«Այսօրվա իշխանությունները պարզապես գլուխներն ազատում են այդ մեծ «հոգսից»». Հովիկ Չարխչյանը՝ Մշակույթի նախարարությունը կրճատելու մասին

23 Դկտ

Վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ կառավարության ընդանուր կառուցվածքի օպտիմալացման՝ մի քանի նախարարություններ կրճատելու կամ միավորելու մասին։ Մասնավորապես՝ լուրեր են շրջանառվում, որ Մշակույթի նախարարությունը կմիավորվի ԿԳ նախարության հետ, կմիավորվեն նաև Առողջապահության և Սոցապ նախարարությունները։

Գրականագետ Հովիկ Չարխչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով նախարարությունների, մասնավորապես՝ Մշակույթի նախարարության կրճատմանը և այդ ոլորտում առկա խնդիրներին, ասաց՝ իրականում Մշակույթի նախարարությունը չի մեռել, այլ նրան հետևողականորեն ու երկար տարիների ընթացքում սպանել են ու վարկաբեկել։

«Մշակույթի նախարարությունը հասցրել են այն վիճակի, որ այսօր նրա վերջին օրերն են և, այսպես ասած՝ գլուխներն ազատում են այդ մեծ «փորձանքից»։ Որովհետև այն տարիներ շարունակ միայն հանդիմանանքի և արդարացիորեն քննադատությունների արժանացած կառույց է եղել»,- նշեց գրականագետը։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Մշակույթի նախարարությունն այդպես էլ չի հասկացել, թե ո՞րն է իր գործառույթը, ինչո՞վ պետք է նպաստի մշակութային միջավայրի ձևավորմանը, որքանո՞վ է տեղին իր միջամտությունն ընդանուր դաշտում, և այլն։ Ուստի այսօրվա իշխանությունները պարզապես գլուխներն ազատում են այդ մեծ «հոգսից»՝ այն վերածելով ինչ-որ փոքր կառույցի։

Գրականագետի դիտարկմամբ՝ Մշակույթի նախարարությունը լուծարելուց հետո նոր իշխանություններն իրենց հարվածի տակ են դնելու, քանի որ նրանց կարող են մեղադրել մշակույթի հանդեպ անտարբեր լինելու մեջ, հակառակ դեպքում՝ այդ նախարարությունը պետք է ավելի բարձր կարգավիճակում գտնվեր։

«Անպայման մարդիկ կգտնվեն, ովքեր կասեն, թե որոշ երկրներում մշակույթի նախարարություններ չկան, բայց լավ «յոլա» են գնում։ Նույն հաջողությամբ ես էլ կարող եմ մի քանի այլ երկրների անուններ տալ, որտեղ կա մշակույթի նախարարություն և դրա անհրաժեշտությունը կա։ Մոտակա օրերին կարելի է սպասել նման մի բանավեճի, բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Այսինքն՝ ունենք կառավարություն, որտեղ մշակույթի նախարարություն ունենալու անհրաժեշտություն այլևս չկա, և ունենք հասարակություն, որի համար մշակույթը շարունակում է մնալ առաջնային։ Սակայն այս իշխանությունը և հասարակությունն այդպես էլ չհասկացան, թե ինչ բան է մշակութային քաղաքականություն, և ինչպես է պետք այն իրագործել, ինչն էլ բերեց ներկայիս դժբախտ իրավիճակին»,- շեշտեց Հ. Չարխչյանը։

Անդրադառնալով 168.am-ի դիտարկմաը, որ շատ դեպքերում մշակույթը ղեկավարող գործիչները նշում են, թե Հայաստանում կա սոցիալական խնդիր, հետևաբար՝ մշակույթի ոլորտում հնարավոր չէ խնդիրներ լուծել և դրանք համարել առաջնային, Հովիկ Չարխչյանը նկատեց, որ հայ ժողովուրդը նախորդ դարի սկզբում ապրել է սոցիալապես ծանր վիճակում, սակայն հենց այդ շրջանում գրականության ոլորտում ստեղծագործել են բազմաթիվ հսկաներ։

«Սա լավագույն ապացույցն է, որ միշտ չէ մշակույթի վերելքը կամ անկումը պայմանավորել սոցիալական վիճակով։ Այլ գործոններ կան, որոնք խոչընդոտում կամ նպաստում են այդ ամենին, այստեղ գոյություն ունի միայն մեկ խնդիր՝ մշակութային դաստիարակություն։ Եթե մարդուն դաստիարակել ենք այնպես, որ նա իր կյանքը չի կարող պատկերացնել առանց մշակույթի, նա անպայման ելքեր կգտնի, ինչպիսի սոցիալական վիճակում էլ գտնվի»,-ընդգծեց Հ. Չարխյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հեղափոխությունից հետո մշակույթի ոլորտում ի՞նչ փոփոխություններ է ակնկալում, Հ. Չարխչյանը պատասխանեց, որ մշակույթը չի կարող հեղափոխությունից ակնկալիքներ ունենալ՝ հեղափոխությունը պետք է մշակույթից ակնկալիքներ ունենա։

«Շատ կուզեի լավատես լինել, բայց դրա համար որևէ հիմք չունեմ, բոլորովին վերջերս մեր երկրում խորհրդարանական ընտրություններ էին, 11 քաղաքական ուժեր ներկայացրել էին իրենք նախընտրական ծրագրերը, ուսումնասիրեք, թե մշակույթի վերաբերյալ կետերն ի՞նչ տարածք են գրավում և ի՞նչ բովանդակություն ունեն։ Կտեսնենք, որ այն մարդիկ, որոնք ուզում էին երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել՝ մշակույթի վերաբերյալ լուրջ վերաբերմունք չունեն»,- նշեց գրականագետը

Նրա խոսքով՝ մշակույթի նախարարներն այս երկրում պետք է իրագործեն ընդամենը մեկ խնդիր՝ ստեղծել բարենպաստ միջավայր մշակույթի զարգացման համար. «Եթե մի երկրում ինչ-որ մեկի կինը պետք է նստի և ոտքը ոտքին գցելով որոշի, թե որն է մշակութային արժեք, որը՝ ոչ, ապա այդ երկրում որևէ լավ բան չի կարող տեղի ունենալ։ Այսօր մշակույթը մեզ համար նույնքան կարևոր է, որքան բանակը, եթե բանակն ապահովում է անվտանգությունը, ապա մշակույթը՝ հոգևոր անվտանգությունը։ Երբ այս ամենը գիտակցեն, մենք կունենանք հրաշալի արդյունք»,- եզրափակեց Հովիկ Չարխչյանը։

Զվարթ Խաչատրյան
168 ժամ

48420261_909826275887675_3385087824486203392_n

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s