Պահոց | ՕՐԱԳԻՐ RSS feed for this section

Ցավալի է, որ նոր կառավարության համար մշակույթն անկարևոր ոլորտ է, բայց Մշակույթի նախարարությունն էլ չի արդարացրել իր գոյությունը․ Հ․ Չարխչյան

23 Դկտ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ՀՀ մշակույթի նախարարության օպտիմալացման խնդրում 2 երես է տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մի կողմից ցավալի է, որ նոր կառավարության համար մշակույթն անկարևոր ոլորտ է, մյուս կողմից էլ նկատեց, որ մշակույթի նախարարությունը գործունեության ընթացքում չի արդարացրել իր գոյությանը։ Միևնույն ժամանակ գրականագետը շեշտեց, որ մշակույթի նախարարությունը դեռևս մշակույթը չէ։

«Մշակույթ եղել է այն ժամանակ, երբ մեր երկիրը դեռևս մշակույթի նախարարություն չի ունեցել, այսինքն՝ մեկը մյուսով պայմանավորելն այնքան էլ ճիշտ չէ։ 2-րդ խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ են օպտիմալացնում մշակույթի նախարարությունը, որովհետև վերջին 30 տարվա ընթացքում այս նախարարություն ե՞րբ ու ինչո՞վ է արդարացրեց իր գոյությունը, ի՞նչ աշխատանք կատարեց մեր մշակույթի համար, որ հիմա մենք դուրս գանք, բողոքի ալիք բարձրացնենք, ասենք՝ էս ինչ ենք անում, կործանում եք մեր մշակույթը և այլն։ Այո՛, ցավալի է, որ նոր իշխանությունների համար մշակույթը դառնում է այնքան երկրորդական, որ կարելի է կրճատել նախարարությունը՝ դարձնելով մեկ այլ կառույցի կցորդ, մյուս կողմից էլ այն մարդիկ, ովքեր այսօր փողոց են դուրս եկել, գործադուլ են հայտարարել, լավ կլիներ, որ հետադարձ հայաց նետեին իրենց կատարած աշխատանքի վրա, տեսնեին ու հասկանային, թե իրենք ի՞նչ են արել մշակույթի համար»,- ասաց նա։

Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ մշակույթը ինչ-որ հանդիսություններ, միջոցառումներ կազմակերպելը չէ, հայկական մշակույթը բոլորովին այլ տեղում է։ Նա ցավով արձանագրեց, որ իրական մշակույթին, որով պետք է սերունդներ գան ու հպարտանան, բոլորովին տեր կանգնող չկա։ Գրականագետը նաև սխալ մոտեցում է համարում այն, որ կառավարությունն առանց մարդկանց հետ քննարկելու, առանց հարցը բամզակողմանի դիտարկելու, միանձնյա որոշում է կայացնում։

«Մյուս կողմից էլ միտումը շատ լավ հասկանում եմ, քանի որ գլխացավանք էր դարձել այդ նախարարությունը բոլորի գլխին, քանի որ ամեն անգամ, երբ որևէ խնդիր անմիջապես առնչվում էր նրա հետ, այդ նախարարությունը հանդես էր գալիս ինչ-որ արտառոց նախաձեռնություններով, ծրագրերով, իսկ մարդիկ էլ վրդովվում էին, ձայն էին բարձրացնում»,- ընդգծեց Չարխչյանը։

Պատասխանելով հարցին, թե ստացվում է՝ կառավարությունը խնդիրներին լուծում տալու փոխարեն գնում է ծայահեղ ճանապարհով, ինչ է որևէ մեկը չկա, որը կարող է այդ ոլորտն արժանավույնս կառավարել, նշեց, թե կրկին գնում ենք անձնավորման ճանապարհով, երբ ասում ենք, որ ոլորտի «գլխին» նոր մարդ բերելը հարցը կլուծի։

«Մեզ թվում է, որ եթե հիմա մի շատ լավ մարդու բերեն նախարար, ապա աշխարհն անմիջապես կփոխվի։ Այդպես չէ, հավատացեք՝ ամենալավ մշակութային գործիչն էլ գա էդտեղ ձախողվելու է ու գնա, որովհետև ընդհանուր համակարգն ու մոտեցումները ճիշտ չեն, մշակութային քաղաքականություն ո՛չ մշակվել է, ո՛չ սպասվում է, որ կմշակվի։ Ոչ մեկ չգիտի, թե նախարարության գործառույթը որն է, կամ ինչն է, որ իրենով է պայմանավորված է, բայց մնաց իրենցից դուրս։ Սա անհասկանալի կառույց է, ոչ մեկ այդպես էլ գլուխ չի հանում»,- շարունակեց Հովիկ Չարխչյանը։

Վերջինս գնահատմամբ՝ մշակույթի ոլորտում առաջացած բազմաթիվ խնդիրների լուծումները կան։ Հովիկ Չարխչյանը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե նոր իշխանություն մեջ չկան մշակույթով մտահոգ մարդիկ։ Նա նշեց, թե չի ցանկանա նման խիստ բնորոշում տալ, քանի որ կարծում է, որ մշակութային խնդիրներով մտահոգ մարդիկ կան, սակայն լուծումները չեն պատկերացնում։

«Լինում է չէ՞, որ մարդը մեծ ցանկություններ ունի, բայց պատկերացում չունի, թե այդ ցանկությունները ոնց իրագործի։ Դրա համար եմ ասում, որ պետք է խորհրդակցել մարդկանց հետ, չի կարելի միանգամից որոշումներ կայացնել։ Հայաստանում բազմաթիվ մասնագետներ ու մշակութային գործիչներ կան, կանչեք, զրուցեք այդ մարդկանց հետ։ Ձևական հավաքներ են կազմակերպում ու անունը դնում հանդիպում մշակույթի գործիչների հետ։ Բերում են մի ամբողջ դահլիճ լցնում, բեմի վրա մեկը կանգնում է խոսում, անունը դնում են քննարկում։ Ո՞վ է տեսել այդպիսի քննարկում, դա քննարկում չէ, մամուլի ասուլիս կամ միջոցառում է։ Քննարկման համար մանրակրկիտ մասնագիտական մոտեցումներ են պետք, ամեն ոլորտի համար պետք է հրավիրել այն մարդուն, ով տեղյակ է դրանից, ով անցել է այդ թոհուբոհի միջոցով, չի կարելի վերցնել ու մակերեսային մոտենալ»,-հավելեց Չարխչյանը։

«Մշակութային ոլորտ և՛առաջընթաց խորհրդանշող է, և՛ շատ պահպանողական է»,-ասաց Չարխչյանը՝ հավելելով, որ մշակույթի ոլորտում բազում ավանույթներ ու հնից եկած մեծ ժառանգություն կա։ Ըստ նրա՝ այս ամենը կառավարությունը պետք է հաշվի առնի, ոչ թե միանգամից արմատից անջատից։
ԱՆԻ ՕՀԱՆՅԱՆ
https://www.tert.am

maxresdefault.thumb

Իշխանական թևը կթելադրի, մյուսները կհնազանդվեն

23 Դկտ

«Գրեթե վստահաբար կարող եմ պնդել, որ ոչ մի ընդդիմություն էլ խորհրդարանում չի լինելու` իր դասական դրսեւորման մեջ: Կլինի սոսկ ընդդիմության իմիտացիա, երբ այդ ուժերը մանր, ոչ էական հարցերի շուրջ համաձայնության չեն գա: Սակայն որոշիչ, սկզբունքային խնդիրների առումով իշխանական թեւը կթելադրի, մյուսները կհնազանդվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ներկայիս ներքին քաղաքական պրոցեսներին:
Մեր այն հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական մի ուժ, որը չանցավ խորհրդարան, ինչի համար ինքն ափսոսում է, գրողը պատասխանեց. «Ափսոսանքը քաղաքականության մեջ ընդունելի կատեգորիա չէ: Ավելի շուտ կարելի է ասել` ափսոսում եմ անցնողներին, քան չանցնողներին: Եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք իրենից իսկապես արժեք է ներկայացնում, նրա գործունեության արդյունավետությունը պիտի չպայմանավորվի ԱԺ մտնել-չմտնելով»:
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե մարդ-կուսակցություններն անցան խորհրդարան, եւ հարցին, թե ի՞նչ անել, որ գաղափարը լինի դոմինանտ, պարոն Չարխչյանը նկատեց. «Սա առաջին դեպքը չէ: Մենք արդեն սովորել ենք դրան եւ նաեւ գիտենք, թե հետեւանքներն ինչպիսին են լինում: Իսկ գաղափարախոսության առաջնահերթությունն ապահովելու համար նախ պիտի արմատավորվի դրա կարեւորության գիտակցումը: Սա, ցավոք, չկա: Չկա, քանի որ կա այն համոզմունքը, թե առանց դրա էլ կարելի է յոլա գնալ: Մարդիկ յոլա են գնում, կուսակցությունները յոլա են գնում, երկիրը յոլա է գնում: Եվ ուրեմն գաղափարը կարող է բարեբեր հող ձեռք բերել միայն այն միջավայրում, որտեղ հասարակությունն ավելի բարձր պահանջներ ունի եւ մեծ թռիչներ է երազում»:

Աննա Բաբաջանյան 

https://armlur.am

d5b0d5b8d5bed5abd5af-d5b9d5a1d680d5add5b9d5b5d5a1d5b6-hovik-charkhchyan

Անորոշություն է, որևէ մեկը չգիտի՝ այս ընտրությունից հետո ինչ է լինելու մեր երկրում. Հովիկ Չարխչյան

23 Դկտ

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն է: Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:

Կեսգիշերն անց. Հովիկ Չարխչյան

23 Դկտ

Մշակույթը հեղափոխությունից չի կարող ակնկալիք ունենալ․ Հովիկ Չարխչյան

23 Դկտ

Իրականում Մշակույթի նախարարությանը սպանեցին շատ դանդաղ․ Հովիկ Չարխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

23 Դկտ

Իրականում Մշակույթի նախարարությանը սպանեցին շատ դանդաղ՝ վարկաբեկելով և ոչնչացնելով, հասցնելով այն վիճակին, որ այդ նախարարության վերջին օրերն են, որովհետև այդ նախարարությունը տարիներ շարունակ եղել է քննադատության թիրախում, քանի որ այդպես էլ չհասկացավ, թե որն է իր իրական գործառույթը։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով Մշակույթի նախարարության փակման մասին լուրերին, ասաց գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ շեշտելով, որ այսօրվա իշխանություններն իրենց գլուխն ազատում են այդ մեծ հոգսից։ «Մենք ունենք մի Կառավարություն, որի համար Մշակույթի նախարարություն չկա այլևս, սրան զուգահեռ ունենք մի հասարակություն, որի համար մշակույթը շարունակում է մնալ առաջնային, բայց այս իշխանությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում մշակութային քաղաքականություն, ինչն էլ բերեց նման դժբախտ իրավիճակի»,- ասաց գրականագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

© factor.am

ՆԵՂԱՑԱԾ ԳՆԱՑ

21 Նյմ

— Մեղր կուզե՞ս:
— Չէ, շնորհակալ եմ, ունենք:
— Ձերը որտեղի՞ մեղրն է:
— Քո համար ի՞նչ տարբերություն:
— Իմը Գորիսից է:
— Շատ ուրախ եմ:
— Բա հիմա ի՞նչ ենք անելու:
— Ի՞նչը:
— Գորիսից բերել հասցրել եմ էստեղ…
— Մյուս գալուց նախապես զանգ տուր, կգամ ավտոկայան, կդիմավորեմ:
— Է, լավ չես անում, Գորիսից բերել հասցրել էի…
Ու գնաց:
Լավ բան չստացվեց: Նեղացրեցի խեղճ մարդուն:

6tbGRQi_fkRfzu_H8gDyXfGpSL6

ՆՈՒԲԱՐԸ

6 Հկտ

Նուբար, այսինքն տարվա առաջին պտուղը, բերքի առաջին համտեսումը:
Տատս գոգնոցի մեջ լցնում էր հենց նոր քաղած բալը, ծիրանը կամ խաղողը, բերում էր մեզ ու ասում էր. «Կերեք, նուբար է»: Եվ մենք ճաշակում էին դրանք վերին երկյուղածությամբ, մի թանկ ու անկրկնելի բանի հետ հարաբերվելու բացառիկ հրճվանքով, որտեղ համը կարևոր չէր, այն կգար հետո, երբ նուբարը կդադարեր նուբար լինել, բայց հիմա մեզ վերապահված էր սկզբինը լինելու պատիվը, իսկ դա սովորական մրգին կախարդանք էր տալիս` երկնքից ընկնող երեք խնձորների նման, և մեր քիմքին հպվող պտղի ջերմությունը մեր մանկությունը պիտի դարձներ մի պուճուր ավելի ուրախ, մի քիչ ավելի երջանիկ:
Առաջին պտղի համը` առաջին սիրո գայթակղության նման: Առաջին մրգահյութը` սակավ, բայց ցանկահարույց: Առաջին շիկնած երախայրիքը` այսինքն հասունը, որ հատել էր կիսահասի սահմանը ու բերվել էր մեզ` փոքրերիս, ասել կուզի` կարևորը տրվել էր կարևորներին և այդ կարևորված լինելու մտքից աշխարհը մրգահամ էր, արևահամ էր ու տատի մատների պես փափուկ-փափուկ…
Նուբար էինք ուտում…

Հովիկ Չարխչյան35329168_393800724474422_589513905240276992_n

ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

6 Հկտ

Հեղափոխությունն անշրջելի է, դա արդեն իրողություն է: Ով այսօր փորձում է պայքարել դրա դեմ, արյուն պղտորելով է զբաղված: Սակայն այս պահից ի վեր հեղափոխության կարևոր խնդիրն է դառնալու նրա որակական հատկանիշը: Հեղափոխության նկարագիրը կպայմանավորի նրա հանդեպ մարդկանց վերաբերմունքի ամրության աստիճանը: Ու եթե դա չիրագործվի լավագույնս, ապա ձեռքբերումների արժեզրկումն անխուսափելի է: Աշխարհի ամենավեհ կոչերն ու ամենաազդու հռետորաբանությունը չեն օգնի, ամեն ինչ մի վայրկյանում աղբ կդառնան:
Միշտ չէ, որ հաղթել` նշանակում է ինչ-որ մեկի պարտությունը: Պարտվածների հաշվին ձեռք բերված հաղթանակը հաղթանակի կեսն է, իսկ մյուս կեսը ուժի գերիշխանությունն է թուլության նկատմամբ: Հենց այս գայթակղությունն է, որից պիտի խուսափել ամեն գնով, որովհետև եթե երկիրը դառնում է միայն հաղթողների երկիր, ապա ովքե՞ր են մյուսները և ո՞րն է նրանց պարտված երկիրը:
Կա սիրո, հավատի, վստահության ահռելի պաշար: Այդ հսկա կուտակման ամեն հատիկի համար գլխով պիտի պատասխանատու լինենք: Իսկ հաղթանակը ավարտուն, ամբողջական և վերջնական դարձնելու համար ընդամենը մեկ բան է պետք` տարբերակել արժեքավորն անարժեքից, պետքականը անպետքից, մնայունը անցողիկից: Կկարողանանք` փառք ու պատիվ մեր բռնած գործին: Չենք կարողանա` ամոթ մեզ:

42687665_1090313667800231_2375673138722635776_o

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՀԱՐԱՆԸ

6 Հկտ

Մարդը երկու գրապահարան է ունենում` մեկն իր ունեցած, մեկն էլ իր չունեցած գրքերի պահարանը: Ունեցածն արդեն իրենն է, աչքի առաջ, շոշափելի, ընթեռնելի: Բայց չունեցածն էլ է իրենը, որովհետև այն պահից, երբ նա ցանկացավ, նրա մտապատկերներում այդ գրքերն արդեն դարակների մեջ տեղ ունեին, դրանց բույրն արդեն կար սենյակում և մնում էր միայն, որ սպասումներն արդարանան:
Եթե ձեր երազանքներում չկա երկրորդը, առաջին պահարանը միշտ թերի է լինելու:

1_kIKU-jrRPi1PMXOosFOmag

ԿՐԿԵՍԻ ԹՄԲԿԱՀԱՐԸ

6 Հկտ

Լավ երեխա լինեի` կրկես գնալիս բոլոր երեխաների նման ապշած աչքերով կնայեի խելացի կենդանիներին, աղմկոտ ծաղրածուներին, հնարամիտ ակրոբատներին: Բայց ես նայում էի վերին օթյակին, այնտեղ, որտեղ նվագախումբն էր: Ավելի ճիշտ, ես ամբողջ ընթացքում նայում էի այդ նվագախմբի թմբկահարին: Երբ լարախաղացը պատրաստվում էր վտանգավոր ցատկ կատարել, թմբկահարն իր փայտիկներով սկսում էր արագ հարվածել և մեր սպասման տագնապը կրկնապատկվում էր: Երբ ծաղրածուն պիտի գլուխկոնծի տար, թմբկահարն ուժգին հարվածում էր ծնծղաներին և ծաղրածուի անհաջող անկումը դառնում էր ավելի զավեշտալի: Երբ հսկա փիղը կանգնում էր երկու ոտքերի վրա ու կնճիթը պարզում էր վեր, թմբկահարը հաղթական քայլերգ էր հնչեցնում և մեր զարմանքը լցվում էր հիացմունքով:
Ես սիրում էի թմբկահարին, քանի որ նա կրկեսի աշխարհը ներկում էր ամենակարևոր գույնով:

Հովիկ Չարխչյան29102011024

ՀՈՒՍԱՀԱՏ ԱՊՈԼԼՈՆԸ

10 Սպտ

Այգու ծառերի մեջ կանգնած բրոնզագույն Ապոլլոնի ներտերն այլևս ոչ մեկին չեն խոցում: Զգացմունքները խուսափում են ցավագին շփումներից, նրանք նախընտրում են լինել հեշտ, փոփոխական ու անկայուն: Սիրել, բայց առանց պարտքի գիտակցումի, նվիրվել, բայց վերապահումով, խոստանալ, սակայն չերդվել: Եվ ծառերի կատարներից վեր ու սաղարթներից ներքև թեթև ու թեթևամիտ սիրո երամները վետվետում են խղճի հանգստությամբ, քանի դեռ ծանր է Ապոլլոնի կապարճը և ոչ մի նետ այնտեղից այլևս դուրս չի գալու:

Հովիկ Չարխչյան

40145408_1892248980810425_784869517741260800_o

Չարխչյան. «Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

10 Սպտ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, որը Հայաստանում իրականացված փոփոխությունների ջատագովն է, Sputnik Արմենիայի եթերում խոսում է ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուների մասին։

Ինչպես ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի` Հովիկ Չարխչյանն էլ մեկ ձայնի իրավունք ունի և ընտրելու է լավագույններից մեկին։
«Ես ինքս լինելով Հայաստանում ընթացող փոփոխությունների ջատագով` մեծ ցանկություն ունեի տեսնել, որ իմ նախընտրած քաղաքական ուժը կներկայանա արժանի թեկնածուով։ Այսինքն, եթե մեր երկրում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի վատ երկիրը վերածենք լավ երկրի, մենք պետք է մտածենք նաև մայրաքաղաքի մասին։ Բայց այն թեկնածուները, որոնց այսօր ներկայացնում է այդ քաղաքական ուժը, բոլորովին իմ սրտով չէ»,- ասում է նա։
Չարխչյանի խոսքով` լինել հեղափոխության ջատագով, չի նշանակում ֆանատիզմով վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է։ Հեղափոխական ուժերին ընդունելը չի նշանակում, որ հեղափոխական ուժերն անսխալական են։
«Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք սխալների ականատես դարձանք, դրանք արձանագրեցինք սրտացավությամբ, և շատ տեղին է հնչեցնել հայտնի արտահայտությունը. «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Այս նույն իմաստով` Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ու ես պիտի ասեմ, որ նրա ընտրությունն այնքան էլ հաջող չէ, եթե չասեմ` շատ մեծ սխալ է»,- ասում է նա։
Չարխչյանը նշում է, որ խոսքը Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագրի»` ավագանու ընտրություններին ներկայացրած մի քանի թեկնածուների մասին է, որոնք, նրա խոսքով, կարծես թե պետք է բոլորովին մասնակից չլինեին քաղաքի կառավարման գործընթացներին։

Read more: https://armeniasputnik.am/radio/20180829/14142654/armenia-hovik-charxchyan-nikol-pashinyan-hayk-marutyan.html

3333333

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

10 Սպտ

Այն ո՞վ է ասել, թե պետք չէ կրկին գնալ այնտեղ, որտեղ երջանիկ ես եղել: Ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է գնալը: Երջանկությունը ոչ միակն է, ոչ էլ վերջինը, և եթե նույնիսկ նրան տեղում չգտնես, կգտնես ուրիշ մի բան, նույնքան կարևոր ու ոչ պակաս ցանկալի՝ քեզ կգտնես սպասման դռների մոտ կանգնած կամ կգտնես քո փափագը՝ պատուհանիս դուրս նայելիս:
Իմ սենյակը հիմա ձայների կողոպտված, սնամեջ խեցու է նման: Դրանք` այդ ձայները եղել են, բայց արդեն չկան: Պատուհանից բացվող աշխարհի լույսը մի պատմություն գիտի ու ամենքին պատմում է դրա մասին: Միջավայրի դիմադրությունը բացակայում է, և նյութի անհանգիստ շարժումը դատարկ սենյակում ինձ արդեն հասցրել է ասել.
— Ամեն բան լավ է լինելու:

40080783_1895603983808258_7157993655154769920_o

30 ՏԱՐՎԱ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

10 Սպտ

Ասածս անհավատալի կթվա, բայց արդեն երեսուն տարի ես օգտագործում եմ միայն մեկ և անփոխարինելի մոխրաման: Այս փայտե անշուք փորվածքով, ժամանակի ընթացքում ճաքեր ու քերծվածքներ ստացած մոխրամանն ինձ «ժառանգություն» մնաց «Գարուն» ամսագրում աշխատած տարիներից: Մնաց ու այլևս երբեք չլքեց: Այդ ընթացքում ես տասնյակ ու տասնյակ գեղեցիկ, շքեղ, թանկարժեք մոխրամաններ եմ ստացել, բայց դրանք այդպես էլ չարժանացան այն սիրուն, որ բաժին հասավ իմ փայտաշեն ծերուկին: Մեր անդավաճան կապը բացատրություն չունի և գուցե թե հենց դրա մեջ է թաքնված գաղտնիքը, որովհետև բացատրելին միշտ էլ զրկվում է իր առեղծվածային հմայքից, իսկ մենք միասին ենք` ինքներս էլ չիմանալով, թե ինչու:
Չի կարող լինել այնպիսի թվաբանություն, որն ինձ կասի, թե քանի գլանակ ու քնթուկ եմ մարել մոխրամանիս մեջ, որքան մոխիր ու ծուխ է տեսել բազմաչարչար փայտը, ինչպես որ անհնար է հաշվել, թե ինչքան ապրումներ, հոգեվիճակ, տրամադրություններ են կուտակվել նրա շուրջբոլորը` իմ քմահաճ հարկադրանքով և իր լռակյաց հանդուրժողականությամբ:
Իրերի հանդեպ երբեք առանձնակի թուլությամբ չեմ առանձնացել, թեև մեծ մեղք չեմ համարում նման հակվածությունը: Բայց այս մոխրամանը 30 տարի ինձ հավատարմության դաս է տվել և վարձահատույց չլինելը նվազագույնը ստորություն է: Այնպես որ մենք դեռ կշարունակնք լինել միասին արևածագից մինչև մայրամուտ, կեսգիշերից մինչև միջօրե:

IMG_20180910_012040

Պատկեր

Ուզու՞մ եք իմանալ

10 Սպտ

41283161_1080141675484097_3409769219124887552_o

Մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան. Հովիկ Չարխչյան

30 Հլս

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը։

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում պետություն-մշակույթ հարաբերությունների մասին, խնդիր է առաջանում: Պետությունն ուզում է մշակույթին ծառայեցնել իր նպատակներին, մշակույթը չի ուզում ծառայեցվել, այլ ուզում է պետությանն օգտագործել իր համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Եվ այս տեսանկյունից մոտենալով խնդրին՝ պետք է նշենք, որ պետք է այս մշակույթ-պետություն հարաբերությունները հասցնել նվազագույնի. երկուսն էլ շահած դուրս կգան:
Մենք պետականության կորուստ ունեցել ենք, բայց մշակույթի կորուստ չենք ունեցել: Մենք մշակույթ ունեցել ենք՝ անկախ նրանից, կար պետականություն, թե՝ չէ: Ընդհանրացնեմ. մշակույթ կա պետության ցանկությունից և գիտակցությունից անկախ: Մի՞թե մարդը պիտի մտածի՝ պետությունը լավ աչքով նայի, ստեղծագործեմ. մեծագույն մոլորություն է: Եթե մարդը տաղանդ չունի, տասներկու պետություն թիկունքին կանգնեցնենք, ոչ մի լավ բան չի ստեղծվի: Մյուս կողմից, պիտի չմոռանանք, որ մշակութային գործիչը ռոբինզոն չի, նա անկախ իրենից հարաբերվելու է թե պետության հետ, թե հանրության հետ: Եվ այս առումով՝ ցանկացած արվեստագետ՝ որպես քաղաքացի պիտի մտածի, որ ինքը պարտավոր է գործի դնել իր բոլոր հնարավորությունները, կարողությունները՝ նպաստելու պետության զարգացմանը: Այսինքն, այս հարաբերության մեջ արվեստագետն ավելի շատ բան ունի պետությանը տալու, քան պետությունը՝ արվեստագետին: Հատկապես, երբ մենք ապրում ենք մի ժամանակում, երբ հանրային կապ ապահովելու միջոցների մեջ ընտրությունը շատ մեծ է: Ներողություն արտահայտությանս համար, այսօրվա ամեն ֆեյսբուքի օգտատեր ավելի մեծ լսարան ունի, քան Քրիստոսը ժամանակին ունեցել է: Եթե դու ասելիք ունես, դու շատ հեշտ կարող ես դա անել. պետք չէ մահանա գտնել, թե ես այսպիսի լավ բան ուզում էի անել, իմ դեմ դռները փակեցին: Ցանկացած գրող տպագրվում է, ցանկացած երգիչ ունի իր լսարանը, ցանկացած բեմադիչ կարողանում է ներկայացնել՝ թե մտքում ինչ կա: Վստահեցնում եմ ձեզ, համենայն դեպս, անցած բոլոր տարիները դա են ապացուցում, որևէ լավ բան գետնին չի մնում:
Մշակութային ճգնաժամի պատճառը պետությունը չէ. վերջին երեսուն տարիներին ստեղծված պոեզիայի մեծ մասն աղբ է. այդպես ստացվեց. հասարակությունը չուզեց կարդալ, իմանալ: Մեր ընթերցողը չի ուզում կարդալ հայ հեղինակին: Գրողներ կան, որ տարվա մեջ յոթ գիրք են վաճառել. նույնիսկ իր հարազատները չեն ուզել կարդալ իր գիրքը, էլ ուր մնաց թե դրսում թարգմանվելու, այնտեղ մատուցվելու մասին խոսվեր: Այսինքն, նախ մենք պիտի լավ արտադրանք տանք, հետո պահանջենք, որ այն հասանելի դառնա լայն հանրությանը:
Ամփոփելով՝ հիշեցնեմ՝ փորձը ցույց է տալիս, որ մշակութային գործիչն ինչքան հեռու մնա պետությունից, այնքան շահած է դուրս գալիս:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»
«Երևակ» լրատվական-վերլուծական խումբ

36978747_1024148994416699_8332453540282761216_o

ԿՐԱԿ ԵՎ ՋՈՒՐ

29 Հլս

Գիշերային լճի հմայքների մասին դուք ասեք: Ես կպատմեմ լճի ափին վառվող կրակի մասին: Փոքրիկ կրակ, որ չի հավակնում մեծ խարույկ դառնալ ու դեռ չգիտի, որ ջուրն ու կրակը ներհակ են: Եվ քանի որ չգիտի, կրակի կարմիրը բեկբեկվում է ջրերում, կրակն արտացոլվում է լճի անտարբեր հանդարտության վրա: Կրակն ուզում է ջրերի հետ լինել:
Բայց լիճը չի արտացոլվում խարույկի մեջ: Ոչ էլ նրա ջերմությունն է առնում: Ոչ էլ մոխիրների մեջ է լինելու: Որովհետև պատահում է նաև այդպես` սերը չի փոխադարձվում, ձգտումներն անկատար են մնում և ծփանքը գեղեցիկ է լինելու իր միայնության մեջ:

Հ. Չ.2114

Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ

12 Հլս

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախօրեին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը:
«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել էր նախարարը:
Լիլիթ Մակունցի այս հայտարարությունը միանշանակ չընդունվեց։
Panorama.am-ը գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանից հետաքրքրվեց, թե Ձեր կարծիքով, արդյո՞ք նման ցուցասրահ ունենալու անհրաժեշտություն կա Պատմության թանգարանում, այն դեպքում, երբ մշտապես ասում են, որ թանգարանը տարածքի խնդիր ունի, թանգարանի ցուցանմուշների քիչ տոկոսն է ցուցադրվում, նա ասաց. «Բնության մեջ գոյություն ունի դեպքերի հաջորդականություն: Նախ պետք է պատմություն կերտել, հետո միայն դառնալ պատմության թանգարանում ցուցադրման կարևորության երևույթ: Տվյալ դեպքում նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում` անկախ այն բանից, թանգարանում տարածքը բավարար է, թե ոչ»:
Հարցին, թե արդյո՞ք այդպես անձի պաշտամունքին չենք «վերադառնում», քանի որ թավշյա հեղափոխությունը կապվում է մասնավորապես մեկ անձի հետ, նա պատասխանեց. «Չեմ կիսում ձեր կարծիքը, թե «թավշյա հեղափոխությունը» մեկ անձի հետ է կապված: Յուրաքանչյուր շարժում ունենում է առաջնորդ, սա ևս բացառություն չէր: Այլ խնդիր է, թե ոմանք ինչպես են ընկալում անհատի դերը քաղաքական խոշոր իրադարձություններում: Բնական է, որ կլինեն գերագնահատողներ, ինչպես որ կլինեն նաև թերագնահատողներ: Սակայն ժամանակն ամեն բան իր տեղը կդնի: Ընդամենը պետք է մի փոքր սպասել»:
Ձեր կարծիքով ի՞նչ նմուշներ են հնարավոր ցուցադրել հարցին ի պատասխան Հ. Չարխչյանն ասաց. «Ես նույնիսկ չեմ էլ փորձի մտածել ցուցադրվելիք նմուշների մասին, որովհետև, ինչպես արդեն ասացի, նման ցուցադրության կազմակերպումը համարում եմ վաղաժամ և ինչ-որ առումով նաև թեթևամիտ արարք: Կգա օրը ու ժողովուրդն ինքը կորոշի` հեղափոխությունը արժանի՞ է իր պատմության լուսավոր էջ համարել, թե՞ ոչ: Իսկ հիմա դեռ պետք է իրագործել այդ հեղափոխությունը ժամանակային ու որակական իմաստներով: Դափնիները բաժանում են վերջում: Թանգարաններում պահում են անցյալը, ոչ թե գալիքը»:

https://www.panorama.am/am/news/2018/07/11/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80/1976875

1in

ԿԱՆԳՆԵԼՈՒ ՏԵՂԸ

12 Հլս

Ցույցերի օրերին հրապարակում մի խումբ երիտասարդներ մոտեցան ինձ և նրանցից առավել համարձակն ասաց.
— Հոպար ջան, որ խնդրենք, մի քիչ այն կողմի վրա կկանգնե՞ք: Ուղղակի սա մեր մշտական տեղն է:
Ցույցի մշտական տեղ ունենալը որքան էլ զարմանալի, բայց հարգանքի արժանի բան է: Բնականաբար, տեղը զիջեցի: Հիմա էլ դրա պես մի ուրիշ բան եմ նկատում: Ոնց որ անընդհատ մի խումբ մարդիկ գան ու ասեն` հոպար ջան, պիտի էլի քո տեղը փոխես, էս նոր ժամանակներում սա մեր մշտական տեղն է դառնալու, գնացեք, ուրիշ կանգնելու տեղ գտեք ձեզ համար:

Հ. Չ.2

%d bloggers like this: