Պահոց | 10:19 ե.

ԱՆՊԱՏՃԱՌ ՑԱՎԸ

2 Սպտ

Մի բան պատմեմ ձեզ: Երեխա էի, երևի 7-8 տարեկան: Ամռանը լեռնային մի գյուղ էինք գնացել` հանգստանալու: Դրախտային տեղ էր` հրաշալի բնություն, մաքուր օդ: Մի անգամ խաղում էի սարալանջի խոտերի մեջ, վազում էի թիթեռների ու մորեխների հետևից: Ինձնից ոչ հեռու ոչխարների հոտն էր ու հովիվը: Պատահեց այնպես, որ գառներից մեկն անջատվեց հոտից ու եկավ իմ կողմը: Հովիվն էլ տեղից վեր կացավ, հասավ գառանը, նրան հետ քշեց ու հանկարծ ձեռքի ճիպոտով ուժգին հարվածեց իմ ոտքերին: Անտանելի ցավ էր, կտրատող մրմուռ: Արցունքներն աչքերիցս ցայտեցին: Իսկ նա առանց իմ կողմ նայելու վերադարձավ իր տեղը ու այնպես հանգիստ նստեց խոտերին, ասես ոչինչ չէր պատահել:

Այսքան տարիներ են անցել, կյանքում շատ ավելի մեծ հարվածներ ու ցավեր եմ տեսել: Բայց կամ դրանք մոռացել եմ, կամ հաշտվել եմ դրանց հետ: Միայն այն ճիպոտի հարվածն է, որ մինչև օրս ցավեցնում ու տանջում է ինձ: Ու գիտե՞ք ինչու: Որովհետև առանց պատճառի էր: Ոչինչ չէի արել ու հարված ստացա: Նույնիսկ պահեր են եղել, երբ մտածել եմ` վեր կենամ, գնամ այն հեռավոր գյուղը, փնտրեմ-գտնեմ այդ հովվին, մի լավ ծեծեմ, որ սիրտս խաղաղվի, ներսումս հանգստություն իջնի…

Ցավը պիտի պատճառ ունենա, որ տանելի լինի, պատիժը պիտի արարքի հետևանքը լինի, որ արդարացում գտնես: Ծանր մեղք է անմեղին պատժելը…

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: