Tag Archives: Աբխազիա

Վաշինգտոնի «մխիթարական» նվերը

2 Օգս

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից օրերս ընդունած «վրացական» բանաձևը եկավ լրացնելու քաղաքական պատեհապաշտության արգասիք հանդիսացող այն փաստաթղթերի շարքը, որոնք լույս աշխարհ են գալիս ոչ թե համոզմունքների ու սկզբունքների դրդմամբ, այլ իրավիճակների և հարաբերությունների հետ հարմարվելու արդյունքում: Ով` ով, բայց հայերս շատ լավ ենք հասկանում այս ամենը և բազում առիթներ ենք ունեցել բախվելու հատկապես ամերիկյան քաղաքական նպատակահարմարության խութերին: Եվ այժմ ասել, թե ի տարբերություն մեզ, վրացիների բախտը բերեց, պիտի որ խիստ կասկածելի տեսակետ լինի:
Ի՞նչ էր ասում այդ նոր բանաձևը: Նախ, այն դատապարտում էր «Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան» ու Ռուսաստանին կոչ էր անում հարգել Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Փաստաթուղթը Մոսկվայից պահանջվում էր կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրով ամրագրված բոլոր պարտավորությունները, նշվում էր փախստականների` իրենց բնակավայրեր վերադարձի մասին ու հիշյալ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման հրամայականը: 5 էջանոց այդ փաստաթղթում ամերիկյան օրենսդիրները, Սպիտակ տան օրինակով, գործածում էին «օկուպացված» տերմինը։ ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ սենատորները միաձայն աջակցեցին Վրաստանին առնչվող բանաձևին։ Ապա Սենատի կայքում հրապարակվեց հաղորդագրություն, ուր ասված էր. «Այս բանաձևն արտահայտում է Սենատի վերաբերմունքը Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության շարունակվող խախտումների վերաբերյալ և շեշտում է հակամարտության խաղաղ և արդար կարգավորման կարևորությունը՝ Վրաստանի միջազգային ընդունված սահմաններին համապատասխան»:
Հասկանալի է, որ նման քայլից հետո ոչ ռուսները պիտի հլու-հնազանդ հետևեին դրա պահանջներին, ոչ էլ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները պիտի դառնային ավելի ջերմ: Եվ ստացվում է, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան հավելյալ լարվածություն հաղորդելու մտադրություն, իսկ թե ու՞մ է անհրաժեշտ այդ նոր հակասությունը, դեռ հստակեցման կարիք ունի:
Ինչպես և պետք էր սպասել, դեռ լույսը չբացված Վրաստանի ԱԳՆ հրապարակեց իր արձագանքը, որով երախտագիտություն էր արտահայտում ամերիկյան փրկիչներին և հավելում, որ «ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը կարևոր քայլ է ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական ու գործընկերային հարաբերություններում։ Վրաստանին առնչվող բանաձևի միաձայն ընդունմամբ Սենատը պաշտոնապես հայտնեց իր հստակ և միացյալ դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և Ռուսաստանին անվանեց օկուպանտ»։ Համարյա նույնը բառացի կրկնեց նաև ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին:
Այժմ փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում: Նախ, նկատենք, որ սա թերևս այն առավելագույնն էր, ինչ կարող էր անել Վաշինգտոնը Թբիլիսիի համար: Երեք տարի առաջ անուղղակիորեն հրահրելով ռուս-վրացական ընդհարումը և ապա ստանձնելով դիտորդի կարգավիճակը, Միացյալ Նահանգները փաստացի իր դաշնակցին մղեց աղետալի արկածախնդրության, պատճառ դարձավ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերջնական ու անվերադարձ կորստին, և հիմա իբրև «մխիթարական նվեր» Թբիլիսիին է տալիս մի բանաձև, որը մեծ հաշվով ոչ մի արժեք չունի և չի կարող ոչինչ փոխել: Իսկ ռուսներն, ինչ խոսք, պիտի նեղանային դրանից: «Սրանով հերթական անգամ թքում են Ռուսաստանի վրա, որը գործնական արդյունք չի ենթադրում»,- կատարվածն այս բառերով մեկնաբանեց ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Հետո հաջորդեցին առավել ծանր մեղադրանքները: Մոսկվան Սենատի կողմից վրացական բանաձևի ընդունումը պայմանավորեց Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև «վերաբեռնման» քաղաքականության վարկաբեկման փորձով` մեկ անգամ էլ բացատրելով, թե իր ռազմական ներկայությունը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում ժամանակավոր միջոց է և պայմանավորված է Վրաստանի ագրեսիայով:
Բանը հասավ նույնիսկ կանանց: Ռուսական թերթերը գրեցին, թե զուր չէ, որ Վրաստանում լուրջ նախագիծ են մշակվել, ինչպես որ զուր չէ, որ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը իր դերն է ունեցել Սահակաշվիլիի և նրա ապագա կնոջ ծանոթության հարցում։ Մի խոսքով, միջոցների մեջ ընտրություն կատարելու ժամանակ այլևս չկա: Հարվածը հաջորդելու է հարվածին:
Այստեղ ավելորդ չէ նաև վերհիշել, թե ինչը հաջորդեց բանաձևի ընդունմանը: Հաշված օրեր առաջ Ռուսաստանը կոպիտ կերպով մերժեց Թբիլիսիի հետ բանակցություններ վարելու առաջարկը: Այսինքն ոչ միայն մերժեց, այլ ի պատասխան այդ առաջարկի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանը ներկայացրել Սուխումի հետ մաքսային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Սա ծանր ապտակի պես մի բան էր: Հաջորդ օրը Վրաստանի ԱԳՆ իր հերթական հայտարարությունը տարածեց` փաստելով, որ Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական ռեժիմով բանակցություններ վարել վրացական կողմի հետ: «Բոլոր հարաբերությունները, որոնք հաստատում է ՌԴ-ն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, ինչպես նաև Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորություններին»,- ասվում էր նույն տեքստում: Միաժամանակ Աբխազիան տեղեկացրեց, թե իր ուղեգիծը` ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի հետ կապված, կմնա անփոփոխ` ցանկացած նախագահի օրոք, և որ այդ դաշինքին այլընտրանք ուղղակի գոյություն չունի, քանի որ տարածաշրջանի մյուս երկրները դեռևս չեն ճանաչել Աբխազիան:
Եվ ահա այս մերժումների ու վերջնագրերի ֆոնի վրա հայտնված ամերիկյան բանաձևը պիտի որ խիստ հաճո լիներ վրացիների քիմքին: Սակայն իրականում ի՞նչ էր ակնկալում Վաշինգտոնը: Որոշ վերլուծաբաններ ուղղակի համոզված են, որ նման բանաձևի ընդունմամբ նրանք փորձում են լուծել իրենց նախընտրական խնդիրները և այդօրինակ քայլով պատրաստվում են ստանալ ԱՄՆ-ում վրացական համայնքի աջակցությունը: Հասկանալի է, որ Ամերիկայում նաև ռուսական համայնք կա, որը անհամեմատ ավելի մեծ է: Սակայն ամերիկացի քաղաքագետները գիտեն, որ ռուսական համայնքն իր տրոհվածության ու իներտության պատճառով որպես մեկ միասնություն ազդեցություն չունի, մի բան, ինչը չի կարելի ասել վրացիների մասին: «Վստահ եմ, որ ամերիկացի սենատորները թքած ունեն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի վրա, ինչ-որ իմաստով՝ նաև Ռուսաստանի վրա։ Այդօրինակ որոշում ընդունելով՝ նրանք միայն փորձում են դուր գալ ամերիկացի ընտրողին»,- ասում է նույն Ռոգոզինը։
Արձանագրենք ևս մի հատկանշական փաստ: ԱՄՆ Սենատի թիվ 175` «վրացական» բանաձևի ընդունման փաստից ոգևորված և այդ առիթից օգտվելով, ադրբեջանցիները դիմել են Սենատին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ու Լեռնային Ղարաբաղը օկուպացված տարածք ճանաչելու խնդրանքով: Ու եթե վաղը լսենք, որ ԱՄՆ սրա համար նույնպես կանաչ լույս է վառել, զարմանալու պատճառներ պիտի չունենանք:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մի այց և այդքան գլխացավանք

8 Ապր

«Քառօրյա այցով Թուրքիա է ժամանել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը»: Այս կարճ, առաջին հայացքից արտասովոր ոչինչ չխոստացող հաղորդագրությունն այնուհետև լրացվում է այլ մանրամասներով`Բաղապշը Թուրքիա է ժամանել տեղի աբխազական համայնքի հրավերով և նրան ուղեկցում են կառավարության անդամներ ու խորհրդարանականներ։
Սակայն այս կարծեցյալ հանգստությունը նույնքան արագ էլ ցրվում է` ի հայտ բերելով հակասությունների այն ամբողջ պաշարը, որն իր մեջ կարող էր ներառել մեկի մասնավոր ուղևորությունը: Կնճիռների առատության մեջ նախապատվությունը թերևս տանք Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ ավանդական բարեկամությանն ու բոլոր բնագավառներում համապարփակ համագործակցության վրա հիմնված ռազմավարական գործընկերությանը։ «Աբխազիայի առաջնորդի այցը պաշտոնական բնույթ չի կրում։ Թուրքիան վերահաստատում է Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելուն ուղղված իր վճռականությունը։ Թուրքիան ճանաչում է միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասված էր ԱԳՆ հաղորդման մեջ։
Ի՞նչ է սա: Արդարանալու փո՞րձ, մեղավորի ուշացած ապաշխարա՞նք: Դրանից առաջ, երբ Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Մուրաթ Լևենթ Բուրհանին խնդրել էին մեկնաբանել Բաղապշի Թուրքիա այցելելու մասին լուրը, դեսպանը հրաժարվել էր որևէ բան ասել ու նշել էր, թե ինքը տեղեկություն չունի այդ կապակցությամբ: Սակայն հաջորդ պահին նրան կանչել էին Վրաստանի արտգործնախարարություն՝ պարզելու, թե ինչպիսին է Անկարայի դիրքորոշումը Աբխազիայի նախագահի՝ Թուրքիա կատարելիք հնարավոր այցի վերաբերյալ: Վստահաբար կարող ենք ասել, որ ԱԳՆ-ի պատերի ներսում Բուրհան շատ ավելի առատախոս էր գտնվել:
Վրաստանում մինչև վերջին պահը չէին հավատում, թե Բաղապշը կմեկնի: Զանազան կարծիքներ ու բացատրություններ էին շրջանառվում այդ թեզն ապացուցելու համար: Մասնավորապես խոսվում էր այն մասին, թե իբր Աբխազիայի առաջնորդի այցը շատ կասկածելի է, քանի որ նման տեղեկատվություն վերջերս հաճախ էր տարածվում, սակայն չէր իրականացվում: «Նույնիսկ եթե Աբխազիայի դե ֆակտո նախագահը մեկնի Թուրքիա, ապա Ռուսաստանը նրան թույլ չի տա իրագործել իր նպատակները»,- պնդում էին ամենուր Մոսկվայի ստվերը տեսնող վրացիները: Իսկ կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն նույնիսկ «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում պնդեց, որ սա արդեն Բաղապշի Թուրքիա մեկնելու 10-րդ փորձն է, որի վրա ճնշում է գործադրվում Ռուսաստանի կողմից:
Իրադարձության «մեղավորն» այս առնչությամբ միանգամայն այլ կարծիք ունի: Ըստ նրա, նախկինում մի քանի անգամ ծրագրված է եղել իր այցը, բայց խափանվել է պաշտոնական Թբիլիսիի կողմից: Գալով ներկա հնարավորություններին և ուղևորության նպատակին, Բաղապշը հետևյալն է ասել. «Ես երբեք չեմ եղել Թուրքիայում: Դա մի երկիր է, որտեղ ապրում են մեր բազում հայրենակիցներ: Սխալ է, որ Աբխազիայի նախագահը չի այցելել Թուրքիա ու չի հանդիպել այնտեղի աբխազական համայնքի հետ վերջին 5 տարիների ընթացքում»: Ի դեպ, ներկայումս Թուրքիայում բնակվում են մինչև 700.000 աբխազներ, իսկ Բաղապշի այցելությունը, ըստ աբխազական կողմի, պայմանավորված է աբխազ մուհաջիրներին (վերաբնակներին) հետ վերադարձնելու խնդրով, ինչը նաև հանդիսանում է Բաղապշի նախընտրական խոստումը:
Պատճառաբանության նման տարբերակը կարող էր լիովին բավարարել թուրքական կողմին: Սակայն Աբխազիայի ղեկավարը հմուտ քաղաքական գործիչ չէր համարվի, եթե նախօրեին իր «անզգույշ» խոսքով չմատներ ուղևորության իրական նպատակը: «Նախևառաջ, պետք է սկսենք բարիդրացիական հարաբերություններից: Երկկողմանի հարաբերությունները կարող են սկսվել տնտեսական հարաբերությունների ու փոխադարձ այցելությունների վերականգնումից: Մենք պետք է ստեղծենք տրանսպորտային ենթակառւցվածքներ Թուրքիայի և Աբխազիայի միջև»,- ասաց նա: Ինչպես տեսնում ենք, համայնքի մասին այլևս ոչ մի խոսք: Նույն օրինակին հետևելով, թուրքական Zaman թերթը այդ օրերին գրեց, որ Բաղապշը Անկարայում կայանալիք հանդիպումների ընթացքում, ըստ ամենայնի, խնդրելու է Թուրքիայի իշխանություններին վերականգնել ուղղակի ծովային հաղորդակցությունը Աբխազիայի հետ:
Թբիլիսիիում այս բոլորը տեսնում են, և նրանց հերթական հիստերիան լիովին հիմնավորված է: Վրացիները հասկանում են նաև այն, որ իրենք այս խնդրում շատ են ուշացել, գնացքը վաղուց է մեկնել, և հազիվ թե հնար լինի էական որևէ բան փոխել: Ինչպես իրավացիորեն գրում է վրացի քաղաքագետ Իոսիֆ Ցինիզադեն, Թուրքիայի և Աբխազիայի միջև իրականում տնտեսական սահմանները վաղուց են բաց, Թուրքիայում շատ ակտիվ է աբխազամետ սփյուռքը, որը տարբեր ընկերությունների միջոցով Սուխումի հետ տնտեսական կապեր է զարգացնում: Թուրքիան տարեկան 100 միլիոն դոլարի ապրանք է արտահանում Աբխազիա:
Սակայն Վրաստանում շտապում են, երբ կարծում են, թե սկսելով մասնավոր այցելություններից, վաղ թե ուշ դրանք կարող են հանգեցնել Թուրքիայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչմանը: Այս տարբերակը գոնե առաջիկայում քիչ հավանական է: Համենայն դեպս, Անկարան այնքան անլուրջ չի գտնվի, որ աչքի առաջ ունենալով իր խնդիրները քրդերի և Կիպրոսի հետ, հանկարծ որոշի հանուն Աբխազիայի որևէ բան զոհաբերել: Եվ այս ամենով հանդերձ, հատկանշական է նաև, որ Թուրքիան ծրագրում է ավելի ակտիվորեն ներգրավվել վրաց-աբխազական բանակցություններում:
Իսկ Աբխազիան կարծես թե չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: Այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Շամբան վերջերս հայտարարեց, որ իրենք շարունակում են ակտիվ աշխատել երկրի միջազգային կապերն ընդլայնելու ուղղությամբ, և Սուխումը չի բացառում, որ հաջորդ տարի այս կապերը կընդլայնվեն Իրանի հաշվին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մարտեր առանց կանոնների

5 Ապր

Մեզ գերազանց հայտնի է, թե ինչ ասել է քարոզչական պատերազմ և թե այդ առճակատման ժամանակ ինչերի է ընդունակ պարտված կողմը: Սակայն այն, ինչ անում են վրացիները, միանգամայն նոր որակ է, երևակայության առավելագույն կենտրոնացում, որ կարելի է միայն պատկերացնել: Իբրև կարևոր նախապայման, դրանք ուղեկցվում են բացառապես սկանդալային իրավիճակների գործադրմամբ, հակառակ պարագայում, ըստ մտահղացման հեղինակների, չեն ունենա ցանկալի ներգործությունն ու հնչեղությունը: Եվ եթե դրանց մասին ոչ մի գնով չի կարելի ասել, թե խորքային ընդգրկումներ ունեն, ապա աղմկարարության առումով լիովին արդարացնում են սպասելիքները:
Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում հանրությունն ականատես դարձավ հակառուսական «սառը» պատերազմի մի քանի դրսևորումների, որոնք նույնիսկ կարելի է դասակարգել երեք հիմնական խմբերում` լրտեսական կրքեր, հետին ամսաթվով բացահայտումներ և միջազգային կառույցներում խափանարար գործունեություն:
Սկսենք նրանից, որ այս ամսվա սկզբին Վրաստանի իրավապահները հայտարարեցին, թե իրենց հաջողվել է Քութայիսիում ու Թբիլիսիում կանխել ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարականով իրականացվելիք մի քանի ահաբեկչական գործողություններ: Նույնիսկ ձերբակալություններ եղան` երեք վրացիներ, որոնք տեսախցիկների առաջ անհոդաբաշխ նախադասություններ էին արտաբերում` պատմելով չարամիտ ռուս սպաների և իրենց մոտ հայտնաբերված պայթուցիկների մասին: Սրան անմիջապես հաջորդեց պաշտոնական հայտարարությունն առ այն, թե «Ռուսաստանի այդ քաղաքականությունը միտված է իրավիճակի ապակայունացմանը, բնակչության շրջանում խուճապային տրամադրությունների առաջացմանը, ինչը կհանգեցնի իշխանությունների հանդեպ անվստահություն սերմանելուն»:
Այնուհետև Թբիլիսին որոշեց իր ուժերը փորձել Հաագայի միջազգային դատարանում` հայց ներկայացնելով ընդդեմ Ռուսաստանի: Հայցը վերաբերում էր 2008թ. օգոստոսյան դեպքերին: Վրացիները նշել էին, որ 1990-2008թ. Ռուսաստանը երեք անգամ խախտել է 1965թ. ընդունված «Ռասայական խտրականության վերացման» կոնվենցիան: ՄԱԿ-ի միջազգային դատարանն, իհարկե, մերժեց բողոքը և նույնիսկ չզլացավ խոստովանել, որ դրա քննարկումը չի մտնում իր լիազորությունների մեջ: Սակայն այսքանն էլ բավական էր, որպեսզի Թբիլիսին կարծիք հայտներ, թե Արևմուտքը վախենում է ռուսներից և հանուն վրացիների չի ցանկանում հարաբերություններ փչացնել:
Եղածն անբավարար համարելով, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բարձրաձայնեց իր նոր մտադրության մասին: «Վրաստանին իսկապես անհրաժեշտ է ԱՄՆ-ից ձեռք բերել ծանր հակաօդային ու հակատանկային զենք, որպեսզի հետագայում Ռուսաստանի հետ հակամատության ժամանակ կարողանա պաշտպանվել»,- ասաց նա: Ապագա պատերազմի հնարավորությունը գնահատելով միանգմայն իրական` վրացիները շարունակեցին համառորեն ծեծել ՆԱՏՕ-ի դռները` վերջինիս առարկություններին պատասխանելով այն փաստարկով, թե տարածքների կորուստը դեռևս հիմնավորում չէ, գոյություն ունի Գերմանիայի նախադեպը, որի տարածքի 40 տոկոսը թեև օկուպացված էր ԽՍՀՄ-ի կողմից, սակայն դա չխանգարեց, որ նա դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և ուրեմն Վրաստանն էլ իրավունք ունի օգտվելու Հյուսիսատլանտյան դաշինքի բարիքներից: Իսկ երբ պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ի աչքերը Թբիլիսիի համար առանձնապես չեն սառչում, վրացիները գանգատվեցին. «Եթե Ռուսաստանի նման երկիրը կարող է վետո դնել ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, էլ ի՞նչ իմաստ ունի ՆԱՏՕ-ի գոյությունը»:
Ամենուր Ռուսաստանի սպառնալից ստվերը տեսնելով Թբիլիսին այժմ էլ Մոսկվայի հետ սրեր է խաչում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բանակցություններում: Այդ առթիվ Սահակաշվիլին արդեն հայտարարել է, թե իր երկիրը ետ չի կանգնի իր սկզբունքներից: Նա նաև հեգնանքով նշել է, թե Ռուսաստանը հույս ուներ շրջանցել Վրաստանին ու պայմանավորվել միայն ԱՄՆ-ի հետ: «Ռուսները մտածում են. «Ձեզ հետ պայմանավորվենք, իսկ Վրաստանը փաթեթի մի մասն է»: Ես որոշ ռուսներից լսել եմ, որ բավական է Բայդենի մեկ զանգը, որ Սահակաշվիլին լռի»,- ասել է նա: Սակայն կարծես թե Վրաստանի նախագահն այս անգամ էլ է շտապում գերագնահատել իր անձն ու հնարավորությունը: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է մայիսին, և, ո՞վ գիտե, գուցե իսկապե՞ս չարաբաստիկ մի զանգ ստվեր նետի նրա համառության վրա…
Առայժմ ռուսական զավթողականության թեմատիկան օրակարգում պահելու ավելի արդյունավետ միջոց չկա, քան յուրաքանչյուր բացվող օր նրա մասին մի սահմռկեցուցիչ պատմության մատուցումը: Վերջին շրջանում դրանք երկուսն էին: Առաջինն այն մասին էր, թե ինչպես է Մոսկվան ցանկանում Աբխազիայից խլել հսկա մի հողակտոր`160 քառ.կմ տարածք: Այն գտնվում է Գագրայի շրջանում, Ռիցա լճի ափին, և Մոսկվայում կայացած ՌԴ-Աբխազիա սահմանազատման ու սահմանագծման պետական հանձնաժողովի վերջին նիստում ռուսներն աբխազներին են ներկայացրել իրենց հավակնությունները: Վրաստանն, ինչ խոսք, իսկույն ևեթ դատապարտեց Ռուսաստանին և այդ քայլը գնահատեց որպես Վրաստանի տարածքները յուրացնելու փորձ:
Հաջորդ պատմությունը մի քանի տարիների վաղեմության հիշողություն էր`«Վարդերի հեղափոխության» բարի ժամանակների մասին, որից հետո իբր Կրեմլը Վրաստանի նոր իշխանություններին է հանձնել մարդկանց ցանկ, որոնց պահանջել է նշանակել նախարարական պաշտոններում: Այսօր արդեն կարելի է պատմել դա և նաև ասել. «Մեր գլխավոր նպատակն է պահպանել ինքնիշխանությունը, և Ռուսաստանը սխալվում է, եթե կարծում է, որ կշեղվենք այդ ուղուց»:
Իսկ որպեսզի իրենց նախընտրած ուղու վրա Վրաստանը վստահ քայլի, Թբիլիսիիում որոշել են Ռուսաստանին 20 մլրդ դոլարի հաշիվ ներկայացնել՝ իրենց երկրի նկատմամբ ագրեսիայի համար: Մոտավորապես այդքան է գնահատվել 2008թ. օգոստոսին ռուս զինվորականների կողմից Վրաստանին հասցված վնասը: Այդ գումարին կավելանա ևս 15 միլիարդ, որքան գնահատվել է ռուսների գործողությունների արդյունքում Վրաստանի բնապահպանությանը հասցված վնասը:
Հազիվ թե ողջ վրացական հողի վրա գտնվի մեկը, ով կհավատա, թե երբևէ կտեսնի այդպիսի հատուցում: Սակայն մի՞թե դա կարևոր է: Կամ մի՞թե թվարկված մյուս դեպքերի համար ևս հավատ է պահանջվում: Վրաստանը հետզհետե ընկղմվում է մի ճահճուտի մեջ, որտեղ նրան լավագույն դեպքում կարող է համակել զուտ բարոյական հաղթանակներ տանելով ինքնաբավարարում ձեռք բերելու ժուժկալությունը: Եվ դա սպառնում է դառնալ երկրի քաղաքականության առանցքային հակումներից մեկը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: