Tag Archives: ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

6 Հկտ

Սակայն ես վստահ եմ, վստահ ամեն ինչում, ավելի վստահ, քան ինքը, վստահ իմ կյանքի և մոտալուտ մահվանս համար։ Այո, ինձ միայն դա է մնում։ Բայց գոնե այս ճշմարտությունը պահում եմ այնքան, որքան նա է ինձ պահում։ Ես իրավացի եմ եղել, դեռ իրավացի եմ և միշտ իրավացի կլինեմ։ Ես այսպե՛ս եմ ապրել, բայց կարող էի ա՛յլ կերպ ապրել։ Ես ա՛յս եմ արել և ա՛յն չեմ արել։ Այն ժամանակ ես չեմ արել ա՛յդ բանը, մինչդեռ արել եմ մեկ ուրի՛շ բան։ Եվ ի՞նչ։ Ասես ամբողջ կյանքս ես սպասել եմ այս բացվող արշալույսին, երբ արդարացված կլինեմ։ Ոչ մի բան, ոչինչ նշանակություն չունի, և ես գիտեմ՝ ինչու։ Նա էլ գիտի՝ ինչու։ Իմ ապրած ամբողջ անհեթեթ կյանքի, ապագայի խորքերից մի անորոշ շունչ էր բարձրանում իմ մեջ դեռ չապրածս տարիների միջով, և այդ շունչն իր ճանապարհին հարթում, անէացնում էր ամեն ինչ, որ առաջարկվում էր ինձ իմ չապրած տարիների ընթացքում, որոնք նույնքան անիրական էին, որքան իմ ապրած տարիները։ Ինձ ի՜նչ փույթ ուրիշների մահը, մայրական սերը, ի՜նչ կարևոր է նրա Աստվածը, նրանց ապրած ապրելաձևը, ճակատագրերը, որ ընտրում են, քանզի միայն մեկ ճակատագիր է ինձ ընտրելու և ինձ հետ էլ միլիարդավոր արտոնյալների, որոնք նրա նման եղբայրներ կհորջորջվեն ինձ համար։ Հասկանո՞ւմ էր նա վերջապես։ Բոլորն արտոնյալներ են։ Կան միայն արտոնյալներ։
«Օտարը»
Թարգմ՝ Աննա Հակոբյանodnako-camus

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

1 Հկտ

Ծովը, անձրևները, կարիքը, պայքարը մահվան դեմ. ահա թե ինչն է միավորում մարդկանց: Մենք նման ենք իրար այն ամենով, ինչը տեսնում ենք միասին, այն ամենով, ինչից տառապում ենք միասին: Ամեն մեկն իր երազանքն ունի, սակայն այս աշխարհի իրականությունը մեր ընդհանուր հայրենիքն է:3735105-R3L8T8D-650-12034974916_aa17be2f04_o1

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

31 Հկտ

Ատելությունը արվեստի հանդեպ, որի փայլուն օրինակներ է ընծայում մեր հասարակությունը, այսօր այդքան ուժեղ է լոկ այն պատճառով, որ այն հովանավորվում է հենց իրենց` արվեստագետների կողմից: Մեր նախորդների կասկածները վերաբերում էին իրենց սեփական տաղանդին: Ժամանակակից արվեստագետների կասկածները վերաբերում են իրենց արվեստի անհրաժեշտությանը, հետևաբար նաև` իրենց սեփական գոյությանը:Kamyua

 

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

22 Հկտ

Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանկ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը և այսօր պայքարում ենք` հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը: Կռվում ենք հանուն այն նրբերանգի, որը տարանջատում է զոհաբերությունը միստիկականությունից, եռանդը` բռնությունից, ուժը` դաժանությունից հանուն դեռևս շատ թույլ դրսևորվող այն նրբերանգի, որը զատում է կեղծը ճշմարիտից, մարդուն, որի հետ հույսեր են կապում` թուլամորթ աստվածներից, որոնց մեծարում եք դուք…albert-camus

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

26 Օգս

Միայնություն: Դու գիտես ինչ բան է միայնությունը, բայց որը՞: Ա, դու չգիտես, որ միայնակ երբեք չենք լինում: Ամենուրեք անցյալի և ապագայի ծանրությունն է մեզ ուղեկցում: Մարդիկ, որոնց սպանել են, մեզ հետ են: Բայց դա դեռ հեշտ է տանել: Իսկ նրա՞նց, որոնց սիրել ենք և նրանց, որոնց չենք սիրել, որ մեզ են սիրել, ափսոսանքը, ցանկությունը, դառնությունը և մեղմությունը, անառակները և աստվածների պանթեոնը… Միայնակ: Ախ, եթե գոնե այդ ուրվականներով թունավորված միայնության փոխարեն, որ իմն է, կարողանայի ճաշակել ճշմարիտը, լռությունը և ծառի սոսափը… Միայնություն:

«Կալիգուլա»

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

25 Հնս

ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ, բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ինչ արժեք ունի ինձ համար այն իմաստը, որ իմ ընկալման շրջանակից դուրս է: Ես ունակ եմ հասկանալու միայն մարդկային արտահայտությունները, այն, ինչին ձեռք եմ տալիս, ինչը դիմադրում է ինձ: Ինձ հայտնի է նաև, որ ի վիճակի չեմ հաշտեցնելու երկու հավաստիություններ՝ բացարձակի, միասնականության իմ ձգտումը և այս աշխարհի անհամատեղելությունը ռացիոնալ ու տրամաբանական սկզբունքներին: Ուրիշ ի՞նչ ճշմարտություն կարելի է իմանալ առանց ինքնախաբեության, հույսի միջամտության, որ ես չունեմ և որն ավելորդ է իմ իմացության սահմաններում:
Եթե ես անտառում ծառ, կենդանիների մեջ՝ կատու լինեի, կյանքը կունենար իմաստ, ավելի շուտ նման հարց չէր ծագի, որովհետև աշխարհի մասնիկը կլինեի: Ես կլինեի այս աշխարհը, որին այժմ իմ ողջ իմացությամբ ու հարազատության ներքին պահանջով ներհակ եմ: Այս տարրական տրամաբանությունն ինձ հակադրում է արարված ամեն ինչի, մի տրամաբանություն, որը գրչի հարվածով անհնար է ժխտել: Չէ՞ որ ես պարտավոր եմ պաշտպանել այն, ինչ ճիշտ եմ համարում, այն, ինչ նույնիսկ կամքիս հակառակ ինձ ճշմարիտ է թվում: Եվ ի՞նչ է ընկած այդ կոնֆլիկտի, աշխարհի և իմ գիտակցության խզման հիմքում, եթե ոչ կոնֆլիկտի գիտակցությունը: Ուրեմն կոնֆլիկտը պահպանելու համար ես պետք է միշտ, անընդհատ թարմացնեմ, անընդհատ լարեմ գիտակցությունս…

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

15 Ապր

ԱՆԿՈՒՄ

Ես, որ սենտիմենատալ չեմ, գիտե՞ք, թե ինչ եմ երազում. մի իդեալական սեր, որ լցնում է ամբողջ հոգին ու մարմինը ցերեկ թե գիեշեր, անդադրում գրկախառնումների մեջ, մարմնական վայելքներով և մտային հուզումով լեցուն, և այս թող իրականանար հինգ տարի անընդհատ և թող մահվամբ վերջանար … Ավա՜ղ …
Մահը մենակ է, մինչ ստրկությունը հավաքական է … Ամեն մարդ իր բաժինը կստանա, բայց ամենակարևորն այն է, որ կստանա ուրիշների հետ … և այսպես, բոլորս ի վերջո միացած ենք, բայց ծնկի եկած, գլուխներս խոնարհած …
Իրականում ես սխալ արեցի՝ ասելով ձեզ, որ կարևորը դատապարտությունից խուսափելն էր … Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույԼ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը… Ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու …Ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել…
Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՜հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են…
Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար … անկարելի է … Պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ …
Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն ուշ է… միշտ շատ ուշ է լինելու… բարեբախտաբար…

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

15 Մրտ

Որքան արվեստագետներ են մեծամտորեն հրաժարվում իրենց փոքր մարդ գիտակցելուց: Սակայն այդ իր «փոքրության» գիտակցումը բավ է ճշմարիտ տաղանդ ձեռք բերելու համար: Քանի որ, ի հակառակ իր մասին սեփական կարծիքի, նրանք ակամա ստրուկ են մնում, որ ավելի բարձր են կանգնած այն միջին մակարդակից, որ այդքան արհամարհում են: Իսկ որքան են այլք, որ ընդհակառակը, համոզված են, որ հանճարեղության համար բավական է ընդհանուր մակարդակին իջնելը, և նրանք իջնում են, բայց արդեն երբեք չեն կարողանում դրանից վեր կանգնել: Այդ երկու ծայրահեղությունները, ի դեպ, միմյանց լրացնում են: Արվեստը, որը ժխտում է առօրեականության ճշմարտությունը, դատապարտված է անկենդանության: Սակայն միայն առօրեականությունն էլ նրա կյանքի համար, միևնույն է, քիչ է: Այդ պատճառով էլ արվեստագետը չի կարող անտեսել իրականությունը, և նրա խնդիրն է` դրան ավելի բարձր արդարացում պարգևելը: Ինչպե՞ս կարող է նա այն արդարացնել, եթե իր համար, որպես կանոն, ընտրել է այն քամահրելը: Եվ միաժամանակ` ինչպե՞ս այն փոխակերպել, եթե նա որոշել է դրա գերին դառնալ:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

27 Նյմ

… Բայց դուք ինքնասպանություն եք գործել, և մի՞թե կարևոր է` ձեզ հավատում են, թե ոչ. դուք այլևս չեք կարող նրանց` թեկուզ ակնթարթային զարմանքին և զղջմանը ներկա լինել, չեք կարող մասնակցել, ինչպես երազում է յուրաքանչյուր մարդ, սեփական հուղարկավորությանը: Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց: Հետո, ավելի լավ չէ՞ այդպես լինելը: Մենք շատ ենք տառապում նրանց անտարբերությունից:
«Նա ինքնասպան եղավ, որովհետև չկարողացավ տանել, որ…»: Ահ, սիրելի բարեկամ, մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նաև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրանց գլուխը չի մտնում: Ուրեմն ինչո՞ւ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան քո մասին: Երբ մահանաք, նրանք առիթից պետք է օգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարտիրոսները, սիրելի բարեկամ, պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն:

Հատված «Անկում» վիպակից

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

22 Հկտ

… Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ եւ այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը: Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից: Նիցշեն կարող էր մերժել տրանսցենդենտալիզմը` բարոյական կամ աստվածային, հայտարարելով, թե այդ տրանսցենդենտալիզմը մղում է զրպարտության այս աշխարհի եւ այս կյանքի դեմ: Բայց գուցե կա մի կենդանի տրանսցենդենտալիզմ, որի գեղեցկությունը խոստումնալից է, որը ի զորու է մեզ ստիպել սիրել եւ ամեն ինչից վեր դասել այս մահկանացու եւ սահմանափակ աշխարհը: Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:

* * *
…Անշուշտ, իսկական սերը բացառիկ է, երկու կամ երեք անգամ՝ դարի մեջ, մի քիչ ավել կամ պակաս: Մնացած դեպքերում փառասիրությունն է կամ ձանձրույթը: Ւնչ վերաբերում է ինձ, ես ամենևին էլ կարծրասիրտ չեմ, ու շատ հեռու եմ դրանից — ընդհակառակը, լի խղճահարությամբ, ու արցունքներս միշտ պատրաստ են թափվելու: Միայն թե, իմ էմոցիոնալ իմպուլսները միշտ շրջվում են դեպի ինձ, իմ խղճահարության զգացողությունները ինձ են միայն ուղղված լինում : Այնուհանդրեձ, սխալ կլինի ասել, որ ես երբեք չեմ սիրել: Ես, ամենաքիչը մի հզոր սեր հղացել եմ կյանքում, որի առարկան սակայն միշտ վերջին հաշվով դուրս է եկել իմ եսը: Ու այդ տեսակետից, ջահելությանս անխուսափելի վայրիվերումներից հետո, ես բավական շուտ հանդարտվեցի. միայն զգայականությունն էր, որ սկսեց իշխել իմ սիրային կյանքում: Ես պարզապես փնտրում էի հաճույքի ու նվաճման առարկաներ: Ավելին, ինձ օգնում էր, իմ արտաքինը. բնությունը շռայլ էր գտնվել իմ հանդեպ: Ու ես նկատելիորեն հպարտ էի դրանով ու բազմաթիվ բավարվածություններ էի քաղում՝ առանց առանձնապես գիտակցելով ավելի շատ ֆիզիկակա՞ն հաճույքին տուրք տալով, թե՞ հեղինակությանս: Դե հա, հիմա կասեք, էլի գլուխ եմգովում: Չեմ ժխտի, և ոչ էլ հպարտ եմ դրանով, քանի որ տվյալ պահին պարծենում եմ մի բանով, որը իրոք այդպես է: Ամեն դեպքում, զգայականությունս այնքան ռեալ էր, որ անգամ տասը րոպեանոց արկածի համար կանպատվեի հորս ու մորս, թեև հետո զղջալու էի դառնորեն: Վստահեցնում եմ ՝ ես ունեի սկզբունքներ, օրինակ՝ որ ընկերոջս կինը սրբություն է: Բայց ես ի՞նչ էի անում. պարզապես մի քանի օր առաջ դադարում էի, ու դա ամենայն անկեղծությամբ, զգալ որևէ ընկերություն ամուսնու նկատմամբ: Գուցե սա ես չպե՞տք է անվանեմ զգայականություն: Զգայականությունը նողկալի չէ: Եկեք հանդուրժող լինենք ու օգտագործենք անկայունություն բառը, բնածին անկարողության տեսակ՝ սիրո մեջ չտեսնել որևէ այլ բան ֆիզիկականից բացի: Այդ անկայունությունը, այնուամենայնիվ , հարմար էր: Հավելվելով իմ մոռանալու հատկությանը, այն նպաստում էր ազատությանս: Միևնույն ժամանակ, տալով ինձ որոշակի անհասանելիություն ու անկասելի անկախություն, բերում էր նոր հաջողությունների հնարավորություններ…Ի հատուցում սրա, ավելին, զգայականությանս ի հավելում, ես բավարարում էի նաև իմ մեկ այլ կիրքը. կիքրը խաղի նկատմամբ: Կանանց միջից ես սիրում էի նրանց, ովքեր կարող էին լինել լավ խաղընկեր մի խաղի մեջ, որն առնվազն անմեղության համն ուներ: Տեսնու՞մ ես, ես չեմ կարող ձանձրանալ, և գնահատում եմ միայն կյանքի բազմազանությունը:

«Ընդվզող մարդը»

Ստեղծագործությունը աշխարհի ամբողջականության պահանջն է եւ միաժամանակ նրա մերժումը: Սակայն ստեղծագործությունը մերժում է աշխարհը իր չունեցածի պատճառով եւ հանուն այն բանի, որ երբեմն հենց ինքն է այն: Ընդվզումն այստեղ դիտարկվում է պատմությունից դուրս, մաքուր վիճակում, իր նախասկզբնական կնճռոտությամբ: Արվեստն ուրեմն մեզ պետք է տա վերջնական հայեցակետ ընդվզումի էության վերաբերյալ:
… Յուրաքանչյուր ընդվզումի մեջ բացահայտվում է մետաֆիզիկական ամբողջականության պահանջը, դրան հասնելու անհնարինությունը եւ փոխարինվող աշխարհի ստեղծումը: Ընդվզումն այս տեսակետից աշխարհի ստեղծումն է: Նա է նաեւ սահմանում արվեստը: Ընդվզումի պահանջը, ճիշտն ասած, գեղագիտական պահանջի մի մասն է: Բոլոր ըմբոստ մտքերը, ինչպես տեսանք, արտահայտվում են ճարտասանության կամ փակ աշխարհի մեջ: Այս շարժումը վերաբերում է նաեւ բոլոր արվեստներին: Արվեստագետը աշխարհը վերստեղծում է իր հայեցողությամբ: Բնության սիմֆոնիան երբեք չի հասկանա երգեհոնային երաժշտությունը: Աշխարհը երբեք չի լռում, անգամ նրա լռակյացությունը հավիտենական կրկնությունն է նույն նոտաների, որոնց թրթիռները խույս են տալիս մեզանից: Ինչ վերաբերում է ընկալվող թրթիռներին, դրանք մեզ ընծայում են հնչյուններ, երբեմն մի ակորդ, բայց երբեք` մեղեդի: Եւ սակայն երաժշտությունը գոյություն ունի, որտեղ ավարտվում են սիմֆոնիաները, որտեղ մեղեդին իր ձեւն է հաղորդում հնչյուններին, որոնք ինքնին չունեն ձեւ, որտեղ նոտաների արտոնյալ դասավորությունը, ի վերջո, բնական խառնաշփոթությունից դուրս է քաշում` հոգուն եւ սրտին բավարարվածություն տվող մի ամբողջականություն:
«Ես ավելի ու ավելի եմ հավատում, — գրում է Վան Գոգը, — որ չպետք է դատապարտենք Աստծուն այս աշխարհի համար: Սա մի աշխատություն է, որ անհաջող է ստացվել»: Յուրաքանչյուր արվեստագետ փորձում է վերափոխել այդ աշխատությունը, ոճ հաղորդել նրան, որը բացակայում է:
… Սակայն արվեստագետի ընդվզումն իրականի դեմ, որը եւ կասկածելի է դառնում ամբողջատիրական հեղափոխության համար, նույն հաստատումն է, ինչ որ ճնշվածի ընդվզումը: Համընդհանուր բացասումից ծնված հեղափոխական ոգին բնազդաբար զգում է, որ արվեստում բացի հրաժարումից կա նաեւ համաձայնություն, որ հայեցողությունը համարձակվում է կշռադատել գործողությունը, գեղեցկությունը, անարդարությունը, եւ որ որոշ դեպքերում ինքը` գեղեցկությունը, կարող է դառնալ անբողոքարկելի անարդարություն:
Բայց եւ ոչ մի արվեստ չի կարող ապրել համընդհանուր մերժումով: Այնպես, ինչպես յուրաքանչյուր միտք, որը սկզբում աննշանակություն է, նշանակություն ունի, այդպես էլ անիմաստ արվեստը իմաստ ունի: Մարդն իրեն կարող է թույլ տալ դուրս գալ համընդհանուր անարդարության դեմ եւ այդպես պահանջել համընդհանուր արդարություն, որի միակ ստեղծողը ինքը կլինի: Սակայն նա չի կարող հավաստել աշխարհի համընդհանուր տգեղությունը:
Գեղեցկություն ստեղծելու համար նա պետք է միեւնույն ժամանակ եւ հրաժարվի իրականից, եւ խանդավառվի նրա որոշ հատկանիշներով: Արվեստը վիճարկում է իրականը, բայց չի թաքնվում նրանից… Այսպիսով, արվեստը մեզ կհասցնի ընդվզումի ակունքներին, այնքանով, որքանով նա փորձում է ձեւ տալ մի արժեքի, որն անորսալի է հավիտենական կայացման մեջ, բայց որը կանխազգում է արվեստագետը եւ ուզում է հափշտակել պատմությունից:

%d bloggers like this: