Tag Archives: Ադրբեջան

Մի բաժակ ջրի փոթորիկը

12 Օգս

Մեզ համար փոքր-ինչ անսովոր պիտի դիտվի, եթե հանկարծ ասեն, որ մեր բանակի որևէ բարձրաստիճան սպա հոգևոր թեմայի շուրջ քննարկումներ կամ բանավեճեր է անցկացնում: Նախ կասենք, որ դա զինվորականի գործը չէ, իսկ հետո անպայման կավելացնենք, որ անկեղծորեն չենք հավատում, թե ուսադիրներ կրող մեր պաշտոնյաները որևէ պատկերացում ունեն հոգևոր ոլորտի մասին: Իսկ ահա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին այդ խնդիրը չի անհանգստացնում: Նա կարող է իրենց ոչ միայն թույլ տալ նման ազատություն, այլև քննադատության նետեր ուղղել հարևան երկրի դեմ, ինչն էլ նա մեծ հաջողությամբ արեց` դատապարտելով Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»: Ֆիրուզաբադին մասնավորապես նշել էր, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, և սպառնացել էր, որ Իլհամ Ալիևին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը: «Որոշ հարևան իսլամական երկրներ, որոնց հետ մենք պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, շարունակում են արհամարհել մեր բարեկամությունը և ազատություն են տալիս սիոնիստական վարչակարգին` թույլ տալով վերջինիս միջամտել իրենց երկրի ներքին գործերին: Նրանք ոտնահարում են Իսլամի օրենքները: Բայց Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է նաև իրանական արյուն և նրանց սրտում ապրում է իսլամի նկատմամբ անկոտրում սերը»,- ասել էր շտաբի պետը, և հենց այդ խոսքերով էլ ծնունդ տվել միջպետական հերթական սկանդալին:
Միանգամից ասենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը դարձել է չափազանց անհավասարակշիռ և հիվանդագին վերաբերմունք է դրսևորում յուրաքանչյուր երևույթի նկատմամբ, եթե այն կարող է որևէ կերպ ստվերել իր ազգային արժանապատվությունը: Լավ է դա, թե վատ` սա այլ խնդիր է, բայց որ Ֆիրուզաբադի լցրած մի բաժակ ջրում Բաքուն փոթորիկ բարձրացրեց, դա նույնպես փաստ է:
Առաջին քայլը եղավ այն, որ Ադրբեջանն Իրանին բողոքի նոտա ներկայացրեց: Արտգործնախարարություն կանչեցին Ադրբեջանում Իրանի դեսպանին ու նոտան հանձնեցին նրան: Այնուհետև հրապարակվեց ԱԳՆ հայտարարության տեքստը, ուր ասված էր. «Ֆիրուզաբադը զինվորական է, և նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են: Լավ կլիներ, եթե զինվորականը հանդես գար զինվորական, իսկ քաղաքական գործիչը` քաղաքական հայտարարություններով»: Ապա գալիս էին երկար-բարակ դատողություններն այն մասին, թե Ադրբեջանում պահպանվում է արտասահմանյան երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու սկզբունքը, իսկ փոխարենը Ադրբեջանում չեն ստեղծելու պայմաններ այլ պետությունների կողմից իրենց ներքին գործերին միջամտելու համար և այդպիսի հնարավորություն նրանց չի տրվելու:
Մյուս քայլը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արձագանքն էր: Սրանք էլ ափսոսանք էին հայտնում կատարվածի առնչությամբ և ապա անցնում հեգնական-հանդիմանական ոճին` նշելով, թե «չնայած հայտարարություններին, որոնցով Իրանի ղեկավարությունը հանդես է գալիս Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այդ երկրում որոշ շրջանակներ, ինչպես երևում է, քաղաքականություն են վարում ընդդեմ Իրանի և Ադրբեջանի շահերի: Մեկ տեսնում ես` ինչ-որ քաղաքում կրոնական գործիչը աղավաղում է պատմությունը, կամ էլ ինչ-որ զինվորական, իր պրոֆեսիոնալ պարտավորություններով զբաղվելու փոխարեն, առանց լողալ իմանալու նետվում է քաղաքականության հորձանուտը»:
Սա, ինչ խոսք, շատ հարմար կեցվածք է` մեղքը վերագրել անհայտ հասցեատերերին և անունը դնել «որոշ շրջանակներ»: Այդ դեպքում կարելի է խոսել ցանկացած շեշտադրությամբ և ցանկացած բանի մասին, ինչն էլ մեծ հաջողությամբ արեցին ադրբեջանցիները, որոնց հատկապես վիրավորել էր այն, որ ադրբեջանցի ժողովրդի երակներում հոսում է ոչ թե թուրքական, այլ իրանական արյուն: Արյան բաղադրության շուրջ ծավալվող այս բանավեճը ի վերջո նրանց կարող է փակուղի հասցնել, իսկ ահա քաղաքական հարթության վրա մտորելու պատճառներ կան, և ոչ միայն նրանց համար:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանում իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ յուրաքանչյուր պետական պատասխանատու այրի արտոնված է կարծիքներ արտահայտել, որոնք չեն համընկնում երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Նման իրավիճակներն այժմ առավել քան հաճախ են տեղի ունենում: Օրինակ, ինչ-որ մեկը որոշում է խոսել Սիրիայի մասին, կամ Թուրքիայի ու Իսրայելի հասցեին տեսակետներ արտահայտել, հետո այդ խոսքերը տեղադրվում են պաշտոնական կայքէջերում, մեկ-երկու օր անց դրանք կամ ջնջվում են կամ խմբագրվում, սակայն ձնագունդն արդեն գլորված է լինում, իսկ հետևանքը երկար-բարակ պարզաբանումներն են, որոնք անպայման նստվածք են թողնում, որպեսզի վերստին ջրի երես բարձրանան, երբ դրանց անհրաժեշտությունը կզգացվի: Հիշենք, թե ինչպես մի քանի անգամ այդ ծուղակն ընկավ նաև Հայաստանը, երբ հարկ եղավ արյուն պղտորել մի քանի այաթոլլահների արտահայտած մտքերից` կապված Լեռնային Ղարաբաղի հետ:
Սակայն առավել արժանահավատ է այն կարծիքը, որ տվյալ դեպքերում ոչ մի անվերահսկողություն էլ չկա, և ամեն բան շատ լավ կշռադատված ու ծրագրված գործողություն է: Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավը արտաքին հարաբերություններում հանդես է բերում միասնական, կուռ դիրքորոշում, և խելացիորեն մտածված դերաբաշխումը ստեղծում է այն պատրանքը, թե տարակարծությունները, դրանց առանձին բռնկումները ներքին քաոսի կամ այլախոհության արտահայտությունն են: Հոլիվուդյան ֆիլմերի օրինակով նախագահ Ահմադինեժադն ու հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին աշխարհի հետ «լավ ոստիկան-վատ ոստիկան» են խաղում: Մյուսներն իրենց հերթին այդ մեծ բեմականացման էպիզոդիկ կերպարներն են, որոնք երբեմն-երբեմն հրապարակ են դուրս գալիս և արտասանում այն խոսքերը, որոնք նախատեսված են այդ պահի համար: Մինչդեռ նպատակը նույնն է, քայլերը` հավասարակշռված, մտադրությունը` ուղղակի: Այս իմաստով միանգամայն սպասելի ու հասկանալի է, որ գեներալ Ֆիրուզաբադի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքեց տեղեկությունն այն մասին, թե Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող հայտարարությամբ: Գործն արված էր, կարելի էր փակել վարագույրը:
Իսկ գործի էությունն իրականում շատ խորը գնացող արմատներ ունի: Ադրբեջանում իսլամական գործոնի առկայությունը և դրա շուրջ երկու հարևան երկրների վերաբերմունքների տարբերությունը երկար ժամանակ է, ինչ լուրջ խնդիրներ են հարուցում Թեհրան- Բաքու հարաբերություններում: Վերհիշենք թեկուզ ոչ անհայտ Wikileaks-ի հրապարակումներից մեկը, երբ գաղտնի փաստաթուղթը ներկայացրել էր Ադրբեջանում Իրանի գործունեության ուշագրավ մանրամասներ, ինչպես նաև վերլուծություններ Ադրբեջանում ստեղծված դրության վերաբերյալ։ Հրապարակումը հիմնված էր Բաքվում ԱՄՆ դեսպանությունում իրանական գործակալների հաղորդած տեղեկությունների վրա:
Այնտեղ ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին մասնավորապես նշում էր, թե Ադրբեջանում իր դիրքերը ամրապնդելու համար Իրանը օգտագործում է աշխարհագրական դիրքի առավելությունները, լեզվական, մշակութային եւ կրոնական գործոնները` ծրագրելով իսլամական վարչակարգ հաստատել այդ երկրում: Ու եթե հիմա Բաքուն այդչափ մեծ աղմուկ է բարձրացնում մի զինվորականի անզգուշորեն արտասանած մտքերի կապակցությամբ, ապա նա անկասկած գիտի, թե հարավի հարևանն ինչ է ասում և ինչու է ասում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Երկարակյացի վերջին օրերը

29 Ապր

Արդեն տևական ժամանակ է, որ լուրեր են պտտվում այն մասին, թե Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մոտ ժամանակներում կհեռացվի պաշտոնից ու նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Իլհամ Ալիևի` ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիևը: Կադրային այսպիսի փոփոխությունները հազիվ թե էականորեն ազդեն բուն հակամարտության վրա և կամ կարողանան կանխորոշել նախկինից տարբերվող այլ գործընթացներ: Եվ այնուամենայնիվ, եթե այդ բանը կատարվի, այն չի կարող անհետևանք լինել:
Աբիևի գլխին սև ամպերը սկսեցին կուտակվել այս տարվա ձմռանը, երբ ադրբեջանական բանակում արձանագրված արյունալի միջադեպերը եկան լցնելու համբերության բաժակը: Այն ժամանակ այդ երկրի խորհրդարանի պատգամավորները պաշտպանության նախարարին ուղղակիորեն մեղադրեցին կատարվածի մեջ: «Նա, ով մեղավոր է բանակում տեղի ունեցող ողբերգություններում, ով չի կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները, պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հեռանա»,- հայտարարեցին պատգամավորները: Միլի մեջլիսը, որ գտնվում է նախագահի խիստ վերահսկողության ներքո, հազիվ թե կարողանար իրեն թույլ տալ նման անկեղծություն, եթե չլիներ վերևից եկող աջակցությունը: Նույն օրերին Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) պահանջեց պաշտոնից ազատել նախարարին և Գլխավոր շտաբի պետին: «Ժամանակն է փրկելու ադրբեջանական բանակն այդ երկու անհաջող հարսանյաց գեներալներից»,- ասացին ՂԱԿ-ի ակտիվիստները: Բայց այդ բանը հեշտ չէր անել: Անհրաժեշտ էին նոր ու առավել համոզիչ կոմպրոմատներ: Այդ ժամանակ էլ սկսվեցին զինկոմիսարիատներում զանգվածային ստուգումները, և նախարար Աբիևին չհաջողվեց դրանք կանխել: Ասվում էր, որ նրա` ստուգումներ չանցկացնելու մասին երկրի գլխավոր զինդատախազին ուղղված դիմում-խնդրանքն անպատասխան էր մնացել: Իսկ մեկ ամիս առաջ նախագահ Ալիևը որոշեց անձամբ ստուգել իրավիճակն ադրբեջանական բանակում և առաջին գիծ գործուղեց անվտանգության ու պաշտպանության հարցերով իր օգնականին` նույն Վահիդ Ալիևին: Ակնկալվում էր, որ Վ.Ալիևը հատուկ զեկույց կնախապատրաստի նախագահի համար բանակի մասին, որից էլ կախված կլիներ Սաֆար Աբիևի ճակատագիրը: Դրա համար «բարենպաստ» հող առատորեն կար: Զինված ուժերում կարգապահություն թույլ է, բարոյական վիճակը` ցածր, բռնությունները` համատարած: Զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, համազգեստ: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ պաշտպանության նախարարությունը երկրի կոռուպցիայի խոշորագույն օջախն է, ապա էլ ի՞նչ էր անհրաժեշտ Աբիևի կարիերային վերջ դնելու համար:
Բայց նախ տեսնենք, թե ո՞վ է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և ինչո՞վ է պայմանավորված վերջինիս աննախադեպ «քաղաքական դիմացկունությունը»: Փաստ է, որ Աբիևը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Նա արդեն 60 տարեկան է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում է 1995թ. փետրվարից: Այդ ընթացքում նա կարողացավ յուրացնել երկու կարևոր նախապայման` առաջինը` բացարձակ ու անսասան հավատարմությունն էր Ալիևյան տոհմին, իսկ երկրորդը Ղարաբաղի հարցում անվերապահ աջակցությունը նախագահին: Պետք էր անվերջ կրկնել այն նույն բանը, ինչը պնդում էր Իլհամ Ալիևը, այսինքն հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերադարձնի կորցրած տարածքները և Լեռնային Ղարաբաղը կրկին կդառնա ադրբեջանական:
Սակայն այսօր կարծես թե դրանք այլևս չունեն նախկին ներգործությունը և վրա է հասել պահը, երբ իրավիճակը պահանջում է նոր դեմքեր ու նոր մոտեցումներ: Այս տեսանկյունից Վահիդ Ալիևի թեկնածությունը շատ ավելի նախընտրելի է: Ճիշտ է, սա ևս սուրբ չէ, սակայն փոփոխությունների պատրանք ստեղծելու համար մինգամայն հարմար թեկնածու է: Ի դեպ, Բաքվի թերթերն արդեն գրում են, թե Վահիդ Ալիևն իր մոտ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում նշանակվելու է նախարարի պաշտոնում: Այս առթիվ Milaz.info կայքէջը նույնիսկ գրել էր. «Երևի դա է պատճառը, որ այդ պնդումից ոգևորված` նա կարողացել է իր ղեկավարած փոքրիկ բաժնի միջին զինվորական կրթությամբ միանգամից երեք անձանց համար գեներալի կոչում հաջողացնել»:
Ներկայիս նախարարը մեկ ուրիշ լուրջ մրցակից էլ ունի: Խոսքը Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի մասին է: Վերջինիս և պաշտպանության նախարարի միջև առանց այն էլ խնդիրնելով լի հարաբերություններն այս օրերին հասել են բացահայտ առճակատման: Երկու «հզորների» միջև մրցակցությունը գնում է «յուղոտ» հայտամրցույթների շուրջ, իսկ կռվախնձորը պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնող երկու` տանկերի վերանորոգման և ավիացիոն վերանորոգման գործարաններն են, որոնք Ջամալովը ցանկանում է մտցնել իր նախարարության կազմ: Հրապուրված նոր եկամուտի աղբյուրներ տնօրինելու հեռանկարով, Աբիևն ակնհայտորեն կորցրել է իրականության զգացողությունը ու թերևս չի պատկերացնում , որ մի առավոտ կարող է արթնանալ` ամեն բանից զրկված մարդու կարգավիճակով:
Սակայն եթե այս հանգամանքը չափազանց էական է նախարարի համար, ապա Ադրբեջանը հազիվ թե նման հեռանկարից ոգևորվելու լուրջ հիմքեր ունի: Զինված ուժերի անմխիթար կացությունը ընդհանուր պատկերի մի մասն է միայն: Եվ այս պարագայում նույնիսկ բանակին հատկացված միլիարդները այլևս չեն կարող երաշխիք լինել սպասվող հաղթանակների համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱԿ-ը մեկ ուզում է, մեկ չի ուզում

24 Նյմ

Այն, որ հատկապես այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նախաձեռնեց նամակ հղել այդ կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին և մեղադրել Ադրբեջանի իշխանություններին պատմական փաստերը աղավաղելու, բանակցային գործընթացը խոչընդոտելու, ռազմական գործողություններ հրահրելու մեջ, թերևս ունի իր հիմնավորումը: Ընդգծելով, թե Ադրբեջանն իր քաղաքականությամբ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նորմերը, խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը և դրանով սպառնալիք ստեղծում միջազգային անվտանգության ու խաղաղության համար, Նազարյանը չէր մոռացել հավելել, որ ցավոք, չնայած Հայաստանի բազմաթիվ հորդորներին, ՄԱԿ-ի կառույցները որևէ ուշադրություն չեն դարձնում թվարկված երևույթներին ու որևէ կերպ չեն արձագանքում դրանց:
ՄԱԿ-ի դերակատարության մասին խոսելու բազմաթիվ առիթներ են եղել: Հատկապես Ղարաբաղի խնդրի առնչությամբ վերջինս երբեք էլ առանձնապես բուռն հակումներ ու հետևողականություն չի դրևսորել, իսկ բոլորովին վերջերս նույն Բան Կի-Մունը` այն հարցին, թե ՄԱԿ-ը ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, պատասխանել էր, որ «խնդիրը պետք է լուծվի խաղաղության և երկխոսության ճանապարհով, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կատարում է իր միջնորդական առաքելությունը դա լուծելու համար»: Այլ կերպ ասած, ՄԱԿ-ը չի զբաղվում (կամ չի ցանկանում զբաղվել) Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ` առաջնությունը զիջելով ԵԱՀԿ-ին:
Սակայն այլ բան է ասելը, մեկ այլ բան` իրական պատկերը: Միայն վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում ՄԱԿ-ի պատերի ներքո Ղարաբաղի անունը շոշափվել է տասնյակ անգամներ ու ամենատարբեր առիթներով: Հոկտեմբերի 5-ին Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեում ընթացող քննարկման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակները «կրակահերթեր» փոխանակեցին, երբ ադրբեջանցիները փորձեցին մեզ մեղադրել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Ավելի ուշ ՄԱԿ կենտրոնատեղում անդամ-երկրների մասնակցությամբ քննարկվեցին ներքին տեղահանվածների խնդիրները, և սա նույնպես չավարտվեց առանց բախումների: Հետո` Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգությունը» խորագրով լսումների ժամանակ հին պատկերը կրկնվեց: Իսկ նոյեմբերի 3-ին օրակարգում արդեն նոր թեմա էր` «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», որտեղ ելույթներով հանդես եկան մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակներ, այդ թվում նաև Հայաստանի ներկայացուցիչը: Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի սոցիալական, մշակութային և հումանիտար հարցերով կոմիտեի նիստում ընդունվեց «Անհայտ կորած անձանց մասին» բանաձևը, որն առաջ էր քաշել Ադրբեջանը: Որպես համահեղինակներ, բանաձևին միացան 71 երկրներ և այն կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
Այսքանից հետո փոքր-ինչ տարօրինակ է պնդել, թե իբր ՄԱԿ-ը հեռու է մնում որևէ դերակատարությունից և հակված չէ միջամտել տարածաշրջանային խնդիրներին: Ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 13-ին սպասվելիք նիստին, ապա արդեն իսկ հայտնի է, որ այնտեղ Ադրբեջանը փորձ կկատարի անցկացնել հակահայկական իր նոր բանաձևը՝ «օկուպացված» տարածքների մասին: Թեև այս բանաձևի նախագիծը ավելի վաղ հետ էր կանչվել ղարաբաղյան հարցի կարգավորման միջազգային միջնորդների ճնշման տակ, սակայն Բաքվի նոր փորձը հազիվ թե պատահականություն կամ իմպուլսիվ քայլ համարվի: Բանն այն է, որ դեկտեմբերի սկզբին Աստանայում մեկնարկող ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ընդհանուր ֆոնի վրա դա կարող է խթանիչ լիցքեր հաղորդել Ադրբեջանին, որը Աստանայի փորձը ձախողելու պարագայում ձեռքի տակ պահուստային տարբերակ կունենա: Եվ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Նազարյանի վերը հիշատակված նամակի անհրաժեշտությունը պետք է դիտարկել այս զարգացումների համատեքստում: Երկար ժամանակ Երևանը կրկնում էր, թե ՄԱԿ-ը այն ամբիոնը չէ, որտեղից պետք է Ղարաբաղի հարց տաևփողել, բայց արի ու տես, որ այժմ ինքն է օգտագործում նույն կառույցը` Բաքվին հակազդելու համար:
Իսկ եթե եղածին հավելենք նաև այս տարվա սեպտեմբերին Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ բանագնաց Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի այն անսպասելի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա այդ կառույցում նշմարվող փոփոխությունների ուղղությունը: Ի դեպ, բանագնաց դիվանագետն էլ ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի «ապարդյուն» փորձերը։ Սա արդեն բոլորովին նման չէ Բան Կի-Մունի այն հանգստությանը, թե Մինսկի խումբն ի վիճակի է կրել միջնորդի ծանր ու պատվավոր բեռը:
Երեկ Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվել է խորհրդակցությունը ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվել են Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը ներկա պահին որոշ դրույթներ վերանայելու լուրջ դրդապատճառներ ունի:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կանխատեսելի ու անփոփոխ

8 Նյմ

Կիրակի օրը Ադրբեջանում կայացան 4-րդ խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցող 4 միլիոն 950 հազար ադրբեջանցիների 50 տոկոսից քիչ ավելին: Ընտրությունների ընթացքին հետևում էին 1026 օտարազգի և մոտ 47.000 տեղի դիտորդներ: Միջազգային դիտորդները ներկայացնում էին 21 կազմակերպություններ, ներկայացուցիչներ էին ժամանել ԵԽԽՎ-ից, ԵՄ-ից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից, ԵԱՀԿ ԽՎ-ից ու ԱՊՀ-ից:
Միլի Մեջլիսի 125 պատգամավորական տեղերին հավակնում էին 690 թեկնածուներ, որոնցից 107-ին առաջադրել էր իշխող ,,Նոր Ադրբեջան,, կուսակցությունը, իսկ ընդդիմադիր թևը ներկայացրել էր 140 թեկնածու: Թեև հիմնական պայքարը ծավալվում էր իշխանական ուժի և երկու առաջատար ընդդիմադիր կուսակցությունների` ԱԺՃ և Մուսավաթ կուսակցության միջև, սակայն դրանցից զատ ընտրություններին մասնակցում էին նաև 13 կուսակցություններից կազմված 5 դաշինք, ու ևս 19 կուսակցություն, որոնք դաշինքների մեջ չէին:
Առաջին հայացքից նման խայտաբղետ բազմազանությունը կարող էր նույնիսկ ազատ կամքի արտահայտման նպաստավոր միջավայրի գոյության տպավորություն թողնել: Սակայն, ինչպես և ենթադրում էին քաղաքագետները, կայացան միանգամայն կանխատեսելի ընտրություններ` վաղօրոք նախապատրաստված, հղկված ու վերահսկելի սցենարին համապատասխան: Ընտրությունների ավարտից հաշված ժամեր անց իշխող կուսակցությունն արդեն հայտարարեց իր բացահայտ ու վստահ հաղթանակի մասին: Դրան հակառակ ընդդիմության ներկայացուցիչները հանդես եկան մեղադրանքներով` խոսելով արդյունքների կեղծման, բազմաթիվ խախտումների, քվեաթերթիկների լցոնման, դիտորդների աշխատանքը խոչընդոտելու մասին: Այս հանգամանքը փաստեցին նաև ԵԱՀԿ ներկայացուցիչները` տեղեկացնելով, որ իրենց աշխատանքներն ,,իշխանությունների կողմից էականորեն սահմանափել են,,:
Առավել համապարփակ գնահատականը լսելու հնարավորություն դեռևս կունենանք առաջիկա օրերին, բայց հազիվ թե դրանք այլևս էական նշանակություն ունենան Արդրբեջանի համար, որտեղ ավտորիտար ռեժիմը կարևորում է միայն սեփական իշխանության ֆորմալ վերահաստատումը, այլ ոչ թե միջազգային հանրության գնահատականը, ինչի հանդեպ Բաքուն վաղուց է իմունիտետ ձեռք բերել:
Դեռ մինչև նախընտրական արշավի սկիզբը, հանրության սիրտը շահելու նպատակով ,,Նոր Ադրբեջանն,, իր շարքերից ու պատգամավորական թեկնածուների ցուցակից հանեց շուրջ մեկ տասնյակ օլիգարխների, բայց նույն պահին էլ նրանց փոխարինեցին մարդկանցով, ովքեր որևէ բանով չէին տարբերվում իրենց նախորդներից: Այս ,,կոսմետիկ վերանորոգումը,, ևս նույն խնդիրն էր հետապնդում` ստեղծել փոփոխությունների պատրանք, առաջընթացի տեսլական: Եվ պատահական չէր, որ երեկ, ընտրական տեղամասերը փակելուց հետո իշխանությունները, իրադարձություններից առաջ ընկնելով, շտապեցին հայտարարել, թե կայացած ընտրությունները լիովին համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին, դրանք ազատ ու թափանցիկ էին:
Մեծ հաշվով քաղաքական պայքարի մասին նույնպես խոսք գնալ չէր կարող: Այդ իմաստով ընդդիմադիր Ժողովրդական ճակատն ու Մուսավաթը թե կազմակերպչական և թե համակիրների հավաքագրման տեսանկյունից չափազանց թուլացել էին, և նրանց նկատմամբ հաղթանակ տանելն առանձնապես մեծ դժվարություն չէր ներկայացնում: Եղածին գումարենք նաև այն փաստը, որ Ադրբեջանում 2005-ից ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Իսկ սա նշանակում է, որ վարչական ռեսուրսների և լծակների ակտիվ օգտագործման պայմաններում գործնականում բացառում է ընդդիմադիրների ընտրվելու հնարավորությունը: Ու որքան էլ արդարացի լինի վերջիններիս դժգոհությունը, թե քաղաքական բնականոն մրցակցության համար անհրաժշետ պայմանները երկրում իսպառ բացակայում են, ապա իրողություն է և այն, որ այդ առկա կացությունը չի ձևավորվել ընդամենը մեկ օրում կամ միայն նախընտրական շրջանի համար: Դրանից առաջ էլ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էր իր միջանկյալ զեկույցում փաստել ընտրողների ու թեկնածուների վրա կիրառված ճնշումների, հետապնդումների, քաղաքական դեբատների բացակայության մասին: Եվ ի՞նչ: Բաքուն նույնիսկ անհանգստության նվազագույն նախանշաններ չցուցաբերեց` հրաշալի գիտենալով, որ իրեն ամեն բան ներելի է: Եվ արդեն իսկ այսօր շատերն են այն համոզման, որ Արևմուտքը հերթական անգամ էլ աչք կփակի ամեն կարգի խախտումների և իրավունքների ոտնահարման դեպքերի նկատմամբ` առավել կարևորելով Ադրբեջանի աշխարհաքաղաքական-ստրատեգիական նշանակությունն իր շահերի խթանման և մի շարք խնդիրների լուծման գործում: Իսկ հանուն դրա կարելի է նաև ժողովրդավարությունը զոհաբերել առանձին վերցրած մի երկրում:
Հայաստանում հետևում էին ադրբեջանական ընտրությունների ընթացքին: Եթե մինչ այդ մեզ մոտ կարծիք էր ձևավորվել, թե իբր ընտրություններին նախորդած ժամանակահատվածում ագրեսիվ վարքագծով Բաքվի իշխանությունները տեղեկատվական անհրաժեշտ բազա էին ապահովում Իլհամ Ալիևի գլխավորած ,,Նոր Ադրբեջան,, կուսակցության բացարձակ հաղթանակի համար, ապա այժմ մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանի ու Արցախի հարցում չպետք է ակնկալել Ադրբեջանի դիրքորոշման որևէ կտրուկ փոփոխություն: Բոլորովին պատահական չէր, որ հատկապես ընտրությունների օրը Ալիևը հերթական անգամ հայտարարեց. ,,Մենք ցանկացած պահի կարող ենք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականանությունը ռազմական ճանապարհով,,: Այլ կերպ ասած, ամեն բանն առաջվանն է` անփոփոխ ու շարունակական:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: