Tag Archives: Կոմերսանտ

Ղարաբաղի, Մեդվեդևի ու հիասթափության մասին

30 Հնս

Կազանի բանակցություններից հետո «Կոմերսանտ» թերթի հայտնի հրապարակումը ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի հիասթափության մասին ոչ ոք պատահական չհամարեց և փորձ չարեց դա գնահատել իբրև ապատեղեկատվություն: Ամեն ինչ միանգամայն համապատասխան էր պահի տրամաբանությանը, իսկ Մեդվեդևի հուսախաբությունը` բնական: Այլ հարց էր, թե գրվածն ու ասվածը ի՞նչ մտադրություններից էին բխում և դրանց հետևանքներն ի՞նչ չափով կարող էին կյանքի կոչվել: «Կոմերսանտը» պնդում էր, թե Ռուսաստանի նախագահն այնքան է հիասթափվել Կազանի հանդիպումից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա հետ մեկտեղ անանուն աղբյուրները հիշատակում էին վերջին նախապայմանը, համաձայն որի Ալիևի ու Սարգսյանի հաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, եթե նախագահները ստորագրեն կարգավորման սկզբունքների մասին փաստաթուղթը: Ու թեև հիշատակվում էր բանակցող կողմերի միջև առկա լուրջ տարաձայնությունների փաստը, սակայն ռուսները կարծում էին, որ խնդիրն ամեն դեպքում տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները, իսկ դա անթույլատրելի է: «Եթե առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը կուտակված խնդիրները լուծելու պատրաստակամություն չհայտնեն, մենք կհամարենք, որ միջնորդական առաքելությունն ավարտված է»,- ասել էր «Կոմերսանտի» զրուցակիցը և հավելել, որ Մեդվեդևը հակամարտության կողմերին փաստացի վերջնագիր է ներկայացրել:
Անշուշտ, այս պատմությունը, եթե այն հավաստի է, իսկապես հիշեցնում է վերջնագրային լեզուն, թեև պետք է նկատել նաև, որ նման հարցերը կոշտ պահանջներով ու ճնշումներով չէ, որ պիտի լուծվեն: Բոլոր դեպքերում հարկ է դիտարկել նաև խնդրի մյուս կողմը, ինչը ենթադրել է տալիս, որ հանդիպման տապալումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Դմիտրի Մեդվեդևի խաղաղարար առաքելության ճակատագրի վրա: Եթե Կազանի նախօրեին Մեդվեդևը մոտ էր արտաքին քաղաքական դաշտում իր մեծ հաջողություններից մեկին, ապա դրա ձախողումը, ինչպես իրավացիորեն նկատել էր Эхо Москвы ռադիոկայանը, ինչ-որ չափով ազդեց նրա հեղինակության վրա: Ի դեպ, այս մասին առավել հաճախ նշում են ռուսական լրատվամիջոցները` հիշեցնելով, որ Ռուսաստանի դերը կարգավորման հարցում կարող է սասանվել: Վերջին երեք տարիներին Մեդվեդևը համարվում էր «գլխավոր միջնորդը» և նրա նախաձեռնությամբ կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 12 հանդիպում: Իսկ այժմ ԶԼՄ-ները գրում են, որ Կազանում փաստաթուղթ չստորագրելը ոչ թե Ռուսաստանի, այլ Մեդվեդևի ձախողումն էր: Բայց սա դեռ ամենը չէ: Օրինակ, ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի վերլուծաբան Յուջին Չաուսովսկին իր «Ռուսաստանը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» խորագրով հոդվածում էլ ավելի հեռուն է գնում ու պնդում է, թե Կազանի հանդիպումը ձախողել է անձամբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը: Ըստ վերլուծաբանի, նա ցույց է տալիս, թե փորձում է միջնորդի դերում անել ամեն հնարավոր բան՝ համաձայնագրին հասնելու համար, սակայն իրականում անում է ամեն հնարավոր բան՝ այդպիսի համաձայնագիրը ձախողելու համար։
Սակայն գոյություն ունեն նաև տրամագծորեն ճիշտ հակառակ կարծիքներ, որոնց համաձայն ՌԴ նախագահն ամենևին էլ հիասթափված չէ և դեռ կասի իր խոսքը: Այս տեսակետի կողմնակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ եթե Մեդվեդևը հիասթափված լիներ, այդ մասին կողմերին կասեր հրապարակայնորեն, իսկ հանդիպման անհաջող ավարտը չէր կարող հիասթափության պատճառ լինել ու ստիպել նրան հրաժարվել միջնորդությունից, մի բան, որ թե նրան, թե Մոսկվային զրկվելու է քաղաքական ազդեցության լծակից: Այլ կերպ ասած, եթե նույնիսկ Մեդվեդևը որոշել է հրաժարվել անձնական միջնորդությունից, ապա Ռուսաստանը ցանկացած պարագայում շարունակելու է ներգրավված լինել ղարաբաղյան գործընթացում որպես Մինսկի խմբի համանախագահ:
Այս իմաստով ադրբեջանցիներն իրենց շատ ավելի ազատ են զգում, քան հայկական կողմը: Նրանք առանձնապես կաշկանդված չեն ռուսական ներկայությունից և ասում են, որ եթե Մեդվեդևը հրաժարվի, դա իրենց այնքան էլ չի հուզի: Նա պարզապես իր տեղը կզիջի Մինսկի խմբի մեկ այլ համանախագահի՝ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին, իսկ Բաքվում դրան համաձայն են: Նրանց համար էականը վերջնական արդյունքն է:
Սակայն հազիվ թե Ռուսաստանը թույլ տա, որպեսզի այլ գերտերություններ կամ երկրներ իրենց վրա վերցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը: Սրա հետ լիովին համաձայն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Շիթսը, որի կարծիքով Ռուսաստանը կշարունակի պահպանել իր ակտիվությունը` համարելով, որ դա բխում է իր իսկ շահերից: «Այդպես են կարծում այնպիսի մարդիկ, ինչպիսին է նախագահ Մեդվեդևը: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի համար շահեկան չէ նոր պատերազմի օջախ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը կհանգեցնի Ռուսաստանի ամբողջական ներգրավմանը»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, Մեդվեդևի հիասթափության պատմությունը առիթ հանդիսացավ բարձրաձայն խոսելու մեկ այլ երևույթի մասին, ինչը պակաս կարևոր չէր: Խոսքն այս դեպքում բանակցային գործընթացում համանախագահներից մեկի կողմից միջնորդի դերի մոնոպոլիզացնելու մասին էր, որը դիտվում է անթույլատրելի, քանի որ հղի է վտանգավոր հետևանքներով: Եվ որքան էլ կողմերից մեկը կամ երկուսը բարձր գնահատեն ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ռուսաստանի ջանքերը, նրանք չեն կարող այդ մասին չմտածել ու զգուշավորություն հանդես չբերել:
Պետք է ենթադրել, որ նշված բոլոր հարցերի պատասխանները ստանալու ժամանակն այնքան էլ հեռու չէ: Հաշվի առնելով հետբանակցային ակտիվության աստիճանը, կարելի է կռահել, որ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք այն բանի, թե որ ուղղությամբ է շարժվելու գործընթացը և արդյո՞ք Մեդվեդևը կլքի իր տեղը այդ շարժման ղեկի մոտից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: