Tag Archives: Ալբեր Սամեն

ԱԼԲԵՐ ՍԱՄԵՆ

26 Հկտ

Կան անսովոր իրիկուններ

Կան անսովոր իրիկուններ, երբ ծաղիկներն ունեն հոգի ,
Երբ զղջումն է տարուբերվում մթնոլորտի մեջ տենդային ,
Երբ մի ծանր ու համրաշարժ ալիքի հետ հառաչանքի
Գաղտուկ սիրտն իսկ ելնում է վեր, որ մահանա շրթունքներին:
Կան անսովոր իրիկուններ, երբ ծաղիկներն ունեն հոգի,
Եվ ես նման իրիրկուններ առնում եմ գիրքն, ինչպես մի կին:

Կան լուսավոր առավոտներ վարդամատն ու վարդագես,
Երբ որ հոգին ժայռերի մեջ երգող ջրի խայտանք ունի ,
Երբ զատկական զանգերով լի մի երկինք է սիրտը կարծես ,
Եվ երբ մարմինն է անբասիր ու միտքն՝ առանց զղջման թույնի:
Կան լուսավոր առավոտներ վարդամատն ու վարդագես,
Եվ ես նման առավոտներ քայլում եմ գոհ՝ մանուկի պես:

Կան մութ օրեր, երբ ինքն իրեն ճանաչելուց էլ ուժասպառ՝
Հազարամյա սիրտն է նստում իր ավարի վրա դաժան,
Երբ ամենից թանկ անցյալն է թվում անգույն բեմանկար,
Ուր շարժվում է ողորմելի ու անորոշ մի դերասան:
Կան մութ օրեր, որ ճանաչման բեռից խոնջ են և ուժասպառ,
Եվ ես գնում եմ կորացած, ինչպես հիվանդ մի նախահայր:

Կան գիշերներ տարակույսի, երբ անձկությունն է քեզ մրրկում,
Երբ որ հոգին ամբողջովին պարուրագիծ եզրին հակած
Եվ ահարկու անհունության վրա առկախ ու մահագույն՝
Անդունդների հովն է զնգում և նահանջում է հեղարձակ:
Կան գիշերներ տարակույսի, երբ անձկությունն է քեզ մրրկում
Եվ ես նման լուռ գիշերի մութի մեջ եմ, ինչպես մեռած:

%d bloggers like this: