Tag Archives: Ազգային անցումային խորհուրդ

Քադաֆին մեռավ: Ո՞վ է հաջորդը

21 Հկտ

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մեռած է: Այս մասին են պնդում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, դա են փաստում համացանցը ողողած լուսանկարներն ու նկարահանված կադրերը: Մինչդեռ ընդամենը երեկ շատերն էին համոզված, որ Ջամահիրիայի ղեկավարին անհնար է լինելու որսալ: Հիմա արդեն Քադաֆին գնաց լրացնելու այն միապետների ցանկը, որոնք իբրև թե տապալվեցին ժողովրդական ցնցումների ալիքից, սակայն, ցավոք, իրականությունն այլ բան է պնդում:
Թե ինչպես ոչնչացվեց Քադաֆին, դրա մասին ստացված լրատվության հաջորդականությունը ամեն ինչ ասում է: Երեկ, օրվա երկրորդ կեսին թիվ մեկ լուրը դարձավ հաղորդումն այն մասին, որ Քադաֆիին ձերբակալել են Լիբիայի Սիրտ քաղաքում: Այս մասին տեղեկացրեց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ընդամենը հաշված ժամեր անց Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլին, մանրամասնեց, որ «Քադաֆին գերության մեջ է ու վիրավորված է երկու ոտքից… Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով»: Սակայն շատ շուտով այս տեղեկությունները սրբագրվեցին, վերջնական տեսքի բերվեցին, որից հետո աշխարհն իմացավ, որ Մուամար Քադաֆին մահացել է ստացված վնասվածքներից: Այդպես հայտնեց Լիբիայի նոր իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը: Ասվում էր նաև, թե պարտված առաջնորդը գլխին մահացու վնասվածք էր ստացել: Քադաֆին իբրև թե փորձել էր դուրս պրծնել շրջափակված Սիրտից ու փախչել արևելք` անապատում թաքնվելու մտադրությամբ, բայց կանգնեցվել էր Միսուրատայի զորախմբի կողմից: Դաժան մարտի ընթացքում գնդապետը ծանր վնասվածքներ էր ստացել, ինչի արդյունքում մահացել էր:
Դեռ մի քանի ժամ առաջ միայն ոտքի վրա եղած վերքերին արդեն գումարվել էր գլխի վնասվածը, իսկ գործողություններին մասնակցած զինյալներն իրենց հերթին պատմում էին, թե երբ Քադաֆիին հայտնաբերել են ստորգետնյա թաքստոցում, նա իրեն բռնողներին խնդրել է. «Մի կրակեք, մի կրակեք»: Բայց կրակել են: Կրակել են, քանի որ ոչ մեկին այլևս պետք չէր կենդանի Քադաֆին: Քադաֆիները սովորաբար վիրավոր կամ գերեվարված չեն լինում: Նրանք կամ գահի վրա են, կամ սպանված: Այդպիսին է մեծ խաղի օրենքը, որտեղ սպանված թշնամին ամենանվտանգ թշնամին է:
Ի դեպ, երեկ նույն կերպ վարվեցին նաև գնդապետի որդու հետ: Լիբիայի տեղական հեռուստաընկերությունը րոպեների տարբերությամբ նախ հաղորդեց, որ ապստամբների կողմից գրավված Սիրտում բռնել են Մուաթասիմ Քադաֆիին, իսկ քիչ անց հաղորդվեց, որ նա սպանված է:
Վարագույրը կարելի է իջեցնել: Դեռ փետրվարից Լիբիայում ծայր առած բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող գնդապետի հրաժարականը, հասան իրենց տրամաբանական ավարտին: Արևմուտքի բորբոքած կրակը այրեց այն ամենը, ինչ խորթ էր քաղաքակիրթ աշխարհի համար: Հիմա արդեն ինչ-որ մի շարքային զինվոր կարող է տեսախցիկի առաջ հպարտությամբ պատմել, թե սեփական աչքերով է տեսել Քադաֆիի մարմինը և «կոշիկով խփել է նրան», ինչը Միջին Արևելքում ծայրահեղ անարգանք ու մահացու վիրավորանք է համարվում: Բայց արդյո՞ք անարգվողը միայն մեռած Քադաֆին է:
Ընդամենը երեք օր առաջ Տրիպոլիում վայրէջք կատարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը: Նա Լիբիա էր ժամանել չհայտարարված այցով: Եվ ահա այստեղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հանկարծ հայտարարեց. «Մուամար Քադաֆին պետք է կամ սպանվի, կամ բռնվի: Մենք հուսով ենք, որ նա կարող է մոտ ժամանակներս ձերբակալվել կամ սպանվել, որպեսզի դուք այլևս նրանից վախենալու առիթ չունենաք»: Ամերիկացի որևէ բարձրաստիճան պաշտոնյա մինչ այդ պահը ձեռնպահ էր մնում նման արտահայտություններից` սահմանափակվելով Քադաֆիին նրա կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու կոչերով: Իսկ այժմ Քլինթոնի բառերը հնչում էին պատվերի պես. սպանել Քադաֆիին:
Պատվերն ի կատար ածվեց: Դա նույնիսկ դժվար է միանշանակորեն արդարադատություն անվանել: Ավելի շատ այն նման է սովորական սպանության: Եվ ակամա սկսում ես մտածել, թե արդյո՞ք Քադաֆին միայն երեկ ստացավ իր մահացու վերքը: Ասենք, դա այժմ այլևս էական չէ: Բռնապետի մահվան մասին Ազգային անցումային խորհրդի տարածած լուրը կրակոցներով ու ինքնաբուխ ժողովրդական տոնախմբությամբ ընդունվեց Բենգազիում, Տրիպոլիում և Լիբիայի այլ քաղաքներում: Ասվեց, թե Քադաֆիի մարմինն անվտանգության նկատառումներով ուղարկվելու է «գաղտնի մի տեղ»: Այլ աղբյուրներ հաղորդեցին, որ սպանվածին տեղափոխել են Միսուրատա:
Եվ նույնիսկ այսքանից հետո ոչ բոլորն են հավատում Քադաֆիի մահվանը: Նրա առաջին իսկ լուսանկարները կասկածների տեղիք տվեցին: Հակասական լուրերի մեջ խճճվեց նույնիսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարեց, որ Քադաֆիին բռնելը մեծ լուր է, և եթե հաստատվի՝ նրա ճակատագիրը պետք է որոշի Լիբիայի ժողովուրդը: Բայց ժողովրդից առաջ ընկնելով այդ ճակատագրի վերջակետն արդեն դրվել էր:
Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին նրանց շարքում է, ովքեր չեն հավատում մահվան մասին լուրերին, և համոզված է, որ իր բարեկամը վաղուց արդեն «անվտանգ վայրում է»։ «Մենք չենք հավատում Մուամար Քադաֆիի մահվան մասին լուրերին։ Նա շատ խելացի մարդ է, աֆրիկացի Կարլ Մարքսը, լիբիացի Գարիբալդին, և նա շատ փող ուներ։ Իմանալով Սադամ Հուսեյնի և արաբական այլ առաջնորդների ճակատագիրը՝ քիչ հավանական է, որ Քադաֆին թույլ կտար իր գերեվարումը, վիրավորումն ու մահը»,–ասել է Ժիրինովսկին։
Իսկ Արևմուտքից եկող արձագանքներըը միանգամայն այլ շեշտադրումներ ունեն: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց, որ եթե «դա ճիշտ է, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել, քանի որ ևս մեկ խոչընդոտ վերացվեց»։ «Լիբիայում պատերազմն ավարտվեց»,- նման հայտարարությամբ հանդես եկավ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ու լատիներենով հավելեց. «Sic transit gloria mundi» (Այսպես է անցնում աշխարհիկ փառքը):
Պատերազմը գուցե և ավարտվեց: Իսկ ի՞նչն է սկսում նրանից հետո: Խաղաղ ու ստեղծագործ աշխատա՞նքը: Հազիվ թե: Մի բան հաստատ է. Լիբիայում ոչ թե կհաղթանակի ժողովրդավարությունը և երկիրը ծաղկում կապրի, այլ կտիրի քաոսը և կսկսվի նրա բնական պաշարների անխնա հարստահարումը Արևմուտքի «ազատարարների» ձեռքով: Այդպես արդեն եղել է աշխարհի շատ կետերում: Այդպես լինելու է նաև հիմա:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: