ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԵՐԸ

19 Փտր

Թումանյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ աշնանային մի օր թիֆլիսյան խուլ փողոցներից մեկում հանդիպեց Օլգա Մաճկալյանին: Հրապուրված երիտասարդը շատ արագ ճշտեց, որ աղջիկը այն նույն Տեր Հովհաննեսի դուստրն է, ում հետ նա աշխատում էր կոնսիստորիայում, և հաջորդ օրն իսկ ինչ-որ պատրվակ հորինելով` այցելեց նրանց: Հետո այցերը դարձան հաճախակի, իսկ պատրվակ փնտրելն` այլևս անիմաստ, քանի որ օրիորդի ծնողներին նույնպես դուր էր եկել գեղեցկադեմ, կիրթ, հավասարակշռված երիտասարդը: Այս հարցում Տեր Հովհաննեսը նույնիսկ ավելի հեռուն գնաց` մտադրվելով ապագա փեսային քահանա ձեռնադրել և նրա տնօրինությանը հանձնել իր ծխերը: Օլգայի մայրն անհամեմատ զուսպ էր, թեև վերջինս ավելի շատ հակված էր վստահելու նախախնամությանը: Ահա թե ինչ է պատմել Օլգան իրենց առաջին տարեմուտի մասին. «1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել»:
Թռչնի թևով ավետվածը շուտով ի կատար ածվեց: Նշանադրությունը կայացավ նույն տարվա մարտի 24-ին` հարազատների մասնակցությամբ և օրհնությամբ: Իսկ դեկտեմբերին նրանք ամուսնացան:
Անօթևան փեսան տեղափոխվեց կնոջ ծնողների տուն: Նա ձեռքին ընդամենը մի փոքրիկ կապոց ուներ` իր հագուստը և երկու գիրք: Սակայն գլխավերևում ծածկ ունենալու հանգամանքը դեռ չէր ազատում հին պարտքերից (նա պարտամուհակ էր տվել նախկին տանտիրոջը վարձի դիմաց ու դեռ մի քանի տարի պիտի նրա կողմից հետապնդվեր ու վճարումներ կատարեր), հետո առանց այդ էլ անմխիթար վիճակին այժմ գումարվում էր նորաստեղծ ընտանիքի հոգսը, և թերևս այդ ծայրահեղ կարիքն էր, որ բանաստեղծին հարկադրում էր մերթ իր համաձայնությունը տալ քահանա դառնալու դրդումներին, մերթ հաշտվել հաշվապահ աշխատելու առաջարկի հետ: Ճիշտ է, թե մեկից, թե մյուսից այնուամենայնիվ հաջողվեց ազատվել, բայց մի՞թե դա կարող էր սփոփանք լինել: Նրան անհրաժեշտ էր ավելին, քան սոսկ կեցության խնդիրն էր պահանջում, և նվազագույնը` երազանքների դռները բաց պահելու համար:

150

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s