Tag Archives: ազգային

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

10 Հկտ

ԻՆՔՆԱԿՈՉ ՓՐԿԻՉՆԵՐ

Ռուս-թուրքական պատերազմի սկսված oրից ամն տեղ, ուր քիչ թե շատ գիտակից հայություն կար, ձգտում աոաջացավ կազմակերպելու հասարակությունը, միացնելու նրա անջատ ուժերը, որովհետև ամենքն զգում էն, թե որպիսի ճակատագրական անակնկալների աոաջ ենք կանգնած մենք. բոլոր բանիմաց տարրերը գիտակցում էին, թե որքան անգոր պիտի լինի գալիք ահավոր դեպքերի հանդեպ մի անկազմակերպ հանրություն: Ամենքն զգում էին, որ գումարված ուժերով և կուռ կազմակերպությամբ միայն կարելի կլինի որևէ ներգործական դեր կատարել այս ահեղ ժամանակներում:
Եվ ինչպես չգիտակցեին ու չզգային, երբ բիրտ ուժը տապալում էր պետական ամուր կազմակերպության մեջ ձուլված ազգերին: Մեր աչքի աոջևն էր արյունաներկ Բելգիան: Ի՞նչ կարող էր անել այսպիսի պարագաներում մի ազգ, որի միակ ազգային կազմակերպությունը եկեղեցին է, մի ազգ, որի քաղաքական հասունությունը ավելի քան կասկածելի է, մի ազգ, որ իր տառապանքն է միայն վահան դարձրել իր համար, վերջապես մի ազգ, որ հոգեկան սնանկության դուռն է հասել, որի կուլտուրական տարրերը կատարելապես ապազգայնացել են: Անշուշտ այդպիսի մի ազգ չպիտի դիմանար զալիք դեպքերի նույնիսկ առաջին հարվածներին, եթե չստեղծեր մի կուռ կազմակերպություն և ի մի ձուլվեր այդ կազմակերպության մեջ: Այդ կազմակերպության կարիքը պիտի զգար ամենից շատ, իհարկե, այն ինտելիգենցիան, որ դեռ չէր հրաժարվել ազգային արժեքներից: Այդ ինտելիգենցիան պիտի ձզտեր անհետաձգելի կերպով կազմակերպելու հասարակությունը, ոչ մի ջանք չպիտի խնայեր համերաշխության հող ստեղծելու հասարակության տարբեր խավերի մեջ, որպեսզի հնարավոր լինի միաձույլ ուժերով գործելու: Պետք էր, որ մեր ինտելիգենցիայի լավագույն տարրերը ազգային անդառնալի աղետների հանդեպ կարողանային սնել իրանց մեշ վեհոգի պատրաստակամություն՝ ազգովին գործելու, և այն՝ ոչ ձևականորեն միայն և թղթի վրա, այլ անկեղծ կերպով:
Պատերազմի սկզբից իսկ մեր մամուլը կոչ արեց այդպիսի համերաշխության և միության, բայց բոլորն ընդունելով այդ կոչը՝ շարունակում էին գործել հին եղանակով, և այդպիսով չկայացավ այն համազգային կազմակերպությունը, որին ձգտում էր հայության անկեղծ և գիտակից մասը: Մենք կարծում էինք, որ անհրաժեշտ և անհետաձգելի է ստեղծել մի համազգային ընդհանուր ընտրված մարմին, որը պիտի հայության գլուխն անցներ այս արհավրալից ժամանակներում:
Նրանք, nրnնք չէին կամենում (բայց կեղծավորաբար պնդում էին, որ կամենում են) այդպիսի մի հիմնարկություն տեսնել, շարունակ ակնարկում էին քաղաքական պայմանները և այդպիսի համազգային հիմնարկություն ստեղծելու անհնարությունը: Եվ դա անում և ասում էին նրանք , որ սովորաբար իրանց արմատական են հորջորջում: Մինչդեռ մի՞թե պարզ չէր, որ երբ մի ամբողջ ազգ վտանգի է ենթարկում անգամ իր ֆիզիկական գոյությունը, երբ մի ամբողջ ազգ վկայում է պետության (վկայում է արյունով ու տանջանքով) իր համակրությունը, այդ ազգն իրավունք ունի բացարձակորեն պահանջելու, որ թույլ տրվի իրան ազզովին կազմակերպվելու:
Բայց նրանք, որ արմատական են ձևանում, իսկ իրոք զանազան եպիսկոպոսների փեշերի հովանին են որոնում, բնական է՝ չպիտի բռնեին այդ ճանապարհը: Եվ նրանք գերադասեցին գնալ հին, ծեծված, անօգուտ ուղիներով՝ ողորմություն խնդրելու, պետական բարձրաստիճան աղվեսների շեմքերը  մաշելու, նրանց թակարդ-սալոններում ճեմելու ճանապարհը: Այդ մարդիկ կռվի դաշտ ուղարկեցին ազնվագույն ուժեր, բայց մի՞թե այդ ազնվագույնների առաքինությունը պիտի լվա նրանց քաղաքական վատոգի, վախլիկ և ազգակործան գործունեության արատները: Բնավ:

Պետրոգրադ
(«Մշակ» , 1915, 15 հոկտեմբերի)-1

ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

13 Փտր

Ով ջարդված է, բնականաբար, կքաշվի մեջտեղեն, ով հոգնած է, կնստի, բայց ատով ոչինչ չի փոխվի: Եվ քաշվողներուն տեղը կուգան նորերը, մեկ նստողին տեղը ոտքի կելլեն ուրիշները: Եվ եթե այսօր մենք բոլորս ալ քաշվինք ասպարեզեն, վաղը հրապարակ կուգա նոր սերունդը հին դրոշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետև անիկա ալ ապրիլ պիտի ուզե իր ազգային կյանքովը: Վերջապես պետք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու և իր տիրապետության հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած և ոչ մեզմով կվերջանա:
Ազգը ապրող օրգանիզմ մըն է, որ քանի կենդանի է, ուզե-չուզե, ենթարկվի պիտի իր գոյության օրենքներուն: Եվ այս օրենքներուն ամենեն առաջինը իր լրիվ գոյությունը ունենալու, իր բոլոր ֆունկսիոններու տերը ըլլալու պահանջն է: Ամեն հիվանդ օրգանիզմի առաջին ձգտումը առողջանալն է, այսինքն` վերստին ձեռք բերել իր բոլոր օրգաններու ազատ ու առողջ գործածությունը, որոնցմե զրկված էր, և այդ պատճառով խանգարված, թուլացած ու տխեղծ էր դարձած ամբողջ օրգանիզմը:
Իր կամքեն ու պետականութենեն զրկված ժողովուրդ մը, ինչքան ժամանակ որ կապրի, միշտ պիտի ձգտի, անխուսափելի կերպով պիտի ձգտի իր կամքն ու իր ազատ պետությունը ձեռք բերելու: Կկարողանա, թե ոչ` ատիկա տարբեր հարց է, բայց որ պիտի տենչա ու ձգտի` ատոր տարակույս չկա:
Հենց որ դադրեցավ այդ պահանջը, հենց որ մեռավ անկախության ձգտումը, կնշանակե սկսված է ժողովուրդին հոգեվարքը: Իր ջիղերուն ու հոգիին մեջ կենսունակություն զգացող ժողովուրդ մը հրաժարել չի կրնար երբեք իր այդ ամենաբնական ձգտումեն:
Հայ ժողովուրդը, որ իր քսանյոթ դարերու գոյության ընթացքին իր կյանքին կեսը հպատակ է ապրած, միշտ ձգտեր է ձեռք բերելու իր թանկագին կորուստը, և կռիվ է մղեր աշխարհիս ամենեն հզոր բռնապետություններուն դեմ` հասնելու համար կամ պահելու համար իր անկախությունը…
… Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և կվիրավորվի, և կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ոչ կրնա ապրիլ ու դիմանալ, ոչ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով:
Ինչի՞ է նման ամեն արժանիքե զուրկ ու ստորին ազգային գոյություն մը: Արդի ու անցյալ մեր բոլոր հալածանքը, մեր բոլոր տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս բոլոր ոտնահարումը, անազատ կյանքի այս բոլոր լեղին եթե մենք կխմենք, կխմենք միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ ոտքի հանենք նորեն մեր ժողովուրդի լրիվ քաղաքակրթությունը, լրիվ ինքնուրույնությունը:
Իսկ եթե գոյություն պիտի չունենա այդ ձգտումը մեր հոգիներուն մեջ ու չպիտի վարե մեր շարժումները հանրային կյանքի մեջ, ի՞նչ արժեք ունի այլևս այս կիսատ ու քառորդ ազգային ցավագար գոյությունը, որ պահելու աշխատինք:

Պատերա՞զմ եք ուզում, դուք այն կստանաք»

16 Դկտ

Կատարվեց այն, ինչ պիտի կատարվեր: Մոսկվայում ծայրահեղ ազգայնականների ելույթներից ու անկարգություններից հետո տուժված կողմը` այսինքն նրանք, ում տեղացիները անվանում էին կովկասցիներ կամ սևեր, հայտարարեցին, որ պատահածն անպատիժ չի մնա և դեկտեմբերի 15-ին նախատեսել են Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրիժառության ակցիա: Մի քանի օր շարունակ լուրեր են շրջանառվում, որ Կովկասից Մոսկվա են ժամանում մարդկանց մեծ խմբեր` ազգայնամոլներից վրեժ լուծելու համար, իսկ ինտերնետային կայքերը հեղեղված էին սպառնալիքներով ու հակառուսական արտահայտություններով: Ֆան-ակումբներից մեկի կայքէջում ուղղակի հարցնում էին. «Պատերա՞զմ եք ուզում, դուք այն կստանաք»:
Պատերազմն, իհարկե, տեղի չունեցավ: Բայց զգուշացումները հենց այնպես չէին: Նախանշված օրը Մոսկվան հիշեցնում էր մի քաղաք, որտեղ արտակարգ դրություն էր հայտարարված և կամ սահմանվել էր պարետային ժամ: Քաղաքի ոստիկանությունը պատրաստվածության բարձր մակարդակի էր բերվել՝ կանխելու արմատական հայացքներ ունեցող երիտասարդների կողմից իրականացվող սադրանքները, ամենուր շրջում էին հատուկջոկատայինները, սակայն նույնիսկ նրանց ներկայությունն ի զորու չեղավ կանխելու ծրագրվածը:
Երեկոյան քաղաքի Կիևյան կայարանի հրապարակում, որտեղ ուժեղացված հսկողություն էր, տեղի ունեցան առաջին բախումները: Այնուհետև ամբողջ գիշեր հակասական լուրեր էին ստացվում քաղաքի տարբեր ծայրերից: Մերթ «Եվրոպական» առևտրի կենտրոնի առջև էին բախումներ արձանագրվում սլավոնական ու կովկասյան արտաքինով երիտասարդների միջև, մերթ կովկասցիների մեծ խմբեր էին հավաքվում Լուժնիկի շրջանում, մերթ ընդհարումներ էին տեղի ունենում «Սմոլենսկայա» հրապարակում, մերթ հաղորդվում էր, թե 350-400 ազգայնականներ փորձել են խափանել Մեծ Դորոգոմիլովսկի փողոցի երթևեկությունը կամ մարդիկ են կուտակվել «Աերոպորտ» կայարանում: Մի խոսքով, ոստիկանությունն իրականում անզոր էր կանխելու «բեսպրեդել» կոչված տարերային երևութը: Օրվա վերջում խոսվում էր 30 տուժածների և մեկ զոհի մասին: Ձերբակալվել էին անկարգության շուրջ 1200 մասնակիցներ: Առգրավել էին գազային ատրճանակներ, մահակներ, սառը զենք, երկաթե ձողեր և նույնիսկ սամուրայի թուր: Նույն ժամանակ ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ համանման բախումներ են տեղի ունեցել նաև Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում և երկրի այլ քաղաքներում:
Բոլորն են հասկանում, որ սա դեռևս ընթացք է: Ոչինչ չի ավարտվել, այլ, ընդհակառակն, նոր լիցքեր ու նոր որակներ է ձեռք բերելու տևական ժամանակների համար: Այս օրերին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հորդորում էր մարդկանց վերահսկել զգացմունքները, հակառակ դեպքում «բավական է մեկ անգամ չդիմանալ, և դատապարտված ենք հավերժ թշնամանքի»: Սակայն արդյո՞ք անկեղծ էր նրա մտահոգությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ ռուսական վերնախավում քչերին է անհանգստացնում հասարակության ներսում քսենոֆոբիայի դրսևորման վտանգը: Նույնիսկ նախագահ Դ. Մեդվեդևը այդ հարցի շուրջ խոսելիս ընդամենը հիշատակեց այն հանգամանքը, թե Ռուսաստանը չի կարող «յոլա գնալ» առանց աշխատող միգրանտների, ու դեռ հավելեց, որ նրանց ներգրավվածությունը չպետք է ռուսաստանցիների հաշվին լինի։ Կարելի էր կարծել, որ մայրաքաղաքում ծայր առած խժդժությունները հրահրվել էին սոցիալական հողի վրա և սոսկ կենցաղային անհարմարություններ էին: Վարչապետ Պուտինն ընդհանրապես հրաժարվեց խոսել այս նյութի մասին` առիթ տալով մտածել, որ եթե պետության կողմից ռեալ կանխարգելում չկա, ուրեմն այդ գործողությունները տեղի էին ունենում հենց վերևների թողտվությամբ:
Ի դեպ, անպատասխան հարցերը նոր չէ, որ զանազան հավանական ու անհավանական ենթադրությունների տեղիք են տալիս: Օրինակ, Վրաստանի խորհրդարանում այս օրերին կարծիքներ հնչեցին այն մասին, թե արմատական ազգայնականության սարսափելի դրսևորումները, որ եղան Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, կրում են «Պուտին» և «Մեդվեդև» անվանումները: Վրացիներն, իհարկե, կարող են նաև ավելի թունդ բաներ ասել ռուսների հասցեին: Իսկ ի՞նչ են մտածում մեր հայրենակիցներն այնտեղ և այստեղ:
Ռուսաստանի հայերի միությունը մոսկվաբնակ հայերին կոչ արեց չտրվել սադրանքներին ու չմասնակցել կովկասցիների կողմից կազմակերպված զանգվածային ակցիաներին: Բայց ոչ բոլորը ցանկացան հնազանդվել այդ պահանջին: Ճիշտ է, նրանք մինչ այս պահը առանձնապես ակտիվ մասնակցություն չեն ունենցել իրադարձություններին, այնուհանդերձ հայտնի է, որ մեծ մասը խուսափում է օգտվել հասարակական տրանսպորտից, հատկապես` մետրոյից։ Սա առայժմ չես անվանի խուճապային տրամադրություն, սակայն տագնապն առկա է։
Մոսկվայում ՀՀ դեսպանատնից երեկ հայտնեցին, թե շուտով կատարվածի առնչությամբ Հայաստանի դեսպանատունը և ԱԳՆ-ն հանդես կգան հայտարարությամբ, որում կներկայացնեն դեպքերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն: Իրենց սովորության համաձայն, մեր դիվանագետները կամ ընդհանրապես ոչինչ չեն ասում, կամ խոսում են այն ժամանակ, երբ նրանց խոսքն այլևս որևէ արժեք չի ունենում: Այնպես որ, դեսպանատան հաղորդածը հազիվ թե որևէ նոր բան հավելի ասվածին:
Վերադառնալով ազգային հողի վրա տեղի ունեցող վերջին բռնություններին, նկատենք, որ դրանք այս անգամ լիովին «կովկասատյացության» թույնով ներարկված չէին: Միջէթնիկ բախումներն ուղղված էին համարյա բոլոր օտարերկրացիների դեմ` լինեն դրանք չեչեններ, դաղստանցիներ, հայեր ու վրացիներ, թե Միջին Ասիայի երկրների ներկայացուցիչներ, մոլդովացիներ և այլն: Այսինքն նախկին` «կովկասյան ազգության ներկայացուցիչների» նկատմամբ վերաբերմունքը փոխության է ենթարկվել ու դրա հետ մեկտեղ ձեռք է բերում քաղաքականացվելու միտումներ: Առանցքային կարգախոսի իմաստն այժմ կայանում է այն բանում, որ երկրի տերը ռուսներն են, այլ ոչ թե ռուսաստանցիները: Թե ինչի դա կհանգեցնի` դժվար չէ կռահել: Արդյունքում ոչ միայն հալածվող մարդիկ լքեն Ռուսաստանը` վերադառնալով իրենց երկրները, այլև նույն վերաբերմունքին կսկսեն արժանանալ այն ռուսները, որոնք գտնվում են մյուսների հողում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: