մերիլին Մոնրոն: Եվ եթե կանայք ամուսնանում են տիտղոսի կամ դրամատան հաշվի հետ, ապա չպետք է մեղադրեն իրենց ամուսիններին` Էրոլ Ֆլինի տիպի ռոմանտիկ հերոսներ չլինելու համար:
Հարկավոր է գիտենալ, թե ինչ եք գնում: Եվ քանի դեռ սառնարանով ձայնապնակներ չեք նվագում և քրիզանթեմի փնջեր չեք դնում ձեր գլխարկի մեջ, ունեք կարծեցյալ երջանկության հասնելու խելամիտ հնարավորություն:

Թարգմ. Շուշանիկ Ավագյան

%d bloggers like this: