Tag Archives: Ազգային Ժողով

Նամակներ գրելու թուրքական օրերը

21 Դկտ

Վաղը նախանշված է Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենսդրական առաջարկության քննարկումը։ Այս նոր նախագիծը համընդհանուր է դարձնում Հայոց ցեղասպանության ուրացման քրեականացման հարցը, քանի որ տեքստը առնչվում է ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների վիճարկմանը: Մասնավորապես, օրինագիծը վերաբերում է հայերի ու հրեաների ցեղասպանություններին: Սակայն ներկա պահին հանրության ուշադրությունը բևեռված է ոչ այնքան խնդրի իրավական կողմին, որքան թուրքական ջղակծկումներին, ինչը դարձել է համընդհանուր քննարկման ու ենթադրությունների առարկա: Նման առանձնահատուկ վերաբերմունքի են դրդում հակազդեցության ծավալները, որոնք բացառիկ են ու ձգվում են Բոսֆորի ափերից մինչև Եվրոպայի սիրտը: Թուրքիայի իշխանություններն այս կապակցությամբ արդեն հանդես են եկել տարաբնույթ սպառնալից հայտարարություններով և խորհրդարանական պատվիրակություն են ուղարկել Ֆրանսիա` կանխելու բանաձևի ընդունումը: Նրանք, հաշվի առնելով ֆրանսիացի սոցիալիստների աջակցությունը, ինչպես նաև նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը Երևանում, հասկանում են, որ այս անգամ օրինագծի ընդունման հավանականությունը բավականին մեծ է: Եվ ուրեմն հակազդեցությունը չի կարող հավանականության համարժեքը չլինել` համեմված ամեն կարգի սպառնալիքներով ու վերջնագրերով: Իսկ այն տեղեկությունները, որոնք ստացվում են այս օրերին, հաստատում են նման ենթադրությունները:
Այսպես, թուրքական Hurriyet օրաթերթը գրում է, թե Թուրքիայի արտգործնախարարությունը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատնից գաղտնի գրություն է ստացել, ըստ որի, Ազգային Ժողովի դեկտեմբերի 22-ի օրակարգում հայտնված օրինագծի թիկունքում անձամբ նախագահ Նիկոլա Սարկոզին է կանգնած։ Գրության մեջ նշվել է նաև, թե չնայած Թուրքիայի քաղաքական ու գործարար շրջանակների բոլոր ջանքերին, սպասվում է, որ հայկական օրինագիծը կընդունվի: Լուրեր են շրջանառվում, թե իբր թուրքերն այնքան են հուսահատված, որ Փարիզում Թուրքիայի դեսպանն արդեն նախապատաստվել է հայրենիք վերադառնալ և ինքնաթիռի տոմսը գրպանում սպասում է Անկարայի հրահանգին։ Ի դեպ, այս հեռանկարի մասին պաշտոնապես հայտարարել էր հենց դեսպանատունը՝ տեղեկացնելով, որ Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին, եթե այդ երկրի Ազգային ժողովը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Կլինեն անդառնալի հետևանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում՝ սկսած մեր դեսպանին դեկտեմբերի 22-ին անորոշ ժամանակով հետ կանչելուց»,- հայտնել էր Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն:
Էլ ավելի տհաճ իրավիճակում էին հայտնվել օրինագծի դեմ լոբբինգի համար Փարիզ մեկնած թուրքական գործարար աշխարհի ներկայացուցիչները: Բանն այն է, որ տեղում ֆրանսիացիները հրաժարվել էին համաժողովի համար նրանց դահլիճ տրամադրել։ Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) և Թուրքիայի պալատների ու բորսաների միությունը (TOBB) օրեր առաջ 200 հոգանոց համաժողով անցկացնելու համար պատվիրել էին Փարիզի Le Grand հյուրանոցի դահլիճը։ Սակայն հյուրանոցի ադմինիստրացիան վերջին պահին չեղյալ էր հայտարարել թե հյուրանոցի համարների, թե դահլիճի ամրագրումը՝ նշելով, որ դրանք զբաղված են։
Այսպիսի ընդհանուր տրամադրության ու դեպքերի շղթայի ֆոնի վրա մի առանձնակի ընդգծվածությամբ են հնչում թուրք քաղաքական գործիչների ու պետական այրերի ելույթները: Դրանց շարքում հատկապես աննախանձելի է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վիճակը, ով, աշխատանքի բերումով, առաջինն է պատասխանատվություն կրում ներկա կացության համար: Անցած շաբաթ նա հրավիրել էր տեղական ընկերությունների 20 ղեկավարների, հայտարարել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան Եվրոպայում կդառնա միջնադարյան մտածելակերպ ներմուծող առաջին պետությունը, իսկ հանդիպումից հետո նամակներ էր հղել ֆրանսիական ընկերություններին ու Ֆրանսիայի հետ կապեր ունեցող թուրքական ձեռնարկություններին` նախազգուշացնելով գործողությունների մասին, որոնք «զգալի տնտեսական կորուստների կհանգեցնեն», եթե օրինագիծն անցնի: Ըստ այդ նամակի, այժմ Թուրքիայում կան ֆրանսիական ներդրումներով 960 ձեռնարկություններ, և նրանց բոլորովին լավ օրեր չեն սպասվում:
Մյուս կարկառուն այրը՝ ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուն իր հերթին հարկ համարեց Փարիզի քայլն անվանել ֆրանսիական ղեկավարության նախընտրական քարոզարշավի մի մասը: Նա նաև հայտարարեց, որ նախագահ Սարկոզին Թուրքիային օգտագործում է որպես գործիք իր քաղաքական շահերի համար:
Իսկ հետո թուրքական իշխանություների՝ Ֆրանսիային ուղղված կոչ-սպառնալիքներին միացավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սարկոզիին ուղարկված նամակում նա ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կախված նշեց, թե այդ խնդիրը լուրջ է և երկկողմ հարաբերություններում ողջամտությունը քաղաքական հաշիվներից ավելի կարևոր պետք է լինի։ «Այդ ամենի պատասխանատվությունն ընկնելու է նմանատիպ նախաձեռնության հեղինակների վրա։ Թող Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները գերի չդառնան երրորդ կողմի պահանջներին»,-ասվում էր նամակում։ Էրդողանի նամակին հաջորդեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի նամակը: Սա էլ իր ֆրանսիացի գործընկեր Բեռնար Ակուայեին գրում էր, թե անհրաժեշտ է, որ այդ խնդիրը թողնվի պատմաբաններին ու հետազոտողներին:
Եվ վերջապես եկավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նամակ գրելու ժամանակը, ով իր տողերը հասցեագրեց Նիկոլա Սարկոզիին՝ շեշտելով, թե օրինագծի ընդունումը շատ լրջորեն կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա և կոչ արեց անհապաղ հրաժարվել դրա քննարկումից։ Թե ինչ մտածեցին Փարիզում Գյուլի նամակի մասին, հայտնի դարձավ շատ արագ: Մամուլը գրեց, որ Գյուլը 2 օր է՝ չի կարողանում հեռախոսով խոսել Սարկոզիի հետ՝ հայտնելու Թուրքիայի բողոքը հայկական բանաձև կապակցությամբ: «Սարկոզին տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հեռախոսազրույց ունենալ Աբդուլլահ Գյուլի հետ»,-ասաց Գյուլի մամլո քարտուղարը՝ պնդելով, թե Սարկոզին ուղղակի խուսափում է խոսել Գյուլի հետ։
Խուսափում է, թե՞ արհամարում է՝ դա պարզելու ժամանակ իրենք դեռ կունենան: Իսկ մինչ այդ, վաղվա օրվա սպասումով, Հայաստանի իշխանությունները նույնպես շտապում են վերաբերմունք բարձրաձայնել՝ հայտարարելով, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը բացառիկ կարևոր նշանակություն ունի այդ փաստի միջազգային ճանաչման համար: Ըստ պաշտոնական Երևանի, այդ քայլն առաջին հերթին միտված է բարձրացնել մեր ազգային անվտանգության աստիճանը: Իսկ ընդհանրապես օրինագծի ընդունումը էական է հետագայում նման ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից:
Ի դեպ, մի փոքրիկ հավելում ներկա իրավիճակին, որը կարծես թե որևէ ընդհանուր բան չունի վերը արծարծված խնդիրների հետ, բայց և այնպես, այն էլ այս օրերին, չէր կարող աննկատ մնալ: Ֆրանսիային պատկանող C-160 տիպի ռազմական օդանավը մի քանի օր առաջ խախտել է Թուրքիայի օդային տարածքը Դաթչա թերակղզու հարա-արևմտյան մասում։ Տեսնես թուրքերն ի՞նչ են մտածել այդ միջադեպի առիթով…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Համազգային մտատանջություն

10 Դկտ

Երկարատև ու բուռն վեճերից հետո երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը: Կոալիցիոն քաղաքական ուժերը բոյկոտեցին այն, և 13 կողմով քվեարկությունը չկայացավ: «Թե տապալման, թե նաև հետագայում ԼՂՀ չճանաչման հետևանքների պատասխանատվությունը ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա»,- հայտարարեցին վշտացած նախաձեռնողները, իսկ տապալողները շտապեցին արդարանալ, որ երբ հարմար պահը գա, ոչ միայն կոալիցիան, այլ Հանրապետականը միայնակ էլ կարող է ցանկացած դեպքում ստորագրություններ հավաքել, կես ժամվա ընթացքում հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ և քննարկել այդ հարցը:
Կեսժամանոց գործերի արդյունավետության հանդեպ լուրջ կասկածներ ունենալով հանդերձ չենք կարող նաև չհարցնել, թե ո՞րն է այդ հարմար ժամը, ինչպե՞ս է դա որոշվելու: Հասկանալի է, որ Հանրապետականի համար այժմ միայն մեկ ժամանակացույց կա և այն մշտապես սահմանվում ու հսկվում է նախագահի կողմից: Իսկ նախագահն, ինչպես արդեն գիտենք, ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Կնշանակի` ըստ ՀՀԿ-ի, հարմար ժամը պատերազմն է, իսկ խաղաղությունը անհարմարն է:
Բնական է, որ ընդիմախոսները կտրականապես համաձայն չեն նման մոտեցման հետ: Եվ ընդհանրապես, նրանք գտնում են, որ ոչ մի առանձին վերցրած իրավիճակային ուղենիշ չի կարող իր ներգործությունն ունենալ հիմնական նպատակի վրա, Ղարաբաղը վաղուց է համապատասխանում ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին, և դա արդեն բավարար պայման է ճանաչման գործընթացը սկսելու համար: Էլ ավելի զայրացածները նույնիսկ պնդում են, թե այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատումից անմիջապես հետո կամ էլ, ծայրահեղ դեպքում, Կոսովոյի անկախության ճանաչմանը և այդ հարցով Հաագայի միջազգային դատարանի որոշմանը զուգընթաց:
Սակայն անցյալն անցյալ է, իսկ ներկան ևս տեղաշարժեր չի խոստանում: Ի՞նչ է ստացվում: Միգուցե Հայաստանի իշխանություններն ընդհանրապե՞ս դեմ են Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Համենայն դեպս, այսպիսի հարցեր արդեն հնչում են զանազան առիթներով: Կա խնդիր, նույնիսկ կարելի է ասել` համազգային խնդիր, և այն պահանջում է ոչ միայն լուծում, այլև քաղաքական կամք (այս վերջին ձևակերպումը հիմա շատ է մոդայիկ): Միայն թե կամքի փոխարեն իշխանությունը մեզ հրամցնում է բացատրություն այն մասին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ միակողմանի ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան: Երկրի արտաքին գործոց գերատեսչությունն իր հերթին ասում է, որ պաշտոնական Երևանի գերնպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, և բանակցային ողջ գործընթացը տարվում է հենց այդ ուղղությամբ: Իսկ սա չի նշանակում, թե ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու հարցը հանվել է օրակարգից, պարզապես դրա համար պետք է հարմար ժամանակ գա։
Կրկին այդ անիծյալ հարմար ժամանակը: Իսկ մինչ այն կգա, այդ ընթացքում ճանաչման մասին օրինագիծը պետք է գործածվի որպես Ադրբեջանի գլխին կախված մահակ: Այդ մահակն էլ դուրս հանելու անհրաժեշտություն չկա, և թող մշտապես հայկական խորհրդարանի օրակարգում լինի։ Այսպիսին է մեր հեռատես պատասխանատուների տեսակետը, որոնց համոզմամբ քանի դեռ գործում է Մինսկի խումբն ու այդ կառույցի շրջանակներում ընթանում են ԼՂ հարցով բանակցությունները, անկախության ճանաչումը մեծ սխալ է: Սխալ է այն պատճառով, որ երբ մենք միակողմանի ճանաչում ենք ԼՂՀ-ն, դա նշանակում է ավերակի վերածել ողջ բանակցային գործընթացքը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ: Սակայն ի՞նչ քաղաքավարություն ու բարեկրթություն խաղալու ժամանակն է: Մի՞թե ավելի ծանրակշիռ փաստարկ դժվար է գտնել որոշումը հիմնավորելու համար:
Փաստարկներն, իբրև այդպիսիք, ցավոք, դեռ չկան: Բայց կա ուրիշ մի բան` վախը ապագայի հանդեպ, և հենց այդ հեռանկարի վախն է այժմ ներշնչվում յուրաքանչյուր տարակուսողի: Պարզվում է, որ Ղարաբաղի ճանաչումը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, իսկ եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ապա այդ դեպքում կստանանք նույն արդյունքը, ինչը տեղի ունեցավ Կարսի դեպքում:
Պատմության տխուր էջերի հիշատակումը ներգործող տարբերակ է: Իսկ այնուհետև կարելի է նաև հավելել այն միտքը, թե ձախողելով բանակցությունները, մենք Ադրբեջանին կնվիրենք պատերազմ սկսելու առիթ, և միջազգային հանրությանն էլ իր հերթին կտեսնի, որ Բաքուն իրավացի էր, իսկ մենք կառուցողական մոտեցումներից հեռանում ենք: Ահա այսպիսի ապագա գծագրելուց հետո վախը դառնում է միանգամայն շոշափելի ու ազդեցիկ:
Օրինագիծը խորհրդարանում տապալվեց: Բայց կրքերը շուտ հանդարտվելու նախանշաններ ցույց չեն տալիս: Այժմ ինչ մեղադրանքներ ասես, որ չեն հնչում իշխանությունների հասցեին` էլ արտաքին ուժերի շահերի սպասարկու, էլ գավառամիտ, էլ կարճատեսության պատանդ… Սակայն հայհոյանքը ևս վկայում է փաստարկների բացակայության մասին: Եվ ստացվում է, որ երկու կողմերն էլ լիարժեք պատկերացում չունեն, թե ի՞նչ են ուզում, ինչպե՞ս պիտի դա արվի, և ե՞րբ պիտի արվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ճանաչում և գուշակություն

27 Հկտ

Որևէ կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունները ԼՂՀ անկախության ճանաչման ուղղությամբ պատրաստվում են նշանակալի քայլ կատարել: Այդ մասին բացահայտ որևէ բան չի ասվում, սակայն առկա նախանշանները միայն դա են հուշում: Այստեղ հատկանշականն այն է, որ այդ կարևոր քայլը կարող է իրականացվել Աստրախանում այսօր մեկնարկող ՌԴ- Հայաստան- Ադրբեջան եռակողմ բանակցություններից անմիջապես հետո: Այլ խոսքով ասած` հանդիպման արդյունքը ազդանշանի դեր կխաղա և այդ հրահանգն առաջին հերթին լսելի կլինի Ազգային Ժողովում, ուր օրակարգում է կուսակցության՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը: Գուցե իրականում սա զուտ պատահականություն է, որ միևնույն օրը թե Ադրբեջանի հետ ընդհատված բանակցություններ են սկսվում և թե խորհրդարանն է պատրաստվում քվեարկության դնել օրենքի նախագիծը: Սակայն բավական է վերհիշել այդ նախագծի անցած երկար ու խոտոր ճանապարհը, և պարզ կդառնա, որ հենց այնպես ոչինչ չի արվում: Ի դեպ, նման կարծիքի հիմնավորում կարող է դիտվել նաև Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի արտասանված հետևյալ խոսքերը. : Ստացվում է, որ միանգամայն անտեղի էին օրեր շարունակ ընթացող դեբատները, տարբեր քաղաքական ուժերի թեր և դեմ կարծիքները, նույնիսկ այն փաստը, որ իշխող կոալիցիան սկզբունքորեն դեմ է արտահայտվում հարցի քննարկմանը: Բավական է նախագահն ասի, և նրանք անմիջապես կվերանայեն իրենց տեսակետը:
Համանման մի վերանայում արդեն իսկ կատարվել է: Դաշնակցությունը, որ մինչ այս հայտարարում էր, թե իրենք դեմ են ու չեն մասնակցելու քվեարկությանը, այժմ փոխեցին դիրքորոշումը` տեղեկացնելով, որ եթե օրինագիծը դրվի քվեարկության` կողմ հանդես կգան: Նրանց և ընդհանրապես, կոալիցիայի անդամ ուժերի պատճառաբանությունը շատ ինքնատիպ է: Պարզվում է, որ եթե դեմ քվեարկեն, ապա դրսում մեզ չեն հասկանա: ,- բացատրում են նրանք: Ստացվում է, որ այս դեպքում էլ էականը ոչ թե ճանաչել-չճանաչելու հարցում կուռ համոզվածութունն է, այլ իմիջի ու հեղինակության խնդիր կա, ինչը պետք է ավելի բարձր դասել, քան Ղարաբաղի ճակատագիրը:
Ներկա պահի բնորոշ գծերից մեկը պիտի համարել հենց այս կարգի անկայուն, մեկը մյուսին հակասող, սակայն ոչ մի դեպքում չհիմնավորվող դիրքորոշումների առատությունը: Նույն Աստրախանի հանդիպման առնչությամբ դեռ երկու օր առաջ ամենքը միաբերան կրկնում էին, թե որևէ լուրջ սպասելիք չունեն: Իսկ ահա երեկ երաժշտությունը փոխվեց, դարձավ շատ ավելի հանդիսավոր ու լարված, և այժմ կարծիքներ են հնչում դրա խիստ կարևորության մասին: Նույնիսկ հեռուներից Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը միացավ այդ ` ասելու, թե այս բանակցությունները կարևոր փուլ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար:
Այդպես էլ վերջնականապես գլխի չընկնելով` արդյո՞ք հարմար պահն է ԼՂՀ-ի ճանաչման համար, թե ոչ, այդ դիլեմայի ողջ ծանրությունն իրենց ուսերին առած գործիչները ջանում են կամ խուսափել պատասխանատու լինելուց, կամ դատարկությունը լցնում են ամեն կարգի անպտուղ ենթադրություններով, որոնց շարքում հաճախակի հնչողները հետևյալներն են`Հայաստանը ինչ-որ պահի պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, սակայն այդ պահն այսօր չէ: Հայաստանը պետք է այն ճանաչի այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի ԼՂՀ-ի դեմ: Հայաստանն այդ քալը պիտի անի, երբ այնքան կհզորանա, որ ուժեղի դիրքից իր կամքը կթելադրեի Ադրբեջանին: Հայաստանը պիտի ճանաչի Աբխազիան ու Հարավային Օսեթիան` փոխարենը ռուսներից պահանջելով պատասխան ժեստ, և այլն, և այլն…
Հետին ամսաթվով լավագույն, սակայն ձեռքից բաց թողնված հնարավորությունների փնտրտուքով տարված քաղաքական ուժերը մեկ ուրիշ խաղ էլ են հորինել. փորձում են գուշակել, թե ե՞րբ էր պետք վճռական քայլը կատարել: Մի դեպքում նշում են, որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու լավագույն պահը եղել է 1991 թվականը, երբ Արցախը հռչակեց իր անկախությունն ու դիմեց աշխարհի երկրներին, այդ թվում` Հայաստանին՝ ճանաչել իրեն։ Մեկ այլ կարծիք հիշեցնում է այն մասին, որ Հայաստանը ռազմավարական սխալ է արել, երբ 1994 թվականին` հրադադարի ստորագրումից հետո, չի ճանաչել Ղարաբաղը, իսկ ներկայումս նման քայլի դիմելն ադեկվատ չի լինի: Երրորդ խումբն ընդհանրապես պնդում է, թե երբեք էլ ռեալ հնարավորություն չի ստեղծվել, իսկ եթե արդեն եղել է, ապա կնշանակի, որ մենք ուշացել ենք:
Ուշացե՞լ ենք: Ինչի՞ց:
Արցախի հարցը համարելով որոշված ու եզրահանգված, խորհրդարանում հիմա էլ շրջանառում են մեկ այլ տեսակետ, ըստ որի միջնորդները ներկայումս համոզելու փուլից փորձում են անցնել խաղաղության պարտադրման փուլ: Գուշակությունների ժանրից քաղված այս վարկածը խիստ համահունչ է նրանց տրամադրությանը, ովքեր խուսանավելով բարդ լուծումներից, մեջտեղ են բերում այնպիսի փաստարկներ, որոնք պիտի արդարացնեն իրենց կրավորությունը: Այդ իսկ պատճառով էլ չի բացառվում, որ վերջին պահին փոխզիջման գնա ու փաստաթուղթը քվեարկության չդնի, եթե կոալիցիան ինչ-որ միջանկյալ որոշում առաջարկի, ասենք այն, որ օրինագիծը բոլոր խորհրդարանական ուժերի ստորագրությամբ մտնի մեծ օրակարգ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: