Tag Archives: Աղդամ

Պատի այս ու այն կողմը

17 Հկտ

Պատերը կամ պարիսպները լինում են երկու տիպի՝ կենցաղային նշանակության և քաղաքական նկատառումներով կառուցված: Կենցաղային է այն պարսպապատը, որ մարդը կառուցում է իր տունն ու տարածքը մյուսներից տարանջատելու համար: Քաղաքական նշանակությամբ պարիսպների օրինակները նույնպես քիչ չեն՝ Չինական մեծ պարսպից մինչ Բեռլինի պատը կամ այն ամրությունները, որոնք Իսրայելն այսօր կառուցում է Եգիպտոսի ու Պաղեստինի հետ սահմանագծին, կամ այն պատը, որ Հունաստանը ցանկանում էր շարել Թուրքիայի սահմանի երկայնքով, կամ այն քարե բաժանարարը, որ Կիպրոս կղզին կիսել է երկու մասի և այլն: Իսկ հիմա պարզվում է, որ ադրբեջանցիները նույնպես որոշել են իրենց անջնջելի հետքը թողնել պատմության մեջ ու պատ են կառուցում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով:
Ադրբեջանն իր պետական միջոցների հաշվին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանին սահմանակից Թարթառի և Գերանբոյի տարածքներում, Աղդամի Օրթա Քյարվենդ ու Չըրաղլի գյուղերի շուրջ 3 մետր բարձրությամբ և մոտ 3 կիլոմետր երկարությամբ մի պատ է պատրաստվում հիմնել, որը, ըստ ադրբեջանցիների, նպատակ ունի պաշտպանել սահմանամերձ շրջանի բնակիչներին «հակառակորդի կրակոցներից»։ Տեղեկություններ կան, որ դրա 700 մետրն արդեն պատրաստ է։ Համացանցում նույնիսկ տարածվեցին պատի մի քանի լուսանկարներ, այնուհետև գրվեց, թե «դարի կառույցը» վերջնական տեսքում կունենա 15 կիլոմետր երկարություն: «Պատի կառուցումը կապահովի խաղաղ բնակչության անվտագնությունը, հնարավորություն կտա մարդկանց վերադառնալ իրենց տները: Դա մեծ խնդիր է: Գյուղի 78 տներից 24-ում ոչ ոք չի ապրում, քանի որ այն մշտապես գնդակոծվում է: Իսկ եթե պաշտպանություն լինի գնդակներից, մարդիկ կկարողանան այնտեղ ապրել»,-հայտարարեց Աղդամի Չրաղլի գյուղի գյուղապետ Գաբիլ Աբբասովը: Մի խոսքով, հասարակությունը խրախուսում է իշխանության խորիմաստ նախաձեռնությունը, երկար կյանք ու արևշատություն է մաղթում նրա հանրօգուտ գործերին:
Իհարկե, Ադրբեջանում տեղյակ են, որ «հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» պատ կառուցելու գաղափարն այդ երկրում քննարկվում էր դեռև 2006 թվականից: Սակայն հազիվ թե իմանան, որ իրականության մեջ նշված գյուղերի բնակելի հատվածքները գործնականում անհասանելի են հայ դիպուկահարների համար։ Սա այն հատվածն է, ուր հայ-ադրբեջանական դիրքերը գտնվում են հարթավայրային հատվածում, մեր դիրքերից երևում են նրանց միայն մի քանի բնակելի շինություններ, որտեղ, հենց ադրբեջանցիների վկայությամբ, մարդիկ չեն ապրում, իսկ դեռևս խորհրդային ժամանակներից այդտեղ տնկված բարդիների խիտ պուրակը բնական պատնեշի դեր է կատարում: Սակայն էլ ավելի էական է այն փաստը, որ պատը կառուցվում է Ադրբեջանի բանակի առաջապահ ուժերի թիկունքում, և ստացվում է, որ պարիսպ անցկացնելու գաղափարի հեղինակները ոչ մի հույս չեն ունեցել, թե բանակն ընդունակ է հարկ եղածի պես պաշտպանել իրենց:
Ահա այս հակասությունները հաշվի առնելով և արձանագրելով այն իրողությունը, որ պատի կառուցումը որևէ գործնական նշանակություն չունի, թույլ են տալիս մեծ համոզվածությամբ պնդել, որ դրա կառուցման դիտավորությունները ոչ թե երկակի են, ինչպես կարծում են շատերը, այլ բացառապես արվում են քարոզչական նպատակներով։ Իսկ նպատակը շատ պարզ է. Հայաստանին ներկայացնել մի պետություն, որը կրակում է խաղաղ բնակչության վրա, հետևաբար ագրեսոր է: «Չի բացառվում, որ Ադրբեջան ժամանած պատվիրակությունների այցի արարողակարգի մեջ մտցնեն նաև այդ պատը՝ ցույց տալու համար, թե, տեսեք, ինչ սարսափելի դաժան ու սադիստ սեպարատիստներ են այն կողմում, որոնք օր ու գիշեր զբաղված են խաղաղ բնակիչներ ոչնչացնելով»,- վաղվա օրը կանխատեսելու ճարտարությամբ աչքի ընկան ոմանք և գուցե թե այնքան էլ չսխալվեցին:
Միայն թե, հրապուրված իրենց հետին մտքերով, մեր հարևանները ճակատագրական մի սխալ են գործել, որը չի հատուցվի ոչ մի քարոզչությամբ: Ի վերջո ի՞նչ է նշանակում այդ պատը: Դա ոչ միայն ամրություն է, պաշտպանական վահան կամ քողարկվելու միջոց: Առաջին հերթին դա սահմանագծի առարկայական ամրագրումն է: Այսուհետ մարդկանց ընկալումների և գիտակցության մեջ պիտի դրոշմվի այն փաստը, որ այս պատով ավարտվում է Ադրբեջանը և սկսում է Լեռնային Ղարաբաղը: Ուրեմն, մնաս բարով, շփման կամ ճակատային գիծ հասկացություն: Արդեն կա ԼՂՀ պետական սահմանը և այն ամրագրեց ոչ այլ ոք, քան հենց Ադրբեջանը: Պատ կառուցելով Բաքուն դե ֆակտո ճանաչեց Ղարաբաղը և նրան ենթակա տարածքները: Իսկ այսպիսի անմիջականությանն ու անկեղծ մոտեցմանը մենք կողմ ենք երկու ձեռքով, նույնիսկ պատրաստ ենք ինքներս մի-մի քար առած գնալ և օգնել նրանց՝ պարսպի շինարարությունը ժամկետից շուտ ավարտելու համար:
Վերադառնալով այն հարցին, թե նման անհեթեթ նախաձեռնությունը որքանո՞վ կարող է նպաստել անվտանգության ապահովմանը, ապա առաջին հերթին նկատենք, որ ներկա ռազմական ներուժի ու միջոցների գործադրման պարագայում այսօրինակ շինությունը թղթե տնակի պես կխորտակվի առաջին իսկ «հպման» դեպքում: Բայց քանի դեռ որևէ մեկը ցանկություն չունի արկեր արձակել նշված ուղղությամբ, ապա մեզ մնում է միայն ասել, որ հավասարապես կասկածելի հեռանկար է, թե որ որևէ պատ կարող է լուծել դիպուկահարների հարցը։ Ընդհակառակը, եթե այդ պարիսպը կառուցվելու է դզոտների սկզբունքով, որոնցում դիրքավորվելու են դիպուկահարները, ապա այն նույնիսկ հավելյալ դժվարություններ կստեղծի:
Այսքան չարչարանքի, ծախսերի ու աշխատանքի փոխարեն հայկական կողմը հակառակորդին հորդորել էր առաջնորդվել շատ ավելի արդյունավետ միջոցով, որն, ի դեպ, առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վերջիններիս պահանջը մեկն էր՝ դիպուկահարներին հեռացնել սահմանագծից։ Հայկական կողմն ընդունել էր այդ առաջարկը, իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել էր. «Դա չի լուծի խնդիրը, ավելի լավ է հայերը հեռանան մեր հողից»։ Բայց քանի որ հայերը ոչ հեռանալու ցանկություն ունեն և ոչ էլ պատրաստվում են անպաշտպան թողնել սահմանը, մեզ մնում է միայն խրախուսել ադրբեջանցիների ծրագիրը և պատի այս կողմից հիշեցնել, որ իրենք նավթադոլարներ շատ ունեն, ու եթե ցանկանում են պատ կառուցել, թող այդպես էլ լինի:
Ադրբեջանական մեծ պատը գրավել է նաև օտարների ուշադրությունը: «Նեզավիսիմայա գազետա» թերթն այս առիթով գրեց. «Պատ, իհարկե, կարելի է կառուցել, բայց ոչ Չինական Մեծ պատը, ոչ Բեռլինյանը, ոչ էլ նույնիսկ Սակսայուամանն ու մյուսները, վերջին հաշվով, չեն դիմացել ժամանակի փորձությանը»: Իսկ հետո թերթը հավելել էր ամենաէականը: Այն գրել էր, որ ադրբեջանական պատը երկու ժողովուրդների հարաբերությունների ամենից դիպուկ խորհրդանիշն է: «Առանց պատերի» Եվրոպա ձգտող Բաքվի համար նման հիշեցումը երբեք էլ ավելորդ չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հեռանկարն` առանց գունազարդման

20 Հնվ

Եթե փորձենք հնարավորինս հակիրճ ձևակերպել տրամադրությունների այն պաշարը, որ ներկա պահին առկա է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ապա կարող ենք արձանագրել, որ նախ և առաջ դրա հետ շաղկապվում են երեք մեծ դժգոհություններ: Առաջին դժգոհությունը վերաբերում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, ինչը նախորդ տարում աննախադեպ էր` իր ամենատարբեր դրսեւորումներով` շփման գծում սադրանքների հրահրում, հրադադարի ռեժիմի խախտման հարյուրավոր դեպքեր, իրավիճակի ապակայունացում, հիմնահարցը ավանդական դաշտից այլ հարթակներ տեղափոխելու կասկածելի փորձեր:
Երկրորդ դժգոհությունը հասցեագրվում է միջնորդներին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի գործունեության բնորոշման համար այժմ ավելի հարմար որակում չկա, քան «փսևդո-առաքելությունը», իսկ դրա հետևանքը շատերը նմանեցնում են մի ճահճի, որը ոչ միայն տեղաշարժ չի ապրում, այլև իր տիղմի մեջ է ներքաշում ողջ գործընթացի հեռանկարի հույսը:
Երրորդ դժգոհությունն արդեն վերաբերում է մեր իշխանություններին: Որքան էլ վերջիններս խոսեն գործադրված ջանքերի, զանազան ձեռքբերումների և առաջընթացների մասին, իրականությունը լիովին թույլ է տալիս պնդելու, որ դրանք կրում էին իմիտացիոն բնույթ, հակամարտության կողմ հանդիսացող երկրների ղեկավարների հանդիպումները ձևական էին, իսկ որոշակի տեղաշարժի մասին խոսելը պարզապես ինքնախաբկանք է: Այս առումով հավասարապես անհասկանալի է, թե ինչպես են մեր դիվանագետները շարունակում պնդել, որ իբրև թե այսօր միջազգային հանրության ու հայկական կողմի դիրքորոշումները ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ համընկնում են: «Միջազգային հանրությունն ասում է, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկ ամբողջություն են ու չեն կարող առանձնացվել: Նույն բանն ասում է հայկական կողմը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում: Բաքուն ասում է. «Եթե այս, ուրեմն այն, եթե ոչ այս, ուրեմն ոչ այն, և այդպես շարունակ»,- փորձում է արդարանալ ԱԳ նախարար Նալբանդյանը` շրջանցելով այն կարևոր հանգամանքը, որ համակարծիք հանրությունը իրականում լուրջ տարակարծություններ ունի կարգավորման միջոցների ու ձևերի հարցում և մշտապես առաջնորդվելու է ոչ թե հայկական, այլ սեփական շահերով: Իսկ մի վրիպումն իր ետևից բերում է նաև հաջորդ սխալը: Մասնավորապես այնքան էլ միանշանակ չի ընդունվում պաշտոնական Երևանի այն պնդումը, թե հայկական կողմի համար բանակցային ձևաչափի փոփոխությունն անթույլատրելի է:
Բայց ոչ պակաս տագնապալի է հետզհետե գերիշխող այն մտայնությունը, համաձայն որի ղարաբաղյան տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությունը նվազել է: Սովորաբար այդ միտքը պնդելիս վկայակոչում են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովը` դրան վերապահելով հաջողության դափնին: Ասվում է, թե գագաթաժողովի մասնակից երկրները հաստատեցին իրենց դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ` մոռացության տալով փաստը, որ Ադրբեջանը շարունակել ու շարունակելու է ավելացնել ոչ միայն իր ռազմատենչ հռետորաբանությունը, այլև սպառազինվելու տեմպերը:
Ի դեպ, դատողությունների նման անհամապատասխանությունն այժմ կարելի է հանդիպել շատերի խոսքում: Չժխտելով, որ Ադրբեջանն այս տարի ակտիվացնելու է իր գործողություննները, նույն պահին էլ առաջ է մղվում այն համոզմունքը, թե այդ երկիրը մոտակա մեկ տարում պատերազմական գործողությունների հաստատ չի դիմի։ Կամ ասվում է, որ այս տարի ակնկալվում են աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի գործընթացներ, որոնք իրենց անդրադարձը կունենան ղարաբաղյան հարցի կարգավորման ժամկետների ու ուղիների ճշտման վրա, սակայն անմիջապես հաջորդում է հետևությունը, որը կարգավորման գործընթացը դանդաղ է լինելու՝ միտված առկա իրավիճակի զսպմանը և որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում ղարաբաղյան հարցը չի կարգավորվելու:
Եթե նույնիսկ ընդունենք այն տեսակետը, ըստ որի Բաքվի ռազմատենչ պահվածքը սոսկ գործիք է արտաքին ու ներքին լսարանի համար, և Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն հաշվարկել է, որ «ռազմական շանտաժը» կարող է իր ազդեցությունն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության դիրքորոշումների վրա, սա վերստին ծանրակշիռ ապացույց լինել չի կարող այն բանի համար, որ ադրբեջանցիները կհրաժարվեն ակտիվ գործողություններից:
Բոլորովին վերջերս այդ երկրի մամուլում նույնիսկ հրապարակվեցին պատերազմական սցենարի հնարավոր տարբերակները: Համաձայն այդ ծրագրի, հաշվի առնելով քանակական առավելությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական բանակը կհարվածի 3 ուղղություններով: Առաջինը կլինի Իրանի հետ սահմանի երկայնքով: Երկրորդ ուղղությունը կարող է լինել Աղդամով` դեպի Խոջալու, Ասկերան և Ստեփանակերտ: Եվս մի հարված էլ կնախատեսվի հյուսիսից`Մարտակերտից դեպի Քելբաջար:
Հասկանալի է, որ սա ընդամենը վարկած է և առայժմ ոչ մի հիմք չունեցող մտքի խաղ: Հասկանալի է նաև, որ Հայաստանն այնքան էլ անօգնական ու անպատրաստ վիճակում չէ, որպեսզի հեշտությամբ թույլ տա Բաքվի երազած «կայծակնային պատերազմը»: Այդ իմաստով նույնիսկ ամերիկացի փորձագետները չեն կիսում ադրբեջանցի ստրատեգների ոգևորությունը: Նրանց կարծիքով, չնայած Ադրբեջանի խոշորածավալ ռազմական բյուջեին, Բաքվի կարողությունները համարժեք չեն Հայաստանի հնարավորություններին, և Ադրբեջանը նախնական հարձակողական հարվածից հետո ամենայն հավանականությամբ պարտություն կկրի, եթե, իհարկե, չսահմանափակվի նեղ ճակատով հարձակմամբ (թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողությունները որոշակի նեղ ճակատամարտով իրականացվեն)»:
Նկատենք, որ իրենց վերլուծությամբ ամերիկացիները փաստորեն չեն ժխտում պատերազմի սկսման հավանականությունը, այլ ընդամենը խոսում են դրա հետևանքների մասին, ինչը հերթական անգամ ապացուցում է մեր հանգստության ու ինքնավստահության ավելցուկի մասին: Մինչդեռ պետք էր սպասել ճիշտ հակառակը: Քանի դեռ բացակայում է քաղաքական լուծման ռեալ հնարավորությունը, ռազմական ճանապարհը շարունակում է մնալ օրակարգում: Իսկ ներկա պահին հազիվ թե գտնվի որևէ լուրջ հիմնավորում կամ փաստարկ հօգուտ այն բանի, որ խաղաղ բանակցություններով խնդիրը կարգավորելու շանսերը ավելին են: Հենց այս կետում է, որ սպառվում է լավատեսությունը և վարդագույն ակնոցներն իրենց տեղն են զիջում հավաստի տեսողությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: