Պահոց | ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ RSS feed for this section

ՀՈՒՍԱՀԱՏ ԱՊՈԼԼՈՆԸ

10 Սպտ

Այգու ծառերի մեջ կանգնած բրոնզագույն Ապոլլոնի ներտերն այլևս ոչ մեկին չեն խոցում: Զգացմունքները խուսափում են ցավագին շփումներից, նրանք նախընտրում են լինել հեշտ, փոփոխական ու անկայուն: Սիրել, բայց առանց պարտքի գիտակցումի, նվիրվել, բայց վերապահումով, խոստանալ, սակայն չերդվել: Եվ ծառերի կատարներից վեր ու սաղարթներից ներքև թեթև ու թեթևամիտ սիրո երամները վետվետում են խղճի հանգստությամբ, քանի դեռ ծանր է Ապոլլոնի կապարճը և ոչ մի նետ այնտեղից այլևս դուրս չի գալու:

Հովիկ Չարխչյան

40145408_1892248980810425_784869517741260800_o

ԽՐՃԻԹԻ ՊԱՏԻՆ

10 Սպտ

«Անցորդի գիշերային երգը» բանաստեղծությունը Գյոթեն գրել է անտառապահի խրճիթի պատին: Այդ խրճիթը գտնվում էր Կիկելխանյան լեռան ստորոտին, և Գյոթեն մատիտով պատին է հանձնել իր տողերը: Դա 1780-ի աշնանն էր: Կես դար անց, իսկ ավելի ճիշտ` 1831 թվականին բանաստեղծը նորից է այցելել այդ խրճիթը և ընթերցել է իր սեփական գրվածքը.
Թռչուները լռել են անտառում,
Սպասիր մի փոքր, շուտով
Կհանգստանաս դու ևս…

image

30 ՏԱՐՎԱ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

10 Սպտ

Ասածս անհավատալի կթվա, բայց արդեն երեսուն տարի ես օգտագործում եմ միայն մեկ և անփոխարինելի մոխրաման: Այս փայտե անշուք փորվածքով, ժամանակի ընթացքում ճաքեր ու քերծվածքներ ստացած մոխրամանն ինձ «ժառանգություն» մնաց «Գարուն» ամսագրում աշխատած տարիներից: Մնաց ու այլևս երբեք չլքեց: Այդ ընթացքում ես տասնյակ ու տասնյակ գեղեցիկ, շքեղ, թանկարժեք մոխրամաններ եմ ստացել, բայց դրանք այդպես էլ չարժանացան այն սիրուն, որ բաժին հասավ իմ փայտաշեն ծերուկին: Մեր անդավաճան կապը բացատրություն չունի և գուցե թե հենց դրա մեջ է թաքնված գաղտնիքը, որովհետև բացատրելին միշտ էլ զրկվում է իր առեղծվածային հմայքից, իսկ մենք միասին ենք` ինքներս էլ չիմանալով, թե ինչու:
Չի կարող լինել այնպիսի թվաբանություն, որն ինձ կասի, թե քանի գլանակ ու քնթուկ եմ մարել մոխրամանիս մեջ, որքան մոխիր ու ծուխ է տեսել բազմաչարչար փայտը, ինչպես որ անհնար է հաշվել, թե ինչքան ապրումներ, հոգեվիճակ, տրամադրություններ են կուտակվել նրա շուրջբոլորը` իմ քմահաճ հարկադրանքով և իր լռակյաց հանդուրժողականությամբ:
Իրերի հանդեպ երբեք առանձնակի թուլությամբ չեմ առանձնացել, թեև մեծ մեղք չեմ համարում նման հակվածությունը: Բայց այս մոխրամանը 30 տարի ինձ հավատարմության դաս է տվել և վարձահատույց չլինելը նվազագույնը ստորություն է: Այնպես որ մենք դեռ կշարունակնք լինել միասին արևածագից մինչև մայրամուտ, կեսգիշերից մինչև միջօրե:

IMG_20180910_012040

Մի սիրո պատմություն․ Եղիշե Չարենց

10 Սպտ

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ՍՏԵՂԾՈՂԸ

24 Օգս

Աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել ստեղծել «ժամանակի մեքենա», բայց կա մարդ, ով մրցանակ է ստացել նման մեքենա ստեղծելու համար: Նրա անունն է Վյաչեսլավ Պոչեչուև: Երբ «Մոսֆիլմում» նկարահանվում էր «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարը, ռեժիսոր Գայդայը սկզբնապես դիմեց նախագծային բյուրոյին, սակայն սրանց ներկայացրած մեքենան չափազանց բարդ էր, իսկ ֆիլմի հերոս Շուրիկը միայնակ և բնակարանային պայմաններում նման բան պատրաստել չէր կարող: Այդ պատճառով ռեժիսորն իր մոտ հրավիրեց քանդակագործ Պուչեչուևին, որն էլ իրագործեց նրա ցանկությունը:
Կինոնկարն էկրան բարձրացավ: Հեղինակների հետ մեկտեղ մրցանակի արժանացավ նաև քանդակագործը: «Մոսֆիլմը» նրան դրամական պարգևի արժանացրեց, որին կից վկայականում գրված էր. «Ժամանակի մեքենա ստեղծելու համար»:

PDVD_28

ՄԵԿ ՄԵԾ ԵՎ ՅՈԹ ՓՈՔՐ

10 Օգս

1937 թվականին Ուոլթ Դիսնեյին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի համար արժանացրեցին «Օսկար» մրցանակի: Արարողության ժամանակ նրան հանձնեցին «Օսկարի» մեկ մեծ և 7 փոքր արձանիկներ:

1739183DM003_oscar

ՄԱՀԱԲԵՐ ՕՐԵՆՔԸ

30 Հլս

Մի անգամ Սիամի թագավոր Ռամա 5-րդի 19-ամյա դուստրն իր երեխայի հետ լողում էր նավակով: Հանկարծ նավակը շրջվեց և նրանք սկսեցին խեղդվել: Շրջապատում բազմաթիվ ականատեսներ կային, բայց նրանցից և ոչ մեկը չնետվեց օգնության: Արքայադուստրն ու փոքրիկը զոհվեցին: Իսկ մեղավորը օրենքն էր, որը մահվան սպառնալիքով սովորական մահկանացուին արգելում էր դիպչել թագավորական ընտանիքի անդամներին:

6ffd4ba86e27ce05cfcb54495fc5aa59__980x

ՌՈՒՄԲՆ ԷԼ ՉԽԱՆԳԱՐԵՑ

29 Հլս

Հեռավոր Արևելքի ժողովուրդների մոտ լայն տարածում ունի գո սեղանի խաղը: Սև և սպիտակ քարերով այս խաղի մասնակիցներից յուրաքանչյուրի նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն է: Եվ ահա 1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում ընթանում էր գո խաղի բաց առաջնությունն ամենապատվավոր մրցանակի համար: Այդ պահին ամերիկացիները քաղաքի վրա նետեցին ատոմային ռումբը: Պայթյունի ալիքը փշրեց դահլիճի ապակիները, խաղասեղանները շրջվեցին, քարերը թափվեցին գետին, սակայն մասնակիցները տախտակների վրա կրկին վերականգնեցին նախկին պատկերը և մրցամարտը հասցրեցին իր ավարտին:Go_board

ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

29 Հլս

Միակ վայրը Մեծ Բրիտանիայում, որտեղ թագուհին կամ թագավորը մուտք չունեն, Համայնքների պալատն է: Այս ավանդույթն օրենքի ուժ ստացավ այն բանից հետո, երբ 1642 թվականին Կարլոս Առաջին թագավորը փորձեց ձերբակալել խորհրդարանի ստորին պալատի հինգ անդամներին հակամիապետական հայացքների համար:

fs1600x1200px-House_of_Commons_of_the_United_Kingdom_3

ՀԻՎԱՆԴ ԵՄ

29 Հլս

Ես աշխարհի ամենալավ հիվանդությունն ունեմ: Ես հիվանդ եմ նրանով: Ես նստում, խոսում եմ նրա հետ, թեև գիտեմ, որ շատ բաներ դեռ չի հասկանում ու չի պատասխանելու: Բայց նա ինձ ստիպում է լինել իր նման և ես ուզում եմ լինել իր նման: Մենք միասին ճամփա ենք գնում, հատակին նստած փշրում ենք հերթական խաղալիքը, վազում ենք մորեխի ետևից, թաթախվում ենք ջրերի մեջ, միասին երգեր ենք լսում մի ուրիշ մոլորակի վրա, ուրիշ մի մոլորակի վրա միասին ծիծաղում ենք` ես իր ծիծաղի վրա, նա` իմ երեխայության: Ու իրենով հիվանդս սկսում եմ խղճալ բոլոր առողջներին, որովհետև այդ առողջությունը նրանց չի տալու այն, ինչ լիուլի ստանում են ինձ նման հիվանդները: Որովհետև կա մի սահմանագիծ, որից այն կողմ դուք էլ մի օր գտնելու եք ամենաթանկը: Որովհետև ապրելու իմաստը ոչ թե ծավալային, տարածական ու քանակային մեծության մեջ է, այլ խտացման: Եթե նույնիսկ դա խտացված է մի հատիկ հայացքի մեջ: Ես դա արդեն գտել եմ: Նույնը ձեզ եմ մաղթում:

Հովիկ Չարխչյան37646077_1835120506523273_5703171692356960256_n

ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐԸ ՉԿԱՐ

12 Հլս

Տարիներ առաջ մի կարևոր համաժողով պիտի կայանար Երևանում: Մասնակցելու էին երկրի ամբողջ վերնախավը, հարյուրավոր երևելի հյուրեր, օտարերկրյա պատվիրակություններ: Եվ ահա այդ համաժողովի նախօրեին ինձ զանգահարեց մի բարձրաստիճան պաշտոնյա ու ասաց.
— Ուզում եմ մի անձնական խնդրանքով քեզ դիմել: Համաժողովին հրավիրված է նաև գրող Աղասի Այվազյանը: Եթե դժվար չէ, խնդրում եմ, որ անընդհատ հետը լինես, անես այնպես, որ իրեն լավ զգա: Նրանից ավելի կարևոր մարդ դահլիճում չի լինելու……
Պատմության ամբողջության համար ասեմ, որ Այվազյանը չեկավ: Բայց ես արդեն նրա փոխարեն լավ էի զգում:

Հովիկ Չարխչյանagasi_ayvazyan

ՅՈՀԱՆ ՀԱՅԶԻՆԳԱ

12 Հլս

Գահից զրկված արքաները տարիներով դեգերում են մի միապետից մյուսի մոտ` տնօրինելով, որպես կանոն, բավականին համեստ միջոցներ և դրանով հանդերձ կազմելով վիթխարի ծրագրեր: Եվ նրանք բոլորն էլ պահպանում են խորհրդավոր փայլը Արևելքի երկրների, որտեղից նրանց վտարել են` Հայաստանի, Կիպրոսի, իսկ շուտով արդեն նաև Կոստանդնուպոլսի: Սրանք կերպարներ են, որոնք ամենքին ծանոթ են Ֆորտունայի անիվը պատկերող նկարից, որի վրայից սրընթաց ներքև են թռչում` իրենց գայիսոնների ու թագերի հետ:

«Միջնադարի աշունը» գրքից

колесо-фортуны-2

Մի ոչնչացրեք այն, ինչը այլևս չի վերականգնվի

16 Հնս

1998-99-ին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի և Վազգեն Սարգսյանի կապը ստեղծվել է գրքի միջոցով:

— Առաջին՝ «Հացի փորձությունը» գիրքը լույս տեսնելուց հետո մորս միջոցով անձնապես ծանոթացա իր հետ: Այնպես ստացվեց, որ Վազգենի գրքի հանրային առաջին քննարկումը ես եմ կազմակերպել Վեդու շրջանային գրադարանում: Վազգենի արձակի մասին խոսելիս՝ իմ կարծիքը միշտ պիտի սուբյեկտիվ լինի` այդ շրջանում իր գրեթե բոլոր գործերի ստեղծման պրոցեսը տեսել եմ: Մենք (մի խումբ գրողներ, գրասերներ՝ Սոնա Մկրտչյան, Կարինե Աշուղյան, Աշոտ Ստեփանյան և ուրիշներ) հավաքվում էինք իրենց տան ներքեւի հայտնի նկուղում, ինքը ձեռագիրը ընթերցում էր, միասին քննարկում էինք: Նույնիսկ շատ գործեր կան, որոնց նախատիպերին գիտեմ, դրա համար եմ ասում, որ ընթերցելիս մի քիչ ուրիշ աչքով եմ նայում այդ գործերին, քան սովորական ընթերցողը կկարողանար ընկալել:
Գիտեմ նաեւ իր գրական նախասիրությունները: Հատկապես 80-ականների վերջին, 90-ականների սկզբին Վազգենը շատ տպավորված էր ռուսական արձակով՝ Շուկշին, Բիկով, Աբրամով… Ազդեցություն չասեմ, բայց այն, ինչ նրանցից վերցրել է, լավագույնն իր գործերի մեջ տեսնում եմ: Մյուս կողմից էլ Վազգենին պետք է դիտարկել 80-ականների գրական դաշտի համատեքստում: Մի հետաքրքիր գրական հոսանք էր պատրաստվում ձեւավորվել, որը, ցավոք, այդպես էլ չձեւավորվեց հայտնի իրադարձությունների պատճառով: Երկիրը փոխվեց, փոխվեցին նաեւ տրամադրությունները:
Մարդասիրությունը՝ ազգային նկարագրով. այդ շրջանի արձակագիրները հիմնական շեշտադրումներն այդպես էին անում, նրանք կարող էին փոքրիկ դրվագների ասպեկտով համամարդկային կարեւորագույն խնդիրներ բարձրացնել: Վազգենի նույնիսկ այն փոքրածավալ գործերում, որ պատմվածք ենք անվանում (ես ժանրային իմաստով դրանք ավելի շատ նովելներ կդիտարկեի՝ դեպքերի արագ ընթացքի ու անսպասելի վերջաբանի իմաստով) այդ շեշտադրումները անխտիր կտեսնեք:
Այդ տարիներին շրջանում մի թերթ էի խմբագրում, խնդրեցի պատմվածք գրել, մի գիշերում գրեց, ուղարկեց, տպագրեցինք: Փոքրիկ հումորային ստեղծագործություն էր միջին չինովնիկի մասին, որի նախատիպն էլ գիտեինք: Նույնիսկ այդ զավեշտալի պատմության, քննադատող շեշտադրումների մեջ նա պահպանել էր հերոսի մարդկային արժանապատվության խնդիրը՝ քննադատել, բայց չոչնչացնել մարդուն: Ինչպես որ նյարդային բջիջները անհնար է վերականգնել, այդպես էլ գրականության մեջ կան բջիջներ, որոնք եթե ոչնչացրիր, այլեւս ոչ մի գնով վերականգնել չի լինի: Վազգենի ամբողջ գրականությունը դրա կոչն էր. մի ոչնչացրեք այն, ինչը այլեւս չի վերականգնվի:
Հետագայում Վազգենի մոտ հրապարակախոսական շեշտադրումը արձակի մեջ ավելի գերակշռող եղավ, ինչպես օրինակ «Հավերժական շարժիչ» ստեղծագործության մեջ, որտեղ հրապարակախոսությունը միաձուլվել է գրականության հետ, կոնկրետ խնդիրներ է բարձրացնում՝ պահպանելով գեղարվեստի շունչը: Շատ եմ ցավում, որ Վազգենի գրականությունը շարունակություն չունեցավ:
Մի առիթով պատմել եմ, որ պաշտպանության նախարարությունում աշխատելու ժամանակ պատահական ձեռքս ընկավ իր անձնական նոթատետրը ու նկատեցի, որ այնտեղ փոքրիկ գրառումներ է անում, որոնք գուցե ինչ-որ ժամանակ, երբ ազատ լիներ, կարող էին դառնալ նոր պատմվածք, նոր վիպակ, նոր վեպ:
-Այդ գրառումները, եթե նույնիսկ չեն ամբողջացել, նո՞ւյնպես արժեքավոր են, գուցե հրապարակման նյու՞թ դառնան:
-Իհարկե արժեքավոր են, ցանկացած գրառում պատմական ու գրական արժեք է ներկայացնում, բայց թե որտեղ են այդ գրառումները, նոթատետրը, չգիտեմ: Հիշում եմ՝պատերազմական թեմայով ֆիլմի սցենար էինք պատրաստում: Ինքն անձամբ ամբողջ սցենարը կարդաց, նշումներ արեց (այդ ձեռագիրն իր նշումներով ինձ մոտ է): Իր այդ հետեւողականությունը՝ նայել, տեսնել, շտկել, գրական նրբերանգներ ավելացնել, երկխոսություններին միջամտել, վկայում էր, որ իր մեջ դեռ կար, ապրում էր գրողը: Ոչ մի կերպ չէր ուզում նահանջել ու բոլոր հնարավոր առիթները օգտագործում էր՝ նորից գալու, խառնվելու, տեր կանգնելու այդ ամեն ինչին:
— «Պարտքի զգացում» ակնարկում Վազգեն Սարգսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ՝ գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավի» մակարդակով թեկուզ մեկ գործ են գրել»:
— Նա հասկանում էր՝ գրողը ոչ պաշտոն է, ոչ կոչում, ոչ աշխատանքի ձեւ, ոչ էլ մասնագիտություն: Դա մի բան է, որ քեզ պետք է շնորհի ընթերցողը: Նա քեզ կճանաչի որպես գրող, ուրեմն գրող ես, չի ճանաչի, ինչ կոչումներ ուզես անվանդ տակ շարի, դա որեւէ նշանակություն չի ունենա: Ընթերցողն է «ստեղծում» գրողին: Դրա համար էլ Վազգենի այդ համեստ դիրքորոշումն իր գրական կարողությունների մասին ինձ համար շատ հասկանալի է:
— Կարծում եք՝ ըստ արժանվույն ճանաչում-գնահատու՞մ ենք նրա գրականությունը:
— Վազգենի պետական գործչի փառքն ու հնարավորությունները ստվերեցին նրա գրական դիրքը: Սակայն կան գրողներ, առանց որոնց ներկայության դժվար է պատկերացնել տվյալ ժամանակահատվածի գրականությունը: Եթե խոսք բացվի 80-ականների արձակի մասին, ու անուններ տրվեն՝ Վարուժան Այվազյան, Վրեժ Իսրայելյան եւ այլք, ինչպե՞ս կարելի է շրջանցել Վազգեն Սարգսյանի անունը: Այդ շրջանում նա եւս գույն, համ ու հոտ էր տալիս գրական միջավայրին:
— Ինքն իր մասին կարծես երբեք չի գրում, թեեւ ներկա է բոլոր գործերում:
— Դա գրողի լավագույն հատկանիշներից է, երբ իր անձը չէ գլխավոր հերոսը: Հիմա շատ ենք տուժում դրանից, եսակենտրոն գրականություն է ստեղծվում, մարդը պատմում է իր ապրումների, հույզերի մասին՝ մոռանալով շրջակա աշխարհը: Վազգենը արձանագրում էր այն, ինչ կա, բայց քանի որ ցանկացած գրող ինքն իր ստեղծագործությունն է, ցանկացած ստեղծագործություն նախ եւ առաջ գրողն է, ապա մենք հեշտությամբ կարող ենք Վազգենին որոնել իր գործերի մեջ: Բոլոր հերոսների մեջ նա մի բեկոր կա, մի դրվագ կա, մի բջջի չափ կա: Բոլոր դեպքերը, որ տեսել ու արձանագրել է, հենց այդ արձանագրման պրոցեսի մեջ ինքն արդեն կա:
-Իր ո՞ր գործն էր շատ սիրում:
— Չեմ հիշում, որ իր ստեղծագործություններից որեւէ մեկին առավելություն տար: Ընդհակառակը, ինքը միշտ դժգոհ էր նախորդից, եւ միշտ ջանում էր, որ հաջորդն ավելի լավը լինի: Ասում էր՝ այ, տեսե՛ք, մի բան եմ գրելու, մյուսների վրա ստվեր նետի: Շատ հետաքրքիր էին մեր քննարկումները: Լսում էր մեր կարծիքները, բայց սկզբնապես նախատրամադրվածություն ուներ, դիրքերն անմիջապես չէր զիջում, կռիվ էր տալիս ամեն բառի, ամեն արտահայտության, ամեն պատկերի համար: Բայց հետո, երբ տպագրվում էր գործը, մենք տեսնում էին շտկումները: Ցավոք, վերջին շրջանի գործերի վրա դարձյալ աշխատելու հնարավորություն չունեցավ: Մի առիթով ասաց, որ ինքը աշխարհի ամենադանդաղ գրող հեղինակն է, շատ դանդաղ էր ստեղծագործում, ամեն բառի վրա երկար մտածելով:

— «Աշուն, հայկական բակ», «Վերջին գիժը» եւ շատ այլ ստեղծագործությունները միաժամանակ ստիպում են ընթերցողին եւ՛ տխրել, եւ՛ ծիծաղել:
— Ինքը կյանքում էլ էր այդպիսին, զավեշտալին շուտ ընկալելու ու դրա մասին շատ սրամիտ արտահայտվելու մեծ ընդունակություն ուներ: Երբ հումոր ես տեսնում, թվում է, թե դրա մեջ կյանքին թեթեւ նայելու մղում կա: Իրականում՝ ողբերգությունը թեթեւացնելու, ողբերգության հարվածն իր վրա վերցնելու եւ այդ հարվածից մյուսներին չվնասելու ցանկություն կա: Նույն հումորի կողքին մեկ էլ այնպիսի հոգեկան անհուն տխրություն կնկատես, հոգեկան ցավագին ճիչ, որ կզարմանաս, թե այս ահռելի տղամարդու մեջ որտեղի՞ց այսքան նուրբ սիրտ: Հենց այդ երկու ծայրահեղությունների հակադրությունն է, որ իր գրականությունը դարձնում է գեղեցիկ:
— «Մեր կարճատեւ կյանքի ընթացքում շատ հաճախ չե՞նք հանդուրժում անպատասխան ապտակներ». այս տողերով ավարտվում է «Ապտակ» պատմվածքը: Անարդարության դեմ ընդվզումը ցայտուն կերպով ընդգծված է նաեւ «Առաջին անգամ» պատմվածքի մեջ, որտեղ կապույտ աչքերով տղան առաջին անգամ մարդ է սպանում:
— Արդարամտութունը, յուրաքանչյուրին արժանին մատուցելու ներքին պահանջը իր մոտ եղել է միշտ ու բոլոր հարաբերություններում: Շատ արդար լինելը շատ խոցելի հատկանիշ է, դրան կարող են տարբեր մեկնաբանություն տալ: Դրա համար շատերը չկարողացան նրա այդ արդարամտությունը ճիշտ ընկալել, դրա մեջ ուրիշ երանգներ տեսան: Մարդկային ողբերգության թեման գուցե թե Վազգենի ամբողջ գրականությունով անցնող կարմիր գիծն է: Եթե մարդիկ ուզում են Վազգեն Սարգսյանի գրականությունը հասկանան, թող այդ գրականությանը նայեն սիրո ու ցավի միջոցով:
— «Էս ի՞նչ եք անում, տղերք» գիրքը տպագրվեց Թավշյա հեղափոխության օրերին: Խորհրդանշական էր վերնագրի ընտրությունը: Էլ չասենք, որ գրքում տեղ գտած հայտնի հրապարակախոսությունների ամեն մի նախադասությունը կարծես այսօրվա մասին լինի:
— Վազգենը կարողանում էր իր երկրի, ժողովրդի, պետության ապագան տեսնել լայն կտրվածքով, այլ ոչ թե տվյալ իրավիճակում: Ասում էր՝ 21-րդ դարը մերը պետք է լինի, չէր ասում՝ առաջիկա հնգամյակը: Մեծ-մեծ ժամանակային կտրվածքների մեջ էր այդ ամենը տեսնում: Հենց դրանում էր իր մեծությունը: Իր ասածը այն է, ինչը մենք կոչում ենք բացարձակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ժամանակային քննություն չունի:
Մարդկային պատմությունը պարուրաձեւ պտտվում է, ամեն ինչ նորից գալիս է դարձ ի շրջանս յուր, ամեն ինչ կրկնվում է: Այն սխալները, որ թույլ ենք տվել, վտանգ կա, որ նորից թույլ կտանք: Այն թռիչքն ու հաղթանակները, որ ունեցել ենք, նորից ունենալու հնարավորություն կա: Ընդամենը կամք, ուժ ու գիտակցություն է պետք ճիշտ ճանապարհը ընտրելու համար:
Ունենք Արցախի խնդիր, փորձում ենք հասկանալ, որը պետք է լինի մեր դիրքորոշումը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում վերընթերցել Վազգենի 90-ականներին ասած խոսքերը արցախյան հիմնախնդրի, դրա լուծման տարբերակաների մասին: Գուցե օգնի՞, գուցե դուռ բացի այդօրվա մտածողների, արտաքին քաղաքականությունը կանխորոշողների համար: Չարենցին ենք հիշում, Թումանյանին, հետքայլ ենք կատարում, գնում ենք պատմության խորքը, բերում մեր մեծերին, ասում ենք՝ կանգնի մեր առաջին շարքում ու մեզ ուղղորդի: Այդպիսի ուղղորդող այսօր կարող է լինել նաեւ Վազգեն Սարգսյանը:

Արմինե Սարգսյան
https://www.mediamax.am/am/news/BookHouse/28538/

576673_368707809831224_822063451_n

ԵՂԱՆԱԿԻ ԳԻՐՔԸ

11 Հնս

Պատմության մեջ 1816 թվականը մնացել է «տարի առանց ամռան» անունով: Այդ տարի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ամռան ամիսներին անսովոր ցուրտ եղանակն էր գերիշխում: Ասում էին, թե պատճառը երկրագնդի մյուս կողմում` ինդոնեզական Սումբավա կղզում ժայթքած հրաբուխն էր: Ամեն դեպքում այդ ամառ անգլիացի գրող Մերի Շելլին իր ընկերների հետ հանգստանում էր ամառանոցներից մեկում: Բայց քանի որ եղանակն անտանելի էր, օրվա մեծ մասն անց էին կացնում ներսում: Ձանձրույթը փարատելու համար նրանք որոշեցին մի մրցույթ հայտարարել` ո՞վ կարող է գրել ամենասարսափելի պատմությունը: Հենց այնտեղ էլ լույս աշխարհ եկավ Շելլիի հանրահայտ «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը:

GE DIGITAL CAMERA

ԹԵՐԹԱՅԻՆ ԲԱԴԸ

11 Հնս

«Մի գիտնական գնեց 20 հատ բադ և անմիջապես կարգադրեց դրանցից մեկին մորթել, մասնատել մանր կտորների և այդ կտորներով կերակրել մյուս թռչուններին: Որոշ ժամանակ անց նա նույն կերպ վարվեց մյուս բադիկների հետ և այդպես շարունակ, մինչև որ մնաց վերջինը, որը փաստացի խժռել էր իր 19 ընկերներին»:
Բելգիացի երգիծաբան Նորբերտ Կոռնելիսսենը այս շարադրանքը տպագրեց թերթերից մեկում, որպեսզի հետո ծաղրի ենթարկեր դյուրահավատ ընթերցողներին: Համաձայն տարածված վարկածի, հենց այս դեպքից հետո էլ կեղծ լուրերին սկսեցին անվանել «газетная утка» (թերթային բադ):23826_129363726566745575879_Original_secretworlds.

ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

25 Մյս

Քաղաքում թաց գիշեր է: Անծանոթ փողոցով քայլում եմ այնքան, մինչև փողոցը փոխվում է: Հետո փոխվում են տները, ծառերը, լույսերը: Մտքերն են փոխվում: Ամեն ինչ դառնում է այնպես, ինչպես եղել է. սովորական է դառնում: Ու այդ սովորական գիշերվա սովորական ստվերների միջով ես տուն եմ գնում` սուլելով սովորական մի մեղեդի, որ երբեք լավը չի եղել: Հետո՞ ինչ, մտածում եմ ես, որ վատն է մեղեդին: Հերն անիծած: Եվ հերն անիծած այն ամենի, ինչը երբևէ լավը չի եղել, բայց գոնե մեկ անգամ քեզ հետ է եղել այս մեղեդու նման: Քոնն է եղել: Եղել է այնքան, քանի դեռ մի օր, մի գիշեր, մի դատարկության մեջ դու հանկարծ կանգ չես առել փողոցում, որ ետ նայես խաղաղված հայացքով ու ասես ինքդ քեզ. «Հերն անիծած»:

Հովիկ Չարխչյան

nochnaya-ulitsa3-768x576

ՎԵՐՋԻՆԸ

25 Մյս

Դա լինում է ընդամենը մեկ անգամ: Դու ինքդ էլ չես իմանում, որ դա արդեն կատարվեց: Եվ միայն հետո, շատ հետո մի օր, երբ ժամանակը կանգ է առնում քեզ համար, երբ լինելը դառնում է դժվար, իսկ չգոյությունը` առավել, մոռացված օրերի միջից հանկարծ իջնում է նա, առանց պաճուճանքի, ճիշտ այնպես, ինչպես եղել է: Միայն այդքանը: Եվ ոչ ավելին: Ավելին չի լինում: Հիշողության ճերմակ սփռոցի վրա հեղվում է նրա քաղցրահամ գինին, ափսոսանքի կարմիր հետքը պատկերներ է գծում քո ցանկության ծոպքերին և կարոտն ամենամտերիմ հարազատի պես շշնջում է ականջիդ. «Սա նա է»: Ճանաչելն ամենահեշտն է: Դու գիտես նրան: Դու ընդամենը չգիտես, թե ինչու հատկապես նա: Դու կուզեիր, որ դա լիներ ուրիշ մի բան` հեքիաթային ու խորհրդավոր, թափանցիկ, ինչպես պատրանքը: Դու լույսեր կուզեիր ու գույների ջրվեժներ, որովհետև միայն այդպիսին կարող է լինել ամենանվիրական իղձը: Եվ եթե անգամ ունեցել ես այդ ողջ երազը, ուրեմն էլ ինչու՞ է երկյուղը համակում հոգիդ, երբ մոռացության միջից կրկին հառնում է նա` քո միակն ու մոլորվածը:
Պետք չէ, ոչինչ մի ասա: Դա միայն քոնն է, ինչպես որ քոնն է այսօրը` հայտնությամբ արբած, ինչպես որ քոնը կլինի վաղը` ցավի հետ անհաշտ, սակայն էլ երբեք չի լինի երեկն այնպես, ինչպես արդեն եղել է: Էլ երբեք:

Հովիկ Չարխչյան76767675

ՄԻԱՅՆ ԱՅԴՔԱՆԸ

18 Մյս

Ինձ դուր է գալիս այդպես ապրելը: Ինձ հարազատ է առավոտի մեջ լինելը, որ հետո երեկոն իր սկիզբն ունենա: Ինձ համար սիրելի են բոլոր նրանք, ովքեր արթնանում են, որպեսզի գիշերը քուն մտնեն այն միամիտ հույսով, թե ապրեցին այս օրը վաղվա համար: Եվ ես ուզում եմ լինել բոլոր այդ մարդկանց կողքին, նրանց օրվա մեջ, նրանց մտքերում, նրանց հաջողությունների ու ձախողումների հետ, կորուստների ու հայտնությունների ժամանակ, լինել այնքան, որքան տրված է ու որքան ուզում է ցանկությունս: Ես սիրում եմ նրանց սիրելը, նրանց հիասթափություններն ու տխրությունը, լարված հայացքները, երբ պատասխան չի լինում, սեղմված մատները, երբ ուրիշ է ելքը, առկայծող աչքերը, եթե մոտ է ցանկալին, խաղաղ շնչառությունը, երբ հրաժեշտ են տալիս: Ես ինքս էլ նրանցից մեկն եմ, և ուրիշ ոչինչ ինձ պետք չէ, բացի նրանցից մեկը լինելը: Միայն այդքանը:
Այսօր էլ, ինչպես ամեն մի օր, լինելու է այն, ինչ լինելու է: Դա է մեր փրկությունը: Մեր բոլորի միակ փրկությունը հենց դա է: Եվ հենց սա է միակ անվիճելին, պատասխանների պատասխանը, ցանկություններից առաջինն ու վերջինը, համոզմունքներից անքննելին ու կասկածներից անմեղը:

Հովիկ Չարխչյան

flower-growing

ՍԿԶԲՈՒՄ ՍԽԱԼՎԵՑ

14 Մյս

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգն իր «Հարի Փոթեր» գրքի առաջին մասն ավարտեց 1995 թվականին և այն առաքեց 12 հրատարակիչների: Բոլորն էլ մերժեցին գրողին: Միայն մեկ տարի անց լոնդոնյան Bloomsbury փոքրիկ հրատարակչութունը համաձայնեց լույս ընծայել գիրքը, սակայն հրատարակիչն այնուամենայնիվ հարկ համարեց հեղինակին խորհուրդ տալ, որ նա զբաղվի այլ գործով: «Մանկական գրքեր գրելը քո խելքի բանը չէ, ավելի լուրջ աշխատանք գտիր»,- ասաց նա Ռոուլինգին:

HP_01.2

ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ

14 Մյս

Տխուր մարդն ամաչում է իր տխրության համար: Նա նստում է քեզ հետ, կատակներ է անում, ծիծաղում է ամենաբարձրը, սակայն տխրությունն աչքերից այնպես է ծորում, որ նա ոչինչ չի կարող անել այդ հոսքն ընդհատելու համար: Նրա բառերը հատու են և անարժեք, նրա շարժումները կտրուկ են, իսկ մատներն՝ անհանգիստ: Նա դեռ շարունակելու է հավատալ, թե ոչինչ չի կարող մատնել իր տխրությունը: Նա ազնվորեն չի ցանկանում լսել այդ մասին, ու եթե անզգուշաբար հարցնես, կասի՝ ամեն ինչ կարգին է, հետո նորից կկրկնի, որ ինքն էլ համոզվի: Նա կմնա քեզ հետ երկար ու կերազի միայնության մասին: Նա ինքը բազում հարցեր կտա ու պատմություններ կհիշի, սակայն ուզածը լռությունն է լինելու: Բայց նա սարսափում է թե մեկից, թե մյուսից: Ամեն ինչ, միայն թե ոչ լռությունը միայնության կողքին, ամեն ինչ, բայց ոչ անզորությունը: Տխրությունը վիշտ չէ, որ փարատես, ցավ չէ, որ մեղմես մխիթարանքով: Դրա համար էլ տխրել չի ուզում, ինչ էլ որ լինի: Ինչ էլ որ լինի:
Ուրեմն պետք չէ տխրել նաև անցնող օրվա համար, և ամպամած երկնքի համար, և չարդարացված հույսերի համար, և այրված ծխախոտի համար, և անորոշ սպասման համար, և դատարկ բառերի համար, և մեռած մարդկանց համար, և քաղցր հուշերի համար, և թափված գինու համար, և երկրի պտույտի համար: Ոչնչի համար պետք չէ տխրել: Ընդամենը ափսոսալ է պետք: Ու մենք բոլորս էլ ափսոսալու ենք, որովհետև երբ կանցնի ժամանակը, օրը, տարին, դարը, տխրությունից ոչինչ չի հիշվելու, սակայն երկարակյաց կլինի ափսոսանքը՝ մարդու համար արարված:

Հովիկ Չարխչյան

teen-depression-e1511358524718-1440x564_c

%d bloggers like this: