Tag Archives: ԱՀԿ

Վրաստանը նահանջեց և ասաց, թե հաղթել է

10 Նյմ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին Ժնևում Ռուսաստանն ու Վրաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի միանալու մասին համաձայնագիր են ստորագրել: Մի փոքր դժվար է պատկերացնել այդ երկու երկրներին՝ ինչ-որ խնդրի շուրջ համաձայնության գալու կարգավիճակում, սակայն փաստը մնում է փաստ: Դեռ նախօրեին ռուսական կողմը պաշտոնական Թբիլիսիին իրազեկել էր, որ համաձայն է կնքել պայմանագիր, որի պայմանները մշակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ, և այժմ դժվարին ճանապարհի վերջին կանգառը հուսախաբ չարեց նրանց: Սպասվում է, որ Ռուսաստանի ԱՀԿ մտնելու գործընթացը կարող է ավարտվել արդեն այս տարվա դեկտեմբերի 15-ին, եթե, իհարկե, հանկարծ ի հայտ չգան նոր դժվարություններ և նոր դժգոհներ: Վաղը աշխատանքային խումբը պետք է որոշում կայացնի ՌԴ-ի՝ ԱՀԿ-ին միանալու մասին, այնուհետև այն կներկայացվի ԱՀԿ անդամ երկրների նախարարական դեկտեմբերյան հանդիպմանը:
Փաստացի Վրաստանն ԱՀԿ-ի վերջին անդամն էր, որի հետ Ռուսաստանը պետք է համաձայնություն ձեռք բերեր՝ կազմակերպության դռնից ներս անցնելու համար: ԱՀԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի «վետո» դնել նոր մասնակցի ընդունման վերաբերյալ քվեարկության վրա։ Եվ այդ իմաստով շատ դժվար է Ռուսաստանին համարել հաջողակ կողմ, քանի որ վերջինս 18 տարի շարունակ բանակցություններ էր վարում ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ, ինչի համար անհրաժեշտ էր ԱՀԿ 153 անդամ երկրների համաձայնությունը: Ու եթե Մոսկվան կարողացավ լուծել իր հանգուցային առևտրական գործընկերների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ առկա գրեթե բոլոր խնդիրները, ապա Վրաստանի հետ կապված հարցը շարունակում էր կոկորդում խրված ոսկոր մնալ: Իրար հաջորդող բանակցային փուլերը ձախողվում էին մեկը մյուսի ետևից, և միայն անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վրացիները վերջապես համաձայնել են շվեյցարացի միջնորդների պատրաստած պայմանագրի վերջնական նախագծի հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ փակ էր, քանի որ 2008 թ. դեպքերից հետո Վրաստանը կանգնեցրել էր այդ գործընթացը: Պատերազմի աղետալի ավարտից հետո Թբիլիսին բոլոր ուղղություններով գրոհում էր Մոսկվայի վրա՝ ջանալով անել այն, ինչը նրան չէր հաջողվել մարտադաշտում: Այսօր դժվար է վերհիշել գոնե մի դեպք, երբ միջազգային ասպարեզում այդ երկու երկրները հանդես բերեին ներդաշնակ դիրքորոշում: Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը այն կառույցների թվում էր, որտեղ վրացիները կարող էին մի առ ժամանակ «մուկնուկատու» խաղալ՝ Արևմուտքի լուռ համաձայնության ու խրախուսիչ հայացքների ներքո:
Ի՞նչ էին պահանջում վրացիներն այս անգամ: Նրանք ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության կարևորագույն պայման էին համարում Վրաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի (Վրաստանը դրանք դեռ իր տարածքի մի մասն է համարում) մաքսային անցակետերի վերահսկողությունը: Թբիլիսին պնդում էր, որ իր ներկայացուցիչները պիտի մասնակցեն այդ շրջաններում առևտրաշրջանառության մասին տվյալների աուդիտին։ Արդյունքում կողմերը հանգեցին «ոչ ինձ, ոչ քեզ» տարբերակին, այսինքն պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ աուդիտին անկախ ընկերությունները կներգրավվեն, որոնք այնուհետև այդ տվյալները ԱՀԿ–ի տվյալների բազա կփոխանցեն։ Վրացական կողմը դժգոհում էր, թե 1990-ական թվականներից ի վեր իրենք ոչինչ չեն իմացել այդ երկու հատվածներով բեռների տեղաշարժի մասին։ Այն բանից հետո, երբ Թբիլիսին միջազգային հանրությանը զգուշացրեց, որ պահանջները չեն փոխվելու, դա փաստացի հաշվի առնվեց։ Ռուսական կողմն իր հերթին մշտապես հրաժարվում էր բեռների տեղաշարժի վերահսկողությունից, սակայն այնտեղ ևս գիտակցեցին, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Փոխզիջման գնալը դառնում էր անխուսափելի:
Սակայն սա, ինչ խոսք, հարցի տեխնիկական կողմն էր, թեև բոլորն էլ հրաշալի հասկանում էին, որ խոչընդոտներ հարուցելու դրդապատճառներն ամենևին էլ դրանք չեն, և հարցերի պատասխանները պետք է գտնել քաղաքական հարթության վրա: Մոսկվայի վրա ճնշման լծակներ գործադրելու մարտավարության բեմադրիչն այս դեպքում էր Արևմուտքն էր, ու որքան էլ Թբիլիսին համոզի, թե խաղում էր սեփական խաղը, այդ պնդումներին հավատ ընծայողների թիվը միշտ էլ փոքր է լինելու:
Իհարկե, արտաքուստ կար այն տպավորությունը, թե իբր Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները փորձում են համուզել Վրաստանին՝ չարգելակել Ռուսաստանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Բայց ամեն ինչ իր գինն ուներ: Եվ երբ մեկ ամիս առաջ Վրաստանին հասցեագրված նամակում ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին նշեց, որ կազմակերպության անդամները «սեփական քմահաճույքներից ելնելով» չպետք է պահպանեն ՌԴ անդամակցության արգելքը, սա ազդանշան էր այն մասին, որ ներկայացումը մոտենում է ավարտին: Հանդիսատեսին վերջին տեսարան էր անհրաժեշտ:
Երեկ ձեռք բերված համաձայնությունից հետո այսօր արդեն վիճաբանող կողմերը կարող են ազատություն տալ իրենց հույցերին և ասել այն ամենը, ինչ կարելի է ասել: Օրինակ, Վրաստանի փոխարտգործնախարար, ԱՀԿ-ի բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավար Սերգի Կապանաձեն հայտարարում է. «Մեզ համար շատ կարևոր է այդ համաձայնագրի կնքումը, որով վրացական ու ռուսական կողմերն ավարտեցին բանակցությունները։ Առաջին անգամ միջազգային մոնիտորինգ է հաստատվելու միջազգայնորեն ճանաչված ռուս-վրացական սահմանին»։ Իսկ նրա ղեկավարը՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իրեն է վերապահում գլխավոր գնահատողի դերը՝ երեկվա պայմանավորվածությունը որակելով որպես Վրաստանի դիվանագիտական խոշոր հաղթանակ: «Մեզ համար գլխավորն այն է, որ մենք կարող ենք Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընկած երեք առևտրային միջանցքներով վերահսկել բեռների տեղաշարժը»,- կարծում է Սահակաշվիլին:
Ռուսաստանն իր հերթին իրեն պարտված կողմ չի համարում: Ընդհակառակն, Մոսկվայում կարծում են, որ համաձայնագիրը հիմնված է ռուսական կողմից առաջարկված հայեցակարգի վրա և այն ռուսական դիրքորոշման շրջանակներից դուրս չէ: Իսկ որ ամենակարևորն է՝ դա համապատասխանում է տարածաշրջանում գերիշխող իրողություններին: Սրա հետ մեկտեղ ավելորդ չէ նշել նաև, որ Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը առ այսօր միակ երկիրն է, որը դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ: Իսկ այսպիսի տպավորիչ ցուցանիշների հեռանկարի դեպքում թե Արևմուտքի և թե Ռուսաստանի համար հազիվ թե էական լինի բարոյական հաղթանակ տոնելու վրացական ցնծությունը: Ի վերջո, ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Առանց քաղաքականացման անհնար է

26 Ապր

Ռուսներն ու վրացիները ևս մեկ անգամ ստիպված կլինեն խաչել իրենց սրերը, այս անգամ` Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որտեղ ապրիլի 28-ին կայանալու է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու հարցերով Վրաստանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Առաջինը կայացել էր այս տարվա մարտի սկզբին, նույն վայրում, որն ավարտվեց անարդյունք, քանի որ եթե Ռուսաստանը Վրաստանից պահանջում էր վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց ձեռնարկել ոչ թե իր, այլ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ապա վրացիները վերահսկողություն էին պահանջում նշված անցակետերի նկատմամբ, դրանք համարում «օկուպացված»` անկախ այն բանից, որ ըստ ռուսների, մաքսակետերի պատկանելիության հարցը Վրաստանի հետ առնչություն չունի:
Բեռն մեկնելու նախօրեին Վրաստանի արտգործնախարար Վաշաձեն էլ ավելի սրեց առանց այդ էլ լարված մթնոլորտը` հայտարարելով, թե իրենց այս անգամ էլ բանակցությունների սեղանի մոտ են նստելու, որպեսզի «Ռուսաստանի պատվիրակության հետ համատեղ փոխընդունելի ելք գտնենք իրավաբանական այն մղձավանջից, որը Մոսկվան ստեղծեց Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը ճանաչելու իր չմտածված, հապճեպ, հուզական ու հիմար որոշմամբ»: Խնդրի նման քաղաքականացումն արդեն իսկ պիտի հուշի հնարավոր ելքի մասին, թեև, որքան էլ տարօրինակ է, նույն վրացիներն անմիջապես լրացնում են, որ իրենք գործին չվերաբերող քաղաքական, ռազմական ու այլ թեմաներ բանակցությունների սեղանին չեն դնի: «Վրաստանը չի պատրաստվում քաղաքականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամագրվելու գործընթացը»,- երկրորդ ձայնով հայտարարում են նրանք:
Անշուշտ, վատ չէ երկխոսությունից առաջ միջազգային հանրությանը ներկայանալ իբրև անաչառ կողմ, որը հարգում է խաղի կանոնները և առաջնորդվում է բացառապես դրանցով: Հաճելի է լսել, երբ Թբիլիսին հավաստիացնում է, թե Բեռն են գնում բանակցելու ոչ նրա համար, որ արգելափակեն Ռուսաստանի անդամակցությունը: Սրա հետ մեկտեղ, ասես ի պատասխան այլ երկրներից հնչող հորդորներին, վրացական կողմը նաև նշում է. «Մեր գործընկերները մեզ ընդամենը մեկ անգամ են ասել, որ Ռուսաստանի անդամակցությունն օգուտ կտա ողջ համաշխարհային տնտեսությանը: Մենք հրաշալի լսել ենք մեր գործընկերներին»:
Հասկանալի է, թե խոսքը տվյալ դեպքում որ գործընկերների մասին է և Վրաստանն ինչ չափով պիտի ականջալուր լինի նրանց: Ամեն դեպքում, դրսից եկող այս հորդորներին ի պատասխան Թբիլիսին անմիջապես մի կողմ է թողնում քաղաքական բնույթի պահանջները և կտրուկ անցում կատարում բուն հարցին` հավաստիացնելով, թե իրականում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության գործընթացում իրենց պահանջները բխում են այդ կազմակերպության արմատական սկզբունքներից և որ բանակցություններ են վարում` ելնելով ԱՀԿ-ի կանոնադրության նորմերից: Սակայն նույնիսկ այս պարագայում Ռուսաստանը չի բավարարում այդ նորմերից և ոչ մեկը: Բացի այդ, վրացական արտադրանքն արգելված է ռուսական շուկայում միայն նրա համար, որ այն վրացական է: Իսկ սա արդեն իսկապես հարցի քաղաքականացում է, սակայն ռուսների կատարմամբ:
Ի տարբերություն Վրաստանի, ռուսական կողմը մինչ այս պահը շատ ավելի հանգիստ կեցվածք ունի և նկատելի ջղակծկումներ չի դրսևորում: Ավելին ասենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հայտարարեց, թե իր երկիրը կարող է անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առանց Վրաստանի մասնակցության: «Եթե մեր վրացի գործընկերները շարունակեն իրենց քաղաքականացված դիրքորոշումը, ապա անդամակցության հարցը կլուծվի առանց նրանց մասնակցության»,- ասաց Լավրովը: Թե ինչպես է դա հնարավոր իրականացնել` առայժմ այնքան էլ պարզ չէ, սակայն հավանաբար կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավոր դարձնել անհնարինը: Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու բանակցություններն ընթանում են ավելի քան 17 տարի: Այս բոլոր տարիներին Մոսկվան հարկադրված է եղել բազում մեծ ու փոքր խոչընդոտներ հաղթահարել, և հիմա հերթը վրացական արգելապատնեշինն է: Կազմակերպության անդամ դառնալու համար անհրաժեշտ է կառույցի անդամ բոլոր 153 պետությունների համաձայնությունը, իսկ նրանցից յուրաքանչյուրը դա դիտարկում է բացառապես իր շահերի դիրքերից:
Ինչ խոսք, վրացիներին կարելի է ահաբեկել նաև այլ կարգի հեռանկարներով, ինչպես դա անում է, օրինակ, լուս լիբերալների առաջնորդ Վլ. Ժիրինովսկին` խոստանալով, որ եթե Վրաստանն արգելափակի ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը, վրացական բիզնեսը Ռուսաստանում կոչնչացվի, «օրենքով գողերին» բռնի կերպով կուղարկենք Վրաստան, և այդ երկիրը կշրջափակվի բոլոր կողմերից»:
Սակայն խնդիրը սոսկ Վրաստան-Ռուսաստան հակամարտության դաշտում չէ: Միացյալ Նահանգների վարչակազմը ևս շարունակում է վճռականորեն աջակցել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը և կարծում է, որ հարցը կլուծվի մինչև ընթացիկ տարեվերջ: Այդ մասին վերջերս հայտնեց Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Մակֆոլը: Նրա խոսքով`այդ թեման կոնգրեսի հետ առավել առարկայական կքննարկվի այն ժամանակ, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բոլոր պայմանները: Իսկ ընդհանրապես, ԱՄՆ-ը դժգոհ է ԱՀԿ-ում Վրաստանի դիրքորոշումից: Ճիշտ է, իրավիճակի վրա ներազդելու Վաշինգտոնի փորձերը դեռևս հաջողություն չեն գրանցել, բայց օվկիանոսից այն կողմ համոզված են, որ դա ի վերջո ժամանակի հարց է:
Թբիլիսիում ներկա պահին այդպես չեն կարծում: Վերջիններիս ինքնավստահության պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ ռուսների հետ իրենց մրցակցություն միայն ԱՀԿ-ի խնդրով չի սահմանափակվում: Առջևում կան այլ առիթներ ևս, որտեղ վրացիները կարող են հաճույքով ատամ ցույց տալ Մոսկվային: Դա Սպառազինությունների կրճատման պայմանագիրն է, Եվրոպայում անվտանգության ու կայունության նոր ճարտարապետության Մեդվեդևի գաղափարը: Մի խոսքով, մոտակա ժամանակներում Ռուսաստանը որ կողմ էլ գնա` իր ճանապարհի վրա տեսնելու է Վրաստանին:
Իսկ Բեռն մեկնելուց առաջ ռուսները նույնպես պատասխան քայլ ունեին: Ապրիլի 25-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Ցխինվալի և այնտեղից հայտարարեց, թե Ռուսաստանը Վրաստանի ղեկավարությունից Հարավային Օսիայի ու Աբխազիայի դեմ ուժի չկիրառում է պահանջում։ Ինչպես տեսնում ենք, հարցն այնուամենայնիվ առաջ չի գնալու առանց քաղաքականացման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: