Պահոց | 5:03 ե.

Կեցցե գրականությունը, որ քաղաքական կյանքի ուղղորդիչ է դառնում. Հովիկ Չարխչյանը՝ Փաշինյանի ասմունքի մասին

19 Փտր

Armdaily.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասմունքների մասին, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց, որ միայն խրախուսել կարող է այն փաստը, որ երկրի ղեկավարը գիտի գրականություն և պատեհ առիթներով հնչեցնում է բանաստեղծական միտքը: ‹‹Ինձ համար էական չէ, թե որտեղ է դա արտասանվում և ինչպես է արտասանվում: Այնտեղ, որտեղ առկա է պոեզիան, ամեն բան նոր երանգ է ստանում: Սա ոչ միայն զգացմունքային շեշտադրում է, այլև վերաբերմունք ու աշխարհընկալում: Եվ ուրեմն կեցցե գրականությունը, որ քաղաքական կյանքի ուղղորդիչ է դառնում››,-նշեց նա: Մեր այն հարցին, թե շուտով նշվելու է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակը, ինչ միջոցառումներ են նախատեսվում, գրականագետը նկատեց.‹‹Անկեղծ ասած, ես կարիք չունեմ սպասելու որևէ հոբելյանական տարեթվի, որ հայացք նետեմ թումանյանական աշխարհի վրա: Իսկ ընդհանուր առմամբ բանաստեղծի 150-ամյակի տոնակատարությունները լավ հնարավորություն են ևս մեկ անգամ արժևորելու մշակույթի, գրականության դերը մեր կյանքում: Դա թույլ կտա ոչ միայն մեր հարգանքն արտահայտելու մեծերի հանդեպ, այլև խթանելու նոր ժամանակների մեջ ծնունդ առնող գրավոր խոսքը՝ իբրև արարման, վերաիմաստավորման գործընթացների անբաժանելի բաղկցուցիչ: Թումանյանը եղել է ու կա: Սակայն կյանքն առաջ է ընթանում և պահանջում է նոր թումանյանների հայտնություն››:

1արխիվ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

19 Փտր

1919 թվականի փետրվարյան մի օր անսովոր եռուզեռ էր Թիֆլիսիում: Քաղաքի տարբեր անկյուններից մարդկանց մեծ ու փոքր խմբերը շարժվում էին դեպի նույն վայրը` Վոզնեսենսկայա փողոց թիվ 18 տունը, որտեղ ապրում էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Այս օրը գրողի ծննդյան օրն էր: Նա դառնում էր 50 տարեկան:
Հավաքվել էր մի խառնիճաղանջ ու բազմալեզու բազմություն` հայեր, ռուսներ, վրացիներ, թաթարներ, հրեաներ… Հնչում էր երաժշտությունը, աշակերտներն ասմունքում էին, լսվում էին զվարթ վանկարկումներ ու ծափողջույններ: Վերջապես բացվեց պատշգամբի դուռը և երևաց բանաստեղծը: Նա առաջ եկավ, թույլ մատները հպեց բազրիքին ու նայեց փողոցին: Բազմությունը մի պահ ալիքվեց ու լռեց: Բոլորը սպասում էին Թումանյանի խոսքին: Բայց նա շարունակում էր լռել, իսկ հայացքը հուշում էր, որ կան պահեր, երբ բառերն ավելորդ են: Այն, ինչ կատարվում էր շուրջը, գնահատանքի ու երախտիքի ամենաանկեղծ տուրքն էր, որ կերազեր ամեն մի արվեստագետ: Դա Թումանյանի աստեղային ժամն էր, որ նա վաստակել էր ազնվաբար: Սակայն ի՞նչ գնով: Թերևս միայն իրեն էր հայտնի, թե ինչ արժեր մեծ թռիչքի հատուցումը, թե բարձունքին հասնելու համար որքան դժվարին, ծանր ու երկար էր եղել դեպի վերելք տանող ճանապարհը:

hovhannes_tumanyan11-770x510

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

19 Փտր

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր:

893933

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ

19 Փտր

1903-ին լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» գիրքն անկասկած մեծագույն թռիչք էր հայ նոր գրականության մեջ: Ամեն կողմից լսում էին հիցմունքի և գոհության խոսքեր, գրքի օրինակները տարածվում էին ու արտագրվում, դրանք հասնում էին Կովկասի ամենահեռավոր անկյունները: Եվ նույնիսկ այս դեպքում քիչ չէր նրանց թիվը, ովքեր պատրաստ էին ամեն գնով նսեմացնել բանաստեղծի վաստակը, մերկապարանոց մեղադրանքներով արժեզրկել ու վատաբանել բացառիկ ձեռքբերումը: Հնարավո՞ր է այսօր հավատալ, որ ժամանակին ինչ-որ մեկը Թումանյանի մասին կարող էր հնչեցնել այսպիսի տողեր. «…Երգիչը ոտանավոր գրող է, պառնասական շինծու և անհիմն գոռոզության բանաստեղծ, առանց իդեալի, առանց առաջնորդող աստղի, միշտ ճնշված այն ճշմարտության տակ, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ցանկանում»:
Խորապես վիրավորված Թումանյանին պաշտպան կանգնեցին նրա տաղանդի երկրպագուներն ու գրչակից ընկերները: Իշխանուհի Մարիամն, ինչպես միշտ, առաջիններից մեկն էր: Հիմա արդեն նրանց հարաբերությունները թևակոխել էին այն փուլը, երբ երկուսն էլ կարող էին պնդել, որ դա համակիրների բարեկամություն էր, մի մտերմություն, որ ընդունված է կոչել հոգևոր կապվածություն: Բայց որքա՞ն է վիճակված անխաթար պահել հոգեկան կապը, որպեսզի այն դուրս չհորդի իր ափերից ու չպահանջի ավելին: Եվ մի օր վրա հասավ անկեղծության պահը:
Այդ ճակատագրական օրվա մասին թափանցիկ հիշողությունները մեզ են ներկայանում իրենց հուզիչ մանրամասներով` քողազերծելով հույզերի այն դրաման, որ ի սկզբանե զրկված էր հանգուցալուծումից և դատապարտված մշտական զղջման: Սովորական հանդիպումը վերածվում է սիրո խոստովանության: Թումանյանը վերջապես համարձակվում է պատմել իր զգացմունքների մասին, որոնք այնպես հմտորեն թաքցրել էր: Մարիամի համար դա մեծ անակնկալ էր. «Նրա փայլուն աչքերը թափանցեցին իմ սրտի խորքերը. նա մեկնեց իր ձեռքը դեպի ինձ ու… կարծես քողը ընկավ իմ աչքերից ու մի րոպեում ես ամեն բան հասկացա… Իսկույն վեր թռա տեղիցս, բայց գլուխս պտտվեց ու վայր պիտի ընկնեի, եթե Թումանյանը չառներ ինձ իրա գիրկը: Աչքերս փակվեցին ու ես չէի տեսնում Թումանյանի դեմքի արտահայտությունը, միայն լսում էի նրա սրտի բաբախումը: Նա այլևս չէր խոսում, իմ գլուխն էլ չլմած էր ու մեզ շրջապատող լռությունը ոչնչով չէր ընդհատում այդ վսեմ րոպեները: Որքան ժամանակ մնացինք այդ դրության մեջ, ես չեմ կարող ասել. դռան զանգի ուժեղ ձայնը սթափեցրեց մեզ: Ես կամացուկ ազատվեցի Թումանյանի գրկից ու առանց խոսք ասելու նրան՝ մտա սենյակ: Թումանյանն էլ անմիջապես հրաժեշտ տվեց ու տուն գնաց: Այդ գիշեր ինձ թվում էր, որ կրակի մեջ այրվում եմ: Ես սկսեցի մեկ-մեկ հիշել մի քանի դեպքեր, որ ինձ անհասկանալի էին թվում իր ժամանակին, իսկ Թումանյանի խոստովանությունից հետո կարողացա դրանց բացատրությունը գտնել: Անկեղծ եմ ասում, որ երբեք մտքովս անգամ չէր անցնում, որ Թումանյանը կարող էր սիրահարված լինել ինձ…»:
Անկեղծացման արձագանքն այլընտրանք ունենալ չէր կարող: Իշխանուհին իր բարեկամին բացատրեց, որ քնքուշ բարեկամությունից զատ ուրիշ զգացմունք չի կարող երևակայել: Սակայն սրանք ընդամենը այն բառերն էին, որոնք պարտավոր էին հնչել: Մինչդեռ սիրտը այլ պատասխան ուներ, որը բնավ չէր բարձրաձայնվելու: Հետո միայն, երբ հոգիները խաղաղվել էին, Մարիամը պիտի խոստովաներ. «Այդ խոսքերը իմ մեջ խոր ափսոսանքի զգացումներ առաջացրին: Ինչո՞ւ այնպես դասավորվեց իմ կյանքը…»: Իսկ Թումանյանը պիտի գրեր. «Ես շարունակ ափսոսում եմ, թե ինչու… Բայց ավելորդ ինչուներ են: Անցել է, և ամեն ինչ պետք է անցնի, իսկ մենք էնքան ենք անշնորհք ու անճաշակ, որ աշխարհքի գեղեցկությունները գեղեցիկ ու սրտալի ապրել- վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքը անվերջ ափսոսանք է»:
Ինչ- որ մի բան բեկվել ու կորստի էր տրվել անվերադարձ: Արգասավոր «Աբասթումանի աշունից» հետո մի քանի տարին Թումանյանը գրեթե ոչինչ չգրեց…

cjb6klll468bno8xw4d42o0ip-thumb-img-4568-1024-copy-copy.5.175.735.535.full

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

19 Փտր

Երիտասարդ Թումանյանը: Եռանդուն, կենսախինդ, մարդամոտ: Առաջին գործերը լույս ընծայելուց հետո նա ընդարձակում էր իր շրջապատը: Նոր ծանոթություններ, նոր դեմքեր, նոր կապեր: Նրանց շարքում քիչ չէին տարեկից, ազատամիտ գաղափարներով տոգորված երիտասարդները, որոնց հավաքներում գրողը ևս վարակվում էր ընդվզող ոգու համարձակությամբ, վերահաստատում ու լրացնում էր ժամանակի ընթացքն արժևորելու իր հայացքները: Սակայն երիտասարդությունը հարազատ չէր մնա իր էությանը, եթե այդ ամենը չլրացներ անբռնազբոս խենթություններով, կյանքի հաճույքները վայելելու ծարավով, արկածներով ու խնջույքներով: Ինչ խոսք, դժվար էր դիմակայել այդ գայթակղությանը: Թումանյանի համար` հատկապես: Երբեմն այդ հավաքները ձգվում էին մինչև լուսաբաց, և նա տուն էր գալիս, որպեսզի առավոտի հետ նոր հրավերքներ ընդուներ գինարբուքների ու խրախճալից երեկոների համար: Իր այդ օրերի զգացողությունների ու տպավորությունների մասին Թումանյանն անկեղծորեն խոստովանում էր ընկերոջը գրած նամակում. «Ինչ լավ բան է եղել հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփութ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել»:
«Սալոնային» խմբակներում գեղեցկադեմ երիտասարդի ներկայությունը հաճելի էր հատկապես կանանց համար, որոնք միշտ էլ նրանից կարող էին ակնկալել որևէ հաճոյախոսություն կամ մի ջերմ հայացք: «Օլյան ուզում է ինձնից մի բողոք ուղարկել, չլսես: Մի՞թե կհավատաս ինձանից, իբրև թե օրիորդների հետ շատ սիրալիր եմ»,- գրում էր Թումանյանը նույն նամակում:
Իսկ արդյո՞ք պետք էր այս հարցում լիովին հավատ ընծայել բանաստեղծին: Գուցե իրապես ճշմարիտ է այն պնդումը, թե անհնար է մոլորեցնել կնոջ սիրտը, որ պատրաստ է կռահել անգամ ամենամութ գաղտնիքը:
Գաղտնիքը, որպես այդպիսին, դեռ չկար: Բայց արդեն կար նա, ով պատրաստ էր լինել ավելին, քան մյուսները՝ մնալով պատշաճության սահմաններից ներս: Նրա անունն էր իշխանուհի Մարիամ Թումանյան:

50628607_2454284114644038_6300904816382050304_o

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԵՐԸ

19 Փտր

Թումանյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ աշնանային մի օր թիֆլիսյան խուլ փողոցներից մեկում հանդիպեց Օլգա Մաճկալյանին: Հրապուրված երիտասարդը շատ արագ ճշտեց, որ աղջիկը այն նույն Տեր Հովհաննեսի դուստրն է, ում հետ նա աշխատում էր կոնսիստորիայում, և հաջորդ օրն իսկ ինչ-որ պատրվակ հորինելով` այցելեց նրանց: Հետո այցերը դարձան հաճախակի, իսկ պատրվակ փնտրելն` այլևս անիմաստ, քանի որ օրիորդի ծնողներին նույնպես դուր էր եկել գեղեցկադեմ, կիրթ, հավասարակշռված երիտասարդը: Այս հարցում Տեր Հովհաննեսը նույնիսկ ավելի հեռուն գնաց` մտադրվելով ապագա փեսային քահանա ձեռնադրել և նրա տնօրինությանը հանձնել իր ծխերը: Օլգայի մայրն անհամեմատ զուսպ էր, թեև վերջինս ավելի շատ հակված էր վստահելու նախախնամությանը: Ահա թե ինչ է պատմել Օլգան իրենց առաջին տարեմուտի մասին. «1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց: Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել»:
Թռչնի թևով ավետվածը շուտով ի կատար ածվեց: Նշանադրությունը կայացավ նույն տարվա մարտի 24-ին` հարազատների մասնակցությամբ և օրհնությամբ: Իսկ դեկտեմբերին նրանք ամուսնացան:
Անօթևան փեսան տեղափոխվեց կնոջ ծնողների տուն: Նա ձեռքին ընդամենը մի փոքրիկ կապոց ուներ` իր հագուստը և երկու գիրք: Սակայն գլխավերևում ծածկ ունենալու հանգամանքը դեռ չէր ազատում հին պարտքերից (նա պարտամուհակ էր տվել նախկին տանտիրոջը վարձի դիմաց ու դեռ մի քանի տարի պիտի նրա կողմից հետապնդվեր ու վճարումներ կատարեր), հետո առանց այդ էլ անմխիթար վիճակին այժմ գումարվում էր նորաստեղծ ընտանիքի հոգսը, և թերևս այդ ծայրահեղ կարիքն էր, որ բանաստեղծին հարկադրում էր մերթ իր համաձայնությունը տալ քահանա դառնալու դրդումներին, մերթ հաշտվել հաշվապահ աշխատելու առաջարկի հետ: Ճիշտ է, թե մեկից, թե մյուսից այնուամենայնիվ հաջողվեց ազատվել, բայց մի՞թե դա կարող էր սփոփանք լինել: Նրան անհրաժեշտ էր ավելին, քան սոսկ կեցության խնդիրն էր պահանջում, և նվազագույնը` երազանքների դռները բաց պահելու համար:

150

%d bloggers like this: