Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան

9 Փտր

Կառավարության ծրագիրն արդեն երեք օր է հասանելի է հանրությանը։ Այն դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողով։ Օրենսդրի անդամները դեռ կհասցնեն իրենց կարծիքները հայտնել ծրագրի վերաբերյալ, իսկ տարբեր ոլորտների մասնագետներ արդեն փորձում են վերլուծել իրենց ոլորտին վերաբերող կետերը, համեմատում նախկին ծրագրերի հետ, փորձում գտնել տարբերություններ։

Գրականագետ Հովիկ Չարխչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագրի նախագծի՝ մշակույթին առնչվող բաժինն ընթերցելիս այնպիսի զգացողություն ես ունենում, որ սա նախկինում արդեն մի քանի անգամ ընթերցված շարադրանք է, և հիմա գործադիրն ընդամենը որոշել է թարմացնել մեր հիշողությունը:

Նրա գնահատմամբ, ծրագրում թվարկված բոլոր խոստումները և ուղենիշներն արդեն եղել են նախորդ տարիներին և մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց անլիարժեքությունը: Գրականագետն ասաց, որ ոլորտի ինքնադրսևորման մարտավարության որևէ նոր խոսք, փոփոխություն չկա, որն իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իշխանությունները մշակույթի հարցում տրվելու են իներցիային, ասել է, թե կլինի այնպես, ինչպես եղել է միշտ:

«Նպատակների իրագործման համար վերստին ընտրվել են հին, արդեն բարոյապես մաշված «գործիքները»՝ չունենալով ոչ մի թարմ, ինքնատիպ, ժամանակի հետ համահունչ կիրառական գաղափար կամ մեթոդաբանություն: Այդ իսկ պատճառով էլ այլևս զարմանալի չի թվում, որ, օրինակ, կառավարությունը պարտավորվում է պահպանել ու հանրայնացնել պատմամշակութային ժառանգությունը, իրականացնել քարոզչություն, խթանել հանրային լայն մասնակցությունը, բայց ոչ մի խոսք չկա նոր մշակույթի ստեղծման ու մատուցման համար տարրական պայմանների ապահովման մասին: Այլ կերպ ասած՝ իրենց եղածն էլ բավարար է, իսկ ցանկացած նոր բան թող իր գլխի ճարը տեսնի: Տպավորությունն այնպիսին է, որ սա ոչ թե պետության, այլ զբոսաշրջային մի ընկերության ծրագիր է, որը ջանում է առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով»,- նշեց Հովիկ Չարխչյանը:

Աղբյուր` Panorama.am12.thumb

 

Թողնել մեկնաբանություն