Tag Archives: աղոթք

ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՂՈԹՔԸ

23 Ապր

Տեր, օրերդ լուսաշող են և գունագեղ, դրախտներդ` անհուն, երգերդ` քաղցրագին, արևներդ` ալեկոծ…
Քու Անունիդ արձագանքը, Արարիչ, կսարսռա Աստղե Աստղ, Երկինքե Երկինք, Ծավալե Ծավալ…
Տիեզերական երկրպագություն մը կխոնարհի քո Տաճարիդ եթերային բյուրեղներուն առջև…
Տեր, ահա իմ հոգին, ահա իմ սիրտը ու ահա իմ թևերը բաց` քու Կամքիդ, քու Բանիդ ու քո աստվածային Լռության առջև…
Կերկրպագեմ քեզի հավատքով ու երկյուղածությամբ, ահա համբույրներս կհասնին քու ոտքերուդ:
Տեր, իմ բարկությունս կարտասվե քու առջև, վասնզի իմ եղբայրներս աչքեր ունին ու չեն տեսներ, ուղեղ ունին ու չեն խորհիր:
Արտասվագին կպաղատեմ, Տեր, որ իսպառ հեռացնես կուրությունը իմ նմաններուս հոգևոր խավար ընդերքեն:
Կբանամ աչքերս ու թևերս, կըմպեմ ու կգրկեմ լույսերդ, ու բուրումներդ, բայց իմ եղբայրներս վրաս կծիծաղին, կհեգնեն իմ հափշտակությունը, կհեգնեն իմ վերընծայումը, կհեգնեն խրախճանքը տիեզերական խորհուրդին:
Բաց աչքերը, Արարիչ, իմ եղբայրներուս, քու ստեղծած թշվառ արարածներուդ, որոնք կխարխափին լույսի մեջ իրենց խավարի տիրապետության տակ:
Բաց աչքերը անոնց, Տեր, որպեսզի քեզ փառաբանեն, քեզի բարձրանան:
Մենք բոլորս միասին կբաղձանք հասնիլ, միասին կբաղձանք մեր երգը հյուսել և ողջակեզը, որ պիտի վառենք քու տիեզերքիդ ուրախությանը ի նվեր` կբաղձանք, որ միասին հավատանք և միասին այրենք:
Խուլ են իմ եղբայրներուս շատերին ականջները:
Տիեզերական համանվագը անծանոթ կմնա անոնցմե շատերու հոգիներուն համար:
Բաց ականջները, Տեր, իմ եղբայրներուն:
Ես կբաղձամ, որ բոլորը տեսնեն և բոլորը լսեն, ահա, թե ինչու ես չեմ մասնակցիր քու երաժշտության, ինչու իմ երգերը չեմ խառներ քու հանդիսավոր բանաստեղծության:
Իմ եղբայրները կույր են և խուլ:
Տեր, մասնակից ըրե զանոնք ալ ընդհանուր լույսի, թրթռումի և սարսուռի խրախճանքին:
Մեծ առավոտները և մեծ իրիկունները կուգան ու կանցնին:
Տեր, ինչու՞ կզրկես իմ եղբայրներս շողի ու շռայլի ծովեն…
Ինչու՞, Տեր, Ինչու՞…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ9041

ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

8 Օգս

Ես հասկանում էի նախասկզբնական էությունը` այդ կյանքի ճիչը, մարդու ճիչը վեր կարկառած ձեռքերով, որ խոսում է հավիտենական փափագի մասին ինքնահաստատման, սեփական ճակատագիրը թեթևացնելու, տիեզերքի անծայրածիր տարածքում հենակետ գտնելու ողբերգական հույսով, թե իրենից դուրս գոյություն ունեն ինչ-որ երկնային ուժեր, որ կօգնեն իրեն դրանում: Հոյակապ մոլորություն: Օ, որքան մեծ է մարդու ձգտումը լսելի լինելու վերևում: Եվ որքան եռանդ, որքան միտք է դրել նա հավաստիացումների, զղջումների, փառաբանությունների մեջ`  հարկադրելով իրեն հանուն դրա հնազանդության, խոնարհության, հեզության` հակառակ իր ընդվզող արյան, հակառակ մշտապես խռովության, նորության և ժխտման տենչող իր տարերքի: Օ, որքան  դժվար ու տառապալից էր դա նրան հաջողվում: Ռիգվեդա, սաղմոսներ, նզովքներ, հիմներ, շամանություն: Եվ դարերի ընթացքում այնքան անվերջանալի աղերսանք ու աղոթքներ են ասվել, որ եթե դրանք լինեին նյութեղեն, վաղուց հեղեղած պետք է լինեին ամբողջ աշխարհը ափերից ելած դառնաղի օվկիանոսների նման: Որքան դժվար է ծնվել մարդու մեջ մարդկայինը…

«Կռափնարան» վեպից

aytmatov

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

30 Մրտ

ԱՂՈԹՔ

Տեր կիրակիների, փորձիր Տերը լինել նաև երկուշաբթիների և բոլոր այն տխուր օրերի, որ պատահում են Երկրագնդի վրա:
Տեր հարուստների և բախտավորների, փորձիր, թե կարող ես, լինել նաև Տերը նրանց, ովքեր չունեն ոչինչ, նաև նրանց, ովքեր վախենում ու տառապում են, նաև նրանց, ովքեր չարչարվում ու տառապում են, նաև նրանց, ովքեր աշխատում են, աշխատում են ու աշխատում… ու տառապում են, տառապում են ու տառապում:
Տեր սիրալիրների և բարիների, փորձիր, թե ուզում ես, Տերը լինել նաև նրանց, ովքեր չար են ու դաժան, քանզի չգիտեն` ինչպես պաշտպանվեն մեր այս աշխարհում:
Տեր եկեղեցիների և սրբերի, Տեր միանձնուհիների ու քահանաների, փորձիր, թե հավատում ես, Տերը լինել նաև բակերի, գործարանների, պոռնիկների ու գողերի:
Տեր, Տեր հաղթանակածների, փորձիր, եթե կաս, Տերը լինել նաև պարտվածների:
Ամեն:

Թարգմ. Գ. Բաղդասարյան

ԱՆԴՐԵՅ ԼՈՊԱՆ

27 Սպտ

ԾԱՂՐԱԾՈՒԻ ԱՂՈԹՔԸ

Որպեսզի կյանքս հոսի ինչպես ջուրն ավազի միջով
Եվ որպեսզի ձեզ զվարճացնեմ,
Ես կպատվիրեմ տիեզերական կրակներ վառել
Կյանքիս վարագույրն իջնելուց առաջ,
Երբ պիտի հանգչեմ:

Ամեն քրքիջի ու ծաղրի վրա
Թող երկինքը մութ ահեղ կայծակի,
Եվ հենց իմ խոսքով` իմ շուրթից թռած,
Նրա, որ վաղը կլռի-կանցնի:

Կուզեմ ես անհետ կորչել ամպերում,
Կեղծ մտքի բեռը նետել մթան մեջ,
Նա, որ միշտ երկչոտ իր տուրքն էր բերում
Իմ ծառայության դիմաց սնամեջ:

Նրա հետ մեկտեղ թող ինձ էլ այրի
Կայծակե շաչուն օձը երկնաճեմ,
Եվ թող անեծքը վերանա ինձնից
Գոնե այն պահին, երբ պիտի հանգչեմ:

ԱՐԴԱՐԱԲԱՐ

24 Փտր

Եկեղեցում մի մարդ ծունկի էր եկել ու երկյուղածությամբ աղոթում էր: Մեկը մոտեցավ նրան ու հարցրեց.
— Դե, ինչպե՞ս է, օգնու՞մ է:
— Ի՞նչը,- հարցրեց հավատացյալը:
— Աղոթելը:
— Աղոթելն օգնում է, իսկ Աստված՝ ոչ,- պատասխանեց ծնրադիր մարդն ու հետաքրքրվեց:- Իսկ քե՞զ:
— Իսկ ինձ հավանաբար Աստված է օգնում, քանի որ աղոթել չգիտեմ:
Եվ սա է նաև արդարաբարը, քանի որ սա է արդարաբարը:

Հովիկ Չարխչյան

 

ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ

16 Հկտ

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը: