Tag Archives: ակումբ

ՄԱՅՔԼ ԱՌԼԵՆ

21 Մրտ

— Օ, եթե դու իմ անկողին ներս ու դուրս ցատկելը «սեր անել» ես համարում, ուրեմն հոյակապ ես եղել: Բայց աղջիկ ժամանակ ինձ ասել են, որ սեր անելը մեղք է հենց միայն հաճույք լինելու համար: Ուրեմն, սիրելիս, խաբվել եմ: Այդպես կարմրակատած մի նայիր ինձ, Ջեֆրի: Քեզ ճշմարտությունն էր պետք, այդպես չէ՞: Կարծում եմ, որ ես լավ կազմվածք ունեմ, սիրունատես եմ և բավականին հետաքրքիր: Բայց դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ սերը քո հանդեպ դու համարել ես, որ այդպես էլ պիտի լիներ: Իմ կրքերը դու համարել ես, որ այդպես էլ պիտի լինեին: Իմ մարմինը դու համարել ես, որ այդպես էլ պիտի քոնը լիներ: Երեկոները դու տուն ես գալիս քո այդ ապուշ գոլֆից կամ ընտանի թռչուններին ոչնչացնելուց հոգնած և ինձ անխոհեմ համարում, երբ ես ցանկանում եմ, որ ճաշից հետո մի քիչ գոնե զրուցես ինձ հետ: Ես լավն եմ միայն տուն պահելու, երեխաներին խնամելու, ընկերներիդ հանդեպ սիրալիր լինելու և քեզ հետ քնելու համար, այն էլ միայն, երբ դու ցանկանաս, իհարկե, ոչ խոշոր մրցումներից առաջ: Ինչպես համարյա բոլոր մյուս լավ տղաները, դու էլ հոգուդ խորքում նույնքան ապուշային կերպով սնապարծ ես, որքան սիրամարգը, բայց նաև չափազանց զգույշ, որ ոչ մեկը չտեսնի, բացի կնոջիցդ: Մյուս բոլորի հետ դու աշխարհի ամենալավ ու ամենահամեստ տղան ես: Բոլորի համար դու կաշվիցդ դուրս ես գալիս, բացի կնոջիցդ, և բոլորին դուր գալու զգացումով համակված՝ կարող ես նույնիսկ հետաքրքիր զրուցակից լինել: Ինչու՞ կաշվիցդ դուրս չես գալիս տանը, Ջեֆրի: Մի փորձիր լավ տղա լինել, դա պահիր քո ակումբների համար, պարզապես հասկացող ու լավ մարդ եղիր: Հիմա գնա քնիր, և առավոտյան արի մոռանանք, որ մի անգամ լուրջ ենք եղել: Իսկ վաղը գիշերը ես ուշադրությամբ կլսեմ, թե ինչպես, խաղի տասնյոթերորդ րոպեին, վտանգավոր դրությունից գեղեցիկ նետումով հաղթեցիր Թրենսոմին….

«Զրույց մի վաղեմի դպրոցական կապի մասին» պատմվածքից

%d bloggers like this: