Search results for 'Սերգո Համբարձումյան'

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՍՏԱԼԻՆՆ ՈՒ ՀԱՅ ՀՍԿԱՆ

20 Հնվ

1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Գերմանիան ցնծում էր: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ սա այլ բան չէ, քանի արիացիների բարձագույն ռասսա լինելու ապացույց և պատահական չէ, որ աշխարհի ուժեղագույն մարդը ներկայացնում է հենց այդ ազգը: Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում: Սակայն դա չխանգարեց, որ Ստալինն իրեն խոցված ու պարտված զգար: Մի՞թե խորհուրդների երկրում չկար մեկը, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Ստալինի այս հարցին սպորտի բնագավառի պատասխանատուներն զեկուցեցին. կա նման մեկը և ապրում է Հայաստանում: Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր:

Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում է. «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»: Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն:22Серго_Амбарцумяна

Կա այսպիսի մի լեգենդ, որը միանգամայն հավաստի է թվում: Ասում են, որ երբ 1936 թ. հուլիսին ընկերները Սերգոյին հայտնում են Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին, նա տեղից վեր է ցատկում ու բացականչում է. «Չեմ հավատում իննասպանությանը, նրան սպանել են»: Այս մի քանի բառը բավական էր, որպեսզի բոլորը նրան համարեին կորած մարդ: Հասկանալով, թե ինչ վտանգ է կախված իր և հարազատների գլխին, Սերգոն արագ հեռանում է Հայաստանից և մեկնում Մոսկվա: Շուրջ երեք ամիս նա ապրում էր այնտեղ` ջանալով հնարավորինս հեռու մնալ անցանկալի հայացքներից: Բայց մի օր, երբ ճաշարանում ընթրում էր, ակաբեկված նրա մոտ վազեց խոհարարն ու ասաց, որ մի սև մեքենա է եկել և Սերգոյին են փնտրում: Հետո հայտնվեցին սևազգեստ մարդիկ և կարգադրեցին հետևել իրենց: «Քեզ ընկեր Ստալինն է սպասում»: «Ես ինչպե՞ս պիտի Ստալինի մոտ գնամ»,- հարցրեց Սերգոն ու ցույց տվեց իր հնամաշ, պատառոտված հագուստը: Մի քանի րոպե անց նրա համար արդեն նոր կոստյում էին պատվիրել, կոշիկներ ու վերնաշապիկ էին գնել: Մեքենան սլանում էր Կրեմլ:

Հսկայական աշխատասենյակի հեռավոր ծայրում նստած էր Ստալինը: Նա ոտքի կանգնեց, իսկ Սերգոն արագացրեց քայլերը` նրան մոտենալու համար: Այդ ժամանակ Ժողովուրդների հայրը քմծիծաղեց. «Կամաց, գացո, հատակը կկոտրես»: Երբ նստեցին, Ստալինը հարցրեց. «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի հաղթեք այդ ֆաշիստ Մանգերին»: Սերգոն խորին անկեղծությամբ պատասանեց. «Ուտելիք, ընկեր Ստալին»:

Հաջորդ առավոտ նրա համար սկսվում էր միանգամայն այլ կյանք: Սերգո Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` լատիշ Յան Սպարրեն: Մարզիկի համար նշանակվեց այն ժամանակների համար պատկառելի կենսաթոշակ: Բացի այդ նա Երևանում ուներ այսպես կոչված «բաց հաշիվ»: Դա նշանակում էր, որ որտեղ մտներ գնումներ կատարելու կամ այլ կարիքների համար, դրա դիմաց վճարելու էր պետությունը: Սակայն արտոնություններն ավելին չէին, քան այն լարվածությունը, որ դարձավ մարզիկի առօրյայի անբաժանելի մասը: Անիրագործելին իրագործելու համար ոչինչ չէր խնայվում: Ու վերջապես վրա հասավ պատմական պահը:Ambartsumyan_snatch1

Նոր տարվա նախօրեին` 1938 թվականի դեկտեմբերի 30-ին Հայֆիլհարմովիայի փոքր դահլիճը լեփլցուն էր: Նրանց, ում բախտ չէր վիճակվել ներս անցնել, խմբվել էին շենքի դիմաց, փակել Աբովյանի ու հարակից փողոցների երթևեկությունը: Բեմ է բարձրանում Սերգոն և սկսում է իր ելույթը: Դահլիճում մեռելային լռություն է: Իսկ հետո, ինչպես ահեղ որոտը, շանքի պատերը ցնցվում են ծափերից ու բացականչություններից: Մարդիկ գրկախառնվում ու արտասվում էին, փողոցում թնդում էր հաղթական «ուռա»-ն: Խոստումը կատարված էր: Դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ էր սահմանել`433,5 կգ.` 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը: Հավաքված բազմությունն իր հերոսին ձեռքերի վրա տարավ մինչև հյուրանոց…

Հաջորդ օրը «Կռասնի սպորտ» թերթը առաջնորդողում ավետեց. «Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը: Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»: Նրա մասին գրեցին անխտիր բոլոր թերթերը, նույնիսկ գերմանական… Վրա էր հասել Սերգոյի աստեղային ժամը: Իսկ նա ընդամենը 28 տարեկան էր:

Ստալինն իրեն բավարարված էր զգում: Տոնի առթիվ նրան հրաշալի նվեր էր մատուցվել: Եվ նա հայ դյուցազնին կրկին հրավիրեց Մոսկվա:ambartsumian1

Դա փառավոր և իր տեսակի մեջ աննախադեպ ընդունելություն էր: Հյուրասիրությանը հրավեր էին ստացել շուրջ 900 նշանավոր ու երևելի անձինք: Սերգո Համբարձումյանն առաջիններից մեկն էր (հինգերորդը), որ արժանացավ «Պատվո նշան» շքանշանին: Այնուհետև Ստալինը օրվա հերոսին առաջարկեց ընտրել թանկարժեք նվերներից մեկը` դաշնամուրը կամ ամերիկյան Master Voices մակնիշի պատիֆոնը: Սերգոն ընտրեց վերջինը: Բայց սա նվերներից միակը չէր: Նրան հանձնեցին «M-1» մակնիշի շքեղ ավոմեքենայի բանալիներ, ադամանդե քարով անվանական ոսկե ժամացույց: Սակայն Սերգոյի համար ամենաթանկը լուսանկարն էր, որտեղ ահռելի հասակով մարզիկը կանգնած էր Ստալինի և երկրի ղեկավարների առաջ: Նա հետո այդ լուսանկարը խոշորացրեց և կախեց իր տան պատից: Երևանցիներից շատերը նրան հյուր էին գնում` Առաջնորդին ու Սերգոյին միասին տեսնելու համար:

Կրեմյան ընդունելությանը հաջորդեց խնջույքը: Եվ այստեղ էլ Ստալինը նոր անակնկալ մատուցեց` առաջարկելով Սերգոյին դառնալ այդ օրվա սեղանապետը: Պետք արժանին մատուցել լեգենդար մարզիկին, քանի որ նա հեշտությամբ հաղթահարեց նաև այդ փորձությունը, այնքան հրաշալի, որ երկրի ղեկավարը չկարողացավ զսպել իր զարմանքը. «Մի տեսեք, ես կարծում էի, թե Համբարձումյանը արտակարգ մարզիկ է, բայց պարզվում է, որ նա նաև արտակարգ թամադա է»,- բացականչեց Ստալինը:

Կերուխումը շարունակվեց մինչև լուսաբաց: Պատմում են, որ երբ առավոտյան Սերգոն հյուրանոց վերադարձավ, կնոջը` Թամարային ասաց. «Վերջ, Տոմա, հիմա նույնիսկ մեռնել կարելի է: Ես Ստալինի մոտ սեղանապետ էի»:

Մեռնել պետք չէր: Դրանք ապրելու օրեր էին: Երևանը Սերգոյին ընդունեց ինչպես ազգային հերոսի: Իսկ երբ 1939-ին նշվում էր Սասուցի Դավթի էպոսի ստեղծման 1000-ամյակը, դյուցազնի կերպարը մարմնավորելու համար միայն մի թեկնածու կար` նա:32

Հաջորդեցին տարիները: Եղավ պատերազմ, եղավ խաղաղություն: Սերգոն ամենքի պես կրեց և այդ ժամանակների զրկանքները, և հաղթանակի բերկրանքը ու շարունակեց հիացնել գերմարդկային խիզախումներով: Այդպես շարունակվեց մինչև 1947 թվականի ամառը, երբ Ստալինը որոշեց Կարմիր հրապարակում անցկացնել Ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթը:

Ասում են, թե այդ շքերթից առաջ Սերգոյին իր մոտ է հրավիրել Անաստաս Միկոյանը և հարցրել է. «Դու կարո՞ղ ես հենց հապարակում նոր ռեկորդ սահմանել»: Միկոյանի հարցը բացասական պատասխան չէր ենթադրում, և Սերգոյին այլ բան չէր մնում, քան նոր խոստում տալ ընկեր Ստալինին:

Մոսկովյան հանդիսության համար պատրաստվել էր չտեսնված մի ելույթ: Շքերթի կեսին հրապարակում հայտնվեց ահռելի մի մարդ, ով իր ուսերին կրում էր ձողով ամրացված երկու հսկայական գնդեր: Երբ նա կանգ առավ հրապարակի կենտրոնում, գնդերը բացվեցին և նրանց միջից դուրս եկան… 22 ֆուտբոլիստներ: Այդ հսկան Սերգոն էր, նրա արարքը` մարդկային ուժերից ու երևակայությունից վեր: Հեռվից ժպտում ու ծափահարում էր Ստալինը: Բայց… Բայց կատարվեց աններելին: Այդ մրցումներում Սերգոյին չհաջողվեց սահմանել խոստացված ռեկորդը: Փաստը ցավալի էր, իսկ թե որքան ցավալի, Սերգոն դա զգաց միայն Երևան հասնելուն պես:

Հաշված օրերի ընթացքում նրան զրկեցին բոլոր արտոնություններից, թոշակից, սկսեցին նույնիսկ աշխատավարձ չվճարել: Իշխանությունների սիրելին այլևս սիրելի չէր: Երբ վիճակը դարձավ անելանելի, հուսահատված մարզիկը սկսեց վաճառել այն նվերները, որոնք պահում էր մասունքի պես և նրա հպարտության առարկան էին: Բայց դա էլ ելք չէր:

Իր փառավոր հաղթանակից ուղիղ 10 տարի անց` 1948 թվականի դեկտեմբերի 30-ին Սերգո Համբարձումյանը դառնացած մի նամակ է գրում Հայաստանի Կենտկոմի քրտուղար Գրիգոր Հարությունյանին, ուր ներկայացնելով իր թշվառ վիճակը, այնուհետև ցավով նկատում էր. «Մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ որսաշան կարգավիճակում, որին վատ տերը կերակրում է միայն որսի օրերին…»: Այո, նրա սիրելի Տերը, որին այնպես պաշտում ու գնահատում էր Սերգոն, այլև չէր հիշում աշխարհի ուժեղագույն մարդուն սոսկ այն բանի համար, որ ընդամենը մեկ անգամ համարձակվել էր հիասթփեցնել Տիրոջը:

Ամենացավալին այս պատմության վերջաբանն է: Ելույթներից մեկի ժամանակ Սերգոն իրեն վատ զգաց: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշեցին միկրոկաթված: Նա այլևս չէր կարող սպորտով զբաղվել: Իսկ ապրել պետք էր:

Ես հիշում եմ հորս պատմածն այն մասին, որ Սերգո Համբարձումյանը շրջում էր գյուղեգյուղ, ելույթ էր ունենում ակումբներում, որտեղ զարմանալի հնարքներ էր ցուցադրում` երկաթե ձողեր էր ճկում, ատամներով գամեր էր դուրս քաշում և այդպես վաստակում էր օրվա ապրուստը: Հետո մի որոշ ժամանակ տաքսու վարորդ էր, մինչև որ Երևանում խորովածանոց բացեց` «Մասիս» ռեստորանի հարևանությամբ: Մարդիկ գալիս էին այստեղ ոչ միայն համեղ խորտիկներ ճաշակելու, այլև տեսնելու ապրող լեգենդին, որին գնահատում ու սիրում էին անմնացորդ: Այդպես էլ մինչև կյանքի վերջ ամենաանկեղծ ու անկաշառ սերը նա ստացավ իր ժողովրդից, որ մշտապես մեծարել ու հպարտությամբ է արտասանում աշխարհի ամենաուժեղ մարդու` Սերգո Համբարձումյանի անունը:

 

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆСерго_Амбарцумян3цй

Advertisements

%d bloggers like this: