Tag Archives: Աբովյան

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՆՏԻՊ ԷՋԵՐ

8 Դկտ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Ծանոթ է այստեղ ամեն քարը
Եվ փոշու հատիկը անգամ.
Նույն ժպիտն, օ, քանի անգամ է
Նույն դեմքին ճառագել անկամ:
Ճառագել, բռնկվել անհասցե
Ինքն իրեն ու ինքն իր համար,
Եվ որքան, որքան եմ որսացել
Ժպիտն այդ անհասցե
Եվ ինձ, և ոչ ինձ համար…
Բայց հիմա, ինձ հետ ես հիմա դու
Ու վեր ենք բարձրանում ցածից.
Եվ ուրիշ ժպիտ չեմ նկատում
Քո այրող ժպիտից բացի:
Այս համեստ մեր Աբովյանում,
Որ սակայն թվում է մեզ անծայր,
Որ մեզ հետ վերև է բարձրանում,
Անցնում է մեր ուղին անցած:
Ուր երեկ մեր ձեռքով ենք կերտել
Մեր տան հետ մեր բախտն ու հույսերը:

— Այստեղ են բոլորը մկրտվել,
Մկրտենք նաև մենք մեր սերը…
30.7.1947 թ.

* * *
Դու աղջիկ ես մի հասարակ
Եվ գերում ես` քո հմայքին
Ես անծանոթ, և անտեղյակ,
Անգետ խաղի ու քմայքի:
Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ,
Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ,
Որով գիտեն ոմանք շոյել,
Թեկուզ… առանց հավատալու:
Ոչ ջանք իզուր- սրամտել,
Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք…
Ողջը այնպես հեշտ է, թեթև,
Հասկանալի և հասարակ:
Բայց… ափսոս որ դու ուշացար,
Ոչ, շտապել եմ ես իզուր…
— Քեզ նայելով անդարձ անցած
Պարզությունս եմ ցավով հիշում…
28. 2.1958
Մոսկվա

* * *
Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքդ չափազանց քեզ դուր ես գալիս:

Ինքդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպես չես քնում, վեր կենում, գնում…
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել պարզ չես հասկանում:

Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամեն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում…
1960-ականներին

%d bloggers like this: