Tag Archives: Ալիսա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

4 Ապր

Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել:

Թարգմ․ Վահագն Դավթյանիpers140628324494

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

30 Մրտ

Եվ Աստված 
Առանց հողաթափերի 
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ:

Իր պատուճանը
Նա կախեց պատից
Եվ իմացություն
Հեղեց ինձ վրա:

Մենք մի հայացքով 
Բարեկամացանք:
Նա ճանաչում էր 
Արդեն իմ հոգին:

Եվ նա լսել էր
Ռախիտով հիվանդ
Պատմությունները
Մի կույր ամբոխի,
Որը կարծում էր,
Թե իբր Աստված
Կոշիկ է հագնում:

Բայց Աստված արդեն
Ճանաչում էր ինձ:
Եվ իմ ուսերի
Կնիքը, որ խոլ
Մրրիկներն էին
Սեղմելով թողել,
Ծանոթ էր նրան:

Եվ նա ցանկացավ
Ինձ արդարություն անել
Գաղտնորեն:
Եվ ննջարանս
Մտավ գիշերով,
Պարզորեն,
Առանց հողաթափերի:

Բոբիկ էր Աստված:
Ես ննջարանս կարգի բերեցի:

Թարգմ. Վահագն Դավթյան970472_637885502897994_1968874783_n

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

3 Ապր

Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:
Ու նա ինձ արդեն չի թունավորում:

Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

%d bloggers like this: