Tag Archives: աթոռ

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

27 Մյս

ԴՈՒ, ԵՍ ԵՎ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սրճարանը դատարկվում է: Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Մնում ենք միայն` դու, ես և տրտմությունը:
Ներիր ինձ, ես գիտեմ, դու կամենում էիր, որպեսզի այսօր մենք միայն երկուսով լինեինք, բայց ինձ հետ է իմ տրտմությունը…
Դե ահա դու արդեն բարկանում ես, քեզ զանգահարել է պետք: Ես հասկանում եմ: Շտապ:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները տարուբերում են, խոհանոցում ափսեներն են չխկչխկացնում: Եվ մենք միայն երկուսով ենք, ես և դու, իմ տրտմություն:

ԻՆՉՈ՞Ւ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ

9 Դկտ

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում էր.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։
Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել և այն մինչև կեսը կայծկլտացող կրակով լցնել։ Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել եւ աթոռի վերևում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել՝ պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով և անուշահամ գինիով։ Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա և սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին՝ թիկունքից, երկրորդին՝ առջևից, երրորդին՝ աջից, չորրորդին էլ՝ ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին։ Եվ հրամայեց նրա առջև նվագել բոլոր քնարներն ու նվագարանները։ Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.
-Ուրախ լեր և զվարճացիր, կեր, խմիր, և թող քո սիրտն ուրախանա։
-Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանեց եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ։ Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ՝ փտած աթոռս կջարդվի, և կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ՝ բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով։ Եվ այսպես, որովհետև այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ոչ ուտել, ոչ խմել, ոչ էլ ուրախանալ։
Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.
-Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, և նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար։ Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի և դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ և դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ։ Երբ առաջ եմ նայում՝ մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ և չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը։ Երբ ձախ եմ նայում, դևերին եմ տեսնում, որոնք գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում և իմ փրկությանը հակառակ են։ Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս և ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավաղ, բավականաչափ չկատարեցի ու նրանց բարի խրատներին չհետևեցի։ Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա և իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ։

ԱԹՈՌՆԵՐԸ

1 Մրտ

Շատ ժամանակներ առաջ աշխարհում մի մեծ իրարանցում եղավ: Այնքան մեծ, որ երբ ամեն բան հանդարտվեց, տեսան, որ ոչինչ իր տեղում չէ: Ու նրանք, ովքեր կոչված էին կարգի բերելու աշխարհը, փութաջանորեն գործի անցան: Նախ աթոռներից սկսեցին: Հավաքեցին բոլոր մեծ ու փոքր աթոռները, լցրեցին մի տեղ ու սկսեցին բաժանել: Մինչև կարողացան վերջին աթոռն անհրաժեշտ տեղում դնել, հոգնեցին: Շատ հոգնեցին այդ բազմաչարչար մարդիկ: Այնքան հոգնեցին, որ մոռացան մնացած բոլոր հոգսերը: Եվ ցանկացան հանգստանալ: Ու հենց այդ ժամանակ, ոնց որ պատիժ, լույս աշխարհ ընկավ մեկը, ով ահագին աղմուկ-աղաղակ բարձրացրեց: Այդ մարդն անծանոթ չէր: Երբ աշխարհը խառնում էին, ամենամեծ գործը նա արեց: Իսկ հիմա, այ քեզ անարդարություն, ամեն մեկն առել էր իր աթոռը, հանգիստ նստել, իսկ նա ոտքի վրա էր մնացել:
Հավաքվեցին նորից ժրաջան մարդիկ ու սկսեցին համոզել մոռացված մարդուն, որ նա ուշացել է, որ թող հետո գա, երբ նորից ամեն ինչ կսկսվի սկզբից:
Ու շատ նեղացավ այդ մարդը: Այնքան նեղացավ այդ մարդը, որ էլ ասելու չի: Հենց հիշում ենք` մարդու սիրտ է մղկտում: Իսկ այս պատմությունն էլ գալիս է ասելու, որ նեղացկոտությունը բնավորության վատ գիծ …

Հովիկ Չարխչյան

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

21 Հկտ

…Աթոռը:
Աթոռն աթոռ է` առարկայի համընդհանուր պատկեր:Ընդհանրապես փայտից է` չոր հաճարենուց, լավագույն դեպքում` ընկուզենուց, հազվադեպ` ուռենուց. մասնավոր դեպք:
Աթոռը նստելու համար է և, եթե ուռենուց է, ճռճռում է մշտապես նստած հաստ քամակների ճնշման տակ. առարկայի ֆենոմենոլոգիա:
Ճիշտ է, բայց ո՞վ է նստողը:
Այստեղ խնդիրն ավելի բարդ է և ավելի խոր հետազոտության կարիք է զգում, ինչի լույսի ներքո ջրի երես է ելնում մտահոգիչ մի ճշմարտություն. նստում է նա, ով աթոռ ունի:
Իսկ ով չունի՞:
Ով չունի, ստիպված է ոտքի վրա մնալ: Այստեղից հետևում է, որ աթոռն, անխուսափելիորեն, բաժանում է մարդկությանը:
Իսկ նա, ով աթոռ ունի տեսնես սիրալի՞ր է և զիջու՞մ է այն ոտքի վրա մնացողներին:
Ոչ: Ով աթոռ ունի, այն պինդ պահում է և մնում է հարմարավետ նստած:
Այդ դեպքում ի՞նչ է նշանակում «Խնդրեմ, համեցեք նստեք»-ը:
«Խնդրեմ, համեցեք նստեք»-ը ազնվական և դեմոկրատական խոսելաձև է, որը քաղաքավարի շեշտում է տարբերությունը:
Լավ կլիներ այն փոխարինել «Խնդրեմ, ոտքի վրա էլ մնացեք»-ով` նույնքան քաղաքավարի, բայց ավելի ճշմարիտ:
Ես աթոռ ունեմ, բայց ոտքի վրա եմ մնում:
Ոչ, ցավում եմ, բայց այդպիսի բան նախատեսված չէ:
Ինչպե՞ս թե նախատեսված չէ: Աշխատեք նախատեսել, քանի որ ես մեկն եմ, ով աթոռով հանդերձ ոտքի վրա է մնում:
Դե, ուրեմն, ասենք, որ սուբյեկտիվորեն դու նրանցից ես, ովքեր ոտքի են, օբյեկտիվորեն սակայն…

ՋՈՐՋՈ ԳԱԲԵՐ

%d bloggers like this: