Tag Archives: Ակսել Բակունց

ՎԵՐՆԱՇԱՊԻԿԸ

9 Սպտ

… Հետո թանգարանի աշխատակցուհին բացեց պահարանի դուռն ու ասաց.
— Իսկ սա նրա վերնաշապիկն է:
Շարժումից հագուստը թույլ ցնցվեց, և ես զգացի, թե ինչպես փշաքաղ մի դող անցավ մարմնիս միջով:
Մինչ այդ քայլել էի ցուցասրահներով, դիտել էի բոլոր իրերը, լսել էի դրանց մասին բացատրությունները: Բայց միայն այստեղ, այդ աննշան ցնցումից հետո ինձ այնպես թվաց, թե նա ներկա է: Թվաց՝ ուր որ է ներս կգա, կտեսնի օտար մարդուն, կտեսնի կիսաբաց պահարանն ու տարակուսած մեզ կնայի. «Ձեզ ի՞նչ է հարկավոր»:
Պահարանը կիսաբաց էր: Վերնաշապիկը դեռ տաք էր: Ճերմակ, արդուկած, շարժվող: Ակսել Բակունցի վերնաշապիկն էր:

Հ. Չարխչյանբակունցի վերնաշապիկը

ԲԱԿՈՒՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԲԱՆՏԻՑ

8 Հլս

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունսմթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:բակունց

Ո՞Վ ԷՐ ԲԱԿՈՒՆՑԻ «ԱԼՊԻԱԿԱՆ» ԿԻՆԸ

8 Սպտ

«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան:

Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Միշտ երազկոտ հայացք ուներ: Հագնվում էր շատ ճաշակով: Սիրում էր ու ծանոթ էր գրականությանը: Այս սերը գալիս էր նրա ընտանիքից, որտեղ առանձնակի վերաբերմունք կար արվեստների նկատմամբ:460px-4_Engn_Gezal_s_plemyannicey

Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն օրերին գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: Դա 1926 թվականին էր: Մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան և ընդունվել համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով:

Ականատեսների վկայությամբ, առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում, ներկայիս «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև: Ժամանակին այնտեղ երեք հսկա բարդիներ էին կանգնած, իսկ դրանց դիմաց գտնվում էր նկարիչ Հակոբ Կոջոյանի արվեստանոցը: Հենց այդ ծառերի տակ էլ զույգը հանդիպել է, քանի որ Ժենյան ապրում էր մոտերքում: Սակայն տեսակցություններ շուտով ընդհատվում են, քանի որ աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու տեղի համալսարանի ազգագրության բաժնում: Միակ մխիթարությունը դառնում են նրանց ջերմ նամակները, որոնք լցնում էին դատարկությունը ու մեղմում բուռն կարոտը:452px-3_Evgn_Gezal_v_kostume_zangezurskoy_armyanki

Լենինգրադից Ժենյան վերադարձավ միայն 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում: Ասում են, թե նրա համար առանձնակի ուրախության առիթ էին դառնում այն օրերը, երբ ազգագրական արշավախմբերի հետ գործուղվում էր Զանգեզուր: Բակունցը միշտ պատրվակ գտնում էր ընկերակցելու նրան: Այդ օրերից հուշ է մնացել մի լուսանկար, որտեղ Բակունցի ցանկությամբ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ տարազով:

Ինչ վերաբերում է «Ալպիական մանուշակը» պատմվածքին, ապա Բակունցն այն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը աղջկան շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: Հիշու՞մ եք այս տողերը. «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է…800px-5_Evgen_Gezal_v_Zvartoce

Հետագա տարիներին Ժենյան, ով արդեն թանգարանի ավագ գիտաշխատող էր ու հայտնի ազգագրագետ, անընդհատ գործուղումների էր մեկնում և նրանք ուշ-ուշ էին հանդիպում: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցեց կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր համար:

Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր…

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Степан_Лисициан,_Евгения_Гюзальян,_Сурен_Золян

382px-Евгения_Гюзальян_с_будущим_академиком_Арамом_Ганаланяном,1935г.

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26 Մյս

«Բակունցը Երևան վերադարձավ օգոստոսի սկզբին և 1936 թ. օգոստոսի 9-ին ձերբակալվեց…

Հոկտեմբերի վերջին ինձ կանչեցին տեսակցության, ընդ որում զգուշացնելով, որ ես պարտադիր ներկայանամ երեխայի հետ: Դժվար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց ես չհամարձակվեցի գնալ առանց նրա: Տեսակցությունը չափազանց ծանր էր: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում:
Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր` կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: «Իմացի՛ր,- ասաց նա ինձ,- այն ամենը ինչ ասում եմ քեզ` պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային: «Որդիս,- անդրադարձավ երեխային` քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,- այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը….

Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»:73578_1482231171879_3545378_n

 

ԲԱԿՈՒՆՑԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ

17 Փտր

Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել թե իր բացառիկության և թե ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ: Սա տարօրինակ պիտի թվա ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին:  1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկատվություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.1910

«Գյուղատնտեսների էքսկուրսիան դեպի Արագած

Հողժողկոմատի տեղկոմը և «Մաճկալի» Գյուղատնտեսական բաժինը գյուղատնտես ընկեր Ակսել Բակունցի ղեկավարությամբ գիտական նպատակներով կազմակերպել է մի արշավախումբ դեպի Արագածի գագաթը: Արշավախումբը բաղկացած է 12 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներ: Երևանից դուրս է գալիս այսօր, առ. ժամը 5-ին, դեպի Բյուրական՝ մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակելու են ձիով և ոտքով: Արշավախումբն ուսումնասիրելու է Արագածի ամենաբարձր լանջերին գտնվող եզդիների օբաները և արոտավայրերը, իսկ վերադարձին՝ Արթիկի տուֆը»:

«Խորհրդային Հայաստան», 12. 8. 1928 թ.:

Այս կարճ լրատվությունն ամեն դեպքում բավականին հագեցած էր՝ ծրագրերի մասին նախնական պատկերացում կազմելու համար: Գաղտնիք չէ, որ այդ տարիներին Արագածի ալպյան գոտու ռեսուրսները` խոտհարքներն ու արոտավայրերը, ինչպես նաև ջրային պաշարները մնում էին չօգտագործված, մինչդեռ լեռնային, քարքարոտ երկրի համար դրանք անգնահատելի արժեք էին ներկայացնում: Եվ, իհարկե, առանձնակի ուշադրության էր արժանի տուֆի հանքերի մասին ակնարկը: Այդ հանքերը դեռ նոր պիտի ներկայանային իրենց ողջ հարստությամբ` իբրև շինաքարի ամենանախընտրելի և անսպառ պաշար Հայաստանի համար, իսկ մեկ տարի առաջ Լենինականում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա խնդրի հրատապ լուծումը հատկապես հրամայական էր դառնում:1930-ականներ

Բակունցի և նրա գործընկերների մեկնումից տասն օր անց հրապարակվում է երկրորդ հաղորդագրությունը: Այն հայտնում էր, որ «Հողժողկոմատի նախաձեռնած էքսկուրսիան` գյուղատնտես Ակսել Բակունցի ղեկավարությամբ, վերադարձավ Արագածից»: Այնուհետև ասվում էր. «Էքսպեդիցիան բաղկազած էր 15 հոգուց, մեծ մասամբ գյուղատնտեսներից: Երևանից դուրս գալով ամսի 9-ի գիշերը, Ապարանի կողմից (Ղազնաֆարով) էսպեդիցիան բարձրացել է Արագածը: Խմբից 12 հոգի հոգնածության պատճառով, գյուղատնտես Արամ Մելքոնյանի ղեկավարությամբ, միջին օբաներից ցած են իջել ու վերադարձել, իսկ ագրոնոմներ Ակսել Բակունցը, Ալիսը և մի հողաշինարար գիտական պարագաներով բարձրացել են Արագածի երկու բարձր գագաթները, 2 գիշեր մնացել են այնտեղ, ապա անցնելով Լենինականի լանջերը՝ իրենց ուսումնասիրությունը շարունակել են ու ամսի 15-ին Լենինականով վերադարձել»:

Արշավախամբի անակնկալ տրոհումը` հոգնածության պատճառաբանությամբ, անկեղծ ասած` այնքան էլ վստահություն չի ներշնչում: Թերևս նրանց վաղաժամ վերադարձի համար այլ խնդիրներ էին ծագել, հակառակ պարագայում ողջ արշավը կարելի էր ձախողված համարել, և նրանց կմիանային ինչպես Բակունցն, այնպես էլ Ալիս կեղծանունով Բակունցի օգնական և «Մաճկալի» թղթակից Ալեքսանդր Մարգարյանը: Սակայն նրանք ոչ միայն շարունակել էին արշավը, այլև բարեհաջող ավարտի հասցրել` ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ ու դիտարկումներ իրենց երթուղու բոլոր հատվածներից:

Հաշվետվությունը, որն այնուհետև ներկայացվեց իշխանություններին, բավականին ընդարձակ էր: Եթե շարադրելու լինենք այդ փաստաթղթի բովանդակության առավել հատկանշական հատվածները, ապա նեղ մասնագիտական զանազան տվյալների ու առաջարկների շարքում Բակունցն ու ընկերները նախ գրում էին, որ Արագածի արոտատեղիները նպատակահարմար եղանակով չէին օգտագործվում: «Արագածի ամենաբարձր լանջերի մի դեսյատինի արոտատեղի վրա արածում են միջին հաշվով 0,5-ական խոշոր անասուն կամ 2 ոչխար, մինչդեռ 14000 ֆուտ բարձրության վրա անգամ կան բնական երեքնուկ, կորնկան և բազմաթիվ հացազգի բույսեր: Նույն բարձրության վրա գտնվում են նույնիսկ բզեզներ և վայրի մեղուներ, որոնք գրավական են թիթեռնածաղիկների բեղմնավորման ու բազմացման համար»,- ասված էր հաշվետվությունում:bakunc

Էքսպեդիցիան ուսումնասիրել էր նաև օբաների խաշնարածների կոլեկտիվացման խնդիրը և գտել, որ այդ հարցի լուծումն էլ շատ դժվարությունների չի կարող հանդիպել, քանի որ  «նրանց մեջ արդեն արմատացած կան մի շարք կոլեկտիվ մոմենտներ, որպիսիք են՝ ցուլի ու ղոչի ընդհանուր լինելը, անասունների ընդհանուր արածացնելը, կաթի խաբ տալը (փոխ տալ) և պանիրն ընդհանուր կաթսայում եփելը: Հարկավոր է միայն կազմակերպչորեն նրանց ձևավորել և այդ աշխատանքները տանել այնպես, որպեսզի ոչ թե ունևրորներն օգտվեն, ինչպես եղել է մինչև այժմ, այլ չքավորները համախմբվեն ուժեղ տնտեսության մեջ»:

Ամփոփիչ հատվածում տեղ էր գտել այսպիի մի առաջարկ. «Որովհետև Արագածը շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, էքսպեդիցիան կարծում է, որ նպատակահարմար կլիներ, եթե Հողժողկոմատը կամ տուրիստական ընկերությունը մի փոքր, բայց ամուր տնակ կառուցեր Արագածի գագաթի մոտ, որն զգալի չափով կնպաստեր զանազան էքսպեդիցիաների աշխատանքին»:

Դեպքերից առաջ ընկնելով ասենք, որ արշավախմբի ցանկություններից այս մեկը իրականություն դարձավ շատ արագ: Մի քանի ամիս անց հրապարակված հաղորդագրությունը տեղեկացնում էր. «Էքսկուրսիոն բազա Արագածի ստորոտում.- Բացի Երևանում, Ալլահվերդիում, Լենինականում և Սևանի կղզու վրա կազմակերպվելիք էքսկուրսիոն բազաներից՝ բազա է հիմնվելու նաև Արագածի ստորոտում: Բազաներում արվելու են գիշերելու հարմարություններ և տաք ջուր (սնունդ չի տրվելու)»:artik

Սակայն վերադառնանք արշավախմբի ծրագրերից գլխավորին` տուֆի հանքավայրերի ուսումնասիրմանը: Այս հանգամանքը կարևոր է թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ ընդունված է եղել Արթիկի հանքերի հետախուզական աշխատանքների գլխավոր դերակատարներ համարել օտար մասնագետներին` երկրաբաններ Պ. Լեբեդևին, Բ. Զալեսկիին, Վ. Պետրովին, Ա․ Իվանչին-Պիսարևին, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ծնված Դավիթ Չիսլիևին: Սակայն որևէ անգամ չի հիշատակվել Բակունցի արշավախմբի առաքելության նշանակությունը: Իսկ մի՞թե պատահականություն կարելի էր համարել այն փաստը, որ 1928-ի օգոստոսից հետո արմատապես փոխվեց պատկան մարմինների և հատկապես Մոսկվայի վերաբերմունքը հանքավայրը լայնորեն շահագործելու և այդ նպատակի համար միջոցներ հատկացնելու գործում: Այն օրերի թերթերը նույնիսկ հաղորդեցին, թե ինչպես Մոսկվայում կառուցվում էր առաջին փորձնական բնակարանը Արթիկի տուֆից: Հայկական տուֆն իր գործնական կիրառումը գտավ նա Մոսկվայում թեթև արդյունաբերության ժողկոմատի, «Գրքի տան» շինարարության, ինչպես նաև բնակելի այլ շենքերի կառուցման ժամանակ։ Դրանից հետո տուֆը օգտագործվեց ԽՍՀՄ կենտգործկոմի` Սինոպում տնտեսական վարչության հանգստյան տան և ԽՍՀՄ կենտգործկոմի Սևծովյան առափնյա գոտում շենքերի կառուցման ժամանակ։ 1929-ի մայիսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ Հանքագիտության ինստիտուտը ձեռնարկում է Արագածի շրջանում Արթիկի տուֆային լավային հետազոտությունը: Հետազոտությանը հատկացված էր 100.000 ռուբլի: Մեծ քանակությամբ շինանյութ Ռուսաստան առաքելու հետ մեկտեղ Հայաստանն էլ անմասն չէր մնում այդ պաշարից:

Իսկ ի՞նչ պատահեց գրող Ակսել Բակունցին: Մի՞թե նրա կարճատև, բայց հագեցած ուղևորությունն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ գրողի ստեղծագործական էջերում: Իբրև այս հարցի պատասխան մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է վերհիշել նրա հանրահայտ գործերից մեկը` «Մուրոյի «զրուցը», որը սկսվում է այդպիսի գաղտնազերծող տողերով. «Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք` Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը…»: Կամ կարելի է մտաբերել, թե ինչպես 1935 թվականին «Հայկինոն» տեղեկացրեց այն մասին, որ սկսվել են «Արագած» պայմանական անունը կրող հնչյունային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սցենարի հեղինակը Ակսել Բակունցն էր:Մուրոյի_«զրույցը»_1

Ավելի հետևողական պրպտումները թերևս նոր փաստեր էլ ի հայտ բերեն: Մի բան կասկածից վեր է. Ինչպես որ կենսափորձն ու տպավորություններն են իրենց հետքը թողնում հոգևոր արժեքների վրա, այնպես էլ մտավորականի կերպարն է ամբողջանում նրա կյանքի բոլոր դրսևորումներով: Եվ այդ իմաստով դեպի Արագած ճամփորդությունը պիտի դիտվի Բակունցի կենսագրության նշանակալի դրվագներից մեկը:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: