Պահոց | 3:56 ա.

ԵԼՑԻՆԸ ՔԱՂՑԱԾ ԷՐ

25 Մյս

1995 թվականին ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պաշտոնական այցով մեկնել էր Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ: Հետագայում Քլինթոնն իր ինքնակենսագրական գրքում պատմել է. «Ուշ գիշերին ԱՄՆ գաղտնի գործակալության պահնորդը հայտնաբերեց հարբած Ելցինին նրա նստավայրի մերձակայքում` Փենսիլվանիա-ավենյուում, հագին միայն վարտիք էր: Պարզվեց, նախագահը ցանկացել էր տաքսի կանգնեցնել, որ գնա պիցցա գնելու»:

6931332

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐՎԱԾԸ

25 Մյս

2002 թվականի գարնանային մի օր Ճապոնիայի վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի թիկնապահները նրա աշխատասենյակից լսեցին հարվածի ուժգին ձայներ: Նետվելով ներս նրանք տեսան, որ սարսափելի ոչինչ չի կատարվել, ընդամենը վարչապետը ֆուտբոլի գնդակով հարվածում էր պատին: Հետո Կոիձումին թիկնապահներին բացատրեց, որ գնդակի հետ վարվելու ձև է սովորում, քանի որ մինչ այդ չի իմացել, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ նրան էր վերապահված առաջին խորհրդանշական հարվածը կատարելու պատիվը:

02151564

ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

25 Մյս

Քաղաքում թաց գիշեր է: Անծանոթ փողոցով քայլում եմ այնքան, մինչև փողոցը փոխվում է: Հետո փոխվում են տները, ծառերը, լույսերը: Մտքերն են փոխվում: Ամեն ինչ դառնում է այնպես, ինչպես եղել է. սովորական է դառնում: Ու այդ սովորական գիշերվա սովորական ստվերների միջով ես տուն եմ գնում` սուլելով սովորական մի մեղեդի, որ երբեք լավը չի եղել: Հետո՞ ինչ, մտածում եմ ես, որ վատն է մեղեդին: Հերն անիծած: Եվ հերն անիծած այն ամենի, ինչը երբևէ լավը չի եղել, բայց գոնե մեկ անգամ քեզ հետ է եղել այս մեղեդու նման: Քոնն է եղել: Եղել է այնքան, քանի դեռ մի օր, մի գիշեր, մի դատարկության մեջ դու հանկարծ կանգ չես առել փողոցում, որ ետ նայես խաղաղված հայացքով ու ասես ինքդ քեզ. «Հերն անիծած»:

Հովիկ Չարխչյան

nochnaya-ulitsa3-768x576

ՎԵՐՋԻՆԸ

25 Մյս

Դա լինում է ընդամենը մեկ անգամ: Դու ինքդ էլ չես իմանում, որ դա արդեն կատարվեց: Եվ միայն հետո, շատ հետո մի օր, երբ ժամանակը կանգ է առնում քեզ համար, երբ լինելը դառնում է դժվար, իսկ չգոյությունը` առավել, մոռացված օրերի միջից հանկարծ իջնում է նա, առանց պաճուճանքի, ճիշտ այնպես, ինչպես եղել է: Միայն այդքանը: Եվ ոչ ավելին: Ավելին չի լինում: Հիշողության ճերմակ սփռոցի վրա հեղվում է նրա քաղցրահամ գինին, ափսոսանքի կարմիր հետքը պատկերներ է գծում քո ցանկության ծոպքերին և կարոտն ամենամտերիմ հարազատի պես շշնջում է ականջիդ. «Սա նա է»: Ճանաչելն ամենահեշտն է: Դու գիտես նրան: Դու ընդամենը չգիտես, թե ինչու հատկապես նա: Դու կուզեիր, որ դա լիներ ուրիշ մի բան` հեքիաթային ու խորհրդավոր, թափանցիկ, ինչպես պատրանքը: Դու լույսեր կուզեիր ու գույների ջրվեժներ, որովհետև միայն այդպիսին կարող է լինել ամենանվիրական իղձը: Եվ եթե անգամ ունեցել ես այդ ողջ երազը, ուրեմն էլ ինչու՞ է երկյուղը համակում հոգիդ, երբ մոռացության միջից կրկին հառնում է նա` քո միակն ու մոլորվածը:
Պետք չէ, ոչինչ մի ասա: Դա միայն քոնն է, ինչպես որ քոնն է այսօրը` հայտնությամբ արբած, ինչպես որ քոնը կլինի վաղը` ցավի հետ անհաշտ, սակայն էլ երբեք չի լինի երեկն այնպես, ինչպես արդեն եղել է: Էլ երբեք:

Հովիկ Չարխչյան76767675

ՀՆԱՐԱՄԻՏ ԿՏԱԿ

25 Մյս

1902 թվականին Գերմանիայում վախճանվեց Փֆայֆեր ազգանունով մի մեծահարուստ: Իր հարազատներին շահամոլության մեջ կասկածող Փֆայֆերը մահից առաջ կազմել էր մի խորամանկ կտակ: Համաձայն այդ կտակի, յուրաքանչյուր հարազատ, որը կհրաժարվեր մասնակցել թաղմանը, կստանար 300 մարկ: Մնացած կարողությունը պիտի բաշխվեր հատուկ կարգով, ինչը գաղտնի էր պահվում: Իսկ այնտեղ գրված էր, որ ահռելի գումարներ բաժին կհասնեին նրանց, ովքեր կհրաժարվեին այդ 300 մարկից ու կգնային թաղմանը: Արդյունքում միլիոնները բաժին հասան մի խեղճ պառավի, որը հանգուցյալի հեռավոր ազգականն էր:

org3

%d bloggers like this: