Պահոց | ԱՐՁԱԿ ԷՋԵՐ RSS feed for this section

ԹԻԱՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 Օգս

Ուսուցիչն ու աշակերտը նավակով լողում էին լճում: Աշակերտը հարցրեց.
— Ես կարծես թե գիտեմ, թե ինչու գոյություն ունի ուրախությունը: Բայց այդ դեպքում ինչու աշխարհում կա նաև տխրություն ու թախիծ:
Ի պատասխան ուսուցիչը սկսեց թիավարել միայն մի թիով: Նավակը պտույտներ գործեց ջրերի վրա:
— Այդ ի՞նչ ես անում, ուսուցիչ: Եթե դու միայն մի թիակով թիավարես, մենք երբեք ափին չենք հասնի ու կմնանք նույն կետի վրա:
— Այ տեսնու՞մ ես,- պտասխանեց ուսուցիչը,- դու ավելի խելացի ես, քան ես կարծում էի:

ՕՇՈ

korotkaya-pritcha-lodka-s-odnim-veslom

ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ՔԵԶ

22 Օգս

Մի մարդ փողոցում քաղցած ու ցրտահար երեխայի տեսավ: Դառնացած սրտով մարդը դիմեց Աստծուն. «Ինչու՞ ես դու այս բանը հանդուրժում, ինչու՞ ոչինչ չես նախաձեռնում»: Եվ այդ պահին Աստված նրան պատասխանեց երկնքից.
— Ես արդեն նախաձեռնել եմ: Ես ստեղծել եմ քեզ:

Голодный-ребенок

ՃԱՄՓՈՐԴԸ

22 Օգս

Մի ճանապարհորդ այցի գնաց հայտնի իմաստունին: Նա մտավ համեստ մի խրճիթ, որտեղ նույնիսկ սովորական կահույք չկար:
— Իմաստուն, իսկ որտե՞ղ է քո կահույքը:
— Իսկ քոնը՞,- հարցին հարցով պատասխանեց իմաստունը:
— Իմը՞,- զարմացավ այցելուն:- Բայց չէ՞ որ ես ճամփորդ եմ:
— Ես էլ,- ասաց իմաստունը:

cabin-in-the-woods-poster-thumb

ԲԱԺԱՆՄԱՆ ՁԱՅՆԸ

22 Օգս

— Երբ մարդիկ վիճում են, ինչու՞ են սկսում գոռգոռալ, ինչու՞ է նրանց ձայնը բարձրանում, եթե կանգնած են դեմառդեմ, մի՞թե հնարավոր չէ ցածրաձայն խոսել:
— Երբ մարդիկ դժգոհ են մեկը մյուսից և զայրացած են, նրանց սրտերը բաժանվում են: Այդ անջրպետը հաղթահարելու և լսելի լինելու համար նրանց հարկադրված են բարձր խոսել: Եվ որքան խիստ են զայրացած, այնքան ուժգին են աղմկում:
Իսկ երբ մարդիկ սիրում են իրար, նրանք զրուցում են շշուկով, քանի որ սրտերը միաձուլված են և չկա բաժանող տարածությունը:

680x453_1_66ced91fa7866e71b6d0d12a4900fd54-690x460_0xc0a8392b_13975822171488821190

ՍԻՐՈ ԿՂԶԻՆ

22 Օգս

Վաղուց, շատ վաղուց աշխարհում կար մի կղզի, որի վրա բնակվում էին բոլոր արժեքները: Բայց այդ կղզին սկսեց սուզվել և նրա բնակիչները լցվեցին մի նավի մեջ ու հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Սերը մնաց միայնակ և օգնության կանչեց Հարստությանը: Բայց Հարստությունը պատասխանեց. «Իմ նավը լի է գանձերով, քեզ համար այստեղ տեղ չկա»:
Հետո Սերը կանչեց Տխրությանը, բայց սա էլ ասաց. «Ներիր, Սեր, ես այնքան տխուր եմ, որ ինձ առանձնություն է պետք»:
Այդ ժամանակ Սերը տեսավ Հպարտության նավն ու օգնության կանչեց: Բայց Հպարտությունն ասաց, որ Սերը կխախտի իր նավի վրա իշխող ներդաշնակությունը:
Մոտերքում նավարկում էր Խնդությունը, բայց նա էլ տարված էր զվարճանքներով և չնկատեց օգնություն հայցող Սերը: Այդ ժամանակ Սերն ընդհանրապես հուսահատվեց: Եվ հանկարծ իր թիկունքում նա լսեց մեկի ձայնը. «Արի, Սեր, ես քեզ կտանեմ ինձ հետ»: Նա շրջվեց ու տեսավ մի ծերունու: Եվ երբ ծերունին նրան հասցրեց ցամաք ու հեռացավ, Սերը հիշեց, որ նույնիսկ նրա անունը չէր հարցրել: Կանչեց Իմացությանը և ասաց. «Ո՞վ էր նա, որ փրկեց ինձ, ի՞նչ է նրա անունը»:
— Նրա անունը Ժամանակ է,- պատասխանեց Իմացությունը:
— Իսկ ինչու՞ նա ինձ փրկեց:
— Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե կյանքում որքան կարևոր է Սերը:

007_2

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՋՐՀՈՐԸ

20 Օգս

Հեռավոր ժամանակներում կանաչ դաշտի մեջ մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, իջեցնում էր դույլը, հետո վերև էր քաշում և դույլի մեջ լցված էր լինում այն, ինչ կար նրա սրտում: Սկզբում մարդիկ այնտեղից հանում էին սեր, քնքշություն, բարություն: Ով ինչ ուներ սրտում, դա էլ բազմապատկվում էր: Բայց հետո ինչ-որ բան կատարվեց աշխարհում: Մարդիկ սկսեցին ավելի հաճախ ջրհորից հանել չարություն, նախանձ, ատելություն:
Եվ նրանք որոշեցին, որ ջրհորն ապականվել է: Եվ ջրհորը ծածկեցին հողով: Չէ՞ որ ջրհոր թաղելն ավելի հեշտ է, քան սեփական սիրտը մաքրելը:

57d8cc10a_670x255

ԿՅԱՆՔԻ ՃՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

10 Օգս

Մի իմաստուն երկինք համբառնեց:
— Ինչպե՞ս ապրեցիր քո կյանքը,- հարցրեց նրան հրեշտակը:
— Ես ճշմարտություն էի որոնում,- ասաց իմաստունը:
— Լավ է,- խրախուսեց հրեշտակը:- Ասա, ի՞նչ էիր անում, որ գտնեիր ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ մարդկանց կուտակած իմաստնությունը ամփոփված է գրքերում և շատ էի կարդում:
Հրեշտակը լսեց ու ժպտաց:
— Ես շատ էի ճամփորդում,- շարունակեց իմաստունը:
Հրեշտակը գլխով հավանության նշան տվեց:
— Ես սիրում էի զրուցել ու բանավիճել ուրիշ իմաստունների հետ և մեր վեճերից ծնվում էր ճշմարտությունը,- հավելեց իմաստունը և լռեց:
Հրեշտակի դեմքին ստվեր իջավ:
— Մի՞թե ես ինչ-որ բան սխալ եմ արել,- զարմացավ իմաստունը:
— Ամեն բան ճիշտ ես արել: Բայց դու ոչինչ չասացիր սիրո մասին:
— Ես սիրո համար ժամանակ չունեի: Ես ճշմարտությունն էի որոնում,- դառնացած խոսեց իմաստունը:
Եվ հրեշտակը նրան ասաց.
— Այնտեղ, որտեղ չկա սեր, չի լինում ճշմարտություն: Մեծագույն ճշմարտությունները ծնվում են մեծ սիրուց:

11276

ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ

10 Օգս

— Սիրում եմ քեզ,- ասաց կինը տղամարդուն:
Եվ տղամարդը պատասխանեց.
— Ուրեմն իմ սրտում կա այնպիսի մի բան, որ արժանի է քո սիրուն:
— Իսկ մի՞թե դու ինձ չես սիրում,- հարցրեց կինը:
Բայց տղամարդն ընդամենը սևեռուն հայացքով նայեց ու չարտաբերեց ոչ մի բառ: Այդ ժամանակ կինը բացականչեց.
— Ես ատում եմ քեզ:
Եվ տղամարդը պատասխանեց.
— Ուրեմն իմ սրտում կա այնպիսի մի բան, որ արժանի է քո ատելությանը:

kahlil-gibran

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԸ

29 Հլս

Իր ծննդից մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
— Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհը: Ի՞նչ պիտի անեմ այնտեղ:
Աստված պատասխանեց.
— Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, որ միշտ քո կողքին կլինի: Նա ամեն բան քեզ կբացատրի:
— Իսկ ինչպե՞ս պիտի նրան հասկանամ: Չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ:
— Հրեշտակը քեզ կսովորեցնի իր լեզուն: Նա քեզ կպաշտպանի բոլոր դժբախտություններից:
— Իսկ ի՞նչ է իմ հրեշտակի անունը:
— Կարևոր չէ, թե նրա անունն ինչ է: Նա շատ անուններ ունի: Դու նրան կարող ես կոչել «Մայրիկ»:

138513181_image__2_

ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ

14 Մյս

Տխուր մարդն ամաչում է իր տխրության համար: Նա նստում է քեզ հետ, կատակներ է անում, ծիծաղում է ամենաբարձրը, սակայն տխրությունն աչքերից այնպես է ծորում, որ նա ոչինչ չի կարող անել այդ հոսքն ընդհատելու համար: Նրա բառերը հատու են և անարժեք, նրա շարժումները կտրուկ են, իսկ մատներն՝ անհանգիստ: Նա դեռ շարունակելու է հավատալ, թե ոչինչ չի կարող մատնել իր տխրությունը: Նա ազնվորեն չի ցանկանում լսել այդ մասին, ու եթե անզգուշաբար հարցնես, կասի՝ ամեն ինչ կարգին է, հետո նորից կկրկնի, որ ինքն էլ համոզվի: Նա կմնա քեզ հետ երկար ու կերազի միայնության մասին: Նա ինքը բազում հարցեր կտա ու պատմություններ կհիշի, սակայն ուզածը լռությունն է լինելու: Բայց նա սարսափում է թե մեկից, թե մյուսից: Ամեն ինչ, միայն թե ոչ լռությունը միայնության կողքին, ամեն ինչ, բայց ոչ անզորությունը: Տխրությունը վիշտ չէ, որ փարատես, ցավ չէ, որ մեղմես մխիթարանքով: Դրա համար էլ տխրել չի ուզում, ինչ էլ որ լինի: Ինչ էլ որ լինի:
Ուրեմն պետք չէ տխրել նաև անցնող օրվա համար, և ամպամած երկնքի համար, և չարդարացված հույսերի համար, և այրված ծխախոտի համար, և անորոշ սպասման համար, և դատարկ բառերի համար, և մեռած մարդկանց համար, և քաղցր հուշերի համար, և թափված գինու համար, և երկրի պտույտի համար: Ոչնչի համար պետք չէ տխրել: Ընդամենը ափսոսալ է պետք: Ու մենք բոլորս էլ ափսոսալու ենք, որովհետև երբ կանցնի ժամանակը, օրը, տարին, դարը, տխրությունից ոչինչ չի հիշվելու, սակայն երկարակյաց կլինի ափսոսանքը՝ մարդու համար արարված:

Հովիկ Չարխչյան

teen-depression-e1511358524718-1440x564_c

ԱՄԵՆՔԻՆՆ ԱՆՎՆԱՍ

4 Մրտ

Գարնան վերջին կանաչ տերևների միջից մայիսյան բալի հյութալի կարմրության ծիկրակումի գայթակղությանը ոչ ոք դիմանալ չէր կարող: Ու մենք` գյուղի տղաներով, գիշերները գնում էինք բալի գողության: Գրպան ու ծոց լցնում էինք քաղցրությամբ ու ծառերից ցած էինք իջնում անուղղելի ավազակների հանդուգն հրճվանքով:
Բալի համար մեզ ոչ ոք չէր պատժում: Պատժում էին, եթե պոկելիս ճյուղ էինք կոտրում կամ վնասում: Մենք գող չէինք: Մենք բալ սիրող երեխա էինք: Բալն ամենքինն էր, բայց ճյուղն ամենքինն էր անվնաս:

Հովիկ Չարխչյան

vishnya-shokoladnica-690x250

ԻՄ ԵՐԳԸ ԲՈՒՐՈՒՄ Է

3 Փտր

Երգեր կան, որոնք երբեք չես սիրելու: Գուցե և լավ երգեր, բայց դրանք քոնը չեն: Կհնչեն-կանցնեն ու ոչինչ չի մնա՝ ոչ թրթիռ, ոչ մեղեդու պատառիկ: Կլինի ձայնը ու հետո լռությունը: Ուրիշ ոչինչ: Կան երգեր էլ, որոնք արթնություն են բերում: Զվարթ ու տխուր, հարազատ ու քնքուշ: Կարևոր չէ: Նստած ես դու ինչ-որ տեղ կամ սպասում ես ինչ-որ մեկին և հանկարծ լսում ես երգը: Վազվզող աչքերդ կանգ են առնում, շունչդ պահում ես, որ երգը չխրտնի: Թաքուն նայում ես այնտեղ, որտեղից նա եկավ, հայացքդ սրում ես ու հանկարծ աշխարհը դառնում է ուրիշ, երգի պես թեթև, անմարմին: Դու էլ առաջվանը չես: Դու այնպիսին ես, ինչպես երգն է ուզում, որ լինես:
Բայց հազար-հազար հին ու նոր երգերի մեջ լինում է մեկը՝ քո երգը: Դու գտնում ես նրան հետո, երբ արդեն կրծքիդ տակ ջերմությունն է ապրում հիշողության տեսքով, երբ օրը անուն ունի, երբ ամեն անգամ քաղցր է վերապրումն ու սփոփանք է նրա մեջ թաթախվելը: Այնժամ դու հիշում ես երգը: Նա եղել էր այնտեղ, քո երազի պահին, նա երգել էր քո տաք գիշերների մեջ, նա բառեր էր տվել քո հույզերին՝ մնալով երգ:
Եվ կանցնի ժամանակը ու մի օր, բոլորովին պատահաբար ինչ-որ մեկը քեզ կհարցնի.
— Դու նկատե՞լ ես, որ այդ երգն իր բույրն ունի…
Ու դու կասես՝ ունի: Կասես՝ գիտեմ, որովհետև դա հենց այդպես է: Իմ երգը բուրում է…

Հովիկ Չարխչյան

تقسیمات-صوتی-صدای-انسان-600x330

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

22 Դկտ

Նոր Տարվա նախօրեին ամուսինները գնահատում էին անցնող տարին: Ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ամուսինը սկսեց դժգոհել, թե գնացել է ոչ այն ճանապարհով, որով, ըստ իր կարծիքի, պիտի անցներ: Կինը ակնդետ նայում էր ամանորյա տոնածառին, որ դրված էր ռեստորանում: Ամուսնուն թվաց, թե նրան այլևս չի հետաքրքրում իրենց զրույցը և փոխեց թեման.
— Տես ինչ հրաշալի են եղևնու լույսերը,- ասաց նա:
— Այո, դա այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ավելի ուշադիր նայես, ապա կտեսնես, որ բազմաթիվ լույսերի մեջ կա մեկը, որը չի վառվում: Ինձ թվում է, նրա փոխարեն, որ անցնող տարվան դիտես բազմաթիվ հաջողված գործերի տեսանկյունից, որոնք լուսավորել են տարին, դու կառչել ես այն միակ մարած լամպին, որը ոչինչ չի լուսավորում:

1295192205_EDEEE2FBE920E3EEE4

ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱՎԸ

30 Հկտ

Աստված կավից արարեց մարդուն և երբ ավարտեց, մի փոքրիկ կտոր ավելացավ:
— Այս կավի ավելցուկից ի՞նչ պատրաստեմ քեզ համար,- հարցրեց Արարիչը:
— Ինձ համար երջանկություն ծեփիր:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն մարդու ձեռքի մեջ դրեց կավի ավելցուկ կտորը:

tvorenie

ՄԻ ԿԱՆԳՆԻՐ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ

29 Սպտ

Մի կանգնիր աշնան գիշերվա անձրևի տակ: Իզուր է: Նրանք, ովքեր քեզնից առաջ կանգնում էին, հետո տուն էին տանում թրջված հագուստներ, մի թեթև հարբուխ և ինքնախաբկանքն այն բանի, թե մարմնի չարչարանքը հատուցման գին ունի: Չէ, մի կանգնիր անձրևի տակ, սպասված գնի կեսն անգամ քեզ չեն տալու ոչ ամպը, ոչ մութը, ոչ էլ նա, ում համար գիշերն ընտրեցիր:
Մեր հիասթափությունների համար միշտ էլ մեղավորը մենք ենք լինելու, քանի որ ակնկալեցինք ավելին, քան պիտի տրվեր: Մեր կորուստներից ցավ ապրեցինք, քանի որ նախընտրեցինք լինել կողոպտված, երբ կարող էինք պարզապես հրաժարվել: Մեր նվաստացումների կսկիծը վերջին վերքերի մեջ լցվեց, երբ առաջինները ապաքինեցինք մոռացումով:
Դե ուրեմն մի կանգնիր անձրևի տակ, որովհետև եղածն ընդամենը անձրև է. կգա, կթացացնի, հետո կչորանա, կանցնի-կմոռացվի: Հավատա, հարբուխդ ավելի երկար կհիշես, քան այդ վարար տեղատարափը, ինչպես որ մտապահվելու են ճանապարհները, բայց ոչ քայլերը: Իսկ նա, ով իրապես քոնն է, աշնան գիշերներին իր հետ անձրևանոց կբերի:

Հովիկ Չարխչյան

foto-zontiki-05

ՀՈՒՍԱԼՔՈՒՄ

4 Հնս

Հոգուս խորքերից ցայտող ցոլքերը, որ խավարի միջով անցնելուց հետո կայծակների նման փայլում են, հավերժական մոռացումի համա՞ր են ծնվել արդյոք: Ունա՞յն էր փառասիրությունս և ցնո՞րք էր երազս: Մեկն եմ, ով զրկվա՞ծ է հոգու թռիչքից: Պաղ ու դատա՞րկ են գրվածքներս:
Ուրեմն լռեք, ներաշխարհի ձայներ: Եթե չկարողացա ձեզ ըմբռնել, թողեք, որ ապրեմ ամբոխի մեջ ու մեռնեմ անհիշատակ:

ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ1414402732618

ՄԵՂԱՎՈՐԸ

16 Մյս

Մարդ էր մահացել: Ոստիկանությունից երկու հոգի եկան:
— Ինչպե՞ս է եղել դեպքը,- հարցնում են:
— Դեպքը, հարգելիներս,- ասում եմ նրանց,- եղել է այսպես. մարդն ապրում էր, իսկ հետո մեռավ: Այդպես պատահում է:
Բայց նրանք դժգոհ են:
— Մեզ մանրամասներ են պետք, ինչի՞ց է մահացել:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ցանկացած մահ իր խորքում հանցավորության տարրեր ունի, բայց ոստիկաններին չեմ ուզում ծանրաբեռնել այդ կարգի դատողություններով և անմիջապես անցնում եմ մահվան պատճառներին ու մեղավորներին:
— Մեղավորները շատ են,- ասում եմ նրանց:- Նախ տարիքն էր մեղավոր, հետո առողջությունը, հետո ապրումները, կենցաղային պայմանները, սննդի որակը, երկրի վիճակը, աղտոտված մթնոլորտը, մարդկային հարաբերությունները, ցածր աշխատավարձը, բարձր հարկերը, կեղծված ընտրությունները, չորային կլիման, անկանոն ջրամատակարարումը…
Ոստիկանի համբերությունը հատում է.
— Դու արդեն ուրիշ բաներ ես խոսում: Մեզ ասա` ի՞նչ գրենք:
— Ասեմ: Գրեք, որ մեղավորը կյանք էր: Մահվան համար միշտ էլ մեղավորը կյանքն է:

Հովիկ Չարխչյան150604143653_die_dead_man_hand_624x351_getty

ՄԱՐՍԵԼ ՊԱՆԻՈԼ

1 Ապր

Մի հասցե էին տվել, ուր պետք է ներկայանայի աշխատանքի համար: Տան առաջ մի մանչուկ էր նստած: Հարցրեցի.
— Ծնողնեերդ տա՞նն են:
— Այո, պարոն:
Դռան զանգը տվեցի: Ոչ մի պատասխան:
— Վստա՞հ ես, որ տանն են:
— Այո, պարոն:
Նորից զանգ տվեցի` ավելի երկար և ուժգին սեղմելով կոճակը: Ոչ մի պատասխան, ոչ մի ձայն ներսից:
— Չե՞ս ամաչում, որ սուտ ես խոսում:
— Ե՞ս,- պատասխանեց մանչուկը,- երբեք սուտ չեմ խոսել:
— Բայց… Եթե ծնողներդ տանը լինեին, պիտի գային դուռը բացելու:
— Իհարկե: Բայց մենք այստեղ չենք ապրում:10125s

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

28 Հնվ

ՀՐԵՇԸ

Նա ծնվեց աննկատելի: Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև, ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ: Բայց նա ծնվեց: Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել և՛ արյունահեղությունն էր նրա ծնողը: Ամիսը չլրացած դուրս եկան սրաատամները: Նախ մանր Էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան:
Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր,- հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների:
Այլևս արյունը նրան չէր կշտացնում:
Ժանիքները պահանջում էին, կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից: Եվ նա քանիմեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն: Մանավանդ հանդուգն ու անամոթ:
Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք: Նրա աչքերն արյունալի են, բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն: Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որհնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է: Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլըկաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը: Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չիկշտանում: Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց: Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրամիակ զավակին: Վաղը նա խեղդելու է մորը:
Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները, և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել էամենքին: Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ: Մարդիկ միայն մի բան գիտեն անել- անիծել: Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը:
Անունն է այդ հրեշի- թանկություն:
Աևդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ: Արդյոք կգա՞ մի օր, որ ուժասպառ ու թմրած ամբոխը ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը:768px-%d5%b7%d5%ab%d6%80%d5%be%d5%a1%d5%b6%d5%a6%d5%a1%d5%a4%d5%a5

Ավելի մեծ Հայրենիք

25 Դկտ

— Բառերի, անունների, երազների մեջ հավատ չի լինում ու երկիր չի լինում: Երկիրը դրանցից այն կողմ է: Ջնջիր երկրից բառ, անուն, երազ ու տես, որ այն, ինչ կմնա, դրանցից ամենուր էլ կա: Բայց ամենուրը Հայրենիք չէ:
— Այդ դեպքում ի՞նչ բան է Հայրենիքը, կասե՞ս ինձ:
— Մարդը: Մարդն է հայրենիքը: Մարդը, որ անուն է տալիս, որ սարը կոչում է Արարատ, որ տաճարին ասում է Գառնի, որ ջուրը Երասխ է դարձնում: Չկա մարդը` չկա հայրենիքը:
— Հիմա ես ու դու հայրենի՞ք ենք:
— Ավելին, քան հայրենիքը:
— Ինչու՞ ավելին:
— Որովհետև տարբեր ենք:
— Դա վա՞տ է:
— Չէ, ինչու՞ է վատ: Հայրենիքն այդպես ավելի մեծ է:

Հովիկ Չարխչյանs8r7m9rarx6kpth0yjbnllssoq-745x483

%d bloggers like this: