Tag Archives: Ահարոնյան

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. ԱՆԾԱՆՈԹ ՆԱՄԱԿՆԵՐ

20 Փտր

ՀԱՏՎԱԾՆԵՐ

Ցոլակ Խանզադյանին
1915, 13 սեպտեմբերի, Պետրոգրադ
«Սիրելի Ցել։
… Տրամադրությունս շատ ճնշված է և ընկած։ Կովկասից եկող լուրերը հոգեհան տխրություն են լցնում մարդու սիրտը։ Ռուսների (ոչ միայն Ռուսիայի) նկատմամբ ես բավականաչափ հիասթափված եմ. մինչդեռ ես չէի՞ այն ռուսոֆիլն արդյոք (այդ գաղափարի համար նույնիսկ տուժեցի դաշնակների կողմից). իհարկե, սա դեռ նահանջ չէ, բայց ստիպում է սա շատ ավելի լուրջ մտածելու, ռուս պետության չեմ ասում, ռուս ժողովրդի «միսսիայի» նկատմամբ։ Իմ այս տարակուսանքների աճման և զարգացման մեծ զարկ տվեց Գորկին, որի մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին։
Նա ասում է (կարդա և զարմացի՛ր)։
1. Ռուս ժողովուրդն անգութ ու չոր, դատողական ժողովուրդ է, բայց զգայնական (ոչ թե զգացմունք, այլ սլավոնական զգայնություն)
2. Դաժան է, ինչպես ոչ մեկ այլ ժողովուրդ, և կյանքից այլ օրինակների շարքում (ամբողջ կույտ օրինակներ բերեց) բերեց հետ(ևյալ) օրինակը։ Սիբիրում գողեր կան, որոնք թեյաբեռներից թեյ են գողանում։
Եվ երբ բռնում են, գիտե՞ս ինչ են անում նրանց։ Հետանցքից ցցափայտ են մտցնում այնպես, որ մյուս ծայրը բերանից դուրս գա, և ձեռքերը հետևից կապում են այդ փայտին… Գողերի նկատմամբ որտե՞ղ են վարվում այդպես,¬ հարցնում է նա։ Ես հիշեցի, որ ախր մեզ մոտ էլ դուխոբորները (տոլստոյականնե՜րը) արոտախախտման (ապօրինի արածեցման) համար մինչ ի մահ ծեծում են դագանակներով։
Բայց թողնենք. իհարկե ես այժմ չեմ կարող ամենը պատմել քեզ, և այս ամենը չափազանց մերկապարանոց կթվա քեզ։ Այս ամենը, ինչ խոսք, ինձ խելահեղ որոշման չի մղում, սակայն ստիպում է խորհել այն ստրկամտորեն հիացական վերաբերմունքի վրա, որը պաշտամունքայնության է հասել մեր մեջ և մեզ սարքել մոլի սլավոնաֆիլներ։ Ռուսական տխրահռչակ անկեղծության առթիվ գիտե՞ս ինչ ասաց Գորկին։
— Այդ խոսքերը գործերի ստորությունն արդարացնելու անզուսպ մղումից են, և դրանք՝ այդ խոսքերը նրան վրդովմունք են պատճառում։
Տոլստոյն ասում է.- չոր, անգութ, եսամոլ մարդ էր, ընդսմին չափազանց զգայնամոլ (նա շատ բան պատմեց, բայց շատ երկար կլինի գրել)։ Նրա վերաբերմունքը Տոլստոյի նկատմամբ գրեթե նույնն է, ինչ Պառլոյինը (իհարկե, որպես գրողի, նա բարձր է գնահատում և սիրում նրան)։
Երևակայիր, նույնիսկ Չեխովին է նա անվանում անգութ և ասում է, թե նա բարեկամության զգացմունք չուներ և ընդհանրապես իր մեջ ամփոփված մի ծերուկ ամուրի էր։
(Ի միջի այլոց պատմեց այն պատմությունը, թե ինչպես Շալյապինը «ծունկ է չոքել թագավորի առաջ»։ Պարզվում է, որ ոչ մի նման բան չի եղել։ Եվ երբ այդ լուրերը տարածվել են և Փարիզում սուլելով խայտառակել են նրան, նա քիչ է մնացել ինքնասպանություն գործի։ Գորկին նույնիսկ մտքովն էլ չի անցկացրել, թե Շալյապինը կարող էր այդ բանն անել։ Երևում է, որ նրան շատ է սիրում։ Ի դեպ, նա Շալյապինին ճանաչում է 17¬18 տարի, այսինքն՝ երբեք նրա հետ չի թափառել, այլ ճանաչել է, երբ նա արդեն Շալյապին է եղել)։
Ինքը՝ Գորկին, շատ ազնվական մարդ է և շատ սիրելի- այնքան սրտով ու պարզ, որ երևակայել չես կարող և միևնույն ժամանակ օտար և ոչ համակրելի մարդկանց նկատմամբ խիստ ու կծու։ Ինձ երեկոներին պատմում էր և իր կյանքից, պատմեց մի քանի սրտաշարժ և գեղեցիկ էպիզոդ։ Մի օր էլ վեճ ունեցանք (անիծյալ հարցերի մասին, ըստ որում՝ շոշափեցինք նաև Դոստոևսկուն (որին նա չի սիրում, իսկ ես սիրում եմ)։ Հետաքրքիր էր, բայց գրելը երկար կլինի և ժամանակ չունեմ)։
Ինձ գրել էին, որ «собрат по перу» Գ. Հայկունին լուրեր է տարածել, իբր ես Գորկու մոտ ինձ մարքսիստ եմ ցույց տալիս և կարճ ասած шантажирую его։ Բանն այն է, որ երբ ես այստեղ Արտաշես Գաբրիելյանին և այլոց միամտաբար պատմեցի Գորկու ինձ հրավիրելը և այլն, այդ Հայկունին էլ եկել էր Պետրոգրադ և մի ուսանողի հետ գնացել Գորկու մոտ (որը չի էլ հիշում, որ այդպիսի դեպք եղել է. դրանից եզրակացրու, թե որքա՜ն խոր տպավորություն է գործել նրա վրա այդ «ուսանողական» դեպուտացիան), և իբր թե Գորկին պատմել է ինձ հանձնած ժողովածուի մասին ու ասել՝ (մի՞թե Տերյանը Ձեզ դեռ չի հրավիրել ժողովածուի խմբագրություն)։ Դրանից հետո տեղիս մարքսիստ- ս-դ-ները (սոցիալ դեմոկրատները) (ի միջի այլոց անկուսակցական, (ռուս), այդ պատճառով էլ ես նրանց ս-դ-ներ չեմ համարում, այլ ընդամենը «տնային» ս-դ-ներ) ժողով են գումարում և որոշում, որ իմ դեմ ոչինչ չանեն։
(Ինչպիսի՜ քնքշություն), բայց «ընկերաբար» առաջարկեն (ես նրանց ի՞նչ ընկեր), որ ես իրանց հրավիրեմ, ընդ որում սպառնալով (նույնպես «ընկերաբար») հակառակ դեպքում Գորկուն հասցնել, որ ես մարքսիստ չեմ և որ ես նրան մոլորեցնում եմ։ Ես, իհարկե, վճռականորեն հայտարարեցի, որ նրանց հայտարարությունը համարում եմ անպատկառություն, իսկ գործը, որի մասին նրանք խոսում են, Գորկու հետ իմ անձնական գործն եմ համարում և այդ առիթով ոչ մի բանակցություն էլ թույլ չեմ տալիս։
Ուզում էի այն ժամանակ ասել Գորկուն, բայց այդ «ազգային» կեղտը չուզեցի նրա առաջ բանալ, ամաչեցի։ Բայց երբ ասին, որ Հայկունին այդպիսի լուրեր է տարածում, ես վերջին անգամ, երբ Գորկու մոտ էի, ասի այդ բոլորը, և նա մնաց շշմած։
(Ես չեմ բերի նրա գովասանական կարծիքները իմ մասին, թեև քո առաջ դա պարծենկոտություն չէր լինի։ Բայց նա ասաց՝ նկատի ունենալով, որ մեզ հետ վերջին անգամը չենք աշխատում, ես նամակ կգրեմ թերթերին (հայկական), որպեսզի ցրեմ ամեն մի կասկած և վերջ տամ զրպարտության հնարավորությանը։ Ես հրաժարվեցի, բայց նա պնդեց և այդպես էլ համաձայնության չեկանք։ Հնարավոր է, որ ես համաձայնեմ։ Իմ չուզենալու պատճառը (որի մասին, իհարկե, նրան չասացի) այն է, որ դա կարծես թե ռեկլամ կլիներ ինձ համար, իսկ ես չեմ ուզում դա»։ Դրա հետ մեկտեղ ինձ շատ վշտացրեց Գ. Հայկունու ստորությունը, որը, ի դեպ, բոլորովին չի ճանաչում ինձ։
Ես, ճիշտ է, համակրել եմ միշտ բանվորական գործին և եղած կուսակցությանց մեջ քաղաքական և տնտեսական ծրագրներից ամենից շատ համակիր եմ եղել ս-դ-ի ծրագրներին, բայց մարքսիստ չեմ բնավ աշխարհայացքի մտքով, և դա շատ լավ գիտեցել է Գորկին, երբ ինձ հրավիրել է, նա ճանաչել է ինձ իբր պոետի («միստիկայի և սիմվոլիզմի թեքումով» (սա այն մարդու խոսքերն են, որը Գորկու անունից ինձ հրավիրել է նրա մոտ)։ Իսկ Գորկին ասաց, որ նա երբեք չի էլ որոնել մարքսիստ, այլ որոշ գրական ցենզ ունեցող մարդ և իմ ցենզը նա միանգամայն բավարար է համարում։ Այսպես, սիրելիդ իմ Ցել… Եվ երբ ես ասացի պ. Արտաշեսին, թե «ընկեր» Հայկունին այդպիսի լուրեր է տարածում իմ մասին և հարցում արի, թե- նրանք ի՞նչ են մտադիր ձեռնարկելու որպես իմ «ընկերներ», նա հայտարարեց, որ դա իրենց չի վերաբերում։ -Բայց ես կուզեի, որ դու Դավիթ Անանունին ասես (կարծեմ նրանից է սկսել իր ագիտացիան նրանց «ընկեր» Հայկունին), որ սուտ է ասում նրա «ընկեր» Հայկունին, և որ ես շատ ափսոսում եմ, տեսնելով, թե ինչպես Հայկունիները ուզում են (ապարդյուն) կարիերա անել բանվորական գործի վրա, և իրենք ստոր ու բթամիտ լինելով, ուզում են ուրիշներին արատավորելով առաջ գնալ։ Ասում եմ՝ ասա Դավիթին, վասնզի նրան չէի կամենա սխալմունքի մեջ տեսնել իմ նկատմամբ և կարգին սկզբունքով մարդ եմ համարում և «ընկեր» չլինելով հանդերձ միշտ հնարավոր եմ համարել աշխատել նրա հետ միասին։ Իհարկե, չեմ կասկածում, որ դու երբեք չես հավատա այդպիսի կեղտոտ ինսինուացիաների և իմ անունը կպաշտպանես, բայց գրում եմ այս բոլորը «ի գիտություն» և սիրտս թեթևացնելու համար։ Ինձ այն է զայրացնում, որ այդ մարդիկ կուսակցությունից դուրս գտնվելով, մեծամտորեն պարծենում են, թե իրենք մարքսիստներ են, կարծես թե դա արժանիք է (և այդ այն ժամանակ, երբ նրանց կյանքը ոչնչով չի տարբերվում ցանկացած գյադա¬քաղքենու կյանքից)։ Մարքսիզմը նրանց բառացիորեն տրված է միայն այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենան բոլոր գործերից խուսափելու՝ պատրվակ բռնելով, թե ախր իրենք չեն կարող (սկզբունքորեն, օ՜, իհարկե, սկզբունքորեն) մասնակցություն ունենալ բուրժուազիայի և նրա ներկայացուցիչների գործերին։ Այդ դեպքում, շա՛ն որդի, մտի՛ր կուսակցության մեջ և աշխատի՛ր քո «սկզբունքներին» համապատասխան։ Ո՛չ, նա նախընտրում է լինել «տնային» մարքսիստ (բայց սա դեռ ամբողջ դժբախտությունը չէ, սակայն ինչպիսի՜ գոռոզամտություն, ինչպիսի՜ մեծամիտ արհամարհանք ամենքի ու ամեն ինչի հանդեպ)։ Մի խոսքով, նողկալի է։ Հիշում եմ քո խոսքերը նրանց մասին։ Որքան տարօրինակ է, այնպես չէ՞. մարդիկ, որոնք մշտապես գրականությունից պահանջում են «մոտիկություն կյանքին»՝ իրենք ավելի հեռու են կանգնում, քան երկնային հրեշտակները, և այդպես «պահպանում իրենց մաքրությունը»։ Դե թողնենք այս — Էս փլավը շատ ջուր կվերցնե, և ես տարվելով մոռացա, որ գնալու եմ…

Ցոլակ Խանզադյանին
1916, հուլիս II կես -օգոստոս, Պետրոգրադ
Սիրելիդ Ցել։
… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում։
Մեռած և արդեն ծիծաղելի կուռքերի համառ ճանաչմամբ այդպիսին չե՞ն, ասիր, արդյոք, այդ Փափազյանները, Ահարոնյանները, Նար-Դոսները ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից։ Ահա թե ինչու մեզանում այդպես վախենում են քննադատությունից։ Ահա թե ինչու հարձակվեցին քեզ վրա, երբ դու համարձակվեցիր ասել ամենատարրական ճշմարտությունը ոչ մի աղոթաբանություն չառաջացնող այդպիսի կուռքերից մեկի (Ահարոնյանի) մասին։ Անցյալում մարդկանց վաստակի և դերի ճանաչումը չպետք է արգելակ դառնա գալիքի համար, և ի սեր այդ վաստակի ու դերի ճանաչման չպետք է կանգ առնել և տեղում դոփդոփել։ Ընդունելով վաստակն ու դերը, պետք է առավել ևս խիստ քննադատել։ Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի։ Ահա թե ինչու ես միշտ գնահատում եմ մեր Պաոլոյին նրա սուբյեկտիվ կրիտիցիզմով հանդերձ։ Հենց դրա համար էլ նրան ատում են բոլոր քարացածները։ Ես շատ լավ գիտեմ նրա սարսափելի բնավորությունը, երբեմն նրա անտանելի արարքները, բայց նա Սիմ. Հակոբյանների և նման ուրիշների թայը չէ, որոնք հայրենասիրական սվսվոցով գովերգում են ամեն զիբիլ միմիայն նրա համար, որ դա «մերն» է, հայկական։ Մենք պետք է վախենանք այդ քարացած սեթևեթումից և ոչ թե մեր սխալներից ու խստությունից- չէ՞ որ մենք գիտենք, որ սիրում ենք մեր ժողովուրդը և նրա լեզուն, և նրա ցավը մեզ օտար չէ, բայց վա՜յ մեզ, եթե սկսենք ստրկամտորեն ծափահարել հին վետերաններին սոսկ նրա համար, որ նրանք «վաստակավոր» «վետերաններ» են։ Այստեղ ես կասեի հակառակը այն բանի, ինչ, կարծեմ, ասել է Ալեքսանդր Երկրորդը հանցագործների մասին. «Ավելի լավ է անիրավացի կերպով վիրավորվեն և դատապարտվեն հարյուրավոր վետերաններ, միայն թե չկործանենք թեկուզ մի ծիլ, որը զարդարելու է գալիքի այգին»։ Բայց ես տարվեցի և շատ շատախոսեցի։ Վերջակետ եմ դնում…

%d bloggers like this: