Tag Archives: Ադանա

ՍՎԻՆԱՀԱՐ ՄԱՇՏՈՑԸ

17 Փտր

Գյուղը դիմադրում էր համառորեն, մինչև վերջին շունչը: Բայց ուժերն անհավասար էին, և թշնամու հրոսակները ներխուժեցին բնակավայր ու կոտորեցին բոլորին: Երբ նրանք հեռացան, ջարդից փրկվածները ետ եկան, որ ավերված ու մոխրացած տներից դուրս բերեն իրենց հարազատների դիերն ու հողին հանձնեն: Նրանց հետ էր նաև Ներսես եպիսկոպոս Դանիելյանը: Եվ ահա այս ականատես հոգևորականը պատմում է, որ սպանվածների մեջ գտնում են նաև Տեր Պետրոսի հոշոտված մարմինը:
Երբ քահանային պատանքելու համար փորձում են հանել նրա վերարկուն ու պարեգոտը, հանկարծ հագուստի տակ հայտնաբերում են կրծքին սեղմված ու արյունոտված մի Մաշտոց: Տեր Հայրը իր մարմնով ծածկել էր ծիսարանը, սակայն թշնամու սվինը խոցել էր ոչ միայն նրան, այլև գիրքը:
Ասում են, որ իր տեսածից ցնցված եպիսկոպոսը սվինահար Մաշտոցը վերցնում է իր հետ և շրջում է գյուղեգյուղ՝ դա ցույց տալով ապրողներին ու դրանով մկրտելով մանուկներին: Ասում են նաև, որ նրա մկրտած առաջին նորածնի անունը դնում են Սվին:
Գյուղը, որտեղ կյանքի գնով փրկում էին գիրքը, Ադանայի մոտ գտնվող Հասան Բեյլի բնակավայրն էր: Իսկ Սվինահար Մաշտոցի մասին պատմում են, որ այն հանձնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկսարանին այն բանից հետո, երբ կոտորածների զոհ դարձավ նաև Ներսես եպիսկոպոսը: Սակայն, որոշ տեղեկություների համաձայն, վիրավոր գիրքն այլևս չկա:

© Հովիկ ՉարխչյանСуренянц,_«Попранная_святыня»,_1895

ԹՌՉՈՒՆԸ, ՈՐ ԴՐՈՇ ԷՐ ՏԱՆՈՒՄ

27 Հնվ

1921 թվականի փետրվարյան մի օր Ադանայի դաշտերում մի քուրդ որսորդ էր քայլում: Լսեց վայրի բադի կռինչը, հրացանն ուղղեց ու կրակեց: Թռչունն ընկավ անշնչացած: Որսորդը իր ավարը տուն բերեց, հանեց դանակը և պատրաստվում էր թևավորից ընթրիք պատրաստել, երբ հանկարծ…
Այն, ինչ նա տեսավ, հաջորդ օրը դրա մասին խոսում էին բոլորը և նույնիսկ լրագրող այցելեց որսորդին, որ հետո տեղական թերթում գրեր. «… Թռչնի ստամոքսից Հայկական դրոշի գույները կրող ինը քարեր են դուրս եկել: Այդ քարերից երեքը կարմիր էին, երեքը՝ կապույտ, իսկ երեքը՝ նարնջագույն: Նրանք սրտի ձև ունեին և հավասար մեծության էին…»:
Որսորդը, տեսնելով որ իր գտածոն զարմանք ու հիացմունք է առաջացրել, քարերը տարավ ոսկերիչների մոտ: Վերջիններս բարձր գնահատեցին դրանք, սակայն այդպես էլ չկարողացան հստակ գին սահմանել: Իսկ բնակիչները պատահածի մեջ խորհրդավոր նախանշան էին փնտրում ու տագնապով սպասում էին վերահասին:
Այս զարմանահրաշ պատմությունն անցել-գնացել է: Բազում-բազում դրոշներ են ծածանվել ու ցած բերվել, որսորդներ են կրակել ու թռչուններ են թևաբախել: Բայց նրանցից միայն մեկին հիշեցինք, քանի որ ծանրաբեռ էր իր սլացքի ժամին ու ձմռան մշուշի միջով տանում էր մեր քարե դրոշը:

© Հովիկ Չարխչյանna-zajtsa-po-poroshe-1

%d bloggers like this: