Tag Archives: Ալիև

Մեդվեդևի նամակից մեկ ամիս անց

9 Օգս

Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիի իր նստավայր է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տարակարծություններից զերծ պահելու համար Կրեմլի մամուլի ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ այսքանը միանգամայն բավարար է թե հարցադրումների, թե ենթադրությունների և թե հետևությունների համար:
Կազանի ձախողումից հետո երկու նախագահների առաջին հանդիպումը` առանց երրորդ կողմի ինքնին հատկանշական է: Իսկ եթե վերհիշենք նաև, որ Մեդվեդևի հայտնի նամակը` Ղարաբաղի խնդրի մասին, հակամարտող կողմերին հանձնվեց ճիշտ մեկ ամիս առաջ, ապա պետք է կարծել, որ Ռուսաստանը մեկամսյա ժամանակահատված էր տրամադրել քննարկումների նոր փուլ սկսելու համար, իսկ այժմ անցնում է դրա իրագործմանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բացակայությունն այս պահին տրամաբանական է: Նախ` սա եռակողմ բանակցություն չէ, և բացի այդ, օգոստոսի 12-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախանշված է ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այս առիթով արդեն հայտարարվել է, որ դրա շրջանակներում սպասվում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը: Կնշանակի` հենց դա էլ լինելու է հաջորդ քայլը: Իսկ այս երկու հանդիպումների հաջող ավարտի դեպքում կասկած չի մնա, որ ամենաուշը սեպտեմբերին միանգամայն հնարավոր է նոր եռակողմ: Եվ այդ ժամանակ էլ սեղանին կարող է հայտնվել այսպես կոչված մոդիֆիկացված «ճանապարհային քարտեզը», որի ստորագրման պարագայում միայն կարելի է խոսել առաջընթաց քայլի մասին:
Պետք է նաև նկատել, որ առաջին հերթին Ալիևին Սոչի հրավիրելու փաստը պատահական չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամիսուկես առաջ միջնորդների ջանքերը ջուրը նետվեցին հենց նրա «շնորհիվ», և նույնիսկ կարծիք կար, թե Բաքվի այդ քայլից հետո բանակցությունները մեկընդմիշտ կարելի էր ավարտված համարել: Սակայն, որքան էլ դա զարմանալի էր, առաջինն իր մեղքը խոստովանեց Ադրբեջանը` ոչ միայն մեղմացնելով հռետորաբանության տոնայնությունը, այլև ավելի հաճախ շեշտելով, թե իրենք հակված են խաղաղ ուղիներով հասնել խնդրի կարգավորմանը: Այս իմաստով Հայաստանն առավելություն ուներ, քանի որ վերջինիս տեսակետը եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի էր միջազգային հանրության համար, մի բան, որը ոչ մի կերպ չի կարելի ասել պաշտոնական Բաքվի մասին: Ու հիմա Սոչիում ակնկալվում է ծանր ու դժվարին մի խոսակցություն, քանի որ Մեդվեդևից պիտի պահանջվի պատասխան կորզելու հետ մեկտեղ Ալիևին ստիպել, որ նրա պատասխանը լինի նույնքան միանշանակ ու անփոփոխ: Միայն այդ պարագայում է հնարավոր հաստատապես պնդել, թե Ադրբեջանին վերադարձրել են կառուցողական դաշտ:
Ինչ վերաբերում է Մեդվեդևի նամակ-առաջարկությունների բովանդակությանը, որի մասին առայսօր ոչ ոք դեռ ոչինչ չգիտի, ապա այստեղ էլ հարցականները քիչ չեն: Նախ չկա լիարժեք համոզվածություն, որ դրանք բխում են մեր շահերից: Բացի այդ, թեև Հայաստանը իր պատասխանն արդեն տվել է, սակայն վերստին անհայտ է մնում պատասխանի էությունը` համաձայնությու՞ն, թե՞ մերժում: Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի ղեկավարն առիթ ունեցավ մի քանի անգամ անդրադառնալու Ղարաբաղի հարցին, և նրա մտքերը թույլ են տալիս քիչ թե շատ ընդհանուր պատկերացում կազմել հնարավոր դիրքորոշումների մասին: Ըստ Մեդվեդևի, իր մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները հասել են իրենց պատմական մաքսիմումին, իսկ այդ հանդիպումների ժամանակ կողմերը արձանագրել են մի շարք բարդություններ: Նա պնդել է, որ բանակցությունները շարունակվելու են, և հանդիպումների հաճախականությունը` թե նախարարների, թե նախագահների մակարդակներով, չպետք է նվազի: Նա չի թաքցրել, որ Ռուսաստանն, անշուշտ, իր հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում և հետևողականությունն առաջին հերթին պայմանավորված է հենց այդ փաստով: Միևնույն ժամանակ նկատենք, որ ռուսական պահանջների ամենաբացահայտ արտահայտությունը դարձավ Մեդվեդևի հարցազրույցը ռուս-վրացական պատերազմի 3-րդ տարելիցի առիթով, որտեղ նա ասաց, թե «5 օր պատերազմելու փոխարեն ավելի լավ է անվերջ բանակցել այն հարցի շուրջ, թե ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին, երբևէ կանցկացվի՞ այնտեղ հանրաքվե կամ ինչպե՞ս կարելի է պատրաստել խաղաղության համաձայնագիրը»։ Շատերն այս խոսքերի մեջ հանիրավի շրջանցեցին «անվերջ բանակցելու» հեռանկարը, մինչդեռ այն, ինչ կատարվում է արդեն մի քանի տարի, այլ բան չէ, քան Մեդվեդևի մտքերի իրագործումը գործնականորեն:
Նկատենք նաև, որ Ալիև-Մեդվեդև հանդիպումից մեկ օր առաջ ռուսական մամուլում հայտնվեց անանուն աղբյուրներից քաղված այն տեղեկությունը, թե իբր Կազանի հանդիպումը ձախողվել էր, քանի որ «հայ և ռուս դիվանագետները գերագնահատեցին քաղաքական զիջումների ծավալը, որին կարող էր գնալ Բաքուն, և Մեդվեդևը ստիպված եղավ հրատապ կերպով ուղղել իր ենթակաների սխալները»։ Այդպես է դա, թե ոչ, դժվար է ասել: Բայց որ Մեդվեդևի նամակին առաջինը պատասխանեց հենց Բաքուն, իսկ այնուհետև լուրեր շրջանառվեցին, թե ադրբեջանցիները համաձայնել են ռուսական կողմի ներկայացրած դրույթներին, սա ակնհայտ է: Հիշյալ փաստը թերևս ունենա մեկ բացատրություն: Ալիևը գիտակցում է, որ անվերջ չի կարելի «ոչ» ասել: Դա անպայման հակազդեցություն կբերի: Այդ իսկ պատճառով էլ խիստ հարմար է այժմ տալ դրական պատասխան, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, վերանայել տեսակետը` գտնելով քիչ թե շատ ընդունելի պատճառաբանություն:
Սրա հետ մեկտեղ չշրջանցենք այն կարևոր փաստը, որ այժմ բանակցությունների վերսկսման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Մոսկվան երաշխիքներ չի ստացել, որ հակամարտող երկու կողմերն էլ պատրաստ են ստորագրել իրենց ներկայացված փաստաթուղթը: Հազիվ թե Մեդվեդևը նույն սխալը կատարի երկրորդ անգամ` դառնալով Արևմուտքի հեգնանքի առարկան կամ ցուցադրելով իր լիակատար անկարողությունը` գործադրելու առկա լծակները: Առանց այդ էլ նա տեսնում ու հասկանում է միջնորդության մյուս թևերի` ԱՄՆ ու Ֆրանսիայի մտադրությունները` վերանայել հակամարտությունների կարգավորման մեխանիզմները մեր տարածաշրջանում: Իսկ սա այլ բան չի ենթադրում, քան Ռուսաստանի դերի չեզոքացում: Դա ծանր հարված է Մեդվեդևի ինքնասիրությանն ու անձնական հեղինակությանը, ով հանունի «դեմքի պահպանման» ստիպված է լինելու այս անգամ գործել ավելի խիստ: Այդ խստությունն առաջինը այսօր կճաշակի Ալիևը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ո՞վ կփրկի շարքային Ալիևին

18 Ապր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իսկապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունի: Արդեն չորրորդ անգամ ոչ այնքան բազմամարդ ընդդիմադիր խմբերին հաջողվում է երկրի մայրաքաղաքում արտահայտել իրենց բողոքը` չնայաց այն բանին, որ իշխանությունները ճնշումների համար կիրառում են հնարավոր ու անհնար բոլոր մեթոդները: Դրան զուգահեռ օր-օրի բազմապատկվում է նաև նրանց համակիրների թիվը, ու թեև ընդդիմախոսներից շատերն անմիջապես հայտնվում են ճաղերի ետևում, սակայն արդեն իսկ պարզ է դարձել, որ ձերբակալություններն ու ահաբեկումներն այսուհետ հազիվ թե դիտվեն սանձահարման ամենաարդյունավետ միջոցը, առավել ևս, որ միջազգային կազմակերպությունները բացահայտորեն հանդես են գալիս բողոքավորների կողմից, իսկ շատերն արդեն կանխագուշակում են, որ հեռու չէ այն օրը, երբ աշխարհը համար կրտսեր Ալիևը նույնպես կդիտվի անցանկալի անձ ու կհամալրի բռնապետների ցուցակը:
Այն փաստը, որ վերջին շրջանում Ադրբեջանում դեռ նոր-նոր ձևավորված ընդդիմադիր միասնական շարժում անսպասելի արագությամբ թափ է հավաքում, արդեն իսկ հիմք է տվել պնդելու, որ այդ երկրում առկա է նվազագույնը երկու նախապայման. մի կողմից ներքաղաքական հակասություններն ու հասարակական երկպառակությունը մոտենում են իրենց կրիտիկական կետին, մյուս կողմից ընդդիմությունը վայելու է արտաքին ուժերի համակրանքը և լիուլի աջակցություն է ստանում նրանցից: Որոշ վերլուծաբաններ համոզված պնդում են, թե հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանում թունիսյան կամ եգիպտական սցենարով իշխանափոխություն կարող է տեղի ունենալ, մանավանդ որ իրադարձությունները գրեթե նույն կերպ են զարգանում:
Պետք է նկատել, որ խուճապային տրամադրություններ են նաև բուն իշխանության ներսում: Աչքի տակ ունենալով արաբական հեղափոխությունների դասերը և համակված այն մտքերով, թե փոփոխությունների ձգտող ժողովրդի դեմ ոչ մի տոտալիտար վարչակարգ չի կարող դիմակայել, նրանք սկսել են լրջորեն խորհել իշխանության կորստի վտանգի և դրա հետևանքների մասին: Վերջին օրերին ադրբեջանական որոշ թերթեր գրեցին, թե ինչպես են իշխող թիմի մի շարք ազդեցիկ անդամներ սկսել մտածել փոփոխության դեպքում գոնե իրենց պաշտպանելու, կարողություններն ու միջոցները փրկելու, սեփական անվտանգության երաշխիքներ ստանալու մասին: Պատմում էին, որ Բաքվի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ դեմքեր այդ նպատակի համար վերջերս գաղտնի հավաք են անցկացրել Լոնդոնում և այնտեղ մշակել են իշխանության «փրկության ծրագիրը»:
Սա, իհարկե, վտանգի մի կողմն է, երբ խորտակվող նավն առաջինը լքում են առնետները: Կա նաև տագնապի երկրորդ աղբյուրը, և դրա համար լուրջ ազդանշան դարձավ այն, որ օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ-ի ու եվրոպական շուրջ 20 երկրների դեսպաններ այցելեցին «Մուսավաթ» կուսակցության գրասենյակ, ուր կայացավ նրանց հանդիպումը Հանրային պալատում առանցքային դերակարարում ունեցող մի խումբ գործիչների հետ: Կատարվածը այն աստիճան մտահոգեց ու լրջորեն զայրացրեց պաշտոնական Բաքվին, որ իշխանության բարձրագույն մարմինների մի շարք ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, հանդես եկան կոշտ հայտարարություններով` պահանջելով այսուհետ չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, քանի որ նման գործողությունները այլ բան չեն, քան «ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելուն միտված քայլեր» և կարող են լրջորեն փչացնել այդ երկրների հետ հարաբերությունները:
Քարոզչական ճակատում ընթանում են անհավասար մարտեր: Վարչակազմին ծառայող լրատվամիջոցները այժմ գործում են գերազանցապես մեկ ուղղությամբ` վարկաբեկել ընդդիմությանը` նրան վերագրելով ամեն կարգի մեղքեր` էլ հայերի հետ համագործակցելու, էլ թշնամու ջրաղացին ջուր լցնելու, էլ եվրոպացիների ու ամերիկացիների փողերով երկրում արաբական հեղափոխություն իրականացնելու ամբաստանություններ: Պատժիչ մեքենայի մյուս թևը նույնպես ձեռքերը ծալած չի նստում: Աշխատանքից կամ բուհերից հեռացվում են ցույցերին մասնակցած քաղաքացիները, տասնյակ ակտիվիստներ կանչվում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց հետ «բացատրական» աշխատանքներ են տարվում:
Սակայն մեծ թափանիվը գործի է դրված, և այդ բոլոր ուժային դրսևորումներն այլևս անպատասխան չեն մնում, ինչպես եղել են երկար տարիներ: «Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան ակցիաների անցկացումը: Խաղաղ հանրահավաքները խոսքի ու հավաքների ազատության էությունն են: Այդ իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվում են»,- հայտարարում է Amnesty International կազմակերպությունն ու այնուհետև պահանջում. «Միջազգային հանրությունը պետք է մեծ ճնշում գործադրի այդ երկրի կառավարության վրա, որպեսզի վերջ տրվի բռնություններին»:
ԵԱՀԿ Բաքվի գրասենյակն իր հերթին հանդես է գալիս արդարության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերից: «Մենք ցանկանում ենք, որ բողոքի ցույցերի ժամանակ այլևս ձերբակալություններ չլինեն: Մենք անխուսափելի ենք համարում իշխանությունների ու ընդդիմության միջև երկխոսությունը: Շատ կարևոր է, որ դա կայանա, և կողմերի համար ընդունելի որոշումներ գտնվեն: Դրա համար էլ պետք է խուսափել ակցիաների ժամանակ բռնության կիրառումից: Դա իշխանություններին ոչինչ չի տա»,- ասվում է նրանց տարածած կոչում: Սրան զուգահետ Freedom House կազմակերպությունը փաստում է, որ Ադրբեջանի կառավարությանը քննադատող բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են ճնշումների ու հետապնդումների, իսկ ոմանք` նույնիսկ ծեծի: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրացնում է ասվածը. համաձայն նրանց տվյալներով` անկախ ու ընդդիմադիր լրագրողներն աշխատում են իշխանությունների մշտական ճնշումների ներքո: Նրանցից շատերը վստահ են, որ Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունները հետևում են հեռախոսային խոսակցություններին, ինտերնետ շփումներին: Հսկողության տակ են հատկապես արտասահմանցիների, միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունեցող գործրարների հեռախոսներն ու ինտերնետ հեռահաղորդակցության միջոցները:
Խոստովանենք, որ իրավիճակն իսկապես բարդ է և պայթյունավտանգ: Ալիևի այն համոզմունքը, թե հանուն նավթի իրեն ձեռք չեն տա, այլևս արդիական չէ: Նավթ կարելի է գնել նաև հաջորդ իշխանությունից, որը գուցե թե շատ ավելի զիջող ու առատաձեռն լինի` հաշվի առնելով իրեն մատուցած ծառայությունները: Ի վերջո նման օրինակներ աշխարհում քիչ չեն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Աստանա. օր առաջին

2 Դկտ

ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը, որին այնքան երկար սպասում էին, մեկնարկեց: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Անկախության պալատում, 11 տարվա ընդմիջումից հետո, դեկտեմբերի 1-ին հավաքվել էին շուրջ 5 հազար մասնակիցներ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում` 28 երկրների նախագահներ, 10 պետությունների կառավարության ղեկավարներ, ինչպես նաև 33 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների պատվիրակներ, գագաթաժողովը լուսաբանող 1200 լրագրողներ:
Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ հավաքն անցնելու է բավականին լարված մթնոլորտում։ Իսկ այն փաստը, որ ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը չէին մասնակցում, զանազան ենթադրությունների տեղիք տվեց։ Շատերն էին այն կարծիքին, թե դա ցույց է տալիս, որ այս անգամ Ռուսաստանին հնարավորություն է տրվել իրեն զգալ իրադրության տերը և առավել ակտիվ աշխատել հակամարտող կողմերի հետ։ Քիչ չէին նաև նրանք, ովքեր գտնում էին, որ ԵԱՀԿ-ն կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, լուծումներ իրագործելու լծակներ չունի և շտապ արդիականացման կարիք է զգում: Գուցե թե կողմերից ամեն մեկն իրավացի էր յուրովի, բոլոր դեպքերում ընդհանուր ակտիվության մեջ մեզ համար էականն այն ամենն էր, ինչը պիտի վերաբերեր Ղարաբաղի խնդրին: Եվ այս անգամ ոչ միայն դրա պակասը չզգացվեց, այլև եղածը չափից ավելին էր մի քանի ժամերի համար: Հարցի առնչությամբ տասնյակ ելույթներ հնչեցին, սակայն դրանց հանրագումարը դարձավ համանախագահող երկրների, Հայաստանի և Ադրբեջանի հնգակողմ հայտարարությունը, որը բարի ցանկություններից զատ ընդգրկում էր մի շարք կարևոր դրույթներ:
Հաստատելով իրենց համաձայնությունն այն մասին, որ եկել է ժամանակը` վճռական ջանքեր գործադրելու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատում էին իրենց հավատարմությունը` հասնելու հակամարտության վերջնական լուծման` հիմնված Միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի Հռչակագրի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի` 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում և 2010թ. հուլիսի 26-ին Մուսկոկայում արված հայտարարությունների վրա:
Փաստաթղթի վրա անմիջապես բևեռվեց վերլուծաբանների ուշադրությունը: Վերջիններս հատկապես ընդգծեցին այն կարևոր հանգամանքը, որ առաջին անգամ ղարաբաղյան հակամարտությունը դուրս է բերվում մյուս հակամարտությունների կարգավորման շրջանակներից ու դիտարկվում է որպես առանձին գործոն։ Առաջին դեպքն էր նաև, երբ հայտարարության մեջ ի թիվս այլ փաստաթղթերի, հղում էր արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը: Սա, անշուշտ, կարգավորման գործընթացի բոլորովին նոր տարր է, և համոզմունք կա, թե այդ նորամուծությունը բխում է Լեռնային Ղարաբաղի շահերից: Բանն այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը միջազգային իրավունքի համակարգում ունի գերակա ուժ, բավականին հստակ կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Սակայն Աստանայի հայտարարությունը ոչ բոլորի համար էր միայն դրական լիցքերի աղբյուր: Ոմանց մտահոգել էր այն ձևակերպումը, թե «կողմերը համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն և անվտանգություն կբերի, և կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջև համաձայնության հասնելու համար»։ Սա մեկնաբանվեց այն իմաստով, որ բոլոր հարցերը հնարավոր կլինի քննարկել միայն խնդրի կարգավորումից հետո, իսկ դա նույնն է, թե համաձայնել կոնֆլիկտի հավերժացման գործընթացին, որովհետև, ըստ էության, կողմ արտահայտվելով Մադրիդյան առաջարկներին, նշանակում է երկարաձգել լուծումը: Անհանգստության առիթ էր տալիս նաև հայտարարության այն հատվածը, որտեղ հղում է արվում 2010թ. Մուսկոկաում ընդունված փաստաթղթին, իսկ հիշյալ փաստաթղթում, ինչպես հայտնի է, առկա է «օկուպացված տարածքների վերադարձ» դրույթը:
Բայց նույնիսկ այս պարագայում պետք է խոստովանել, որ Ադրբեջանի կացությունը Աստանայում շատ ավելի աննախնձելի էր: Եվ Բաքուն վշտանալու մի քանի լուրջ պատճառներ ուներ: Նախ նրանց խորը հիասթափություն պատճառեց ՌԴ նախագահ Վ. Մեդվեդևը` իր ելույթում հատուկ ընդգծելով, որ հակամարտությունների լուծման ժամանակ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Ռուսաստանի նախագահի խոսքով, ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք չպետք է լինեն ընտրողաբար և պետք է կիրառվեն միշտ:
Հետո Բաքվի համար իսկական սառը ցնցուղ եղավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը։ Նա ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա, իսկ նշված բոլոր սկզբունքները մեկ միասնականություն են ներկայացնում, և դրանցից մեկը մյուսի նկատմամբ գերակա ներկայացնելը ապակառուցողական կլինի ու չի օգնի հակամարտության լուծմանը։
Տիկին Քլինթոնից անմիջապես հետո Ֆրանսիայի վարչապետը բառացի կրկնեց նույն հայտարարությունն ու հավելեց, որ Ֆրանսիան վճռականորեն կաջակցի կարգավորման գործընթացի առաջընթացին: Ստացվում էր, որ երեք համանախագահող երկրները հանդես էին գալիս միասնական դիրքորոշմամբ, իսկ այդ դիրքորոշումը ոչ մի կերպ հոգեհարազատ չէր Ի. Ալիևի սպասելիքներին:
Ի դեպ, նկատենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները իրենց ելույթներում այդպես էլ չնշեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, չնայած Մոլդովայի ու Վրաստանի դեպքում նման հայտարարություն արվեց։
Թե ինչ եղավ հետո, անսպասելի էր ինչպես մասնակիցների, այնպես էլ կազմակերպիչների համար: Ադրբեջանի նախագահը հայտարարությունն ընդունելուց քիչ անց գագաթաժողովի ամբիոնից հակահայկան բուռն ելույթ ունեցավ ու արտասանեց բաներ, որոնք լիովին հակասում էին ընդունած փաստաթղթի դրույթներին: Եվ ապա հայտնի դարձավ, որ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նախատեսված էր օրվա երկրորդ կեսին, չէր կայանալու: Դա նաև նշանակում էր, որ այդ հանդիպման արդյունքներով նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նույնպես առկախվում էր: Շուտով անանուն դիվանագիտական աղբյուրները բացատրեցին, որ Ալիևը մերժել է տեսակցությունը ինչպես Սարգսյանի, այնպես էլ Մեդվեդևի հետ, քանի որ չի կարողացել բացատրություն գտնել ամբիոնից իր ելույթի ու իր անունից արված հայտարարության միջեւ առկա հակասությունների համար: Համանախագահներին մնում էր խոստովանել, որ իրենք պարզապես տարակուսած են:
Գագաթաժողովի առաջին օրը ադրբեջանցիների համար իրոք ձախողված էր: Այդ երեկո Ալիևը հազիվ թե տրամադրություն ունենար դիտելու ֆինն խուլ ռեփեր Մարկո Վուորիհեյմոնի ելույթը, որ կազմակերպվել էր հյուրերի համար: Իսկ ահա մեկ այլ հարցում Ադրբեջանի նախագահը գուցե և ժամանակ գտներ: Հայտնի բան է, որ ամեն անգամ, երբ Ալիևը հայտնվում է անհարմար կացության մեջ, նրա դժգոհությունն իր արտահայտությունն է գտնում է հայ- ադրբեջանական սահմանի վրա: Այնպես որ, սխալ արած չենք լինի, եթե սպասենք տհաճ անակնկալների:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: