Պահոց | 4:17 ե.

ՈՒՄ Է ՊԵՏՔ ՊՈՄՊՈՆԸ

9 Փտր

Ձմեռ է: Շատերն են այսօր գլխարկ կրում: Իսկ առավել տարածված են ձմեռային այն գլխարկները, որոնց վրա թելերի գնդաձև խուրձ կամ, ինչպես ընդունված է ասել, պոմպոն կա: Անվանումն առաջացել է ֆրանսերեն pompe (պերճանք) բառից: Սակայն քչերը գիտեն, թե որտեղից է դա գալիս և ինչ կիրառական նշանակություն ունի:
Պոմպոն առաջին անգամ սկսեցին գործածել բանակում, 18-րդ դարից: Ըստ դրանց գույների կարելի էր իմանալ՝ դիմացինը շարքային է, թե՞ սպա: Իսկ ահա անգլիացի նավաստիները պոմպոն էին կրում բոլորովին այլ նպատակով: Այն ժամանակներում նավախցերը ցածր առաստաղ ունեին և գլխարկին ամրացված թելերի գունդը գլուխը պաշտպանում էր հարվածից:
Հիմա գնդաձև խուրձը բացառապես դեկորատիվ դրվագ է և ձմռան հետ ասոցացվող հմայիչ արտահայտչամիջոց:

pompon-fakty

ՀՅՈՒԳՈՅԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՒԸ

9 Փտր

Գրողների տարօրինակությունների մասին շատ է գրվել, բայց դրանց շարքում Վիկտոր Հյուգոն առանձնահատուկ է: Բանն այն է, որ Հյուգոն ժամանակ առ ժամանակ «մարտնչում էր» սեփական ծուլութան դեմ, քանի որ սովորություն ուներ կիսատ թողնել սկսած գործը: Կրկին գրասեղանի մոտ վերադառնալու համար նա դիմում էր զանազան խորամանկությունների: Օրինակ, «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպը գրելիս նա սափրեց իր գլխի կեսը, որ հարկադրված լիներ տնից դուրս չգալ և աշխատել: Իսկ մի անգամ նա ամբողջովին մերկացավ և հրամայեց ծառաներին տնից դուրս տանել իր հագուստները ու չվերադարձնել, քանի դեռ ստեղծագործությունն ավարտին չէր հասցրել:

Hugo

ՆԱԽԱՏԻՊԸ

9 Փտր

Ալեքսանդր Դյումայի վեպերի հանրահայտ հերոսը՝ դ’Արտանյանն ունեցել է իրական նախատիպ: Նրան կոչել են Շարլ դը Բաս դ’Արտանյան: Ծնվել է 17-րդ դարի սկզբին, Գասկոնիայում: Մեծ պատիվներ ու ճանաչում ձեռք բերելով զինվորական ծառայության մեջ, վերջինս որոշում է ամուսնանալ: Սակայն պսակադրությանը հաջորդած 6 տարիների ընթացքում ընդամենը 2 անգամ է այցելում կնոջը: Վիրավորված կինն ի վերջո զայրանում է ու մտնում է մենաստան: Իսկ դ’Արտանյանը վախճանվել է 1673 թվականին: Այդ մասին գրել են նաև այն ժամանակվա թերթերը:

018

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ

9 Փտր

Երբ միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերը 97 տարեկան էր, նրա կյանքի համար մտահոգված բժիշկների առաջարկով ամեն օր տպագրում էին մի թերթ, որն իր ձևով և կառուցվածքով չէր տարբերվում «Նյու Յորք թայմզ»-ից: Բայց այդ թերթի համարները լի էին բացառապես լավատեսական նյութերով, որոնք տեղեկացնում էին, թե իբր տնտեսական ճգնաժամն ավարտվել է, գործազուրկներ չկան, գտնվել է քաղցկեղի բուժումը և համանման այլ ուրախալի «փաստեր»: Ճիշտ է, միլիարդատերը խաբվում էր, բայց փոխարենը շարունակում էր ապրել:

gazeta

ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

9 Փտր

1989 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում էքստրասենս Է. Ֆրենկելը հայտարարեց, թե իր բացառիկ ունակության շնորհիվ կարող է կանգնեցնել ցանկացած տրանսպորտային միջոց և ոչ մի վնասվածք չստանալ: Ապացույցի համար նա որոշեց կանգնեցնել բեռնատար գնացքը: Գնացքի մեքենավարը հասցրեց միայն տեսնել, թե ինչպես Ֆրենկելը մի կողմ նետեց իր պայուսակը, կանգնեց գծերի վրա ու լարեց մարմինը: Մեքենավարը սեղմեց վթարային արգելակը, բայց արդեն ուշ էր…

* * *
Նույն 1989 թվականի վերջին Ավստրալիայում քունկ-ֆու մարտարվեստի սանը իր ուսուցչից լսեց հետևյալ խոսքերը. «Դու այժմ հասել ես այն մակարդակին, որ մերկ ձեռքերով կարող ես գիշատիչ սպանել»: Տպավորված աշակերտը ոգևորվեց և գիշերը գնաց Մելբուռնի կենդանաբանական այգի: Նա թափանցեց այգու տարածք, մտավ առյուծի վանդակը և մարտական դիրք ընդունեց:
Վաղ առավոտյան գազանանոցի աշխատակիցները վանդակում գտնան երիտասարդի հոշոտված մարմինը:

Starker Geschäftsmann

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

9 Փտր

Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը: Բեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում մասնավորապես սոցիալական քաղաքականությունը մշակելիս պետական գործիչներն սկսել են լրջորեն մտածել հասարակական երջանկության մասին: Կահնեմանը համոզված է, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մարդիկ կսկեն վիճել, թե ինչ են նրանք ուզում` երջանկություն, թե կյանքի բարձր որակ: «Երջանկության նախագիծն» իր տևողությամբ դեռևս թույլ չի տալիս որոշակի եզրահանգումներ անել երջանկության համահայկական ընկալման շուրջ: Թերևս, ընդհանուր եզրակացություններ երջանկության մասին, որ այն պահն է` որսա, հոգու, սրտի, մտքի և գործողության ներդաշնակությունն է, սիրելու ունակությունն է, սիրած գործով զբաղվելն է, հայրենի երկրում ապրելն է, ամեն օր արթնանալն է: Բայց մի բան հաստատ է` Հայաստանի քաղաքագիտական միտքը շուտով պետական մակարդակով հաշվի է նստելու քաղաքականության մշակման այս նոր ըմբռնման հետ, որ մեծ նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և ինքնաճանաչման համար: Մոտ ապագայում երջանկությունը հստակ քաղաքական օրակարգ է դառնալու` չափման կոնկրետ միավորներով ու ձևաչափերով: «Երջանկության նախագիծը», կարծում եմ, կնպաստի երջանկության պատկերացման և հաշվառման քայլերին:

Գրող Հովիկ Չարխչյան.

Կար մի շրջան, երբ ես համոզված էի, որ երջանկության համար բանաձև գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր մարդ երջանկության իր պատկերացումն ունի: Բայց վերջին շրջանում սկսել եմ այլ կերպ մտածել. եթե նրանք, ում դու սիրում ես, երջանիկ են, ուրեմն դու կարող ես քեզ համարել ամենաերջանիկ մարդը: Մյուս կողմից երջանկության պատկերացման առկայությունը խանգարում է ճիշտ ընկալել երևույթները, ճիշտ սահմանել կյանքի իմաստը` դառնալով մի նշաձող, որին ձգտելիս կարող ես չնկատել, չարժևորել շատուշատ կարևոր բաներ, կարճ ասած` հայտնվել Հովհ. Թումանյանի «Հիմար մարդը» հեքիաթի հերոսի կարգավիճակում, երբ գնում էր խոստացված երջանկությունը գտնելու և անընդհատ չէր նկատում ճանապարհին հանդիպած երջանկությունները: Դրա համար ես հակված եմ ավելի քիչ մտածել երջանիկ լինելու մասին, բայց անելու ամեն ինչ, որը գոնե կմոտեցնի երջանկության սահմաններին, եթե, իրոք, այդպիսի բան գոյություն ունի:

Անձնական երջանկություն.

Հենց հիմա անձնական երջանկության աստեղային ժամս եմ ապրում ամեն աստծո օր, երբ դուռը բացում եմ և տեսնում թոռնիկիս: Ավելին երբեք չեմ պահանջի աստծուց, ավելին չեմ էլ երազի: Այդ փոքրիկ մարդուկը հիմնավորապես վերափոխել է իմ հայացքը աշխարհի, մարդկանց հանդեպ: Երբ զայրացած եմ, տնեցիները գիտեն, որ ինձ շտապ պետք է տանել թոռնիկիս մոտ, որովհետև նրան տեսնելուց հետո այն, ինչ հունից հանել էր ինձ, դառնում է սովորական բան, նույնիսկ զարմանում եմ` ինչո՞ւ էի այդպես զայրացել: Ես ապրում եմ իմ թոռնիկով, շնչում եմ նրանով: Իմ երջանկությունը հիմա անուն-ազգանուն ունի` Հովիկ Չարխչյան կրտսեր:

Մասնագիտական երջանկություն.

Մասնագիտական երջանկությունը բոլորովին կապված չէ մասնագիտական հաջողության հետ: Մասնագիտական երջանկության վերին նիշը ստեղծագործական պրոցեսն է, երբ քո մտքերը, քո հույզերը, քո ապրումները տող, պարբերություն, էջ են դառնում: Ու հանկարծ մի օր հանդիպում ես մարդկանց, որ հուզվել են քո գրած տողից, մտածել են քո գրածի շուրջ, ի վերջո, համամիտ են քեզ: Հասցեագրել խոսք, միտք, ապրում և մի օր տեսնել, որ այն հասել է ընթերցողին` այս ամենի մեջ երջանկության շատ գեղեցիկ գույներ կան: Երջանկություն է, երբ դու քեզ համարում ես ավագ սերունդ, բայց տեսնում ես, որ տարիների տարբերությունը չի խանգարում, որպեսզի նոր սերնդի հետ զրուցես նույն լեզվով, և այդ զրույցի կայացման համար լինի փոխըմբռնման դաշտ: Այսինքն` դու միայն քո ժամանակի մեջ չապրեցիր, հույս ունես, որ գալիք ժամանակներում էլ կապրես, կապող կամուրջ դառնալ երկու ժամանակների համար:

Հանրային երջանկություն.

Այսօրվա պես հիշում եմ` 1992-ի մայիսին փողոց դուրս եկա և ականջիս զրույց ընկավ, որ մերոնք մտել են Շուշի: Չեմ կարող պատմել, թե ինչ զգացի: Հետո մեր գյուղի կենտրոնում մեծ կաթսաներ էին դրել և մատաղ էին անում հաղթանակի առթիվ: Մսերը բաժանում էին անցորդներին, և մեզ թվում էր, որ մենք էլ բաժին ունենք այդ հաղթանակից: Մարդիկ նման դեպքերում տարբեր կոչեր են վանկարկում, ես չեմ կարողանում միանալ այդ վանկարկումներին, բայց ամբողջ մարմնով, ամեն բջիջով ցնծացել եմ այդ հաղթանակի համար: Մեզ կենսականորեն անհրաժեշտ էր այդ շոշափելի, առարկայական հաղթանակը, ուժի ցուցադրման հաղթությունը: Քարտեզի վրա գիծ էր քաշվել, որը քո’ գիծն է, դա քո’ տարածքն է: Սա խենթանալու երջանկություն էր: Կամ ապրիլյան հեղափոխության օրերին ինչպես կարելի էր երջանիկ չզգալ, երբ արդեն պարզ էր, որ բացվում են դռները հեղափոխության առաջ և դու նոր, ուրիշ Հայաստանի հեռանկարն ես տեսնում: Խնդրում եմ, գոնե հիմա եկեք տեղծենք այն երկիրը, որի մասին երազում ենք` ազնվության, բարեկեցության, ստեղծարարության, մարդկային առողջ հարաբերությունների երկիր: Ես դողում եմ ամեն անցնող օրվա համար, սիրտս շատ ցավում է, երբ վրիպում եմ տեսնում, ասում եմ` տղերք, ուշադիր եղեք, հանգիստ գործեք, ամեն ինչ լավ է, մի ամբողջ ժողովուրդ ձեր մեջքին կանգնած է, և սա էլ իշխանությունների երջանկությունն է:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ես իմ երկիրն այնքան շատ եմ սիրում, որ նույնիսկ որևէ մակդիր չեմ ուզում դնել նրա կողքին. ուժեղ կլինի, թե թույլ` իմ սերը դրանից չի նվազելու: Բնական է, որ պիտի երազեմ երջանիկ մարդկանցով երջանիկ երկրի ուտոպիան տեսանելի լինի և արժանանամ նրան տեսնելու բախտին: 54 տարեկան եմ և հասցրել եմ շատ բաներ տեսնել` խորհրդային երկիր, այդ երկրի փլուզվելն եմ տեսել, նորանկախ երկրի կայացումն եմ տեսել, պատերազմ, երկրաշարժ, հազար տեսակի իշխանավորներ, պայքարի հազար ձևեր. հիմա ինձ խաբելը դժվար է, դրա համար էլ երկրի երջանկության հետ կապված երազանքներս փոքր են: Ուզում եմ, որ ամեն քաղաքացի արժևորված լինի, ոչ թե մարդկանց խումբը, մարդկանց խավը և կամ ընդհանուր հասարակությունը: Ուզում եմ ոչ ոք ուշադրությունից դուրս չլինի և չլինեն կարևորների ու անկարևորների, պիտանիների և անպիտանների, կուսակցականների և անկուսակցականների բաժանարար գծեր: Ես գիտեմ, որ մեծ հաշվով սա անիրագործելի մի բան է, բայց կա մի սահման, որի ներսում իմ երազածը հնարավոր է անել: Հենց այդ փոքրիկ սահմանի մեջ եթե կարողանանք կառուցել այնպիսի հասարակական հարաբերություններ, որտեղ բոլորը հավասար են, սա մեծ արդյունքներ կտա նախևառաջ հասարակական ընկալումներում և մտածողության մեջ: Պիտի փոխվեն կարևորության սահմանները, որ չափվում է գրպանի պարունակությամբ և զբաղեցրած դիրքով: Ինձ համար խոնարհումի արժանի է այն մարդը, որ հիմա դաշտում աշխատում է, քարը քարի վրա է դնում, տուն կառուցում, հեռավոր գյուղի դասարանում մեկ աշակերտ է կրթում: Արդյո՞ք վարորդը, որ խաղաղ պայմաններում հաց է հասցնում զինվորին պակաս կարևոր է, քան սահմանին կանգնած զինվորը: Նրանք կարևոր են հավասարաչափ, որովհետև մեկն առանց մյուսի չեն կարող լիարժեք լինել: Նույն կերպ` չկան կարևոր և անկարևոր տարածքներ, կարևորագույն աշխարհագրական դիրքեր. բոլորը կարևոր են հավասարապես:

Մարինա Բաղդագյուլյան

25353826_1687825344600953_1047252348540839895_n

Կանանց չհաճոյախոսելով՝ նրանց համակրանքը շահելը արվեստ է. Հովիկ Չարխչյան

9 Փտր

Yelaket.am-ի զրուցակիցն է հրապարակախոս, գրականագետ Հովիկ Չարխչյանը, ով մեզ հետ իր խոհերը կիսեց ամենամեծ հիասթափության,ամենահուզիչ սիրո պատմության, կանանց հաճոյախոսելու և տղամարդու սերը պահպանելու մասին:

-Ո՞րն է գեղարվեստական գործի ամենամեծ արժանիքը:

— Ինքնատիպությունը՝ շաղախված իմաստնությամբ:

-Ըստ Ձեզ՝ Պարույր Սևակի սիրային քնարերգության ո՞ր գործն են արժևորում երիտասարդները և ինչու՞:

— Ընտրությունը շատ անհատական է: Ամեն սերունդ որոնում ու գտնում է իր ներաշխարհի հետ ներդաշնակող հնչերանգը: Ամեն սերունդ «Երգ երգոցն» ընթերցում է իր ձայնով:

-Ձեր սիրո երգը:

— Դա մի երգ է, որ հնչում է ամեն օր, բայց յուրաքանչյուր բացվող առավոտի հետ ինձ թվում է, թե ես այն լսում եմ առաջին անգամ:

-Ո՞րն է ամենահուզիչ սիրո պատմությունը,որ երբևէ ընթերցել եք:

-Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժերակը»:

-Ձեր գրքերից մեկում գրել եք, որ կանայք միշտ ասում են այն, ինչ ամենաքիչն ես ուզում լսել:Այդպե՞ս է:

— Այո, դա այդպես է և նաև դա է կանանց սիրելու պատճառներից մեկը: Եթե նրանք լինեին կանխատեսելի, ամբողջ հմայքը կցնդեր:

-Կնոջը հաճոյախոսելն արվե՞ստ է:

— Կանանց չհաճոյախոսելով՝ նրանց համակրանքը շահելն է արվեստ:

-Ո՞ր հերոսն է <<այրված>> թևերով վազում սիրո հետևից:

— Ասպետ դե Գրիյոն «Մանոն Լեսկոյից»:

-Ո՞րն է տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը:

— Նրա արժանապատվությունը հարգելու կարողությունը:

-Ի՞նչը չեք կարող ներել մարդուն:

— Ոչ մի վատ արարք ներման արժանի չէ:

-Ժամանակն է անցնում, թե՞ մարդը:

— Միշտ և բոլոր դեպքերում՝ մարդը:

-Ի՞նչն է Ձեզ ամենամեծ հիասթափությունը պատճառում:

— Ցինիզմը և գռեհկությունը:

-Մարդու ո՞ր հատկանիշն եք առավել կարևորում. խելացի՞, թե՞ զարգացած:

— Անկասկած՝ խելացին: Զարգացածն ընդհանրապես հատկանիշ չեմ համարում:

-Ինչպիսի՞ն եք տեսնում երկրի գալիքը:

— Դժվարին, սակայն չընկճվող:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

7e95ed13a2e361064ca0538070ed9527

ԳՐՔԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

9 Փտր

Եղելություն է: Մի անգամ ընկերս պատմեց.
— 1993-ին էր: Լուսաբացին հերթական ադրբեջանական գյուղը գրավեցինք: Տնից տուն էինք անցնում, ստուգում էինք՝ հո թաքնված զինյալ չկա՞: Տներից մեկն եմ մտնում ու բերանս բաց է մնում: Շքեղ գրադարան, բացմաթիվ արժեքավոր, հազվագյուտ գրքեր: Առանց հապաղելու սկսեցի դուրս քաշել: Երևի մի 20-25 գիրք առանձնացրեցի ու լցրեցի ուսապարկիս մեջ:
Երեք օր հետո հերթափոխը հանձնեցինք, մեքենայով հետ ենք գալիս: Ծնկներիս եմ դրել գրքերի կապոցը, տրամադրությունս բարձր է: Բավականին ճանապարհ էինք անցել ու հանկարծ անհանգիստ մի կասկած սողոսկեց ներսս: Նայում եմ գրքերին ու մտածում եմ. «Ախր սրանք իմը չեն: Ես գողության պես մի բան եմ արել: Բայց հո թալանչի չե՞մ»:
Ասացի՝ կանգնեցրեք մեքենան: Վարորդն արգելակեց: Ամայի մի վայրում էինք: Իջա վիլիսից, գրքերը դրեցի ճանապարհի եզրին ու ետ եկա. «Գնացինք»: Մեքենան տեղից պոկվեց: Շրջվեցի, մի անգամ էլ նայեցի: Դատարկ ճանապարհի վրա գրքերի կապոցն էր: Իմը չէին: Իմը չդարձան:

Հ. Չ.

depositphotos_198881106-stock-video-old-book-on-the-road

ԴԱԼԻԻ ՄՐՋՆԱԿԵՐԸ

9 Փտր

Լուսանկարում 65-ամյա Սալվադոր Դալին դուրս է գալիս Փարիզի մետրոյից՝ հսկայական մրջնակերի ուղեկցությամբ: Քչերին է հայտնի, որ էքսցենտրիկ նկարիչն իսկապես իր տանը մրջնակեր էր պահում և նրա հետ զբոսանքի էր ելնում՝ կենդանու պարանոցին ոսկեզօծ կապ ամրացրած, իսկ աշխարհիկ ընդունելությունների ժամանակ դնում էր ուսին: Ասում են, որ Սալվադոր Դալիի սերը մրջնակերի նկատմամբ ծնունդ է առել այդ կենդանում մասին Անդրե Բրետոնի «After the Giant Anteater» պոեմն ընթերցելուց հետո:

7518555-R3L8T8D-500-znamenitosti-6

ԱՍԵՂԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

9 Փտր

Բժիշկն ասեղով ծակծկում է ոտքս:
— Ցավու՞մ է,- հարցնում է նա:
— Հա:
— Ի՞նչ եք զգում:
— Զգում եմ, որ ասեղով ոտքս եք ծակում:
Սկսում է ասեղը խրել մյուս ոտքիս մեջ:
— Իսկ հիմա՞,- հարցնում է նա:
— Հիմա էլ է ցավում:
— Տարօրինակ է,- մտահոգ դեմքով ինձ է նայում բժիշկը:
Եվ ես մինչև հիմա ուզում եմ հասկանալ, թե ի՞նչն էր այդքան տարօրինակ: Այդ ի՞նչ ակնկալիքներ ուներ նա իմ ծակծկվող ոտքից, որ ես չարդարացրեցի:

Հ. Չ.

foot pain

Ինչո՞ւ փոխել մի բան, ինչը քո խորհրդանշանն է, դիմագիծն է, նկարագիրն է, էությունը. ո՞րն է դրա իմաստը. Հովիկ Չարխչյան

9 Փտր

ՈՎ Է ԳՆՈՒՄ ՍԱՐԻ ՄՈՏ

9 Փտր

«Եթե սարը չի գնում Մուհամմեդի մոտ, Մուհամմեդն է գալիս սարի մոտ» ասույթն իրականում ոչ մի առնչություն չունի Մուհամմեդ մարգարեի հետ: Հայտնի է, որ առաջին անգամ այս խոսքերը վերագրվել են զվարճախոս Խոջա Նասրեդինին: Ըստ այդ պատմության, Նասրեդինն իրեն սուրբ է հռչակում և հայտարարում է, թե բավական է, որ ինքը պահանջի, և քարը կամ ծառը կմոտենան իրեն: Իբրև ապացույց նա կանչում է ոչ հեռվում աճած կաղնուն: Երեք անգամ կանչում է, բայց ծառն անշարժ է: Եվ այդ ժամանակ ինքն է քայլում դեպի ծառը: «Այդ ու՞ր ես գնում»,- հարցնում են հավաքվածները: «Սրբերը հպարտ չեն: Եթե ծառը չի գալիս, ես ինքս կգնամ նրա մոտ»,- պատասխանում է Նասրեդինը:
Ահա այս պատմությունը անգլիացի գիտնական ու փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը վերաշարադրում է իր «Բարոյական և քաղաքական ակնարկներ» գրքում՝ Նասրեդինին փոխարինելով Մուհամմեդով: Եվ այստեղից էլ լայն տարածքում ստացավ հայտնի արտահայտությունը:

bc2769d44288f18a3a6c17578789271b

32 ՔԱՅԼ

9 Փտր

Սա զարմանալի ու անհավատալի մի պատմություն է, որն իրականում եղել է:
1336 թվականին թագավոր Լյուդվիգ IV Բավարացին մահվան դատապարտեց պալատական Դից ֆոն Շաունբուրգին և նրա 4 համախոհներին պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Մեղավորները պիտի գլխատվեին:
Մահապատժից առաջ, ավանդույթի համաձայն, թագավորը հարցրեց, թե որն է ֆոն Շաունբուրգի վերջին ցանկությունը: Եվ սա պատասխանեց, որ խնդրում է ներում շնորհել իր ընկերներին, եթե ինքը գլխատված վիճակում քայլելով անցնի նրանց կողքով: Ընդ որում, ֆոն Շաունբուրգը հստակեցրեց, որ դատապարտյալները կարող են կագնել մի շարքով՝ մեկը մյուսից 8 մետր հեռավորության վրա: Կարդարացվեն միայն նրանք, ում մոտով գլխատվածը կանցնի: Լսելով այդ զառանցանքը՝ թագավորը քրքջաց և խոստացավ կատարել մահապարտի ցանկությունը:
Դիցը խոնարհվեց: Օդում փայլեց դահճի սուրը և ֆոն Շաունբուրգի գլուխը գլորվեց ներքև: Բայց հենց այդ պահին մարմինը ոտքի կանգնեց և սարսափից քար կտրած ամբոխի հայացքի ներքո շարժվեց դեպի մյուս մահապարտները: Գլխատված մարմինը կատարեց ավելի քան 32 քայլ, հետո կանգ առավ ու փլվեց գետնին:
Թագավորը հավատարիմ մնաց խոստմանն ու ազատ արձակեց խռովարարներին:ricdr

ՏՐԴԱՏԻ ՊԱՏՎԻՆ

9 Փտր

Գլադիատորական մարտերի պատմության մեջ կա մի հետաքրքիր դրվագ, որն արժե իմանալ: Մթա 63 թվականին Ներոն կայսրը հրաման արձակեց, որով արտոնում էր կանանց մասնակցութունը գլադիատորական մրցույթներին: 66 թվականին Պոցուոլի քաղաքում Ներոնը կազմակերպեց մի շքեղ հանդիսություն ի պատիվ Հայոց արքա Տրդատ Առաջինի: Հենց այդ հանդիսության ժամանակ էլ մրցասպարեզ դուրս եկան կին գլադիատորները, որոնք եթովպացիներ էին:

080113

Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան

9 Փտր

Կառավարության ծրագիրն արդեն երեք օր է հասանելի է հանրությանը։ Այն դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողով։ Օրենսդրի անդամները դեռ կհասցնեն իրենց կարծիքները հայտնել ծրագրի վերաբերյալ, իսկ տարբեր ոլորտների մասնագետներ արդեն փորձում են վերլուծել իրենց ոլորտին վերաբերող կետերը, համեմատում նախկին ծրագրերի հետ, փորձում գտնել տարբերություններ։

Գրականագետ Հովիկ Չարխչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագրի նախագծի՝ մշակույթին առնչվող բաժինն ընթերցելիս այնպիսի զգացողություն ես ունենում, որ սա նախկինում արդեն մի քանի անգամ ընթերցված շարադրանք է, և հիմա գործադիրն ընդամենը որոշել է թարմացնել մեր հիշողությունը:

Նրա գնահատմամբ, ծրագրում թվարկված բոլոր խոստումները և ուղենիշներն արդեն եղել են նախորդ տարիներին և մեկ անգամ չէ, որ ապացուցել են իրենց անլիարժեքությունը: Գրականագետն ասաց, որ ոլորտի ինքնադրսևորման մարտավարության որևէ նոր խոսք, փոփոխություն չկա, որն իր հերթին պիտի նշանակի, որ ներկա իշխանությունները մշակույթի հարցում տրվելու են իներցիային, ասել է, թե կլինի այնպես, ինչպես եղել է միշտ:

«Նպատակների իրագործման համար վերստին ընտրվել են հին, արդեն բարոյապես մաշված «գործիքները»՝ չունենալով ոչ մի թարմ, ինքնատիպ, ժամանակի հետ համահունչ կիրառական գաղափար կամ մեթոդաբանություն: Այդ իսկ պատճառով էլ այլևս զարմանալի չի թվում, որ, օրինակ, կառավարությունը պարտավորվում է պահպանել ու հանրայնացնել պատմամշակութային ժառանգությունը, իրականացնել քարոզչություն, խթանել հանրային լայն մասնակցությունը, բայց ոչ մի խոսք չկա նոր մշակույթի ստեղծման ու մատուցման համար տարրական պայմանների ապահովման մասին: Այլ կերպ ասած՝ իրենց եղածն էլ բավարար է, իսկ ցանկացած նոր բան թող իր գլխի ճարը տեսնի: Տպավորությունն այնպիսին է, որ սա ոչ թե պետության, այլ զբոսաշրջային մի ընկերության ծրագիր է, որը ջանում է առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով»,- նշեց Հովիկ Չարխչյանը:

Աղբյուր` Panorama.am12.thumb

 

%d bloggers like this: