Tag Archives: ամանոր

ԲԵԿՈՐԱՅԻՆ

31 Դկտ

Փշրվող խաղալիքը… Անպայման պիտի սահեր մատներիս միջից հատկապես այն պահին, երբ առավելագույնս զգույշ էի: Հատակին նրա բախվելը, բեկորների փայլը, իմ սրտի զարկը ու միտքը, որ արդեն փշրված է, մեղավորության երեխայական մի տխրություն էին ծնում` շաղախված այն խորին համոզմունքի հետ, թե դա ամենագեղեցիկն էր բոլոր խաղալիքներից:
Սա կրկնվում էր գրեթե ամեն տարի, թեև մորս մշտական խոսքը` «Չարը խափանվեց», մի չնչին մխիթարություն էր տալիս ու անտեսանելի ափով փակում էր զարդարվող տոնածառի այն հատվածը, որտեղ պիտի կախվեր փշրվածը: Եվ այդ ժամանակներից ի վեր բեկորներն ինձ համար դարձան հետապնդող մտասևեռում: Ցանկած բեկորի մեջ ես ճգնում էի տեսնել ամբողջը և այդ ամբողջը կորցնելու ցավը:
… Օրերս, երբ կրկին եղևնի էինք զարդարում, տղաս ասաց, որ իր գնած նոր խաղալիները չեն փշրվում, եթե նույնիսկ ուժգին հարվածեմ հատակին: Ես հավանաբար ժպտացի տարօրինակ մի ժպիտով, որ պիտի նշանակեր հետևյալը. «Հրաշալի է, որ ձեր խաղալիքները չեն բեկորվում: Ափսոս միայն, որ ես դրանց մեջ չեմ գտնելու իմ տոնածառի փշաքաղ երկյուղածությունը»: Բայց հետո մտածեցի` դա այնքան էլ վատ չէ: Ի վերջո, պետք է որ տարբեր լինենք: Եվ, անկեղծ ասեմ, ինձ հետզհետե սկսեց դուր գալ նոր խաղալիքի վստահ, անբաժան փայլը:

Հովիկ Չարխչյան6a4d1a082cf4ad111a4d9848cc1f7483

ԱՄԱՆՈՐԻՑ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ

31 Դկտ

Ավանդույթ կա, Ամանորին` կեսգիշերից մի քանի րոպե առաջ, երկրի ղեկավարը եթերից խոսք է հնչեցնում: Թե այդ ելույթը որքանով է կարևոր տոնին սպասող մարդկանց համար, կարող եք ինքներդ դատել` այլ երկրների օրինակով:
Այսպես, 1991 թվականին ռուսներին ընդհանրապես ոչ ոք չցանկացավ շնորհավորել` ոչ Գորբաչովը, ոչ Ելցինը: Ստիպված եթերը տրամադրեցին հումորիստ Միխայել Զադորնովին: Սա էլ այնքան երկար խոսեց, որ ժամացույցի զարկերը խփեցին մեկ րոպե ուշացումով:
Իսկ Գերմանիայում 1986 թվականի դեկտեմբերի 31-ին ARD հեռուստաընկերությունը ցուցադրեց կանցլեր Հելմուտ Քոլի նախորդ տարվա շնորհավորական ելույթը: Եվ պատկերացրեք, որ հեռուստադիտողներից ոչ ոք դա չնկատեց:

025195155_prevstill-664x291

ԱՄԱՆՈՐԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ

30 Դկտ

Ամանորից մեկ օր առաջ ուզում եմ պատմել թևավորների մասին:
Մարդիկ վաղուց էին նկատել, որ թռչունները երամներով լքում են Աֆրիկայի տաք ու բարեբեր եզերքները և չվում դեպի հյուսիս` այնտեղ, որտեղ ոչինչ չկա, բացի համատարած ձյուներից: Ասում են, որ թռչուններն այնտեղ են գնում` հագեցնելու իրենց ծարավը: Ասում են նաև, թե մի բուռ հալած ձյունը թռչունների սրտում սիրո ցանկություն է արթնացնում:
Ես չէի ցանկանա այս գեղեցիկ պատկերը «աղավաղել» գիտնականների այն պնդումներով, որ ստրուկտուրացված ձյունը` փոխելով ֆերմենտների կենսաբանական մոլեկուլների ակտիվությունը` նպաստում է բազմացման պրոցեսին: Սա թողնենք իրենց` մասնագետներին, իսկ մենք վերադառնանք սիրո հեղուկին:
Նոր տարի է գալիս: Եվ կգա նաև ձյունը: Ուրեմն դուրս եկեք, ձյուներից վերցրեք ձեր բաժին սիրո ջուրը, քանի դեռ փաթիլները չեն հալել ու չքացել: Ու թող չլինի մեկը, ում ծարավն անհագ կմնա: Ամենքի համար միշտ էլ կգտնվի մի բուռ սեր:1419790923_003-ellf.ru

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՁՄԵՌ ՊԱՊ ՉԿԱՐ

30 Դկտ

1930- ական թվականներին Խորհրդային Հայաստանում յուրաքանչյուր  ավանդույթ, որ գալիս էր հնից, գնահատվում էր իբրև վնասակար մնացուկ և անմիջապես փորձ էր արվում կամ լիովին արմատախիլ անել դա, կամ գտնել փոխարինողը: Ամանորի տոնակատարությունը ևս անմասն չմնաց: Հանկարծ պարզվեց, որ Ձմեռ պապը ցարիզմից ժառանգված հոռի սովորույթ է և անհրաժեշտ է այդ տոնակատարության գլխավոր հերոսին ևս «սովետականացնել»: Իբրև լավագույն տարբերակ առաջարկվեցին խորհրդային երկրի նշանավոր անձանց կերպարները: Սակայն դրանց շարքում կար մեկը, ով իր արտաքինով առանձնապես հարմար թեկնածու էր: Խոսքը Արկտիկայի հետազոտող Օտտո Շմիդտի մասին էր, ով 1934-ին «Չելյուսկին» նավով նավարկել էր հյուսիսային ջրերում, իսկ նավաբեկությունից հետո անձնակազմի 104 անդամների հետ շուրջ 2 ամիս անցկացրեց սառցաբեկորի վրա: Ուրիշ էլ ո՞վ կարող էր փոխարինել Ձմեռ պապին, եթե ոչ երկարամորուս և հերոս Շմիդտը: Իսկ եղջերուների ու սահնակի փոխարեն փոխադրամիջոց կծառայեր նրա շոգենավը: Թե ինչ ստացվեց այս փոխատեղումից, դատեք ինքներդ:

1936 թվականին «Պիոներ կանչ» թերթի հունվարյան համարներից մեկում տպագրվել է այս լրատվությունը. «Ամսի 15-ին, երեկոյան, Երևանի համար 26 մանկապարտեզում կայացավ տոնածառ: Ներկա էին Լուսժողկոմ ընկ. Արտո Եղիազարյանը, Կուսկենտկոմի դպրոցական բաժնի վարիչ ընկ. Սերիկ Դավթյանը, բանաստեղծ Չարենցը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ:

Միանգամայն գեղարվեստականորեն ձևավորված և փարթամ լուսավորված հսկա տոնածառի շուրջը պատել էին երեխաները: Նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին: Առանձնապես աչքի ընկավ փոքրիկ Սուրիկը, որն արտասանեց Խնկո-Ապոր «Մկների ժողովը» և Հ. Հայրապետյանի «Ռազմական խաղը»:

Վերջում հանդես եկավ «Շմիդտ պապիկը», որը մի «շոգենավ» լիքը նվերներ բերավ «Հյուսիսային երկրից»: Անվախ չելյուսկինցիների մասին պատմելուց հետո «Շմիդտ պապիկը» բաժանեց իր նվերները երեխաներին: Հյուրերն ու երեխաները գոհ սրտով հեռացան այդ չափազանց հաջող կազմակերպված տոնածառից»:

Քանի որ խոսք գնաց նաև Եղիշե Չարենցի մասին, հավելենք, որ 1930-ականերին Երևանում սակավաթիվ տոնածառներից մեկը զարդարվում էր Չարենցի բնակարանում, որտեղ հրավիրվում էին նաև նրա հարևանների և ծանոթների երեխաները:

© Հովիկ Չարխչյան181

Թող գալիք տարին լինի Բարի տարի

1 Հնվ

Հրապարակախոս Հովիկ Չարխչյան. «Սովորաբար ամենակարևոր բառերն ասվում են ամենավերջում։ Վերջում, բայց ոչ վերջին անգամ։ Եվ հավանաբար դա է պատճառը, որ հույզերը փոքր-ինչ ավելին են լինում, որ ժպիտներին մի քիչ լրջություն է խառնվում, և հին տարվան հրաժեշտ տալու խորհուրդն էլ ոչ թե բաժանում, այլ մերձեցնում է բոլորիս։ Տոնը մեզնից պահանջում է ընտրել ամենաջերմ մաղթանքները, ամենամեծ երազանքները, ամենանվիրական ցանկությունները: Իսկ ես այս պահին ուզում եմ մի կողմ թողնել լավագույնները և իմ հայրենակիցներին դիմել պարզ, սովորական, հասարակ մի խնդրանքով. մի չարացեք: Ամենածանր ու անելանելի պահերին անգամ մի ապավինեք չարությանը: Նա վատ խորհրդատու է: Ես համոզված եմ, ձեր իմաստնությունը կհուշի ավելի խելամիտ ուղիներ, ձեր մղումները կգտնեն ավելի ազնիվ լուծումներ, ձեր նպատակի վերջնագծին կհասնեք առավել շրջահայաց մտքով և անկաշառ սրտով: Բայց ոչ չարության հետ: Եվ թող գալիք տարին լինի Բարի տարի»:

http://www.1in.am/arm/armenia_society_5911.html

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

12 Նյմ

ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
Պարույր Սևակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը` դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին` 1963 թ. դեկտեմբերի 31-ին: Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սևակի շնորհավորանքի խոսքը: Սևակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. «Ձայնագրված է»: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո….. »:

%d bloggers like this: