ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ

19 Փտր

1903-ին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» գիրքն անկասկած մեծագույն թռիչք էր հայ նոր գրականության մեջ: Ամեն կողմից լսում էին հիցմունքի և գոհության խոսքեր, գրքի օրինակները տարածվում էին ու արտագրվում, դրանք հասնում էին Կովկասի ամենահեռավոր անկյունները: Եվ նույնիսկ այս դեպքում քիչ չէր նրանց թիվը, ովքեր պատրաստ էին ամեն գնով նսեմացնել բանաստեղծի վաստակը, մերկապարանոց մեղադրանքներով արժեզրկել ու վատաբանել բացառիկ ձեռքբերումը: Հնարավո՞ր է այսօր հավատալ, որ ժամանակին ինչ-որ մեկը Թումանյանի մասին կարող էր հնչեցնել այսպիսի տողեր. «…Երգիչը ոտանավոր գրող է, պառնասական շինծու և անհիմն գոռոզության բանաստեղծ, առանց իդեալի, առանց առաջնորդող աստղի, միշտ ճնշված այն ճշմարտության տակ, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ցանկանում»:
Խորապես վիրավորված Թումանյանին պաշտպան կանգնեցին նրա տաղանդի երկրպագուներն ու գրչակից ընկերները: Իշխանուհի Մարիամն, ինչպես միշտ, առաջիններից մեկն էր: Հիմա արդեն նրանց հարաբերությունները թևակոխել էին այն փուլը, երբ երկուսն էլ կարող էին պնդել, որ դա համակիրների բարեկամություն էր, մի մտերմություն, որ ընդունված է կոչել հոգևոր կապվածություն: Բայց որքա՞ն է վիճակված անխաթար պահել հոգեկան կապը, որպեսզի այն դուրս չհորդի իր ափերից ու չպահանջի ավելին: Եվ մի օր վրա հասավ անկեղծության պահը:
Այդ ճակատագրական օրվա մասին թափանցիկ հիշողությունները մեզ են ներկայանում իրենց հուզիչ մանրամասներով` քողազերծելով հույզերի այն դրաման, որ ի սկզբանե զրկված էր հանգուցալուծումից և դատապարտված մշտական զղջման: Սովորական հանդիպումը վերածվում է սիրո խոստովանության: Թումանյանը վերջապես համարձակվում է պատմել իր զգացմունքների մասին, որոնք այնպես հմտորեն թաքցրել էր: Մարիամի համար դա մեծ անակնկալ էր. «Նրա փայլուն աչքերը թափանցեցին իմ սրտի խորքերը. նա մեկնեց իր ձեռքը դեպի ինձ ու… կարծես քողը ընկավ իմ աչքերից ու մի րոպեում ես ամեն բան հասկացա… Իսկույն վեր թռա տեղիցս, բայց գլուխս պտտվեց ու վայր պիտի ընկնեի, եթե Թումանյանը չառներ ինձ իրա գիրկը: Աչքերս փակվեցին ու ես չէի տեսնում Թումանյանի դեմքի արտահայտությունը, միայն լսում էի նրա սրտի բաբախումը: Նա այլևս չէր խոսում, իմ գլուխն էլ չլմած էր ու մեզ շրջապատող լռությունը ոչնչով չէր ընդհատում այդ վսեմ րոպեները: Որքան ժամանակ մնացինք այդ դրության մեջ, ես չեմ կարող ասել. դռան զանգի ուժեղ ձայնը սթափեցրեց մեզ: Ես կամացուկ ազատվեցի Թումանյանի գրկից ու առանց խոսք ասելու նրան՝ մտա սենյակ: Թումանյանն էլ անմիջապես հրաժեշտ տվեց ու տուն գնաց: Այդ գիշեր ինձ թվում էր, որ կրակի մեջ այրվում եմ: Ես սկսեցի մեկ-մեկ հիշել մի քանի դեպքեր, որ ինձ անհասկանալի էին թվում իր ժամանակին, իսկ Թումանյանի խոստովանությունից հետո կարողացա դրանց բացատրությունը գտնել: Անկեղծ եմ ասում, որ երբեք մտքովս անգամ չէր անցնում, որ Թումանյանը կարող էր սիրահարված լինել ինձ…»:
Անկեղծացման արձագանքն այլընտրանք ունենալ չէր կարող: Իշխանուհին իր բարեկամին բացատրեց, որ քնքուշ բարեկամությունից զատ ուրիշ զգացմունք չի կարող երևակայել: Սակայն սրանք ընդամենը այն բառերն էին, որոնք պարտավոր էին հնչել: Մինչդեռ սիրտը այլ պատասխան ուներ, որը բնավ չէր բարձրաձայնվելու: Հետո միայն, երբ հոգիները խաղաղվել էին, Մարիամը պիտի խոստովաներ. «Այդ խոսքերը իմ մեջ խոր ափսոսանքի զգացումներ առաջացրին: Ինչո՞ւ այնպես դասավորվեց իմ կյանքը…»: Իսկ Թումանյանը պիտի գրեր. «Ես շարունակ ափսոսում եմ, թե ինչու… Բայց ավելորդ ինչուներ են: Անցել է, և ամեն ինչ պետք է անցնի, իսկ մենք էնքան ենք անշնորհք ու անճաշակ, որ աշխարհքի գեղեցկությունները գեղեցիկ ու սրտալի ապրել- վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքը անվերջ ափսոսանք է»:
Ինչ- որ մի բան բեկվել ու կորստի էր տրվել անվերադարձ: Արգասավոր «Աբասթումանի աշունից» հետո մի քանի տարին Թումանյանը գրեթե ոչինչ չգրեց…

cjb6klll468bno8xw4d42o0ip-thumb-img-4568-1024-copy-copy.5.175.735.535.full

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s