Tag Archives: ագռավ

ԱԳՌԱՎԻ ՆԱԽԱՆՁԸ

19 Նյմ

— Տեսե՞լ ես, թե ագռավն ինչպես է ընկույզը փշրում,- հարցնում է ծանոթս:- Գետնից կտուցով վերցնում է, բարձրացնում է վերև ու բաց է թողնում: Եվ դա կրկնում է այնքան ժամանակ, մինչև ընկույզը կոտրվում է:
— Իսկ դու տեսե՞լ ես, թե ինչպես են փշրում մարդու սիրտը,- ասում է մյուս ծանոթս:- Ագռավները կնախանձեին: Ոչ կտցում են, ոչ վերևից ներքև են նետում, ոչ հարվածում են: Ընդամենը հուսախաբ են անում և վերջ:

Հովիկ ՉարխչյանTorgachkin=A77=2-DSC05545

ՈՒԻԼՅԱՄ ՀՈԼԴԻՆԳ

29 Հնս

Բացատրե՞մ քեզ, թե որն է կյանքի իմաստը: Մտածիր թիթեռնիկի մասին, որն ապրում է ընդամենը մեկ օր: Եվ այն ագռավն էլ որոշ բաներ գիտի անցած ու նախանցած օրերի մասին: Ագռավը գիտի, թե ինչ բան է արևածագը: Հավանաբար նա գիտի նաև, որ արևը վաղը կրկին կծագի: Իսկ թիթեռնիկը չգիտի: Ոչ մի թիթեռնիկ չգիտի, թե ինչ է արևածագը: Ահա այդպես էլ մենք քեզ հետ: Ոչ, Ռոջեր, ես չեմ պատրաստվում քեզ համար քարոզ կարդալ այն մասին, թե որքան կարճ է մեր երկրային կյանքը: Մենք գիտենք, որ այն անտանելի երկար է, և այնուհանդերձ դա պետք է կրել: Բայց մեր կյանքն իմաստ ունի, քանի որ երկուսս էլ ընտրյալներ ենք: Մենք թիթեռնիկների նման ենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է մեզ սպասվում, ե՞րբ վեր կբարձրանանք` ոտնաչափ առ ոտնաչափ: Բայց մենք պարտավոր ենք ապրել մեր օրը` առավոտից երեկո, ապրել նրա յուրաքանչյուր րոպեն` բացահայտելով որևէ նոր բան…

hero

ԻՎԱՆ ԲՈՒՆԻՆ

12 Փտր

ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ

Հին, վայրի դաշտի ճամփաբաժանին
Մի սև ագռավ է թառել սև խաչին,
Աղբախոտն է նա դիտում իր թառից,
Ժանգոտ վահան է ընկած առաջին:

Մի գիր է գրված այնտեղ հին օրից,
Որից անցորդը սև լուր է առնում.
«Ով գնա գծած այս ճամփով ուղիղ,
Իմացիր, երբեք ետ չի դառնալու:

Թե աջով գնաս` դու ձիդ կկորցնես,
Մոլորյալ է նա, ով աջ է թեքվում,
Իսկ թե ձախ ճամփով գնալ դու փորձես,
Մահդ կգտնես օտար եզերքում»:

Հեռվում` շարվեշար շիրիմներ պառկած
Քնած հավիտյան քնով անցյալի,
Սատար եղիր ինձ, չարագույժ ագռավ,
Այս մութ ճամփեքին ուղեկից դառ ինձ:

Լքել եմ կղզին արքայադստեր,
Կապույտ ծովակը, խրճիթն ու այգին,
Դու անմահական ջուրը լոկ ինձ բեր,
Չեմ ուզում տիրել հեքիաթի հավքին:

Կեսօրն է ննջում, արահետներին`
Խոտերի միջից` նեխող ոսկորներ,
Երեք ճանապարհ մգլած ու դեղին,
Բայց ես չգիտեմ, թե ուղիս որն է:

Որտե՞ղ է ծիրը այս հարթավայրի,
Ո՞վ է խրտնեցնում ձիուս շարունակ,
Ո՞վ է ինձ կանչում ձայնով մարդկային
Կապույտ լռության այս երկրում ունայն:

Եվ մի՞թե ուրիշ ճանապարհ չկա,
Որ լինի առանց կորստյան ահի,
Գնայի հուշն ու հույսերս փրկված
Եվ ինձ ու ձիուս խլեի մահից:

Հովերն են շնչում վերին լռությամբ,
Ու մեռյալները քնել են խաղաղ,
Կախարդված վայրի այդ գեղեցկությամբ,
Ես խոնարհում եմ հայացքս ահա:

Կանչում է կյանքը խենթության խաղով,
Բայց խառնված է նա մահվան կանչին,
Իսկ ագռավը լուռ ու հանդիսավոր
Այսպես կիսարթուն թառել է խաչին:

Թարգմ. Հ. Թամրազյան

%d bloggers like this: