Tag Archives: Ալեքսանդրապոլ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ

27 Մյս

ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
թուրքական արշավանքի դեմ համազգային ճակատ
ստեղծելու անհրաժեշտության մասին

25 մայիսի, 1918թ.
Հայեր,
Ծանր փորձություններ է ապրում մեր ժողովուրդը: Տաճկական բազմադարյան ստրկությունից հետո մեր ժողովուրդը հասկացավ, որ այդպես շարունակել այլևս չի կարող և վճռեց` կամ զենքը ձեռքին նվաճել իր ազատությունն ու ստեղծել իրան համար երջանիկ ապագա և կամ պատվով մեռնել…
Տաճիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտության բանակցություններն ու կնքված զինադադարը. նրանք, օգտվելով զինադադարից, առանց նախազգուշացնելու, անսպասելի կերպով հարձակվեցին ու գրավեցին Ալեքսանդրապոլը: Այս բանը վերջնականապես քայքայեց մեր զորքը, և զինվորները, ձգելով իրենց շարքերը, անկանոն կերպով փախան իրենց տները` թողնելով բախտի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը: Թվում էր, թե ամեն ինչ կորած է, և նենգ թշնամուն մնում է միայն շարունակել իր հաղթական ընթացքը դեպի երկրի ներսը` ստիպելով դրանով հայ ազգաբնակչությանը գաղթել իրեն բնակավայրերից և կորցնել իր ամբողջ ունեցվածքը:
Եթե դուք ցանկանում եք ազատել ձեր ընտանիքներն ու ունեցվածքը, եթե չեք ցանկանում ապրել ավելի վատթար ստրկության մեջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տաճիկ կառավարության լծի տակ, եթե չեք ուզում, որ ամբողջ հայությունը կորչի, եկեք բոլորդ, ով զենք կրելու ընդունակ է, եկեք ձեր զենքով ու փամփուշտներով, վերցրեք ձեզ հետ հինգ օրվա ուտելիքեղենի պաշար, մինչև որ կարելի լինի զորքի կանոնավոր պարենավորումը կազմակերպել:
…. Լավ գիտեցեք, որ եթե այժմ զենքով չկարողանանք պաշտպանել մեր ազատությունն ու ունեցվածքը, ապա մենք արժանի չենք գոյություն ունենալու որպես ինքնուրույն ժողովուրդ, և այն ժամանակ վայ մեզ ու մեր հետնորդներին: Մեր որդիներն ու թոռները միայն անեծքով կհիշեն մեզ: Մենք հույսը պետք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրա և եթե այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զորքին, չլրացնենք մեր շարքերը զինվորներով ու չմատակարարենք նրան անհրաժեշտ մթերքներով, մենք կորած ենք: Լավ իմացեք, որ եթե այժմ զենքով չնվաճենք մեր ազատությունն ու չստեղծենք մեզ համար երջանիկ ապագա, այլևս երբեք չի հաջողվի այդ բանը ոչ մեզ և ոչ մեր սերունդներին:

Հայկական կորպուսի հրամանատար
գեներալ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ

«ԳԱԶԵԹ ԵԿԱՎ ԹԵ` ԲԱ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՃԱՄՓԵՆ ԴԵՍՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ…»

25 Մյս

Ամենքս էլ ինչ-որ ժամանակ երկաթուղու ուղևոր ենք եղել` անսովոր ու տարօրինակ ոչինչ չտեսնելով դրանում: Բայց և մեզնից մեծ երևակայություն չի պահանջվի պատկերացնելու համար այն զգացումը, որ ապրեցին Հայաստանի կուսական ձորերում շոգեքարշի առաջին սուլոցը լսողները: Երկաթուղու հայտնությունը մեր կողմերում թումանյանական պատումներից ժառանգել ու ընկալել ենք որպես հեքիաթային մի իրողություն, որին վիճակված էր առաջինը լինելու ճակատագիրը:
««Գազեթ եկավ թե` բա երկաթուղու ճամփեն դեսն են տանում…»»: Իսկ նախապատմությունն այսպիսին է: 1896 թ, որոշում է ընդունվում Արևելյան Հայաստանում կառուցվող առաջին` Թիֆլիս- Կարս երկաթուղու շինարարություն սկսելու մասին, և նույն թվականին էլ աշխատանքները ծավալվում են: Այն ղեկավարելու համար ստեղծվում է հատուկ վարչություն, որը գտնվում էր Թիֆլիսում և անմիջականորեն ենթարկվում էր Անդրերկաթուղու վարչությանը: Շինարարությունը բաժանված էր տեղամասերի, յուրաքանչյուր տեղամաս ուներ իր վարչությունը, որն էլ ուղղակիորեն ղեկավարում էր աշխատանքները տվյալ հատվածում: Շուրջ 3 տարի տևեցին առաջին գծի կառուցման աշխատանքները: Դրանք ավարտվեցին 1899 թ, աշնանը: Պահպանվել է պատմությունը. արխիվային ճշգրտությամբ արձանագրում է Հայաստանի երկաթուղու ծնունդն ավետող այն հիշարժան տարեթիվը, երբ առաջին գնացքը դուրս եկավ կառամատույցից: Դա 1899 թ. նոյեմբերի 30-ին էր, ժամը 12.00 -ին: Սկզբնական շրջանում շատ ավելի աշխույժ էր երթևեկությունը Թիֆլիս- Ալեքսանդրապոլ 278- վերստանոց հատվածում, ուր հաղորդակցությունը սկսվել էր 1899-ի դեկտեմբերի 1-ից: Ճիշտ է, գնացքները հասնում էին մինչև Կարս, սակայն Ալեքսանդրապոլ- Կարս հատվածում կանոնավոր երթևեկությունը հունի մեջ ընկավ փոքր-ինչ ավելի ուշ:
Մամուլի խունացած թերթերը ևս այդ օրերի մասին հետաքրքիր վկայություններ են պահպանել: Առաջին գնացքի մուտքը Կարս, որ տեղի ունեցավ 1899-ի հուլիսի 15-ին, «Մշակ» թերթում այսպես է ներկայացվել. «Այսօր առավոտյան ժամը 11-ին նշանակված էր Կարս- Թիֆլիս երկաթուղու մարդատար գնացքի մուտքը Կարս: Կայարանը և գնացքը զարդարված էին դրոշակներով: Կայարանի մուտքի ճակատին դրված էին վենզելներ Կայսրի անվամբ: Առավոտվանից ամբողջ քաղաքը հավաքվել էր կայարանի մոտ և անհամբերությամբ սպասում էր գնացքի գալուն: Երբ հեռվից լսվեց շոգեկառքի սուլոցը, նահանգապետը մի քանի բարձրաստիճան մարդկանց հետ գնաց ընդառաջ: Ճանապարհի մի ափից մինչև մյուս ափը երկարացրած էր մի ժապավեն, որին հասնելուն պես գնացքը կանգ առավ: Երկրաչափներն իջան վագոններից և ներկայացան նահանգապետին: Տիկին Դոմանտովիչը կտրեց ժապավենը: Նահանգապետը մուրճով խփեց դուրս ցցված մեխը, և գնացքը, խուռն բազմությամբ շրջապատված, շարժվեց դեպի կայարանը: Շոգեկառքի առաջին պատշգամբում հավաքված օֆիցերները երգում էին ռուսական հիմնը»: Նկարագրությունն ընդարձակ էր ու ամենայն մանրամասնությամբ` հոգևորականության մաղթանք, հյուրասիրություն, կենացներ ի պատիվ Նորին Կայսերական մեծության թագավորի և այլն, մի բան, որ հավանաբար կրկնվել է առաջին երկաթուղու ճանապարհին գտնվող բոլոր կառամատույցներում:
Ի դեպ, մեկ դարից ավելի վաղեմություն ունեցող այս նյութերի կողքին կարելի է հանդիպել նաև ոչ այնքան ուրախ տեղեկությունների: Հետաքրքիր է, օրինակ, այդ օրերի թերթերում այսպիսի լրատվության առկայությունը. «… Առավոտյան դեռ գնացքը չեկած` անձնասպան եղավ Կարսից մինչև Ալեքսանդրապոլ կայարանների և այլ շինությունների կապալառու Հարություն Ռափայելյանը… Նա դիմել է այդ քայլին, որովհետև երկար ժամանակ իր շինածների համար գանձարանից փող չէր ստացել, որի համար ամենահնազանդ արհեստավորներն անգամ սկսել են տրտնջալ և անպատվել նրան, իսկ ինքը, չկարողանալով տանել այդ վիրավորանքը, լավ է համարել ատրճանակի մի հարվածով վերջ տալ իր կյանքին..»:
Ցավոք, երկաթգծի պատմությունը նաև ուղեկցվել է ինչպես այսպիսի, այնպես էլ շատ ավելի ողբերգական պատահարներով: Երկաթուղու մուտքով խանդավառված կարսեցիները չեն մոռանա երբեք, որ 1918 թ. իրենց հարազատ քաղաքի անկման օրերին գաղթականներով լի վերջին գնացքներից մեկը խորտակվել է Ղարաքիլիսայի մոտակայքում:
Այս ամենը` ավելի ուշ: Իսկ 1896 թ. նշանավոր տարին առաջինը դարձավ նաև մեկ այլ` Ալեքսանդրապոլ- Ջուլֆա երկաթգծի համար: Այդ օրերին ոչ միայն թույլատրվեց գծի կառուցումը, այլև հետախուզական աշխատանքներ էին տարվում, նախագծեր էին կազմվում: Եվ երբ ավարտվեց Թիֆլիս- Կարս երկաթգծի կառուցումը, ամբողջ անձնակազմը տեղափոխվեց այստեղ` ձեռնամուխ լինելով Ալեքսանդրապոլ- Երևան գծի շնարարությանը: 1896թ. սկիզբ առած աշխատանքներն ավարտվեցին 1907 թ. վերջին, որից հետո շինարարական վարչությունները լուծարվեցին: Ընդհանուր առմամբ, դարասկզբին Հայաստանի երկաթուղու ցանցը կազմում էր 460 վերստ: Դրան զուգահեռ ավելանում էր տեղամասերի, կայարանների, դեպոների, այլ հիմնական ու օժանդակ կառույցների թիվը: Նույնիսկ այն ժամանակ ընդհանուր երկաթուղում երթևեկության կառավարման մեջ պարզություն մտցնելու նպատակով գնացքները ստորաբաժանվում էին ըստ նշանակության` ճեպընթաց, փոստային, մարդատար, ապրանքատար, ծառայողական, զինվորական և այլն:
Մեր երկրի վերջին հարյուրամյակի պատմությունը` Լոռվա ձորում աղմկած առաջին շոգեքարշից մինչև ««գնացքից թռչելու ժամանակը», որքան էլ անսովոր թվա, կարծես սուրացող երկաթուղու մի անվերջանալի ընթացք լինի: Դա գնացք էր, որով թուրքական զորքն էր խուժում Ալեքսանդրապոլ, գնացք, որ բախվեց ու խորտակվեց Սարդարապատի կայարանում: Կարմիր դրոշներ ծածանող զրահագնացք էր, որ մահ էր սփռում Երևանից Շարուր, 37-ի ապրանքատար էր, որ աքսորի էր տանում հարյուր հազարավորների, զինվորներով լի այն շարժակազմն էր, որ գնում էր խառնվելու Մեծ աշխարհամարտի բոցերին: 46-ի հայրենադարձող գնացքն էր` իր վերջին հանգրվանով և այսպես մինչև մեր օրերը:
1988 թ. մենք կրկին հիշեցինք երկաթուղին «շրջափակում» բառով: Տարիներ անց երևի կփնտրեն- կգտնեն ու կարձանագրեն այն օրը, երբ առաջին անգամ փակվեցին Հայաստան տանող երկաթգծերը: Բայց պահպանվում է այդ օրերի միտինգներից մեկի ելույթների սղագրությունը, որից քաղված այս հատվածը իր տարամադրությամբ ոչ միայն խիստ հատկանշական է, այլև հավակնում է նախանշել սկիզբը: Ձայնագրությունը կատարվել է 1988 թ. նոյեմբերի 21-ին: Լևոն Տեր- Պետրոսյանն իր ելույթն ընդհատում է` ձայն տալով հարթակ բարձրացած Սմբատ Հակոբյանին: Ահա վերջինիս խոսքը. «Հենց հիմա ես գալիս եմ կայարանից: Բաքու- Երևան գնացքը արդեն մի քանի ժամ է` կանգնած է Նորաշենում (Նախիջաևանի Նորաշեն գյուղում, Հայաստանի սահմանամերձ գոտում): Գնացքում գտնվում են 60-ից ավել հայեր, հիմնականում կանաք ու երեխաներ: Գնացքը պաշարման մեջ է: Գնացքում եղել են բազմաթիվ ադրբեջանցիներ, որոնց հանել են գնացքից: Րոպե առ րոպե, ժամ առ ժամ իրավիճակն ավելի է սրվում: Ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը:
Հիմա ես ուլտիմատում եմ ներկայացնում և խնդրում եմ, եթե միտինգի մասնակիցները համաձայն են, ուլտիմատումը ներկայացնենք միտինգի անունից հետևյալ կարգով, հետևյալ բովանդակությամբ: Հիմա ժամը 8-ին պակաս է տասը: Սկսած ժամը 8-ից ` տալիս ենք 1 ժամ 30 րոպե ժամանակ: Եթե 1 ժամ 30 րոպեի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը իր վրա…» (այստեղ տեքստն ընդհատվում է):
Իսկ ժամանակը թռչում է: Այսօր երկաթուղու նկատմամբ մեր պատկերացումները փոքր-ինչ այլ են: Այսօր կառամատույցները նախկինի պես մարդաշատ ու աղմկոտ չեն: Այսօր երկնագույն վագոնների մասին երգերն ընդամենը երգեր են: Սակայն այն հույսը, որ կգա վերստին աշխարհի հետ երկաթե գծերով կապվելու ցանկալի ժամանակը, ոչ մեկին չի լքել: Դրա իրավունքն է տալիս հայկական երկաթուղու հին ու նոր պատմությունը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: