Tag Archives: Աճառյան

ԲԵԿՈՐՆԵՐ

24 Հնվ

Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ

Պատմում են, որ երբ 1922 թվականին իրականացվեց մեր լեզվի ուղղագրության «բարեփոխումը», Հրաչյա Աճառյանն այնքան էր զայրացած այդ փաստից, որ չցանկանալով իր տան դռան վրա նույնիսկ սեփական ազգանունը գրել նոր ուղղագրությամբ, ընդամենը գրել էր «Աճառ.»:

ՏԵՂԸ ՉԿԱ

— Ո՞րտեղ հադիպենք:
— «Սևան» կինոթատրոնի դիմաց:
Արդեն քառորդ դար է` «Սևան» կինոթատրոնը չկա: Բայց մենք հանդիպում ենք:
Ինչ կուզեք` ասեք, բայց փոքր-ինչ անբնական է հանդիպել մի տեղում, որն այլևս գոյություն չունի:

ԱՆԱԶԱՏ

Երևան- Արտաշատ մայրուղու եզրին ցուցանակ կա` «Ազատ գետ»: Նայում են շուրջս: Ոչ մի գետ էլ չկա, դատարկ ամայություն է, ոչինչ նույնիսկ հեռավոր կերպով չի հուշում այն մասին, որ այստեղով երբևէ գետ է հոսել: Անունն ու հիշողությունն են միայն մնացել: Ազատը անազատության մեջ է:thumb2-cvetnye-oskolki-abstrakcija

ՀԱՅԵՐԻ 115 ԿԻՆՈՏԱՐԻՆԵՐԸ

24 Մյս

Լյումիեր եղբայրները իրենց հանճարեղ գյուտով աշխարհին նվիրեցին կինեմատոգրաֆը` մարդկային ընկալումներին հաղորդելով աներեևակայելի մի խթան, որը 1895 թվից ի վեր մնում է գերիշխող: Իսկ դրանից մեկ տարի անց նաև հայերը ճանաչեցին կինոն. այլ խոսքով` մեր ժողովրդի համար այն ծնվեց 1896 թ.:
Հայկական աղբյուրներում առաջին հիշատակությունները կինեմատոգրաֆիայի մասին վերաբերում են ոչ այնքան բուն Հայաստանին, որքան հարևան հայաշատ վայրերին: 1896 թ. դեպքերի մասին մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշերում պահպանվել է այսպիսի մի հատված. «… Բուլվար դ’Իթալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց և տալով մի կապոց` առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք,- ասաց նա,- շտապ գնացող մարդկանց մի տաք, վատ հագնված մարդկանց էլ մի տաք, տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ» …Վճարեց մի ֆրանկ` միաժամանակ իրավունք տալով դիտել կինոն: Առաջին անգամ էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամ էի տեսնում»:
Թիֆլիսահայերի համր կինոյի հայտնությունը ևս թվագրվում է 1896-ի նոյեմբերով: Իսկ պոլսահայերը «Էլեկտրակրկեսը» դիտեցին 1899-ին, թեև շատ շուտով սուլթանը դիտումները արգելեց: Հենց այդ թվին էլ Երևանն ունեցավ իր առաջին կինոթատրոնը, որը «Իլյուզիոն» էր կոչվում և գտնվում էր քաղաքի կենտրոնում` ոստիկանական վարչության շենքի մոտ: Համո Բեկնազարյանը իր հուշերում պատմել է առաջին դիտումն ու տպավորությունը: «Իլյուզիոնը» լեփ-լեցուն էր… Բոլորն էլ ինձ պես հուզված էին: Դույլը ձեռքին մի մարդ երևաց ու սկսեց կտավե էկրանի վրա ջուր լցնել: Դա արվում էր, ինչպես հետագայում իմացա, որպեսզի պատկերը կտավի վրա ավելի պարզ երևա… Ինչ-որ մակագրությունից հետո երևաց գետի և կամրջի պատկեր, և հանկարծ կադրի խորքից շոգեկառքը սրընթաց շարժվեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում իրարանցում սկսվեց. թվում էր` ուր որ է` հսկա հրեշը բոլորին կճզմի: Շատերը տեղերից վեր թռան…»:
Առաջին անսովոր ծանոթություններին եկան հաջորդելու արդեն սովորական դարձած դիտումները և հազվադեպ նկարահանումները: Դարասկզբի մամուլը հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել մեզ այն օրերի մասին: Մասնագետների հավաստիացմամբ, առաջին հայերեն կինոազդը տպագրվել է 1909 թ. «Մշակ» թերթում: Իսկ «Գեղարվեստ» հանդեսում ժամանակին տպագրվել է մի հաղորդում այն մասին, որ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը մտահղացել է իր «Օսկան Պետրովիչը դժոխքում» վոդևիլը «ներկայացնել կինեմատոգրաֆով. հատուկ պատկերներով»:
Դարասկզբի երկու իրադարձություններ մինչև օրս էլ շարունակում են զբաղեցնել կինեմատոգրաֆիայի պատմությամբ զբաղվողներին: Բանն այն է, որ մի շարք աղբյուրների վկայությամբ 1907 և 1911 թթ. Էջմիածնում կատարվել են երկու նկարահանումներ: Առաջին դեպքում նկարահանվել է կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հուղարկավորությունը, իսկ 4 տարի անց ռուս օպերատոր Ա. Դիզմելովը «Պատե» ընկերության համար նկարահանել է Մաթեոս Երկրորդ կաթողիկոսի թաղման արարողությունը: Վկայություններ կան այն մասին, որ երկու ժապավենների նեգատիվները գտնվում են Մոսկվայում` «Գոսֆիլմ»-ի ֆոնդում: Կինոգետ Արփի Հովհաննիսյանն այս առիթով գրում է, թե «ժամանակն է, որ ս. Էջմիածնի թանգարանի և արխիվների պատասխանատուները, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլմադարանը պաշտոնապես և մասնագիտական միջոցառումներով ստուգեն «Գոսֆիլմ» ֆոնդում պահվածը և բնօրինակի նեգատիվներից կրկնօրինակ ապահովելով` իրենք ևս տեր կանգնեն պատմական մեծ նշանակություն ունեցող այս մասունքներին»:
Այս 2 նկարահանումները, ցավոք, եզակի չեն: Տարբեր տարիներին կատարված փաստագրական մի շարք աշխատանքների մասին մենք այսօր շատ քիչ տեղեկություններ ունենք: 1914-ին ռուս- թուրքական ճակատում նկարահանվել են հայ աշխարհազորայինների մասին պատմող նյութեր: 1915-ին Եկատերինոդարի «Մինեուրա» ընկերությունը ստեղծել է «Թուրքահայստանի ողբերգությունը» ժապավենը, 1919թ. ԱՄՆ պրեզիդենտ Վիլսոնի պատվիրակությունը նկարահանում է Հայաստանի իրավիճակը: Նույն տարին Հոլիվուդում օգտագործվում են շուրջ 200 հայ որբերի և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հ. Մորգենթաուի մասին փաստագրական կադրերը: 1920 թ. Ա. Լեմբերգն ու Կ. Կուզնեցովը նկարահանում են Կարմիր բանակի մուտքը Երևան: 1922 թ. Թուրքիայում ֆրանսիացի մեծահարուստ Ա. Կանը մի եկեղեցու մոտ վերջին հայերի բեկորներն է պատկերում և այսպես շարունակ: Թվարկումը դեռ կարող է բազմապատկել: Սակայն վերադառնանք այն նշանակալի իրադարձություններին, որոնցից յուրաքանչյուրն իր առումով մեծ վերափոխման նախակարապետն է եղել:
Եթե վստահելու լինենք ժամանակագրությանը, ապա առաջին հայը, որ դեր է ստանձնել գեղարվեստական ֆիլմում, եղել է Աշո (Արշավիր) Շահխաթունին, ով 1912թ. նկարահանվել է Խանժակովի «Բելա» ֆիլմում: Հայ ռեժիսորի կողմից ղեկավարված առաջին նկարահանումը կատարվել է 1916 թ.: Դա եղել է Հովհաննես Զարիֆյանը, որը հայ կամավորներից կազմված մի ջոկատի հետ է աշխատել: Կինոյին նվիրված առաջին հայկական պարբերականը տպագրվել է 1916 թ. ԱՄՆ-ում: Այդ պատկերազարդ շաբաթաթերթը կոչվում էր «Չարլի Չապլին»: Հայկական առաջին վավերագրական կինոնկարի հեղինակը եղել է Համո Բեկնազարյանը: 1926 թ. նկարահանված ժապավենը կոչվում էր «Երկրաշարժը Լենինականում»: Իսկ երկու տարի անց, 1928 թ. արդեն հայտնի Ա. Շահխաթունին իրագործում է սփյուռքի առաջին համր կինոնկարի` «Անդրանիկի» ստեղծումը: Ինչ վերաբերում է մուլտիպլիկացիային, ապա այն աշխարհ եկավ փոքր-ինչ ուշ` 1937 թ., երբ Լ. Ադամանովը էկրանին հանձնեց Թումանյանի «Շունն ու կատուն»: Սփյուռքի առաջին մուլտիպլիկացիոն կինոնկարը «Փարվանան» է` նկարահանված 1966 թ. Լոնդոնում, Ա. Հովհաննիսյանի կողմից:
Ցավոք, կինոաշխարհի ոչ բոլոր մատհղացումներն են ժամանակին իրագործվել: Վկայություններ են պահպանվել այն մասին, որ երբ 1917 թ. «Բիոխրոմ» առևտրական տան ղեկավարությունը ստանձնում է հայազգի Սարկիսովը, Բեկնազարյանը վերջինիս առաջարկում է նկարահանել Լևոն Շանթի «Հին աստվածները», սակայն գաղափարը մերժվում է: 1927թ. Լուսժողկոմը արգելք է դնում Միքայել Մանվելյանի «Սուրբ Գևորգի ղուլը» վիպակի մոտիվներով նկարահանված «Ղուլը» ֆիլմի վրա, ուր շոշափվում էր փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանում տարածում գտած թմրանյութերի օգտագործման խնդիրը: Նույն կերպ ժամանակին չիրականացավ մեկ այլ ֆիլմի ստեղծումը. 1934 թ. Ա. Շիրվանզադեն Հայկինոյի պատվերով գրում է «Վերջին շատրվան» վերնագրված սցենարը, սակայն այն այդպես էլ չի նկարահանվում:
Ինչ վերաբերվում է հայկական կինեմատոգրաֆիայի հաջողություններին, ապա դրանց մեծ մասը հանրահայտ են: Ցավոք, այսօր հնարավորությունների բացակայությունը թույլ չի տալիս կինոգործիչներին կյանքի կոչելու այն նորը, որ կարող է դառնալ հարյուրամյա ուղու օրգանական շարունակությունը: Բայց նույնիսկ այսպիսի պայմաններում ճշմարիտ արվեստագետների պրպտող միտքը որոնում ու գտնում է նորանոր գաղափարներ, որոնք վաղ թե ուշ էկրան են բարձրանալու` լրացնելու և պահպանելու համար հայ կինոյի լավագույն ավանդույթները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՈՒՌԵԿԼՅԱՆԻ «ԳՈՐԾԸ»

7 Նյմ


1929 թ. փետրվարյան մի օր երևանյան թերթերում հայտնվեց խիստ հակիրճ, սակայն անսպասելի մի լուր: «Գրքի գողը» ոչ երկիմաստ վերնագրի ներքո գրված էր. «Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի վարիչի օգնական Ուռեկլյանը ձերբակալված է՝ գրադարանից սիստեմատիկաբար գրքեր, արժեքավոր գրավյուրներ գողանալու համար: Գործի քննությունը մոտ օրերս կավարտվի»:
Այս տեղեկությունը նախ տարակուսանք, հետո հետաքրքրասիրություն և ի վերջո բուռն վրդովմունք հարուցեց բոլոր այն շրջանակներում, որտեղ ոչ միայն ճանաչում էին Լևոն Ուռեկլյանին, այլև արդեն կարողացել էին որոշ մանրամասներ իմանալ գործի ծավալների ու հանգամանքների մասին:
Ի՞նչ էր թաքցնում մամուլի ժլատ հաղորդագրությունն իր տողատակերում:
Նախ ասենք, որ խոսքը ոչ թե գրադարանի վարիչի օգնականի, այլ տեղակալի մասին էր: Եվ յուրացված «ավարն» էլ սովորական գրքեր չէին, այլ թանկագին ու հազվագյուտ օրինակներ, պատմական անգնահատելի արժեք ներկայացնող եզակի հրատարակություններ: Սակայն Ուռեկլյանի «քաջագործությունների» շարքը միայն այսքանով չէր եզրափակվում: Շատ շուտով հայտնի դարձան եղելության այնպիսի մանրանասներ, որոնք այլև կասկած չէին թողնում. խոսքն աննախադեպ ու իր ծավալներով աներևակայելի մի հանցագործության մասին էր: Գրադարանի ֆոնդերից պարբերաբար եզակի գրականություն յուրացնելու հետ մեկտեղ նրան մեղադրում էին նաև այն բանի համար, որ «շահադիտական նպատակներով» հարյուրավոր գրքերի վրայից պոկել էր արժեքավոր էկսլիբրիսներ, գրանիշներ, նկարներ, պատկերազարդ թերթեր և այլն:
Մասնագետները ցնցված էին, երբ Ուռեկլյանի բնակարանում իրավապահների կողմից կատարված խուզարկության արդյունքում գտնվեցին հանրային գրադարանին պատկանող 1400 գիրք, 921 նամակ, զանազան եզակի ձեռագրեր: Ներկաների զարմանքն ու վրդովմունքը հարուցեց այն զավեշտական փաստը, որ մի քանի առավել «հոգեհարազատ» գրքեր նա նվիրել էր իր կնոջը՝ հուզիչ ընծայագրերով:
Որոշ ժամանակ անց նաև բացահայտվեց, որ Ուռեկլյանի գործունեության աշխարհագրությունը նույնքան ընդգրկուն էր, որքան նրա ձեռնարկի չափերը: Պարզվեց, որ նա տարիներ շարունակ սերտ կապեր էր պահպանել Սովետական Միության տարբեր քաղաքներում գտնվող հայտնի գրավաճառների ու հնավաճառների հետ: Նրա հարաբերությունները հատկապես «ջերմ» էին եղել անվանի կոլեկցիոներ և անտիկվարների մասնագետ Վլադիմիր Կունինի հետ: Վերջինիս մոտ ևս խուզարկություն կատարվեց ու հայտնաբերվեցին հայ «գործընկերոջ» նամակները: Այդ գործնական գրագրությամբ Ուռեկլյանը մոսկվացի հնագրավաճառներին էր առաջարկում պատմական դեմքերի ու ականավոր գործիչների ձեռագրեր, գրավյուրաներ, կտավներ, էկսլիբրիսներ և այլ արժեքավոր իրեր: Նամակագիրն ընձեռված հնարավորությունը բաց չէր թողել նաև պարծենալու, թե իր ձեռքի տակ կան… 40 հազար գրանիշներ, մի քանի հազարի հասնող էկսլիբրիսներ: Ո՞վ չէր հրապուրվի նման առատությամբ… Նկատենք, որ այդ շրջանում առանձնապես մեծ պահանջարկ էին վայելում 1905 և 1917 թթ. հեղափոխական շրջանների հրատարակությունները, թռուցիկները, Անդրկովկասի հեղափոխական խմբակների գործունեությանը առնչվող տպագիր նյութերը: Ուռեկլյանը այդպիսի նյութեր ուներ և լիուլի վաճառքի էր հանել: Հասկանալի է, որ բոլոր դեպքերի համար սնուցող աղբյուրը նույնն էր՝ հանրային գրադարանը:
Նախաքննության ընթացքում բացահայտվեցին «մոլի գրքասերի» կենսագրության շատ ու շատ մութ անկյուններ: Մասնավորապես, հաստատվեց այն փաստը, որ իր նախընտրած արհեստով նա սկսել էր զբաղվել շատ ավելի վաղ՝ մինչ¨ Երևան տեղափոխվելը, երբ դեռ պաշտոնավորում էր Գանձակում ու Թիֆլիսում: Տեղի գրադարանները մեկ անգամ չէ, որ զոհ էին գնացել Ուռեկլյանի «հետաքրքրասիրությանն» ու թուլություններին:
Հետաքննական մարմնի զարմանքն էր հարուցել այն փաստը, որ իրենց հերոսը տարիներ շարունակ ներկայացել էր որպես գրադարանային գործի հմուտ գիտակ, Մոսկվայի գրադարանային բարձրագույն կուրսերում ուսանած մասնագետ: Այդ փաստն արձանագրված էր տեղեկանքներում ու աշխատանքային գրքույկում: Ու թերևս հենց այդ հանգամանքն էր, որ նրան հնարավորություն էր ընձեռել հասնել մինչև հանրային գրադարանի վարիչի տեղակալի պաշտոնին: Մինչդեռ քննությամբ պարզվեց, որ նա ոչ միայն որևէ կրթություն չի ստացել, այլև երբևէ չի եղել Մոսկվայում…
Հասարակական այն լայն հնչեղությունը, որ ստացավ Ուռեկլյանի «գործը», առաջին հայացքից գուցե և անսովոր ու չափազանցված թվար: Սակայն մարդկանց վերաբերմունքն ուներ իր ծանրակշիռ դրդապատճառները: Երկարատև պատերազմներից, հեղափոխություններից հոգնած, ավերված, կիսաքաղց երկիրը ծայրագույն ջանքերի ու միջոցների գնով աշխարհի զանազան անկյուններից հավաքում, դեպի երկիր էր վերադարձնում իր մշակութային արժեքները, թանկագին ձեռագրերն ու մասունքները: Գիտակցաբար ու գուցե նաև մի ներքին բնազդով ժողովուրդը հասկանում էր, որ հոգևոր ժառանգության մեջ էր իր կերպի ու էության շարունակականությունը, որ չէր կարող լինել գալիքն առանց անցյալի նկատմամբ նախանձախնդիր վերաբերունքի: Եվ ահա հայտնվել էր մի խաչագող, որ օրը ցերեկով վաճառքի էր հանում այդ գանձերը, ոչնչացնում ու հողմացրիվ էր անում անգնահատելին: Վրդովմունքն անսահման էր: Ամեն քայլափոխի, իբրև օրվա կարևորագույն թեմա, մարդիկ քննարկում էին բարբարոսական արարքը, գնահատականներ տալիս, ենթադրություններ անում: Հատկապես բուռն էր մտավորականության վերաբերմունքը: Գրական հավաքույթներում, մշակութային երեկոների ժամանակ ամենքը հարկ էին համարում անպայման անդրադառնալ ու դատապարտող խոսքեր ասել այդ առնչությամբ: Զայրութի մի մասն էլ հասցեագրվում էր հանրային գրադարանի աշխատակազմին, որտեղ բացակայել էր պատշաճ հսկողությունը, ամենաթողության մթնոլորտ ստեղծվել:
Ու երբ նույն տարվա հունիսյան մի շոգ առավոտ Կարմիր Բանակի տան դահլիճում սկսվեց դատական գործընթացը, դահլիճը ծայրեծայր լի էր մարդկանցով: Շատերը նույնիսկ տեղ էին զբաղեցրել պատշգամբներում և միջանցքներում:
Դատավարությունը շարունակվեց 4 օր, և ամբողջ ընթացքում հանրությունն ուշի ուշով հետևում էր իրադարձություններին՝ սպասելով վերջնարարին:
Ուռեկլյանը առաջին իսկ պահից ջանում էր դատարանին հրամցնել այն վարկածը, թե ինքն իբր բիբլիոմանիայից դրդված և «գիտական» աշխատանքների համար էր իր տանը կուտակել հսկայական թվով եզակի գրականությունը: Այն հարցին, թե դա ի՞նչ գիտական աշխատանք էր, որ պահանջում էր հատկապես հնատիպ գրականություն, մեղադրյալը սկսեց բացատրել, թե ինքն իբր կազմում էր գրադարանային աշխատանքի ձեռնարկ, գրանիշների մատենագիտություն և դրանց զուգահեռ պատրաստվում էր գրել Ադրբեջանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև իր օրերը: Ըստ նրա պնդումների, այդ նպատակին նա նվիրել էր իր կյանքի տասը տարիները: Այս կարգի հավաստիացումներ լսող դահլիճը Ուռլեկլյանի խոսքերին արձագանքում էր զվարթ ծիծաղով ու հեգնոտ բացականչություններով:
Տեսնելով, որ այդ մարտավարությունն ակնհայտորեն ձախողվում է, մեղադրյալը փոխեց «հարվածի» ուղղությունը և սկսեց դատարանին համոզել, թե եզակի գրքերն ինքը նվեր է ստացել գրադարանի նախկին վարիչներ Ե. Թաղիանոսյանից ու Հ. Զորյանից: Վերջիններս, իբրև վկա, կտրականորեն հերքեցին այդ հորինվածքը: Առաջին իսկ դատական նիստից հետո հանրությունն առանց տարակույսի Ուռեկլյանին կնքեց «Ժամանակակից Խլեստյակով» անվամբ:
Պաշտպանությունը, կատարելով իր խնդիրը, փորձում էր հանցագործությունը ներկայացնել իբրև շարքային վնասարարություն, իսկ մեղադրյալին՝ իբրև գրքամոլ արկածախնդիր: Բայց հասարակական մեղադրող Գրիգոր Չուբարյանը, մերժելով ամեն կարգի մակերեսային որակումները, փոխեց խնդրի շեշտադրումները: Այն ժամանակների Հայաստանի լավագույն իրավագետներից մեկն ուղղակի հայտարարեց. «Մեր մերձեցումը պիտի լինի պայքարել ոչ միայն այստեղ կանգնած կոնկրետ անձնավորության, այլև այն պայմանների դեմ, որոնք արգավանդ հող են ստեղծել նման հանցագործությունների համար»: «Գրքամոլ» Ուռեկլյանին որակելով որպես «գրքատյաց», Չուբարյանը վերջինիս արարքի համար միայն մեկ անուն ուներ՝ վանդալիզմ: Դահլիճն իր համաձայնությունն արտահայտեց բուռն ծափերով:
Պարարտ հողն իսկապես առկա էր: Հարյուրավոր կազմակերպություններից ու նվիրատուներից Երևան բերված մեծ քանակությամբ գրականությունը ոչ միայն պահվում էր անմխիթար վիճակում, այլև տարրական հետևողականություն ու ուշադրություն չէր հատկացվել դրանց դասակարգմանն ու հաշվառմանը:
Դատարանի դահլիճում թվարկված բազում օրինակներից մեջբերենք միայն մեկը: Լազարյան ճեմարանի գրադարանից Հայաստան փոխադրված արկղերը բացելու ժամանակ նույնիսկ ցուցակագրում չէր կատարվել, և եթե որևէ մեկի մտքով անցներ այնտեղից ինչ-որ բան գրպանել, դա առանձնակի դժվարություն չէր ներկայացնի: Ի վերջո, հենց նույն պատճառով Ուռեկլյանի թեթև ձեռքով անհետացան Ղորղանյանի գրադարանում եղած «Կավկազսկի Վեստնիկ» հանդեսի արխիվի արժեքավոր ձեռագրերը:
Մամուլը, որն ուշի-ուշով հետևում էր դատավարությանը և պարբերաբար նյութեր հրապարակում ընթացքի մասին, հաճախակի անդրադառնում էր նաև հասարակության ներսում ծավալվող խմորումներին ու տրամադրություններին: Ահա մի բնորոշ օրինակ: «Խորհրդային Հայաստան» թերթի հունիսի 23-ի համարում թղթակիցը պատմում է, թե նիստի ընդմիջման ժամանակ ճեմասրահում ներկաներն ինչպես են քննարկում արտառոց դեպքը: Վիճաբանում են մի օրիորդ և պատմության պրոֆեսորը: Պրոֆեսորն ասում է.
«- Ես շահագրգռված եմ, որ մեր Հայաստանի Մատենադարանի հարստությունը մնա Հայաստանում:
— Ինձ թվում է, պրոֆեսոր, որ դա ազգայնական մտայնություն է:
— Ինչպե՞ս, ինչ ասացի՞ք…
— Այո, այդ նրանք էին երազում ինքնամփոփ Հայաստան: Հայաստանի հարստությունը՝ Հայաստանի համար: Իսկ մեզ՝ սոցիալիզմի ճանապարհը հարթողներիս համար, կարծում եմ, չպետք է լինի իմը-քոնը:
— Երևի Ուռեկլյանն այս սկզբունքով էլ առաջնորդվել է՝ ցանկանալով գործնականապես ապացուցել իր դավանած մարքսիզմի ուսմունքը:
— Դուք, պրոֆեսոր, սոփեստություն եք անում…»:
Ահա, այսպիսին էր ժամանակի ոգին, որ ամենապարզ ցանկությունների մեջ պատրաստ էր ազգայնականության բացիլը որոնել: Եվ իրականում սոփետությունը ոչ թե պրոֆեսորի խոսքերի մեջ էր, այլ այն գաղափարախոսության, որով վարակված էր մի ողջ կայսրություն: Խնդիրը դուրս էր հորդել մի մասնավոր դեպքի շրջանակներից և վերածվել էր համոզմունքների ու սկզբունքների անհաշտ պայքարի…
Իսկ մինչ այդ, դատավարությանը զուգընթաց, դատական կազմը փորձագետների հանձնաժողովի հետ տեղազննություն կատարեց հանրային գրադարանում: Ուռեկլյանի աշխատասենյակում, դարակներում, գրասեղանի վրա հայտնաբերվեցին բազմաթիվ թանկարժեք գրքեր, որոնք, ըստ սահմանված կարգի, հարկ էր, որ գտնվեին եզակի գրականության համար նախատեսված պահարաններում: Դրանք բոլորն էլ վնասված էին. պոկված էին գրանիշները, գրավյուրները, շապիկները: Սրանցից զատ, մեղադրյալը հավաստիացրել էր, թե անհետացած որոշ գրքեր պետք է փնտրել հենց գրադարանում: Սակայն նշվածներից և ոչ մեկը հայտնաբերել չհաջողվեց: Հանձնաժողովը միաժամանակ փաստեց, որ գրադարանի հսկայական հարստությունը մատնված է անուշադրության, և այնտեղ մի իսկական քաոս է տիրում:
Հետաքրքրական մի փաստ է նաև այն, որ դատին իբրև դատարանի անդամ մասնակցել է մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը: Ահա մի հատված նրա և Ուռեկլյանի երկխոսությունից: Այն բանից հետո, երբ մեղադրյալը դատարանին ասում է, թե ինքը չէր պատրաստվում վաճառել Բենկենդորֆին պատկանող մի ձեռագիր, այլ ընդամենը ցանկացել էր պարծենալ, Աճառյանը հարցնում է.
— Եթե Դուք իսկապես սոսկ ցանկանում էիք պարծենալ, ինչու՞ չէիք ասում, թե ունեմ Պետրոս Մեծի, Նապոլեոնի կամ Տրդատ թագավորի նամակները, չէ՞ որ դրանք ավելի հարմար էին պարծենալու համար: Ինչու՞ հիշում էիք հատկապես այնպիսի նյութեր, որոնք կային հանրային գրադարանում:
— Այդ նյութերը գտնվում էին ինձ մոտ, և ես նրանց տպավորության տակ էի:
— Արդյոք դուք որևէ հույսեր կապու՞մ էիք այդ նյութերի հետ:
Մեղադրյալը չի պատասխանում:
Սակայն միայն այս կարգի հարցերը չէ, որ մնում էին անպատասխան: Ի վերջո, Ուռեկլյանը հասկացել էր, որ իր մեղքն ապացուցելն այլևս որևէ դժվարություն չէր ներկայացնելու: Բայց արդյո՞ք, պատժելով մեկին, իսպառ ջնջվում էր վտանգի հետքը: Ո՞վ երաշխիքներ պիտի տար, որ վաղը չէին հայտնվելու նոր ուռեկլյաններ:
Հավանաբար այս մտահոգությունն էր պատճառը, որ Գերագույն դատարանի նախագահ Խարմանդարյանը մինչ դատավճռի ընթերցումը հարկ համարեց հայտարարել. «…Դատավարությունն ակնհայտ կերպով ապացուցեց, որ Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող կուլտուրական մի այնպիսի հարստության վրա, ինչպիսին հանդիսանում է հանրային գրադարանը, պատշաճ ուշադրություն չեն դարձրել մեր կուլտուրական լուսավորական հիմնարկները և կազմակերպությունները: Մեծ մասամբ այդ կարելի է ասել նաև հանրային գրադարանի վարչության մասին: Այդ հանգամանքն ապացուցվում է այն փաստով, որ մինչև այժմ լրիվ ինվենտարիզացիայի չեն ենթարկվել գրադարանում պահվող գրքերն ու դոկումենտները, չնայած գրադարանն ունի մոտ կես միլիոն հատոր գիրք և ամեն տարի ստացվում են 50-70 հազար նոր հրատարակություններ: Գրադարանի վարչության մոտ կատարելապես բացակայել է իրեն հանձնված հարստության պահպանման գիտակցությունը…»:
Իսկ ինչ վերաբերում է մեր հերոսի տխուր ճակատագրին, ապա հետևանքների մասին կռահելն այլևս դժվար չէր: Դատավարության չորրորդ օրը, գիշերվա ժամը 1-ին, դարձյալ լեփ-լեցուն դահլիճում, հրապարակվեց մեղադրական եզրակացությունը: Դատավճռի ընդարձակ շարադրանքն ավարտվում էր այսպես. «…Մեղադրյալ Լևոն Ուռեկլյանին ճանաչել հանցավոր ըստ քր. օր. 135 հոդվածի, ըստ որում նա սիստեմատիկաբար ի չարը գործ դնելով իր պաշտոնը և այն վստահությունը, որ ցույց է տրված եղել իր հանդեպ՝ շահադիտական նպատակով կատարել է մի շարք վնասակար գործողություններ, պատճառելով հանրային գրադարանին անփոխարինելի կորուստներ: Այդ հանցավոր արարքների համար ենթարկել նրան սոցիալական պաշտպանության միջոցի՝ ազատազրկման 7 տարի ժամկետով, խիստ մեկուսացմամբ և զրկելով նրան բոլոր տիպի գրադարաններում պաշտոնավորելու իրավունքից 5 տարի ժամանակով…»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: